Առաջ և այժմ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Առաջ և այժմ
Կար ժամանակ երկու տող երգ գրողին,
Մարդիկ բանաստեղծ անուն կուտային,
Թանաք սպառողին, թուղթ մրոտողին
Գիտնական կասեին, կըզարմանային:
Առաջ ով որ գիտեր երկու այբուբեն,
Գիտնականի տեղ կըդներ ինքն իրեն,
Հիմիկվա մարդիկը հին մարդիկը չեն,
Թարս կնալեն դևին ու սատանային։
Մարդիկը կրթվել են, առել են ուսում.
Բնական խելքի հետ նաև զարգացում,
Հետին ռամիկն էլ լավ գիրք է ուզում,
Առաջ ա՛յլ Էր, ինչ լիներ կըկարդային։
Զուր մի բեռնավորիր հիվանդ ուղեղդ,
Բան գրելու կոչում չունի քու ցեղդ,
Վա՛ր դիր սազդ, ուրիշին տուր քու տեղդ,
Ջիվան, թե որ դու կայծ չունիս երկնային։
1900