Աշխարհը (1898) (Ջիվանի)
Արտաքին տեսք
Աշխարհը
Հիանալի, սիրուն աշխարհ, եղա գործիդ վերահասու,
Հարուստներու համար դրախտ, չքավորին դժոխք ես դու.
Հազար տեսակ բարիքներ կան մեջդ, փարթամ սիրուն աշխարհ,
Լիառատ կաթի աղբյուր են սնունդ տվող ծծերդ քու։
Չգիտեմ ի՞նչ տեսակ մայր ես, միակերպ չես նայում մարդկանց,
Որին դարձնում ես Կրեսոս, որին խեղճ ու մոլոր գնչու.
Լրիվ կես դար եղավ կապրեմ հովանուդ տակը, ով անգութ,
Ոչ ինձ լավ երգահան արիր, ոչ էլ հաջող նվագածու։
Մեծամիտ, ինքնակոչ դատավորի ձեռքը տվել ես զենք
Դիմացը մարդ չկա ելնող, խենեշը դարձել է հուժկու։
Եթե շիտակը ասեմ քեզ, տկարներու բարեկամ չես,
Դուն էլ ուժեղներու կողմն ես, Զիվանս չի խոսիլ շինծու։
1898