Jump to content

Առ սիրելին (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առ սիրելին
Պաղ աղբյուրի մոտ

Առ սիրելին


Արի, սիրական, ինձ կառավարե,
Կյանքս, սիրելիս, քեզի համար է,
Սիրտս վիրավոր, անդեղ ու ճար է,
Հասիր, գովական, ինձ մխիթարե։

Գթա, սիրական, ինձ սիրահարիս,
Լեր մխիթարիչ անմխիթարիս,
Օգնյա գոնե պանդուխտ ջրատարիս,
Վաղուց՝ արևս, գիտցի, խավար է։

Եկ, եկ, սիրուհի, իմ անուշիկս,
Ւմ աննմանս, իմ աղունիկս,
Հաստատ իմացիր, ով գեղեցիկս,
Ջոկ սեր ունենալ՝ ինձ անհնար է։

Ես մնացի տխուր, հոգեհատոր,
Խղճա գոնե հույս տուր, հոգեհատոր,
Ինձ մորթել ես անսուր, հոգեհատոր,
Մի՞թե, գեղանի, սիրտդ հոժա՞ր է։

Ո՞ր աշխարհից ո՞ր աշխարհը ընկա,
Սիրույդ ձեռքիցը, ոչ թե ակամա,
Պանդուխտ, օտար եմ երկրի վրա,
Խղճա ինձ Ջիվանուս, կյանքս ավար է։