Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Խամսայի մելիքությունները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախահայության ազատագրական ոգորումները թուրք-պարսկական բռնակալության դեմ Խամսայի մելիքությունները

Վահրամ Բալայան

Ղարաբաղի խանության կազմավորումը
ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շահ Աբասից հետո, նրա հաջորդների ժամանակ, թեև Պարսկաստանը ապրեց առերևույթ խաղաղության մեջ, սակայն սկսվել էր նրա տնտեսական քայքայումը և քաղաքական անկումը։

Շահ–Հուսեինի օրոք աֆղանները՝ Մահմուդի ղեկավարությամբ, գրավելով հարավային Պարսկաստանը, ոչնչացնելով Սեֆյան տոհ­մի ներկայացուցիչների մեծ մասին, ժամանակավորապես իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։

Անիշխանության մատնված երկրամասերը ենթակա էին ամենասանձարձակ ահաբեկման և հարստահարության։ Այդ ամենին գումարվեցին թուրքերի կողմից գործադրվող բռնությունները։ 1727թ. հոկտեմբերին աֆղանները Թուրքիայի հետ կնքված պայմանագրով նրանց զիջեցին Այսրկովկասը, Քուրդիստանի, Խուզիստանի և Կենտրոնական Իրանի մի քանի նահանգներ։

Շահ-Հուսեինի որդին՝ Շահթամազը, որ փախել և գտնվում էր Մազանդարանում, լսելով հոր գահընկեցությունը, իրեն հռչակում է Պարսկաստանի տիրակալ և զորք գումարելով գալիս Թավրիզ։ Համաժողովրդական պայքար է սկսվում ինչպես թուրքական, այնպես էլ աֆղանական բռնակալության դեմ։

Հանդես գալով Խորասանում և գլխավորելով կըզըլբաշ ցեղերի ապստամբական ելույթները, ինչպես նաև կարճ ժամանակում մի քանի վճռական հաղթանակներ տանելուց հետո, մեծ համբավ վաստակեց Աֆշար ցեղի Կըրկլու ցեղախմբի նախկին շարքային ռազ­միկ Նադիրկուլի խանը։

Նա իր քաջությամբ գրավում է Շահ-Թահմազի համակրանքն ու վստահությունը, մտնում նրա մոտ ծառայության և նշանակվում զորքերի հրամանատար՝ վերանվանելով նրան Թահմազկուլի խան(Թահմազի ծառա)։ Թահմազկուլին մաքրում է Պարսկաստանը աֆղաններից և ամրացնում պարսկական իշխանությունը Իրանում։ Նա իր քաջագործություններով մեծ հեղինակություն էր վայելում բանակի և ժողովրդի մեջ։ Այնուհետև Թահմազկուլին հաղթական պատերազմներ է մղում օսմանցիների նկատմամբ։

Արցախի սղնախներում, Սյունիքում և Այրարատում զինավառ հայությունը, թուրքերի դեմ մղվող իրենց հերոսական պայքարով ինքնըստինքյան, հանդես էին զալիս որպես Նադիրի դաշնակիցներ։

Նադիրի բանակում գործող հայկական զորախմբերը համալրվեցին հատկապես 1735թ. Գանձակի պաշարման ամիսներին, իսկ երբ նա շարժվեց դեպի Կարս, Արցախի և Սյունյաց հայ զինվորականությունը մելիքների գլխավորությամբ ուղեկցում էր նրան ամենուրեք։ Գեղարքունիքից անցնելիս Նադիրը մեծ պատիվներ տվեց Մելիք-Շահնազարյաններին։

Կարսի շրջանը ասպատակության ենթարկելուց հետո, Նադիրն իր զորքով նորից անցավ Ախուրյանը և բանակ դրեց Եղվարդի շրջակայքում։

Այդ օրերին Նադիրի մոտ էին գտնվում Արևելյան Հայաստանի համարյա բոլոր հայ մեծամեծերը. Դիզակի Մելիք-Եգանը, Գեղարքունյաց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, Երևանի Մելիք-Մկրտումն ու Սելիք-Հակոբջանը և շատ ուրիշներ։

Իրանի ապագա խորամանկ տիրակալը լավ էր հասկանում հայերի հակաթուրքական տրամադրվածությունը և օսմանցիների դեմ մղվող վճռական գոտեմարտում հայ մելիքների վրա նայում էր որպես հուսալի դաշնակցի։ Առանձնապես Նադիրը ջերմ հարաբերություններ ուներ Դիզակի մելիք Եգանի հետ։ Նադիրի պալատական պատմիչ Մուհամմադ-Քյազիմը բազմիցս հիշատակում է նրան, որպես նուրբ քաղաքագետին հատուկ արտակարգ ընդունակություններով օժտված իմաստուն մի գործչի, որը Նադիրի կողմից մեծ սի­րո և վստահության էր արժանացել։

Մելիք Եգանը անհամար նվերներ մատուցելով և հորդորելով Նադիրին, վերջինս այցելում է Էջմիածին և նոր հրովարտակներով հաստատում կաթողիկոսի և հոգևորականության իրավունքները։ Ըստ Մուհամմադ-Քյազիմի, նա վանքի վերանորոգումը հանձ­նարարում է հմուտ վարպետների՝ հատկացնելով հազար թուման, տաճարը զարդարում 15կգ. կշռող ոսկե ջահով և կարգադրում Քիրմանի նահանգային սարքարարությանը ամենաընտիր գորգերը նվիրել Էջմիածնին:

Հայ մելիքները ոչ միայն զորքերով էին մասնակցում թուրքերի դեմ մղվող կռիվներին, այլև միաժամանակ հայթայթում էին պար­սից բանակի համար անհրաժեշտ պարենն ու հանդերձանքը։ Թուրք տարեգիրը վկայում է, թե մելիք Եգանն էր կերակրում շահական ամբողջ բանակը, որքան ժամանակ որ նա մնաց Մուղանում։

Հայերին սիրաշահելուց հետո, նրանց օգնությամբ 1735թ. հուլի­սի 8-ին Եղվարդի մոտ, Նադիրը ջախջախիչ հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին և Բայազետ ընկած հարյուրավոր գյու­ղեր ու քաղաքներ։ Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէր պատերազմը շարունակելու հզոր հակառակորդի դեմ։ Նա հարկադրվում է Նադիրի հետ Էրզրումում 1736թ. հաշտություն կնքել, որի համաձայն թուրքերը հանձնում են պարսիկներին Արևելյան Հայաս­տանը (Երևանը, Նախիջևանը, Ղարաբաղը), Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։

Թահմազկուլին պատերազմաական այս հաջողություններով նախապայմաններ է ստեղծում իրեն հռչակելու Իրանի շահ։ Նրա կարգադրությամբ սպանվում է շահ Թահմազը, այնուհետև մանուկ Աբասը։

Գահը թափուր տեսնելով, Թահմազ կուլին 1736թ. ձմռանը Մուղանի դաշտն է հրավիրում Իրանի և հպատակ երկրների հոգևոր ու աշխարհիկ մեծամեծերին և առաջարկում տերության շահ ընտրել։ Մուղանի »կուրուլթայը« միաձայն Իրանի շահ ճանաչեց Թահմազկուլուն՝ Նադիր-Շահ անվամբ։ Թագադրության հանդեսից հետո Նադիրը բարձր պաշտոններով և նոր ավատներով վարձատրեց մարտերում աչքի ընկած և հավատարմությամբ վստահության ար­ժանացած ամիրներին, խաներին և հայ մելիքներին։

Նադիրը քաջ գիտակցելով Ղարաբաղի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, ոչ միայն մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսա(արաբերեն հնգյակ), Խամսայի երկիր, Խամսայի մելիքություններին։ Նադիրը փաստորեն վավերացրեց այն, ինչ հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։

Տվյալ ժամանակաշրջանում Նադիրը ճանաչեց միայն Արցախի տարածքում գոյություն ունեցած մելիքություններից միայն հինգի իրավունքները։ Իսկ մնացածները, ինչպես օրինակ մի ժամանակվա հզոր Ծարի իշխանությունը թուլացել և ենթարկվում էին Խամսայի մելիքներին։

Ըստ էության ուշ միջնադարում Մեծ Հայքի ծայր հյուսիս-արևելյան մի հատվածում վերածնվեց հայկական մի նոր ձույլ պետական միավոր՝ ֆեդերատիվ կառուցվածքով։ Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված նահանգը, կենտրոն ունենալով Տող ավանը, Դ իզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահ­մանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։

