Աշուն-4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նատյուրմորտ՝ հուշերով Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աշուն-4)

Վարդան Հակոբյան

Մի մոռացեք մարդիկ
ԱՇՈՒՆ-4


Ամառը անցավ քաղաքի միջով
եւ կտոր-կտոր
                արեւներ թողեց։
Եվ վերջին ու կենտ տերեւը անգամ
ձեռքից տալիս են
                մերկության մեջ փունջ,
մեկը մեկից ձիգ կանգնած ծառերը։
Աղջիկներն արդեն, ինչքան էլ ուզեն
կիսաբաց պահել
                կուրծքը իրենց վարդ,
ամենաընտիր շորով են ծածկում...
Խոսքերը, որոնց զսպել են մի կերպ,
հիմա չեն ասվում
                ոչ մի աղջկա,
Էլ չունեն նախկին իմաստն ու ոգին։
Լույսերը շատ վաղ, լույսով են վառվում
շենք ու քաղաքի
                պատուհաններում,
ոչ մեկը մեկին չի սպասում կարծես։
Լեռներին մարող լուսնի փայլի մեջ
տկլոր ծառերը
                տեսնում են արդեն
ձյունից կարծրացած գագաթներն իրենց։
Հավքը ծառի չոր ճյուղին լռել է,
երգը կտուցից
                ընկել է վաղուց,
ընկել, պահվել է խաշամների մեջ։
Ամառը անցավ քաղաքի միջով
եւ շշուկ-շշուկ
                խորհուրդներ թողեց
շյուղ ու քարերի, քիվ ու փշերի։