Արմանք, զարմանք, տարակուսանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
ԱՐՄԱՆՔ, ԶԱՐՄԱՆՔ, ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ

Արիս Արսենի

ԱՐՄԱՆՔ, ԶԱՐՄԱՆՔ, ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ


ՁԿՆԵՐԻ՜Ն ԽՐԱՏԵՔ...

Մի մարդ կարթով ձուկ էր որսում, երբ հանկարծ գետափին հայտնվում է բնության պաշտպանության լիազորը։
- Քաղաքացի,- դիմում է նա ձկնորսին,- Դուք մեղադրվում եք որսագողության մեջ։
- Ինչպե՞ս թե,- փորձում է«արդարանալ» որսագողը,- ես իմ կարթերը միայն լողացնում եմ գետում, իսկ Դուք Ձեր ձկներին խրատեք, թող չմոտենան...

ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱԶԱՏԻՐ...

Խմբագիրը դիմում է կադրերի գծով աշխատողին.
- Մեզ մոտ կարո՞ղ ես գտնել ամենագործունյա, հմտավարժ ու համարձակ (նաև՝ երիտասարդ) լրագրողին, ով ամենայն հավանականությամբ կկարողանա փոխարինել ինձ։
- Կփորձեմ գտնել։
- Հենց որ գտնես՝ անմիջապես մի այնպիսի պատրվակ գտիր, որ կարողանանք ազատվել նրանից։

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԻՆ

Ուսուցչուհին դիմում է դասարանին.
- Երեխանե՛ր, ո՞վ կարող է ասել՝ բայը քանի՞ եղանակ ունի։
- Բայը ունի հինգ եղանակ,- անմիջապես պատասխանում է առաջին նստարանի աշակերտը։
- Որո՞նք են,- դիմում է կողքի նստածին,- կարո՞ղ ես թվարկել։
- Ինչո՞ւ չէ,- ասում է աշակերտն ու արագ-արագ վրա բերում,- գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
- Բա հիգերո՞րդը որն է,- զարմանում է ուսուցչուհին։


ԱՆԴԱՎԱՃԱՆ… ՍԵՐ

Տնօրենը դիմում է քարտուղարուհուն.
- Հենց որ գործերից թեթևանաս՝ կանցնես ինձ մոտ,- ու մտնում է իր առանձնասենյակը։
Անցնում է որոշ ժամանակ, իսկ քարտուղարուհին չի երևում։ Ստիպված նորից է գալիս հիշեցնելու։
- Դեռ ջահել ես,- հանդիմանում է քարտուղարուհուն,- բայց հիշողությունդ արդեն դավաճանում է քեզ։
- Եկա՛, եկա՛,- շտապում է քարտուղարուհին։- Յա՜, կարծում է, թե դավաճանել եմ, է՞՜,- տնօրենի անհետանալուց հետո ավելացնում է նա։

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Ամսագիրը տարար՝ ճամպրուկը բերիր։ Իսկ եթե ճամպրուկը տանես՝ ի՞նչ ես բերելու։
- Ոսկի։
- Ավելի լա՞վ չէ՝ Վոլսկի բերես, թե չէ՝ էս պոլյանիչկոները մեզ կերան...

ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ կոլտնտեսության ֆերմայի վարիչը հպարտությամբ հայտարարում է.
- Մենք արդեն տեղափոխվել ենք կաթնամթերքային նոր համալիր՝ հարյուր գլխի համար։
- Իսկ դուք բոլորդ միասին հարյուր գլուխ կա՞ք,- չի համբերում հեռուստադիտողը։

«ՉԾԽՈՂԸ»

- Այսուհետև չեմ ծխի։
- Չեմ հավատում։
- Արի գրազ գանք։
- Ինչի՞ վրա։
- Մի տուփ «Սալյուտի»...

ՊԱՐՏՔՈՎ ՓՈՂ

- Խնդրում եմ պարտքով հինգ ռուբլի տաք։
- Ներեցեք, բայց ես ձեզ չեմ ճանաչում։
- Դրա համար էլ հենց ձեզ եմ դիմում, որովհետև ճանաչողներն այլևս պարտքով փող չեն տալիս ինձ։
ԶԱՐՄԱՑԱԾ-ՀԻԱՑԱԾ

Հեռուստալրագրող էի, աշխատում էի Արցախի հանրային հեռուստաընկերությունում և գյուղական կյանքի ու գյուղատնտեսության վերաբերյալ հաղորդումներով պարբերաբար հանդես էի գալիս հեռուստաեթերում։
Սամվել որդիս, որ դեռ չորս տարեկան էր, միշտ զարմանում էր, թե ինչպես եմ մտնում հեռուստացույցի մեջ։
Մի անգամ ասացի.
- Տղաս, ուզո՞ւմ ես՝ դու էլ մտնես հեռուստացույցի մեջ։
- Հա՜,- զարմացած-հիացած բացականչեց Սամվելը։
Ես նրան տարա հեռուստատեսություն ու կանգնեցրի հեռուստախցիկի առաջ։ Իսկ երբ օպերատոր Սամվել Սայիյանը միացրեց մոնիտորն ու հեռուստախցիկը՝ փոքրիկն անմիջապես տեսավ իրեն մոնիտորի էկրանին։ Նրա զարմանքն ու հիացմունքը միախառնվել էին...

