Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...
Արիս Արսենի, Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում... (նկարազարդ)
Հորս՝
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին
Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...
Բանաստեղծություններ
Ստեփանակերտ 2003
Նկարիչ՝
ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Անտառի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ հայրս։ Այդ սերը նաև ինձ փոխանցվեց, բայց՝ այլ բնույթով. իմ առաջին բանաստեղծություններում հաճախ նաև անտառի ձայնն էր լսվում: Այս գրքույկն ընդգրկող բանաստեղծությունները գրվել են ավելի քան երկու տասնյակ տարիներ առաջ: Ես այն ժամանակ (նույնիսկ շատ տարիներ հետո էլ) չէի հասկանում, թե իսկապես անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում»։
Միայն հորս մահից հետո, միայն բոլորովին վերջերս կարողացա ըմբռնել այդ հարցի իմաստը. անտառից հորս ձայնն է լսվում... Իսկ շնորհաշատ նկարիչ Արմանի հետ իմ հեռակա հանդիպունը բոլորովին պատահական ստացվեց: Մայրը` Նազիկը ցույց տվեց ինձ նրա նկարները, որոնք ուղղակի հիացմունք են պատճառում ակնդրին:
Այդ նկարներն ինձ օգնեցին ամբողջացնել անտառի կերպարը: Այդ նկարները լսելի դարձրին անտառից եկող հորս ձայնը: Իսկ դրա համար, թերևս, շնորհակալ պիտի լինել...
Հեղինակ
Այս ճանապարհը...
Անտառի երգը...
Էլեգիա
Ծառը
Անտառն ինձ...
Քամին...
Բարեկամներ են...
***
.
________________________________________________________________
ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ...
Ա
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Մերթ վանում, մերթ էլ... գագաթ է հանում:
Մերթ ծունկը ծալում, ուր էլ պատահի,
Պատեհ-անպատեհ, կամ` հարմար պահի:
Մերթ էլ` ծունր իջնում խաչքարի առաջ,
Տեսած` և՜ կարոտ, և՜ ցավ, և՜ հառաչ:
Տեսած` կոտորած, ավերված... դարեր,
Ու սրի քաշված սրբոց-սուրբ քարեր:
Բ
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Ի՞նչ է ինձանից քամին գողանում:
Եվ ո՞վ է այնպես անհույս կանչո՜ւմ ինձ
Այն եդեմական, զմրուխտ անտառից:
Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում,
Եվ ի՞նչ է անտառն ինձանից ուզում...
Գ
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում.
Դեպի խաչքարն է անաղմուկ գնում:
Գնում, չոքում է լուռ ու անհառաչ,
Ասես խաչքարն այդ դարերը ուսած`
Ինչ-որ ժամանակ ինքն է հենց բերել,
Բերել ու լեռան գագաթն է հանել:
Գագաթից ձորն է նա իջել նորից,
Երևո՞ւմ է դեռ խաչքարը ձորից:
Խաչքարը, պարզ է, չի երևացել,
Գագաթ է նորից ճամփան բարձրացել:
Ու այդպես` անվերջ... Ոչ հոգնում է նա,
Որ ինքն էլ գոնե քիչ հանգստանա,
Ոչ էլ քունն է մոտ գալիս աչքերին,
(Անխիղճ է բախտը ճանապարհների)...
Դ
Տա՜ր ինձ, ճանապա՜րհ, անտառ ու դաշտին,
Կարոտս տանեմ անտառապաշտին:
Քայլեմ անտառի կածանով շաղոտ,
Լսեմ կաքավի «շաղ-կղա»-ն կարոտ:
Անուշ խոխոջի աղբյուրը լեռան,
Կոտրեմ ծարավս համբույրով նրա:
Կախարդվեմ ձայնից Խաչունց աղբյուրի,
Թողնեմ, որ նա իմ... շուրթը համբուրի:
Մոռանամ մի պահ աշխարհ ու... մարդիկ,
Մարդկային բարքեր` կեղծավոր ու... լիրբ:
Ե
Անտա՜ռ իմ, մի՞թե ես հանցավոր եմ,
Իմ հանցանքն այն է, որ... անցավոր եմ:
Իմ հանցանքն այն է, որ դարավոր չեմ,
Որ քեզ պես, անտա՜ռ, հազարավոր չեմ:
Մե՜կ եմ, միայնա՜կ, մենավո՜ր, մենա՜կ,
Ինքս իմ հոգսին, ինքս ինձ հենակ...
