Աչքախաբություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մաքուր ձեռքեր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Աչքախաբություն)

Վարդան Հակոբյան

Աստծո դռները
ԱՉՔԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ


Երբ նայում եմ քեզ՝ ամբողջովին վերածվում եմ
աչքերի։ Տեսողությանը միայն աչքերը չէ, որ մասնակցում են։
(«Անծանոթ մեկը այցելեց իմ հոգին». Ֆ. Մ. Դոստոեւսկի)։

Ծառը թվացումն է իմ աչքերի, առավել եւս՝ նրա
վրա իջած հավքը, առավել եւս՝ հավքի կտուցին թռվռացող երգը,
առավել եւս՝ երգի բառերը, առավել եւս՝ բառերի իմաստը։

Ես եւս չկամ, եւ եթե ինձ չսիրեիր՝ ես պազրապես չէի լինի, ես
քո, գուցե նաեւ այս ծառի աչքերի թվացումն եմ։ Ո՞վ
է հասկանում։ Լռության սփոփանքը ծաղկի մեղեդին է։

Աչքերդ փակագիր են։ Աչքերդ իմ աչքերի
երեւակայությունն են, եւ քո չափ գեղեցիկ լինել
Աստված չի տվել ոչ ոքի։ Ամեն զուգադրություն հակադրություն է։
Տեսնում եմ այն, ինչ դու փութաջանությամբ թաքցնում ես
ինձանից, ինչ չես թաքցնում եւ միշտ աչքերիս առաջ է՝
չեմ տեսնում։ Կռունկի թեւը սեւոտվել է ամպի միջով անցնելիս։

Մինչեւ որ խավարը մեր ներսից չքերենք ինքներս, թեկուզ՝
եղունգներով, մեզանից դուրս անվերջ խավար է լինելու, եւ
բառերի խնկանուն ծաղիկները չեն ընդունելու
վայրի մեղուներին։

Դու գալիս ես անանուն ծառերի միջով, աղբյուրների վազքը
միանգամից արագանում է եւ ճամփիս ցրված քարերը
դառնում եմ գորովանքներ։ Բոլոր հույսերս մարեցին,
էլի երգս մնաց հույս...

Դու այնպիսին ես, որ թեեւ հասել եմ քեզ, բայց թվում է՝
չեմ հասել ու միշտ
գալիս եմ դեպի քեզ, եւ մեր բաժանման մեջ դու ավելի
անկրկնելի ես։
Ծաղիկների ականջին ինչ որ բան է քչփչում
գնչուհու աղջիկը՝ առուն։

Երբ նայում եմ քեզ՝ ամբողջովին վերածվում եմ աստղերի, որ,
շփոթելով ծաղիկների հետ, պոկել եմ գիշերը՝
ժայռի բարձր քիվերից,
քեզ համար։ Իսկ կյանքն աչքախաբություն է։
Անծանոթ մեկը այցելեց...