12.07.2014, Ստեփանակերտ

ԱՐՄԱՆՔ

Հնգամյա Սամվելիկը թերթում է «Արցախ» հանդեսի հերթական համարը։
Փորձում եմ բացատրել նրան, թե որտեղ եմ աշխատում ես.
- Գիտե՞ս, տղաս, ես, այ, այդտեղ եմ աշխատում,- ասում ու հանդեսն եմ մատնացույց անում։
- Հա՞,- զարմանում է փոքրիկը,- պապ, բա ո՞նց ես մտնում թղթի մեջ...

ԶԱՐՄԱՆՔ

- Այ տղա, որտե՞ղ ես,- զանգում է ընկերը։
- Սևանում եմ։
- Յա՜, չեմ ասում է՝ ինչ ես անում, ասում եմ՝ որտե՞ղ ես,- ջղայնացած՝ երկրորդում է հարցը։
- Սևանում եմ է՜, Սևանում եմ, հանգստանում եմ։

ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ

- Յա՜, ի՜նչ մարդիկ են՝ կարմիր ավտոբուսի վրա գրել են «Սպիտակ»։

ՄԻ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ ԵՎՍ
Մեկը մեղրով լի բանկայի վրա «Պանիր» մակագրությամբ թուղթ էր կպցրել։ Երբ հարցրել են, թե ինչու է այդպես վարվել՝ առանց հապաղելու պատասխանել է.
- Որ ճանճերը չմոտենան...
- Բայց ճանճերն, արդյո՞ք, հայերեն կարդալ գիտեն,- տարակուսանքով իրար են նայել մարդիկ։

ԽԻՍՏ ՀՐԱՀԱՆԳ

1993 թվականի ամռանն էր։ Արցախ աշխարհում բուռն պատերազմ էր, իսկ ես դեռ շարունակում էի ավագ խմբագրի աշխատանքս «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրությունում։
Մի օր էլ որոշեցի թողնել համեմատաբար խաղաղ ապրելակերպս ու կապվել բանակային կյանքին, բայց առայժմ՝ մասնագիտական կարողություների օգտագործումով։
Դիմեցի դեռևս մի քանի ամիս առաջ հիմնադրված բանակային «Մարտիկ» թերթի հրատարակիչ-կոորդինատորին՝ որպես զինվորական լրագրող ծառայության անցնելու խնդրանքով։
Սա երդվեց, որ ազատ հաստիք չունի, խոստացավ, որ հնարավորության դեպքում անպայման իմաց կանի։
Իմ հեռանալուց անմիջապես հետո հրատարակիչ-կոորդինատորն իր մոտ կանչեց թերթի խմբագրին և խիստ հրահանգեց.
- Այդ երիտասարդը, որ նոր մոտս էր՝ դաշնակ է, եթե հանկարծ թղթակցություն-բան բերի՝ թերթում տպագրելու նպատակով, չվերցնես, հասկացա՞ր...


ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ

1995-ի հուլիսի 1-ին Կենտրոնական պաշտպանական շրջանից տեղափոխվեցի «Մարտիկ» թերթի խմբագրություն՝ զինծառայությունս շարունակելու որպես զինվորական լրագրող, բայց տեղափոխման հրամանը զորամաս հասավ յոթ օր ուշացումով։ Նույն օրն էլ՝ հուլիսի 7-ին, զինվորական հետագա ծառայության վայր ներկայացա։
Թերթի գլխավոր խմբագիրն ասաց.
- Յոթ օր ուշ ես ներկայացել զորամաս։ Ֆինբաժնի պետին պիտի կարգադրեմ, որ յոթ օրվա աշխատավարձդ պահի։


ԱՍՏԻՃԱՆԱԶՐԿՈՒՄ

Ծառայության նոր վայրում, հենց առաջին օրը, գլխավոր խմբագիրը նայելով ավագ լեյտենանտի ուսադիրներիս՝ ասաց.
- Գիտե՞ք, պարոն ավագ լեյտենանտ, ձեզ պիտի աստիճանազրկենք մեկ «աստղով», որովհետև հիմա լեյտենանտի՛ հաստիք եք զբաղեցնում։
Պետք է խոստովանեմ, որ գլխավոր խմբագիրն, իրո՛ք, հասավ իր նպատակին, թեև դրա համար ութ ամիս 17 օր պահանջվեց։ Արդյունքում՝ ես ոչ թե միայն մեկ «աստղով» աստիճանազրկվեցի, ինչպես խոստացվել էր նախապես, այլ՝ լրիվությամբ «աստղաթափ» եղա։


ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ

Նոր գլխավոր խմբագիր նշանակվեց։ ՊԲ կադրերի բաժնից հրահանգեցին՝ լուսանկարվել անձնական գործի համար։ Բայց քանի որ սպայական կոչում առայժմ չուներ՝ չգիտեր ինչ կոչումով լուսանկարվել։ Նոր նշանակված սպային սովորաբար լեյտենանտի կոչում է շնորհվում, բայց քանի որ ինքը առավել փնտրված կադր էր և բավականին տարիքով, որոշեց, որ իրեն առնվազն կապիտանի (վատագույն դեպքում՝ ավագ լեյտենանտի) սպայական կոչում կշնորհվի, ուստի, կանչեց խմբագրության ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանին և հրահանգեց լուսանկարել նախ՝ կապիտանի, ապա՝ ավագ լեյտենանտի ուսադիրներով։
- Աշոտ, գուցե լեյտենանտի ուսադիրներով է՞լ լուսանկարես, կարող է՝ հանկարծ լեյտենանտի կոչում տան,- կասկածեց գլխավոր խմբագիրը։
Կասկածանքն արդարացավ՝ լեյտենանտի՛ կոչում շնորհվեց։

ՀԵՐԹԱՊԱՀԸ

Մեկնում ենք զորամաս։
- «Մարտիկ» թերթից ենք,- ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանն ու ես ներկայանում ենք Հսկիչ-անցագրային կետում՝ զորամասի տարածք մտնելու թույլտվություն ստանալու համար։
Հսկիչ-անցագրային կետի հերթապահը կապվում է վերադասի հետ.
- Մարտիկի տղաներից եկել են, ի՞նչ անեմ, բաց թողնե՞մ...


ՄԱՐՏԻԿԸ՝ «ՄԱՐՏԻԿԻՆ»

Զանգում եմ Նորոգման-վերականգնողական առանձին բազայի հրամանատար, փոխգնդապետ Մարտիկ Հայրապետյանին.
- «Մարտիկ» թերթից են անհանգստացնում Ձեզ,- ասում եմ։
- Մարտիկը լսում է «Մարտիկին», ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- անմիջապես հետևում է պատասխանը։


ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԾԵԾՈՒՄ

Շարքային Հայկ Ղուկասյանը հարազատներին շուտ-շուտ է նամակներ գրում։ Իսկ բոլորովին վերջերս նամակներից մեկում գրել էր. «Մայրիկ ջան, սուտ է, որ ասում են, թե իբր Հայոց բանակում սպաներն ամեն օր ծեծում են զինվորներին։ Ինձ, օրինակ, այսօր չեն ծեծել»։


ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Մայրն իր զինվոր որդուն նամակ է գրում, ծրարում ու ծրարի վրա գրում հասցեն՝ «Քաղաք Ղարաբաղ, Մոսուն պոլկը, Արմեն Վարդանյանին»։ Եվ, պատկերացնո՞ւմ եք, նամակը... տեղ է հասնում։


ՏՀԱՃ ՀՈՏ

Վաշտի ավագը մտնում է զորանոց։
Հերթապահը ներկայանում է։
- Այս ի՞նչ տհաճ հոտ է,- հարցնում է հերթապահին։
- Պարոն ավագ, մինչև ձեր գալը ոչ մի հոտ էլ չկար,- փորձում է արդարանալ հերթապահը։


«ԴԺԳՈՀԸ»

Շարքային Արթուր Մկրտչյանը սկզբում դժգոհ էր.
- Չեմ ուզում մնալ բանակում,- ասում էր։
Իսկ հիմա, երբ արդեն լիովին հարմարվել է ու մոտենում է զորացրման ժամանակը՝ էլի դժգոհում է.
- Չեմ ուզում տուն գնալ,- ասում է,- տանն ո՞վ է ինձ առավոտյան ժամը 6-ին վերկացնելու, կամ էլ՝ երգելով ճաշելու տանելու։


«ՀԲ»

