Աշուղները (Ջիվանի)
Արտաքին տեսք
Աշուղները
Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են։
Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է.
Աշուղները ցնծության մունետիկ են։
Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են։
Ջիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։
1900