Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Նախնադարյան հասարակությունը Արցախում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարչական բաժանումը Նախնադարյան հասարակությունը Արցախում

Վահրամ Բալայան

Արցախը որպես հայ ժողովրդի կազմավորման գործընթացի օջախ
ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Խորհրդային իշխանության տարիներին, Ադրբեջանական տի­րապետության պայմաններում Արցախի տարածքը հայ գիտնականների համար արգելված գոտի է եղել, որի հետևանքով հնագի­տական պատշաճ ուսումնասիրության չի ենթարկվել։ Եվ, այնուհանդերձ, Արցախի տարածքում կատարված մասնակի պեղումնե­րը, որի հետևանքով երևան են հանվել մշակութային կյանքի զանազան բնագավառների ամենատարբեր նյութեր, հնագիտական նույ­նիսկ ոչ բավարար ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդն այստեղ շարունակաբար ապրել է հնագույն ժամանակներից ի վեր։

Այստեղ կարելի է տեսնել քարե դարաշրջանի և հետագա ժամանակաշրջանների բնակավայրերի, բերդերի, առանձին կառույցների ավերակներ ու հետքեր, հողի տակ թաղված զանազան զենքեր, իրեր, զարդեր, գործիքներ։ Նման փաստերը մեզ հուշում են, որ Արցախը հայկական լեռնաշխարհի այն բնակահատվածներից է, որ­ տեղ տեղի է ունեցել նախամարդուց մարդու ձևավորման գործնթացը։

Արցախի տարածքում հայտնաբերվել են բրածո կենդանիներ (գ. Քռասնի), ծովային աստղեր (Աստղաշեն-Դաշբուլաղ), ինչպես նաև փայտի քարացած մնացորդներ։ Ուշագրավ է 1965թ. Հադրութի շրջանի Պետրոսաշեն գյուղից հայտնաբերված արխեոպտերիքսի քարացած գլուխը, որը պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Հադրութի շրջանի Ազոխ գյուղի պալեոլիթյան քարայրից 1968թ. հայտնաբերված նյութերը։ Քարայրում բացվել են 14մ խորությամբ փափկացրած հողի շերտեր, որտեղ հաջորդաբար ներկայացված են քարի դարի մշակույթի բոլոր փուլերը։ Այստեղ հայտնաբերվեցին նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահին պեղածո մարդկանց ոսկորները։ Բացառված չէ, որ այստեղ մարդը հանդես է եկել մինդելյան սառցակալումից առաջ։

Ազոխում հայտնաբերվել է միջին աշելյան մշակույթին պատկանող պեղածո մարդու ներքին ծնոտ, ինչպես նաև միջագետքյան եղ­ջերուի, դյուսենբերգյան ձիու, ռնգեղջյուրի, մերկանի, բիզոնի ոսկորներ։ Այս գտածոները նման են աշխարհի չորս հնավայրերում՝ Մարոկկոյում, ԳՖՀ-ում, Անգլիայում և Իտալիայում մինչև այժմ հայտնաբերված նյութերին։

Ազոխի և Սատանի դարի գտածոները հնարավորություն են տալիս նշելու Հայաստանում վաղ աշելում մարդու առաջացման մասին։ Դեռ ավելին, ֆրանսիացի հայտնի հնագետ Անրի դը Լյումլեյնի կարծիքով Ազոխից հայտնաբերված բազմազան նյութերը հնարավորություն են տալիս ասելու, որ դրանք «հողագնդի վրա մարդ­կային հնագույն քաղաքակրթության օջախի» ապացույցներ են։

Ազոխի քարանձավում գտնված նմուշները ժամանակին տեղափոխվել են Բաքու և ներկայացվում են որպես թուրք-ազերիների մշակույթի անբաժանելի մաս։

Արցախի տարածքում կան նաև հնադարյան այլ բնակավայր քարանձավներ, որոնց մի մասը առայսօր չի հետազոտված։ Մաս­նակիորեն կատարված հետախուզական աշխատանքների ժամանակ քարեդարյան շրջանի մարդու գործունեության հետքեր են արձանագրված Թաղլարի, Քարին տակ գյուղերի տարածքում գտնվող Ավանակարան, Ալեքսանա-կարան, Ղուզուն-կարան, Դաշբուլաղ (Քարաղբյուր) գյուղի մոտ գտնվող Սանգյարի-կարան և Ուլուպապ գյուղի անտառում տեղակայված Պախրայի-կարան քարանձավնե­րում։

Թաղլարի քարանձավից հայտնաբերված քարե գործիքները բավականին զուգահեռներ ունեն Իրանական Քրդստանի և Լորիս տանի նույն ժամանակաշրջանի քարայրներից գտնված աշխատանքային գործիքների հետ։

Պետք է ավելացնել, որ Արցախի պալեոլիթյան հուշարձանները բազմաշերտ են:

Արցախի հնավայրերը հարուստ են բրուտանոցներով, գերեզմանաբլուրային, կարասային, քարարկղային, դագաղային (սարկոֆագային) ձևերի թաղումներով ու դամբարանաբլուրներով։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում ուշագրավ հավաքածու են կազմել տարբեր հնավայրերից հայտնաբերված ուլունքները, կացինները, ասեղները, մատանիները, ապարանջանները, նետասլաքները, դաշույնները, կավանոթները, կարասները, թրծած սև գույնի կճուճները, գծանախշերով սափորները, ճենապակյա ափսեները, խաղողի քարացած սերմերը, կորեկի, ցորենի հատիկները։ Դրանք պերճախոս ձևով վկայում են, որ խոր անցյալում այստեղի բնակիչների հիմնական զբաղմունքներից են եղել խաղողագործությունը, դաշտավարությունը, բրուտագործությունը, զինագործությունը և արհեստների այլ ճյուղեր։

Արցախի տարածքում հետախուզական արշավների և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ առավել շատ հայտնաբերվել են բրոնզե և երկաթե դարաշրջաններին վերաբերող վանակատից, քարից, ոսկորից, բրոնզից, երկաթից, կավից և այլ նյութերից պատրաստված զենքերը, զարդարանքները, պերճանքի առարկաները, թռչնակերպ, կենդանակերպ, մարդակերպ արձանիկ­ները, պաշտամունքային փորագիր պատկերների բարդ նախշազարդերով բրոնզե գոտիները, ճարմանդները, դաշույնները, ոսկյա ականջօղերը, որոնք մեծամասամբ պատրաստված են կաղապարելու, դրվագելու և փորագրելու եղանակով։ Զենքատեսակների մեջ առավելապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում քարե գուրզը, հրթիռանման գուրզը՝ հայտնաբերված Քարաղբյուր գյուղի Տանձատափ վայրից, երկճյուղ եղանը՝ ի հայտ բերված Առաջաձորի դամբարաններից, բրոնզից մարտական կացինները, գուրզերը, նի­զակները և դաշույնները, բրոնզաձույլ երկարապոչ նետասլաքները, վանակատից և կայծքարից նետասլաքները, սկյութական տիպի նե­տասլաքները և այլն։ Առաջաձորի և Խոջալլուի դամբարաններից հայտ­նաբերված սպառազինության համար նախատեսված առարկաները հնարավորություն են տալիս վերականգնելու բրոնզեդարյան ծանր հետևազոր ռազմիկների արտաքին տեսքը։ Այսպիսի ռազմիկներից ոմանք «ուղեկցում» էին իրենց զինվորական առաջնորդներին անդրշիրիմյան աշխարհում։ Ղարաբաղի ցեղապետերից մեկի դամբարանում բացի ցեղապետի պճնազարդ աճյունից, հայտնաբերվել են սաղավարտակիր երեք մարտիկների կմախքներ։

Զարդարանքների, պերճանքի առարկաների, թռչնակերպ ու կենդանակերպ ցուցանմուշներից աչքի են զարնվում Խաչենագետի հովտից, Խոջալլուի դամբարանադաշտից, Արևշատից և Արցախի մյուս հնավայրերից հայտնաբերված եղնիկների պատկերով վզնո­ցը, փորագիր պատկերներով բրոնզաձույլ գոտիները, գավազանի կենդանակերպ գլխիկը, մարդու ձեռքի տեսքով ճարմանդը և բրոնզե ծակոտկեն կախիկները։ Արցախի տարածքում Էմիլ Ռյոսլերի կող­մից հայտնաբերված ագաթե ուլունքը, որի վրա հիշատակված է Ասորեստանի Ադադնիրարի 1-ին (1310-1280թթ. Ք.ա.) արքայի անու­նը, տեղափոխվել է Պետերբուրգ։

Պրոֆեսոր Խ.Սամուելյանի կարծիքով Ասորական գրությամբ ագաթե ուլունքը Խոջալլու է հասել տեղացի ցեղապետերից մեկի մի­ջոցով, որը ամենայն հավանականությամբ ծառայել է Ասորեստանի բանակում և որպես նվեր ստացել է Ադադնիրարի 1-ինի կողմից։ Վերոհիշյալ փաստը վկայում է, որ Արցախը Ք.ա. III-II հազարամակներում ներառված է եղել Առաջավոր Ասիայի քաղաքակրթության ոլորտը և սերտ առնչություններ է ունեցել դրա օջախներից մեկի՝ Ասորեստանի հետ։ Հարկ է նաև նշել, որ հայտնաբերված հնագիտական արժեքավոր նյութերի նշանակալից մասը տե­ղափոխվել է Բաքու, Պետերբուրգ, Գերմանիա։

Ակադեմիկոս Բորիս Պիատրովսկու կարծիքով Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված դամբարանների կառուց­վածքի, ինչպես նաև գերեզմանատների ուսումնասիրությունը, նախկինում հայտնաբերված և լավ ուսումնասիրված նմանօրինակ նյութերի հետ համադրումը ցույց է տալիս, որ դրանք իրենց զուգահեռներն ունեն Սևանա լճի ավազանի հուշարձաններում։ Հնագի­տական գրականության մեջ ընդունված է համադրել Լեռնային Ղարաբաղից, Գետաբեկից, Գանձակից, Սևանա լճի ավազանից, ինչ­պես նաև Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածից ձեռք բերված նյութերը։ Ասել կուզի, հնագույն ժամանակներից վերոհիշյալ տարածքները հայկական են, հայերի բնօրրանն ու հայրենիքը։