Առանց տառապանքի՝ չկա հաղթական ուղի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր կամուրջը մեր ձեռքն է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Առանց տառապանքի՝ չկա հաղթական ուղի)

Վարդան Հակոբյան

Մեր երակներն անցնում են մեր հողով

ԱՌԱՆՑ ՏԱՌԱՊԱՆՔԻ` ՉԿԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՈՒՂԻ

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

-Շնորհավորում ենք հանդեսի ծնունդը։

-Մի փոքր սխալ է ամսագրի ծնունդ ասելը, դա վերածնունդ է, քսանական թվականներին Շուշիում տպագրվող 21 անուն պարբերականներից մեկը «Արցախն» էր։ Եվ սա ոչ միայն այս հանդեսի վերադարձն է խորհրդանշում։ Նշված 21 անուն հանդեսներից 18-ը լույս էր տեսնում հայերեն, 2-ը՝ ռուսերեն եւ միայն մեկը՝ թուրքերեն լեզվով։ Պատերազմից առաջ Ստեփանակերտում լույս են տեսել նաեւ «Գրոհ» եւ «Կայծ» հանդեսները, «Երիտասարդ բոլշեւիկ» թերթը։ Այժմ Շուշիում հրապարկվում է միայն մեկ թերթ, այն էլ՝ ադրբեջաներեն։ Ուրեմն, տեսնո՞ւմ եք, «Արցախը» մեզ համար ինքնավերադարձի, հաղթանակի պես մի բան է։ Եվ մենք հիմա բոլոր ուժերով, բոլոր միջոցներով պետք է կարողանանք այդ հաղթանակը պահել։

-Ի՞նչ խնդիրներ եւ նպատակներ ունի հանդեսը։

-Մեր պատմության փորձը ցույց է տալիս, որ ամենաօրհասական, դժվարին, տառապալից օրերին հայ ժողովուրդը միշտ էլ ձեռքն է առել գրիչը, ստեղծել արվեստի եւ մշակույթի անկրկնելի գործեր։ Մեր գոյատեւման հիմնական պայմանը ոգին է, ուստի զարմանալի չէ, որ արցախյան շարժման այս դժվարին օրերին մենք ձեռնամուխ ենք եղել հանդեսի հրատարակմանը։ Մանավանդ, որ կա շատ կարեւոր մի խնդիր եւս։ Արցախը կարիք ունի տպագիր օրգանի։ Քանի որ հանդեսն ունի հասարակական-քաղաքական ուղղվածություն, ապա առաջին հերթին մարզում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կլուսաբանվեն, կմեկնաբանվեն, կտրվեն հստակ գնահատականներ։ Մարզի հազարավոր դպրոցականներ, ուսանողներ, մտավորականներ չունեն իրենց ո՛չ թերթը, ո՛չ ամսագիրը։ Իսկ չէ՞ որ աշակերտներին այսօր, առավել քան երբեւէ, պետք է անսխալ կողմնորոշել, լուսաբանել նրանց առօրյան, տպագրել տեսակետները, օգնել երեխաներին եւ ճիշտ դաստիարակել։ Սա պետք է լինի մեր ամենակարեւոր խնդիրը։ Մարզում կան երիտասարդ շնորհալի ստեղծագործողներ, որոնք զգում են առաջին ընթերցողի պահանջ, իրենց բանաստեղծություններն ու պատմվածքները տպագրված տեսնելու մեծ ցանկություն։ Մենք մեր պարտքն ենք համարում լուսաբանել նաեւ մարզի կոմպոզիտորների եւ նկարիչների կազմակերպությունների, առհասարակ Արցախի մշակութային առօրյան։

-Իսկ ի՞նչ անակնկալ է պատրաստել մեզ համար «Արցախի» առաջին համարը։

-Այն մի փոքր տոնական է։ Տպագրել ենք բազում շնորհավորանքներ։ Շատ թանկ է մեզ համար Մխիթարյան միաբանության «Բազմավեպ» հանդեսի ողջույնը։ Հայոց ամենահին հանդեսը շնորհավորում է նորելուկին։ Շնորհավորանքներ էինք ստացել նաեւ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ գրողների միություններից, բանաստեղծներ Միխայիլ Դուդինից, Սիլվա Կապուտիկյանից, Վահագն Դավթյանից, սրտի ջերմ խոսք են հղել Բագրատ Ուլուբաբյանը, Սերգեյ Աբրահամյանը, Զորի Բալայանը։ Մեզ շնորհավորել են «Դրուժբա Նարոդով», «Նորք» ամսագրերը եւ, իհարկե, «Պիոներ կանչ» թերթը։ Առաջին համարում զետեղված է հոդված՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման հերոսներից մեկի՝ Թեւան Ստեփանյանի մասին։ Ձեզանից քչերն են լսել նրա անունը, իսկ Արցախում Թեւան Ստեփանյանի մասին առասպելներ են պատմում։ Տպագրել ենք Զորավար Անդրանիկի վերաբերյալ նյութեր։ Հանդեսի էջերում կհանդիպեք հայ ժամանակակից գրողների, արցախցի երիտասարդ ստեղծագործողների գործերին եւս։