07.08.82, Կոճողոտ
ԱՆՏԱՌԻ ԵՐԳԸ...
Անտառը այնքա՜ն երգեր է հյուսել,
Սակայն չգիտե, թե ինչպես վարվել։
Ծառերի վրա երգերը սփռել,
Չգիտե՝ ինչպես լույս աշխարհ հանել։
...Ու կրկին հյուր եմ եկել քեզ, անտա՛ռ,
Ուզում եմ երգդ աշխարհին տանել։
10.06.82, Մարտակերտ
ԷԼԵԳԻԱ
Մենավոր կաղնուն կայծակը խփեց,
Կաղնին սարսռաց, կախեց ճյուղերը։
Սարսուռն այդ անհուն՝ մի վայրկյան տևեց։
Հաջորդ վայրկյանին ճյուղերը ելան
Ըմբոստ պայթյունով մի մեծ պայքարի։
Սակայն... կայծակն այլևս չկար։
18.06.82, Ստեփանակերտ
ԾԱՌԸ
Ծառը նիրհում էր
Աշնան բյուրերանգ տերևներն ուսած,
Իսկ աշնան քամին
Խաղում էր գույն-գույն տերևների հետ։
Խաղաղ էր շուրջը։
Հանկարծ փոթորիկ բարձրացավ ուժգին։
Ծառը ծառս եղավ,
Ծառն ըմբոստացավ ի դեմս չարի,
Սակայն... անզոր էր՝
Տերևներն ընկան։
Ծառը նիրհում էր
Աշնան բյուրերանգ տերևներն ուսած...
...Հիմա ննջում է արդեն ծերացած։
07.02.82, Մարտակերտ
ԱՆՏԱՌՆ ԻՆՁ...
Անտառն ինձ հեռվից ձեռքով է անում,
Ու ես գնում եմ գիրկը անտառի։
Անտառն ինձանից խոհ է թռցնում,
Ես թռցնում եմ հևքը անտառի։
Ու ընթերցում եմ, անտառի լեզվով,
Հեքիաթի հրաշք գիրքը անտառի...
10.06.82, Մարտակերտ
ՔԱՄԻՆ...
Քամին ծառերից
Տերև է պոկում,
Որ տանի հեռու՝
Աշխարհին ի տես։
Ու ծառի ցավով
Տառապում եմ... ե՛ս։
10.06.85, Ստեփանակերտ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆ...
Բարեկամներ են
Ծառերն ու քամին։
Քամին հեքիաթ է
Պատմում... ծառերին։
Ծառերը լսում,
Գլխով են անում,
Իբր...լսածից
Բա՜ն են հասկանում...
05.05.82, Մարտակերտ
***
Ինքնուս նկարիչ Արման Արիսի Դանիելյանը ծնվել է 1984-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր-Հաճըն քաղաքում: Դպրոցական վաղ տարիքից հրապուրվել է 19-րդ դարի ռուս նշանավոր նկարիչ, ռեալիստտական բնանկարի մեծատաղանդ վարպետ Իվան Իվանովիչ Շիշկինի բնանկարներով, նմանակել դրանք, իսկ այնուհետեւ ծնվել են ինքնուրույն գործերը: Բայց Արմանն այնպես է ազդվել Ի. Շիշկինի ստեղծագործությունից, որ ինչքան էլ ինքնուրույն՝ նրա գրաֆիկական աշխատանքները «շնչում են» միայն ռուսական անտառի կոլորիտով:
2002թ. Երեւանում Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Մեր Հայրենիքը» կերպարվեստի հանրապետական ցուցահանդեսին էին ներկայացվել նաեւ Արման Դանիելյանի գրաֆիկական աշխատանքներն ու արժանացել պատվոգրի:
2003-ի մայիսին Արմանը զորակոչվել է Հայոց զինված ուժերի շարքերը: Իր ծառայողական պարտականությունների կատարմանը զուգընթաց՝ ազատ ժամերին շարունակում է ստեղծագործել:
Հուսանք, որ նրա տաղանդն ավելի հախուռն դրսեւորումներ կգտնի եւ ստեղծագործական նոր մոտեցումներով կհիացնի իր երկրպագուներին: