Արհեստ (Ջիվանի)
Արհեստ
Ինչպես մեր հներն ասել են, ոսկի ապարանջան ես, արհեստ,
Ամեն առարկայից գլուխ՝ դու գերաստիճան ես, արհեստ,
Բոլոր աշխարհին պիտանի, սիրուն, պատվական ես, արհեստ,
Ճանաչողը քեզ կհարգե, իսկ հարգելի բան ես, արհեստ,
Ինձի համար շքանշաններից գովական ես, արհեստ,
Դու երկնային թագավորից պարգևած նշան ես, արհեստ։
Եվրոպայի հարստության, լավության պատճառը դուն ես,
Ծով գիտության ճյուղերու մեջ ամենից պայծառը դուն ես,
Կյանքի մեջ միշտ սնունդ տվող, գլխավոր պատառը դուն ես,
Ամեն մարդու բաժին հանող, ակով լի տակառը դուն ես,
Անգլիայի տունը շինող հաստատ ոսկու ծառը դուն ես,
Նորա համար անհատնելի, անցեց գանձարան ես, արհեստ։
Ինչ ազգ քեղի աչքեն հանեց, այն ազգն էլ ընկածի պես է,
Լոկ անունով կենդանի է, բայց գործով մեռածի պես է,
Մեռելային անշարժության մեջտեղը կանգնածի պես է,
Պարապ ձեռքերը ծոցում, մտքով մոլորվածի պես է,
Բայց թե նորից քեզի դիմեց՝ հարություն առածի պես է,
Գործոց կենդանություն տվող, իսկ հոգվո նման ես,արհեստ:
Առանց քեզի մարդկությունը կհասնի մինչև վայրենության,
Կարգուկանոն կխանգարի, գործերը կլինեն խափան,
Քարանձավները, որջերը, մարդիկ կանեն պատսպարան,
Առանց քեզի հաստատություն չի լինի բնավ հավիտյան
Ոչ կշինվի լավ գործիքներ, ոչ տուն ու տեղ, ոչ օթևան
Թե քեզ աշխարհաշեն ասենք, հիրավի արժան ես, արհեստ:
Ինչ ազգի մեջ, որ դու չկաս, գողը, արբեցողը շատ է,
Այդպես ազգի կյանքը կարճ է, հիմքը խախուտ, անհաստատ է
Առանց արհեստ ժողովուրդը խեղճ է, դրությունը վատ է,
Երկրե-երկիր կթափառի պարկը ուսին, միշտ աղքատ է,
Բայց ով որ լավ արհեստ ունի՝ կյանքը առողջ, անարատ է,
Քեզանից մարդ չի ձանձրանա,այնքան սիրաջան ես, արհեստ,
Ջիվանս քեզանից գոհ եմ, ինծի տվիր երգ ու ջութակ,
Այս ջութակով իմ ապրուստս ճարում եմ ամեն ժամանակ.
Ինչպես վերն ասենք, թե ծառ ես, պտուղ կուտաս դու շարունակ,
Եթե մարդ քեզանից օգուտ քաղելու լինի ընդունակ,
Ամենը իր սրտին համար կարող է ընտրել մի տեսակ,
Բազում մասերու բաժանված, կերպ-կերպ, զանազան եմ, արհեստ։