Անմարելի-անմեռնելի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մի քիչ ճանապարհ գնա ծառի հետ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Անմարելի-անմեռնելի

Վարդան Հակոբյան

Գլխարկ եմ հանում ձնծաղկի առաջ
ԱՆՄԱՐԵԼԻ-ԱՆՄԵՌՆԵԼԻ


Կանգնել ահա
Ու նայում եմ մեր օջախին.
Օջախի մեջ պապիս պապի
        նախապապի
Ձեռքով վառած կրակն է հին,
Անթեղվելով,
Հուրը հրին տալով եկել,
        հասել է ինձ,
Կրակը հին։
Եվ պողերը իրար բերում
        մոխիրներում,
Շաղախում իր տաք շնչի հետ,
Նոր կրակ է մայրս վառում։
Ու կրակի պողերը թեժ
Մատներն իմ մոր չեն էլ այրում,
ՈՒ կրակի պողերը թեժ
Համբուրում են մատներն իմ մոր։
Թեժանում է կրակն իսկույն,
Բոցերն աշխույժ պար են բռնում,
Մորս հոգու ջերմությունը
Նկարելով մեր տան պատին,
Ուր պատկերն է
Իմ մեծ պապի։
Հետո գալիս փայլը նրանց
Թրթռում է դեմքիս վրա։
Ես զարթնում եմ, տեսնում տունը,
Առավոտը,
Եվ երկինքը, լեռներն ամեն
Կրակից այդ ջերմություն ու
փայլ են առել։
Մինչեւ մայրս կրակ չանի,
Արեւն էլ չէ
Իր անկողնուց փորձում ելնել։
Եվ քարերը մեր օջախի
Շիկանում են,
Շիկնանքից այդ ավելի են
         շքեղանում
Կանչերը մեր բազմաժխոր.
- Մայր, ինչի՞ց է, որ վառվում են
Քարերն այսքան,
Բայց հրաշքով չեն փշրվում։
- Կրակով է քարը դարձել օջախի քար,
Կրակն ինչքան բորբոք պահես,
Դե, այնքան լավ,
Բայց թե հանկարծ արթուն չեղար,
        հուրը հանգավ,
Նա ճաք կտա հայրուր տեղից,
Կփշրվի,
Պատի ճաքը կանցնի անգամ
Քո մեծ պապի պահած հողին։
Կանգնել ահա ու նայում եմ մեր օջախին
Օջախի մեջ պար է բռնել
Պապիս պապի
         նախապապի
Ձեռքով վառած, անմարելի,
Անմեռնելի
         կրակը հին։