Առ Նազելին (Ջիվանի)
Արտաքին տեսք
Առ Նազելին
Նազելի, թագուհի՛ն չէ քեզ համեմատ,
Ծոցը հոտով ծաղիկ չունի քեզ նման,
Սև-սև աչեր, կամար ունքեր, լայն ճակատ,
Ամենայն գեղեցիկ չունի քեզ նման։
Դրախտի ծնունդ ես, գեղանի շուշան,
Ծոցումդ պահված կա հոտով պալասան,
Թեև սուլթանի մոտ սիրուններ շատ կան,
Նորանց մեջ մի հատիկ չունի քեզ նման։
Դու Ջիվանու ասածիցն էլ առավել,
Որքան գովասանք տան՝ է քեզի վայել,
Թեպետ Վրաստանի անունն է ելել,
Իսկապես, սիրունիկ չունի քեզ նման։