Զինվորներից մեկին հանձնարարվեց վերծանել ՀԲ հապավումը.
- «Հայկական Բանակ»,- իսկույն վրա բերեց նա։
- Ի՞նչ՝ «Հարիֆցրին Բերին»,- արձագանքեց մյուսը։
Հին տղաներից մեկը, որ ներկա էր զրույցին՝ չդիմացավ գայթակղությանն ու.
- Չէ, չէ, ի՞նչ եք ասում։ ՀԲ՝ այսինքն՝ «Հասնենք Բաքու»։
- ՀԲ՞՝ «Հավայի Բան»,- վերջակետեց չորրորդը։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Նորավարտ լրագրողուհին աշխատանքի է ընդունվում հանրապետության շրջանային թերթերից մեկի խմբագրությունում։
Ներկայացնում է դիմումն ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Կադրերի հաշվառման անհատական քարտը լրացնելիս, երբ հասնում է «Սոցիալական դրությունը» տողին, հանկարծ դիմում է երիտասարդ խմբագրին.
- Հիմա ի՞նչ գրեմ այս տողում, գրեմ՝ կո՞ւյս։


«ՉԱՓՍԸ»

Ասաց բջջայինի համարը՝ 27-90-27։
- Ո՞նց, բայց կարծեմ՝ նախկինում ընդունելի չափսը 90-60-90 էր, թե՞ դա էլ հղի կնոջ չափս է։ Ուրիշ բան է՝ եթե գոնե 60-90-60 ասեիր։


ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

- Գիտե՞ս, թեև չես ընտրվել, բայց, որպես հարևան, ես քո օգտին եմ տվել իմ ձայնը։
- Է՜, բոլորն են այդպես ասում, բայց ոչ մի ձայն էլ չեմ ստացել։
- Վա՜յ, ի՞նչ մարդ է՝ չի հավատում է՜։ Ահա, խընդրեմ,- ասում ու գրպանից հանում է քվեաթերթիկն ու մեկնում պատգամավորության նախկին թեկնածու հարևանին։


ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԷԻ...

Մամուլի քարտուղար էի մեր քաղաքի ոչ այնքան անհայտ հիմնարկներից մեկում։ Պետս պահանջում էր ամեն օր, վաղ առավոտյան, թարմ տեղեկատվություն տրամադրել, ինչի համար ժամերով պետք է համացանցում մնայի, բոլոր ծանոթ-անծանոթ կայքերը տնտղեի, օրվա թերթերն աչքի անցկացնեի և, որ ամենակարևորն է, տեղական հեռուստաընկերության լուրերը բաց չթողնեի։
- Առաջինը դո՛ւ պիտի նայես ու մեզ տեղյակ պահես, թե մեր մասին ինչ լրատվություն է եթեր հեռարձակվում, մամուլի՛ քարտուղար,- կիսահեգնախառն շպրտեց նա։
- Բայց, ախր, աշխատանքի բերումով երեկոյան ժամը ութի հիմնական թողարկմանն էլ չեմ հասցնում տանը լինել։
- Հիմա ի՞նչ ես առաջարկում, քո առանձնասենյակում էլ պիտի հեռուստացույց տեղադրե՞մ, հա՞...

17.05.2011, Ստեփանակերտ


ՈՉ ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

- Աշխատանքային ժամերին՝ ոչ մի բանաստեղծություն, լսեցի՞ր,- խիստ հրահանգեց պետս,- գրել միայն աշխատանքից հետո։ Առաջին և վերջին անգամ եմ զգուշացնում։

28.06.2011, Ստեփանակերտ


«ԱՆՀՅՈՒՐԸՆԿԱԼ» ԳՅՈՒՂՈՒՄ

Սեյտիշենցիների մասին պատմում են, թե իբր Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղի մոտով անցնող ճանապարհով դեպի վեր գնացող ուշացած ճամփորդներին սեյտիշենցիները հորդորում են շարունակել ճանապարհը՝ քանի դեռ լրիվ չի մթնել, <<օր կա, յեր հնցե>> ասելով։ Դա նաև հուշում է այդ գյուղի բնակիչների, այսպես ասած, անհյուրընկալ լինելու մասին։ Բայց, այնուամենայնիվ, ես մի գիշեր հյուրընկալվեցի այդ գյուղում, որովհետև գյուղամերձ ճանապարհով ոչ թե բարձրանում, այլ... իջնում էի...

11.09.2011, Ստեփանակերտ

«ՀՆԱՐԱՄԻՏԸ»
- Տխուր եմ, Անի,- ասաց մայրիկը։
- Ինչո՞ւ ես տխուր, մամ,- չհամբերեց երկու ու կես տարեկան Անին։
- Քեռուն բանակ են տարել։
- Մամ, դե իր հերթն էր՝ տարան էլի, ինչի՞ ես տխրում։
...Որոշ ժամանակ անց։
- Տխուր եմ, մամ։
...Լռություն։
- Մամ, չես հարցնելո՞ւ՝ ինչու եմ տխուր...

30.06.2014, Ստեփանակերտ