Աշուղը և բլբուլը (Ջիվանի)
Աշուղը և բլբուլը
Բլբուլը — Ցավս քու ցավիցդ շատ է, Իզուր մի լա, աշուղ ախպեր. Չի ասվիլ, ինձ համար վատ է, Թող տուր մնա, աշուղ ախպեր:
Աշուղ — Ինձ պես մերկ չես, հալավ ունիս, Հմուտ երգչի համբավ ունիս, Ինչու ես լուռ, ի՞նչ ցավ ունիս, Որ չես կարդա, բլբուլ ախպեր:
Բլբուլ — Վարդիս քնքուշ տերևիկը, Կողոպտել է թիթեռնիկը. Մի բանար ցավիս կծիկը, Գործիդ գնա, աշուղ ախպեր:
Աշուղը — Դրախտ այգիներում կապրիս, Թև ունիս, ազատ կթռչիս. Ցավը իմս է, դու ցավ չունիս, Մի տրտնջար, բլբուլ ախպեր:
Բլբուլը – Դրախտն ունի մի այգեպան, Երգ չսիրող չար ու դաժան. Այգու մեջ մեծ-մեծ օձեր կան, Թույն կտեղա, աշուղ ախպեր։
Աշուղը – Թե չուզես այգու մեջ մնալ, Կարող ես թողնել հեռանալ, Ազատ օդի մեջ սլանալ Ձեռքեդ կուգա, բլբուլ ախպեր։
Բլբուլը — Հայր ու մայրս այստեղ եկել, Չարչարվել են, բույն են շինել. Չեմ կարող այս բույնը թողնել, Այստեղ ծնա, աշուղ ախպեր։
Աշուղը — Թռիր, գնա, երկիրներ տես, Ուրախ, զվարթ, ծիծաղերես. Դուն էլ խոմ՝ օրենքի տակ չես, Երգե, խաղա, բլբուլ ախպեր։
Բլբուլը— Խելահաս մեծի խրատը, Կսրբե մարդուս արատը. Օրենքով կտրվա ծ մատը Կսկիծ չի տա, աշուղ ախպեր։
Աշուղը — Ծաղկանց թագուհի Վարդենին, Քեզ է տալիս կյանքն ու հոգին. Երջանիկ ես թռչնոց միջին, Ցնծա, խնդա, բլբուլ ախպեր։
Բլբուլը — Լալիս եմ աչքերս լցված, Հագիս խռով, սիրտս խոցված, Վարդը իմ ծոցիս մեջ բացված Ես չտեսա, աշուղ ախպեր։
Աշուղը — Լավ է էլ չխոսենք, լռենք, Մեր ցավը մեր մեջը պահենք, Ես էլ, դու էլ երջանիկ չենք, Լավ հասկացա, բլբուլ ախպեր:
Բլբուլը — Քանի որ կա վարդը կարմիր, Պիտի երգեմ ես քաջ ու ժիր, Քու գալովդ ինձ կյանք տվիր, Հոգի առա, աշուղ ախպեր,
Աշուղը — Մնաս բարով բարի թռչուն, Աշխույժ երգիչ և զգայուն, Շուտով կբացվի նոր գարուն, Ցուրտ է հիմա, բլբուլ ախպեր:
Բլբուլը — Գնաս բարով քու տնակդ, Աստված կատարե փափագդ, Վար մի դնիր քու ջութակդ, Մի ծուլանա, աշուղ ախպեր: