Արցախը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրհներգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Արցախը)

Վարդան Հակոբյան

Գիրքը ձեռքս առա
ԱՐՑԱԽԸ


Արցախը՝ բարձրիկ, անհաս, անառիկ, լույսի խորան է,
Տաճար Աստծո, ուր ամեն որդի սյուն-հենարան է.
Ձեռքը՝ անարատ, սիրտը՝ սիրառատ, հոգին՝ Արարատ,
Ուստրեր թե դուստրեր՝ մի-մի սրբած թուր, ոսկեբերան է։

Ամեն սար բերդ է, երթ է հավատի, վանքադարան է,
Հողը սխրանքի եւ ասպետության այբբենարան է.
Աչքը՝ Մասիսին, թեւը՝ երկնքոտ, երամ կռունկի,
Ճիչ ազատության, արդարության խիղճ ու զանգարան է։

Կրակ ու կորով, եռք ու մաքառում, ավետարան է,
Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում, արեգնարան է.
Չարչրկված եզերք, երկիր ավետյաց ու դրախտավայր,
Չմեռնող ոգու ակունք սրբազան, սուրբ վեհարան է։

Այստեղ է թրծվում նիզակը Հայկի, հուր-թեժարան է,
Ցավի մեջ անգամ ազգ միաբանող, սիրո մերան է.
Ամեն քար ու դար ցողված են արյամբ նահատակների,
Արցախը հայոց սիրտն է մշտավառ, հավերժարան է։