Արցախի հյուսիսային հատվածներում տարածված էր Գյուլիատանի մելիքությունը՝ Կուրակ և Թարթառ գետերի միջև։ Այստեղ իշ­խում էին մելիք Բեգլարյանները, որոնց նստավայրն էր Թալիշ ավանը, և ռազմական հենակետը՝ Գյուլիստանի անառիկ ամրոցը։ Սրանից հարավ Ջրաբերդի մելիքությունն էր, որը ընդգրկում էր Թարթառից մինչև Խաչենագետ ընկած տարածքը։ Գավառի տերե­րը մելիք Իսրայելյաններն էին, որոնց նստավայրը Ջրաբերդ ամրոցն էր։ Խաչենի մելիքությունը տարածված էր Խաչենագետից մինչև Կարկառ ընկած հողերը։ Այստեղ էլ բուն Հասան-Ջալալյաններն էին իշխում և նստում էին Խոխանաբերդում, իսկ հետագայում՝ Խնձրիստանում։ Գավառի բերդերից հայտնի էին Կաչաղակաբերդը, Քարագլուխը, Ուլուպապաբերդը։ Վարանդայի մելիքությունը բռնում էր Կարկառ գետից մինչև Մեծ Քիրսի հարավային փեշերը ընկած տարածքը։ Սրա տեր մելիք Շահնազարյանների նստա­վայրն վայրն էր Ավետարանոց բերդավանը։ Վտանգի ժամանակ մելիքության հպատակները պատսպարվում էին Շուշվա բերդում և Հերհեր ու Ծովատեղ գյուղերի միջև ընկած Քոչիզ ամրոցում, Աղջկաբերդում, Գիշու Ղլեն խութ բերդում։ Դիզակի տեր մելիք Եգանյան-Ավանյանների տիրույթները ձգվում էին Դիզափայտ-Քիրս լեռնագո­տուց մինչև Արաքս գետի հովիտները։ Մելիքները նստում էին Տող ավանում։ Քննարկվող ժամանակաընթացքում գավառի նշանավոր բերդերը գտնվում էին Ցոր գյուղում և Վնեսա սարում։

Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թվականը գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Նա հարևան Շիրվանի, Գանձակի, Երևանի բեկլարբեկիների նման ուղ­ղակի ենթարկվում էր Նադիրի եղբոր, սիփահսալար Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի կենտրոն, փոխարքայանիստ Թավրիզ քաղաքում։

Պատմական բախտորոշ այս ժամանակաշրջանում Մելիք-Եգանի նման տաղանդավոր պետական քաղաքական գործիչը, օգ­տագործելով Նադիրի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, հոգում էր ողջ Արևելյան Հայաստանի հայության հոգսերը։ Դրա մասին է վկայում Տողի մելիքական ապարանքի ճակատին Մելիք-Եգանի թողած վիմագիրը. «Ես թողեցի ոչ Հայասդանաս եսիր տալու»։

Օտար և հայ հեղինակները վկայում են, թե Նադիր շահը հոր տեղ էր ընդունում մելիք-Եգանին, առաջնորդվում նրա խորհուրդներով։ Մելիք-Եգանի հայրենանվեր գործունեությունը ամփոփ ձևով ներկայացված է Տողի մատուռ-դամբարանում պահպանված շիր­մաքարի չափածո տապանագրի մեջ.

Այս է տապան քաջ իշխանին,
Եկան անուն մեծ Մելիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին.
Եղեւ սիրեցեալ ամենայնին
Նատիր անուն թագաւորին։
Տիրապետեաց սայ ի երկրին
Ի Աղուանից ի նահանգին
Յոյժ պատուեցաւ Պարսից ազգէն
Քան զիշխանս Հայոց երկթին... ՌՃՂԳ(1741թ.)։

Մելիք Եգանի արժանավոր ժառանգորդները դարձան նրա որդիներ Արամը (1744–1745թթ.) և մելիք Եսային։ Հատկապես տպավորիչ էր մելիք Եսայու գործունեությունը։ Նա տաղանդավոր զորական էր, անկոտրում կամքի տեր անձնավորություն։ Նրան հաջողվեց ստեղծել քաջավարժ կանոնավոր բանակ։ Նադիր շահի համակրանքն էր վայելում նաև Ջրաբերդի մելիք Ալլահ-Ղուլին: Վերջի­նիս թուրքերի դեմ տարած փայլուն հաղթանակների շնորհիվ Նադիրը նրան տվեց «սուլթան» տիտղոսը։

Խամսայի մելիքությունները, որպես հայոց պետականության մի ձույլ միավոր, գոտեպնդելով լեռնաշխարհի զինավառ հայությանը, մոտակա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական շարժման նոր հանգրվաններ, ամրացնելով հավատքը միասնության և հաղթանակի նկատմամբ։