-Իսկ ի՞նչ բարդություններ են ծառացել հանդեսի առաջ։

-Մեր հանդեսը լույս է տեսնում ինքնաֆինանսավորմամբ։ Պետությունը մեզ չի ֆինանսավորելու, հանդեսը լույս է տեսնելու միայն բաժանորդների մուծած գումարով։ Առաջին համարները լույս ընծայելու հարցում մեզ օգնեց «Ամարաս» բարեգործական ընկերությունը, Ստեփանակերտի կաթի գործարանը մեզ հատկացրեց 10000 ռուբլի գումար։ Մենք պետք է փակենք մեր պարտքը, այնուհետեւ պետք է մտածենք հանդեսի բաժանորդների թիվը մեծացնելու մասին։ Այլապես չենք կարող հանդեսի ծախսերը մարել։ Այս տարի հանդեսը հիմնականում սպառվելու է հատավաճառով։ Առաջին համարը տպագրվել է 5500 օրինակով, իսկ երկրորդ համարից սկսած` տպաքանակը աստիճանաբար պետք է մեծանա։ Դիմում ենք բոլորիդ։ Բաժանորդագրվեք «Արցախ» հանդեսին։ Դուք դրանով նպաստում եք Արցախի համար շատ կարեւոր տպագիր ամբիոն ունենալուն։

-Քանի որ խոսեցինք արցախցիների ձեռք բերած կարեւոր ձեռքբերման մասին, ապա չենք կարող չխոսել մեկ այլ նվաճման՝ Արցախում բացված Լուսավորչական եկեղեցու Արցախյան թեմի մասին։

-Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արցախում միանգամից վերացան բազմաթիվ գործող եկեղեցիներ։ Գանձասարի քահանան 30-ական թվականներին ձերբակալվեց, մեկ տարի Բաքվի բանտում մնալուց հետո ազատվեց միայն այն պայմանով, որ այլեւս չվերադառնա Ղարաբաղ։ Մինչեւ 1989թ. մեր եկեղեցիների զանգերը անձայն էին ղողանջում, քանի որ հնարավոր չէր մեռցնել պապերի հավատը։ Այսօր Գանձասարի վսեմ զանգի ղողանջը ոգեւորում է մեզ, գոտեպնդում, ասես հաստատում, որ այս կենաց ու մահու պայքարում մեզ հետ են նաեւ մեր պապերը, մեր պապերի Աստվածը։ Այժմ Արցախում գործող վեց եկեղեցի կա։ Մեր ժողովուրդը միշտ էլ վառ է պահել հավատը, այլապես իր ամենավսեմ սարերից մեկը չէր կոչի Լուսավորչի սար անունով։ Ամարասում է ստեղծվել Հայաստանի առաջին դպրոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ, Գրիգոր Լուսավորիչն իր առաջին հավատի տունը ստեղծել է Ամարասում։ Եվ մենք մեր ժողովրդի հավատի հավատավորն ենք։ Մեր երկրի անցած ուղին ոչ այլ ինչ է, եթե ոչ իրար հաջորդած ճակատագրական սխալների հանրագումար։ Անշուշտ՝ նաեւ պատգամ։

-Ուրեմն, ի՞նչ ոգով դաստիարակենք մեր երեխաներին։

-Շատ եմ ուզում, որ երեխաները խոսքային հայրենասիրությունից հեռու լինեն։ Ազգային-ազատագրական շարժման աստղերը բոլոր ժամանակներում եղել են երիտասարդները։ Ուզում եմ մեր ոգու մեջ միասնական լինեն Մաշտոցն ու Անդրանիկը։ -Հավատո՞ւմ եք մեր գործի հաղթանակին։

-Այսօր Արցախում ծանր իրադրություն է։ Մարզը գտնվում է լրիվ շրջափակման մեջ։ Արցախցիները ստեղծել են Ազգային խորհուրդ, որը կոնկրետ գործերի է ձեռնամուխ եղել։ Մենք մի վայրկյան անգամ չենք կասկածում, որ պետք է հաղթենք։ Մեր հույսը պետք է մեզ վրա դնենք։ Ոչ մի հարց հեշտ ու թեթեւ չի հասել իր հաղթանակին։ Առանց տառապանքի` չկա հաղթական ուղի։

1989թ.