Առ սիրուհին (Ջիվանի)
Արտաքին տեսք
Առ սիրուհին
Գթա, հոգյակ, այս է իղձս քեզանից,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Տեսությունդ մի խնայիր ինձանից,
Բաց, սիրուհի, երեսըդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելդ իմանամ։
Լույս երեսիդ վերա ոսկի թելերը
Ամպի նման ծածկում են քո պատկերը,
Այդ բանը չեն ընդունիլ իմ աչքերը,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելդ իմանամ։
Համեստ աղջիկ, ինձ մի տանջիր չարաչար,
Գիշեր, ցերեկ դադար չունիմ քեզ համար,
Ափսոս արի, ինձ մի ձգիլ քարեքար,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելրդ իմանամ։
Գեղատեսիլ կերպարանքդ պահելով,
Վրդովում ես դու իմ սիրտը անխռով,
Մտերիմ եմ, լեր ինձանից ապահով,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելդ իմանամ։