Աշխարհիս մեջ ես էլ մե օր...
Արտաքին տեսք
Աշխարհիս մեջ ես էլ մե օր...
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր[1] ու անուշ
Կմոռանամ... կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։
- ↑ մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած: