Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԼՂԻՄ-ը 1921-40 թթ/Կոլտնտեսային շարժումը և դրա հետևանքները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԼՂԻՄ-ը ՆԷՊ-ի տարիներին Կոլտնտեսային շարժումը և դրա հետևանքները

Վահրամ Բալայան

Արցախահայության մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին
ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո գյուղում այսպես կոչված նոր սոցիալիստական արտադրական հարաբերությունների ձևավոր­ման գործը ընթացավ բարդ, հաճախ էլ իրարամերժ գաղափարների հակամարտության պայմաններում։

Բանն այն է, որ խորհրդային երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը մանրապրանքային արտադրությամբ զբաղվող գյու­ղացիներ էին, որոնք մինչև ուղն ու ծուծը հազարավոր թելերով կապ­ված էին պապենական հողին։ Նման երկրում գյուղատնտեսական վերընթացի և, ընդհանրապես, հասարակության բոլոր անդամների բարեկեցիկ կյանքի ապահովման հիմնական միջոցը հողվորի նյու­թական շահագրգռվածության անընդհատ բարձրացումն է։ «Անհրաժեշտ է գյուղացուն առկել իր շահերին»,- ժամանակին նկատել է Ն. Բուխարինը։

Իսկ ի՞նչ ուղեգծով ընթացավ խորհրդային գյուղատնտեսությու­նը։ 1929թ. աշնանը կուսակցության Կենտրոնական կոմիտեն, խեղաթյուրելով գյուղատնտեսության վարման ավանդական համամարդ­կային սկզբունքները, անտեսելով կոոպերացիաների տարբեր ձևերի համամասնական զարգացման և դրանց ստեղծման գործընթացում կամավորության խստագույն պահպանման սկզբունքը, որոշեց անց­նել համատարած կոլեկտիվացման և դրա հիման վրա կուլակության՝ որպես դասակարգի վերացման քաղաքականությանը։ Մինչև իսկ Կենտկոմի 1929թ. նոյեմբերյան պլենումն այդ չհիմնավորված շրջադարձը գնահատեց որպես «...նոր պատմական էտապ մեր երկրում սոցիալիզմի կառուցման գործում»։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ոչ թե բխում էր ժամանակաշրջանի ոգուց ու պայմաննե­րից, այլև այն դիտվում էր որպես հացամթերման հիմնահարցի, երկ­րի արագացված ինդուստրացման համար նյութական, աշխատան­քային և ֆինանսական անհատույց միջոցների կորզման ձև։

Կոլտնտեսային շարժման ախտը համակել էր նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Հարկ է նշել, որ ՆԷՊ-ի տարիներին, մանավանդ 1925-1928 թվականներին, մարզում փորձեր կա­տարվեցին ստեղծել կոլտնտեսություններ։ Այսպես, 1925թ. Ջրաբերդի շրջանի Կարմիրավանում ստեղծվեց Ստեփան Շահումյանի անվան կոմունան, իսկ 1927թ. համանուն մեկ այլ կոմունա ստեղծվեց նաև Մարտունու շրջանի Ամարասում։ 1928թ. վերջին մարզում կար ընդամենը 27 կոլտնտեսություն, որոնցում ընդգրկված էին ընդամենը 453 տնտեսություն, կամ մարզի գյուղացիական տնտեսությունների 1,8 տոկոսը։

Փաստը վկայում է, որ, չնայած բոլշևիկ ղեկավարների ջանքերին, կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման գաղափարը ժողովրդի մեջ հեղինակություն չէր վայելում և, ըստ էության, դատապարտված էր անհաջողության։ Չնայած դրան՝ կուսակցական և խորհրդայիան մարմինները, շրջանցելով կոոպերացիայի ամենապարզ ձևերը, անմիջապես անցնում էին խոշոր կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման գոր­ծին, որի հետևանքով օրինաչափորեն ի հայտ էին գալիս արատավոր երևույթներ, թույլ էին տրվում կոպիտ քաղաքական սխալներ։ Այդ սխալներից անմասն չմնացին ԼՂԻՄ կուսակցական և խորհր­դային մարմինները։ Նրանք ամեն կերպ ձգտում էին կոլեկտիվացումն ավարտել ամենասեղմ ժամկետում։ Նրանց կողմից կոպիտ կերպով խախտվում էր կամավորության սկզբունքը և այդ պատճառով էլ առողջ կոլտնտեսային շարժումը վերափոխել էին կոլեկտի­վացման «խաղով»։ 1929թ. կեսերից մինչև 1930թ. առաջին ամիսները կոլտնտեսային շինարարության «ամենաբուռն աճման» շրջանն էր։ Աշխատավոր գյուղացիներին հարկադրում էին կոլտնտեսություններ մտնել «կուլակաթափման», ընտրական իրավունքից զրկման սպառնալիքի տակ։ Կոլեկտիվ տնտեսություն մտնելուց հրաժարվողներից խլում էին հողը, ունեցվածքը և հանձնում կոլտնտեսությանը։ Հաճախ գյուղերի և շրջանների կոմունիստները իրար հետ մրցում էին, թե ով կարող է ավելի շատ կուլակներ հայտնաբերել և ունեզրկել։

1929թ. դեկտեմբերին Մարտունու շրջանային պլենումը որոշեց մինչև 1930թ. մարտ ամիսը շրջանը ենթարկել համատարած կոլեկտիվացման։ 1930թ. հունվարին, համանման որոշում ընդունեց Դիզակի կուսշրջկոմի պլենումը։ Կուսակցության մարզկոմը իր հեր­թին որոշեց 1929թ. դեկտեմբերի 20-ից մինչև 1930թ. հունվարի 5-6-ը մարզում անցկացնել գյուղական տնտեսությունների կոլեկտիվաց­ման երկշաբաթյակ։ Արդյունքում՝ մի քանի օրվա ընթացքում մարզում կազմակերպվեց 28 նոր կոլտնտեսություն։ 1930թ.փետրվարի կեսերին մարզի գյուղացիական տնտեսությունների 26 տոկոսը ընդգրկված էին կոլտնտեսություններում։ Նույն թվականի վերջե­րին տնտեսությունների 73,3 տոկոսը հայտնվել էին կոլտնտեսու­թյուններում։ Չքավորական կոմիտեները, գյուղական խորհուրդների և Բաքվից Լեռնային Ղարաբաղ եկած բանվորների հետ ձեռք­ ձեռքի տված մեկը մյուսի հետևից կուլակ էին հայտարարում և արտադրության միջոցներից ու կենսական մի շարք պայմաններից զրկում գյուղի ամենաաշխատավոր ու ձեռներեց տնտեսատերերին։ Տեղերում գյուղխորհուրդների աշխատանքի գնահատման չափանի­շը դարձել էր կուլակներին հայտնաբերելն ու արտաքսելը։ Ժամանակի կատարողական միտքը հասել էր անհեթեթության։ Գյուղի ակ­տիվիստները իրենց համագյուղացիներին մինչև իսկ արտաքսում էին այլ բնակավայրեր։ Շատ հաճախ, ստեղծված խառնակ վիճակից օգտվելով, կուսակցական բջջի անդամները անձնական հաշիվ­ներ էին մաքրում համագյուղացիներից։ Բազմաթիվ բնակելի տներ, գոմեր, անձնական օգտագործման իրեր, գորգեր դարձել էին պատահական մարդկանց սեփականությունը։

Մենատնտես գյուղացիները անասունների հարկադիր համայ­նացումից խուսափելու համար մորթում էին կովերը, խոզերը, ոչ­խարները, տնային թռչունները։ Այսպես, միայն խոշոր եղջերավոր անասունների կորուստը հաշվում էր 10239 գլուխ, որը մեծ հարված հասցրեց անասնապահության հետագա զարգացմանը։ Կոլեկ­տիվացման բնագավառում կուսակցական և խորհրդային մարմինների վարչական վերաբերմունքի հետևանքով լուռ դժվարություննե­րը երբեմն բացահայտ պոռթկումների տեղիք էին տալիս։ Գյուղի աշխատավորները համառորեն դիմադրում և պահանջում էին վերջ տալ անօրինություններին։

Հուսալքված բնակչության մի մասը ստիպված երբեմն դիմում էր զենքի։ Պատահական չէր, որ այդ ամիսներին ԼՂԻՄ բոլոր շրջաններում տեղի ունեցան սպանություններ և ընդհարումներ։ Արցախյան գյուղը, որի բնակչությանը բազում դարեր հատուկ էր համերաշխու­թյունն ու համատեղ ստեղծագործ աշխատանքը, հայտնվեց տարբեր թշնամական ճամբարներում։ Հապճեպ համատարած կոլեկտիվացման քաղաքականությունը տխուր հետևանքներ ունեցավ գյուղի համար։ Սովամահության դեպքերը սովորական երևույթ դարձան։

Ստեղծված քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու նպատակով կուսակցական բարձրագույն մարմինները մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Մանավանդ այն վայրերում, «ինչպիսինն էր ԼՂԻՄ-ը, որտեղ համատարած կոլեկտիվացման համար չկան ոչ սոցիալական և ոչ էլտնտեսական նախադրյալ­ներ»։ Աշխատանքից ազատվեցին մարզկոմի առաջին քարտուղար Ա. Քարամյանը, ինչպեսնաև շրջկոմների քարտուղարներ և շրջգործկոմների նախագահներ։

1930թ. պետական մի շարք միջոցառումների՝ կամավորության սկզբունքի վերականգնման հետևանքով «թղթե կոլտնտեսությունները», որոնք ստեղծվել էին վերևից դեկրետավորելու միջոցով, մաղման հետևանքավ հանգեցրին կոլեկտիվացման տոկոսի զգալի կրճատման։ Արդեն 1930թ. հուլիսի 31-ի դրությամբ մարզում մնացել էր 114 կոլտնտեսություն՝ 4286 տնտեսությունների ընդգրկումով, որը կազմում էր մարզի գյուղացիական տնտեսությունների 15 տոկոսը։

Տեղին է նշել, որ եթե 1930թ. սկզբին կուլակությունը վերացվում էր համատարած կոլեկտիվացման հիման վրա, ապա դրանից հե­տո, երբ մասնակիորեն ուղղվեցին թույլ տրված կոպիտ քաղաքական սխալները, նորից ուժի մեջ մտավ կուլակությունը սահմանափակելու և արտամղելու քաղաքականությունը։ Հանվեց համատարած կոլեկտիվացման լոզունգը և շարունակվեց կուլակության, որ­պես դասակարգի վերացման քաղաքականությունը՝ տնտեսական ճնշման օգնությամբ։ Կատարվածը անհամատեղելի էր արցախյան գյուղի զարգացման տվյալ էտապի առանձնահատկություններին, որովհետև առանց այն էլ եղած կուլակների ճնշող մեծամասնությունը, սեփականազրկվել էր մինչև կոլնտեսային շարժման նախօրյակը։

1930թ. Լեռնային Ղարաբաղի մարզկոմը հատուկ նամակով դի­մեց բոլոր շրջկոմներին, կուսկոմիտեներին, կուսբջիջներին և կուս­կազմակերպության անդամներին՝ հրահանգելով 1931թ. մարզում կոլեկտիվացումը հասցնել 42,2 տոկոսի, նախապատրաստվել և ունեզրկել կուլակներին։ Պատահական չէ, որ մարզում 1930թ. վերջերին տասնյակ ընտանիքներ նորից կուլակաթափեցին։ Մի քանի ամսվա ընթացքում 1930թ. սեպտեմբերից մինչև 1931թ. հունվարի սկիզբը մարզում ստեղծվեց 30 նոր կոլտնտեսություն։

Գյուղում անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, հոգեբանական նախադրյալների բացակայության պայմաններում թռիչքաձև կոլեկտիվացման հետևանքով կրկին թույլ տրվեցին կոպիտ քաղաքական սխալներ։ Դեպքերի զարգացման ընթացքը շեղվեց իր բնականոն հունից և բազում ապօրինությունների տեղիք տալով՝ բավականին ծանր անդրադարձավ գյուղի տնտեսական, հասարակա­կան քաղաքական կյանքի առաջընթացի վրա։

Վերածնվեցին ռազմական կոմունիզմի ժամանակների ար­տատնտեսական հարկադրանքի մեթոդները։ Հողի տերը լինելու գյուղացու ձգտումը, որը օրենսդրական կերպով ճանաչվել էր դեռ հողի մասին դեկրետով, հայտարարվեց մասնավոր սեփականատիրական վերապրուկ։ Գյուղացիության հետ ապրանքափոխանակ­ման և փոխադարձ օգուտի վրա հիմնված հարաբերությունները փոխարինվեցին թելադրանքի հարաբերություններով, որն իր հերթին պարարտ հող նախապատրաստեց վարչահրամայական համակարգի ձևավորման, բյուրոկրատական ճյուղավորված մեխանիզմի արմատավորման համար։ Այս բոլոր գործողությունների առաջաց­րած գյուղացիների բնական դժգոհությունը մեկնաբանվեց որպես յուրօրինակ սաբոտաժ։ Եվ դրանով արտահայտվում էր պատժիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։ Տասնյակ գյուղացիներ ընտանիքներով կտրվեցին հողից։ Գյուղացին օտարվեց հողից։ Գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման հետ մնալը ուժեղացրին միգրացիոն գործընթացները։ Կուսակցական և խորհրդային մարմինների կողմից իշխանության չարաշահման, օրինականության ոտնահարման, զանազան կարգերի մեքենայությունները, բարոյական վերասերման ամոթալի ու զայրացուցիչ փաստերը սովորական էին դարձել, որոնք աղավաղում, ձևախախտում էին դարերով ստեղծված մարդկային արդարության սկզբունքները, ծնում սոցիալական խորթացում, սասանում ժողովրդի հավատը ապագայի հանդեպ։ Այլընտրանք չունենալով՝ մենատնտեսները մասսայականորեն մտնում էին կոլտնտեսություններ։ Մինչև 1931թ. նոյեմբերի վերջը մարզի բոլոր գյուղական բնակավայրերում ստեղծվեց 224 կոլտնտեսություն։ Երկրորդ հնգամյակի վերջին մարզում կային 4 սովխոզ և 207 կոլտնտեսություն (կոլտնտեսությունների թվաքանակի նվազեցումը կապված էր խոշորացման հետ-Վ.Բ.), որոնցում միավորված էին գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը։ Կոլտնտեսություններին էին պատկանում բոլոր ցանքատարածությունների 94,8 տոկոսը։

Հայտնի է, որ մասսայական կոլտնտեսային շարժման տարինե­րին կոլտնտեսային շինարարությունը գերազանցապես ընթացավ լայնությամբ։ Նորաստեղծ կոլտնտեսությունների մեծ մասը չքավորական կազմ ուներ, տնտեսապես թույլ էր, իսկ կազմակերպական տեսակետից՝ հեղհեղուկ, չուներ համապատասխան նյութատեխնի­կական բազա և խոշոր արտադրություն վարելու փորձ։ Գյուղի կուլ­տուրական ու տեխնիկա-տնտեսական հետամնացության պայ­մաններում ձևավորվող կոլեկտիվ տնտեսությունում արտադրու­թյան և սպառման կազմակերպման բնագավառում բազմաթիվ թերություններ կային։ Կոլտնտեսությունները անշահույթաբեր էին։

Կուսակցական և խորհրդային մարմինները սկսեցին հիմնովին զբաղվել կոլտնտեսություններում աշխատանքի կազմակերպման, կոլտնտեսային բրիգադների ստեղծման ու ամրապնդման, պետական և հանրային ունեցվածքի պահպանության խնդիրներով։ Յու­րաքանչյուր բրիգադի ամրացվում էին որոշակի հողամասեր, բանող անասուններ, մեքենաներ և զանազան գույք։ Կոլտնտեսությունում աշխատանքի կազմակերպման ամենալուրջ թերությունը, որ խոչընդոտ էր դարձել կոլտնտեսային արտադրության ծավալման գործին, գործավարձի բացակայությունն էր, եկամտի ոչ ճիշտ բաշխումը։ Խառնաշփոթություն էր տիրում աշխատանքի հաշվառման և վե­րահսկողության բնագավառում, շատ դեպքերում բերքը բաշխվում էր ոչ թե ըստ կատարած աշխատանքի քանակի և որակի, այլ հասարակական սկզբունքով, հաճախ էլ՝ ըստ շնչերի, մինչև անգամ՝ ըստ պահանջմունքի։ Կոլտնտեսային շինարարության առաջին տարիների փորձը համոզեց, որ կոլտնտեսություններում կատարվող հանրային աշ­խատանքի հաշվառման ամենալավագույն ձևը աշխօրն է, որպես աշխատանքի և եկամուտների բաշխման չափանիշ։

1932թ. սկսած՝ մարզի կոլտնտեսություններում աշխատանքը սկսեցին կազմակերպել գործավարձի հիմունքներով և եկամուտների (բնամթերա­յին ու դրամական) բաշխումը կատարել ըստ աշխօրերի։

Երկրագործական կուլտուրաների բերքատվության բարձրաց­ման, աշխատանքի և միջոցների նվազագույն ծախսումներով ավելի շատ գյուղատնտեսական մթերքներ արտադրելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին բարձրացնել հողագործության մեքենայաց­ման ու նրա տեխնիկական հագեցվածության աստիճանը։ Այդ նպատակով 1932թ. Մարտակերտում, իսկ 1934թ. Մարտունում, իսկ այնուհետև նաև Ասկերանում ստեղծվեցին մեքենատրակտորային կայաններ։ Եթե 1937թ. սկզբին մարզի ՄՏԿ-ում կար 112 տրակտոր, ապա նույն թվականի վերջին դրանց թիվը հասավ 180-ի, միաժամանակ ավելացան 18 կոմբայններ և 41 բեռնատար մեքենաներ։

Կոլտնտեսային արտադրության վերելքն ապահովելու ու նոր տեխնիկայի հիմքերի վրա գյուղատնտեսության վերակառուցումն անհնարին էր իրականացնել առանց այդ տեխնիկային տիրապետող կադրերի ու կոլտնտեսային, սովխոզային արտադրության գործիմաց կազմակերպիչների։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին կոլտնտեսության նախագահների և արտադրու­թյան անմիջական կազմակերպիչների՝ բրիգադավարների, ֆերմայի վարիչների, գյուղատնտեսության մասնագետների դաստիարակության և ուսուցման հարցերը։

Այդ նպատակով 1930-ական թվականներին Շուշիում և Ստեփանակերտում բացվեցին հաշվետորների, բրիգադավարների, ֆերմայի վարիչների, կոլտնտեսությունների նախագահների եր­կամսյա և եռամսյա դասընթացներ։ Երկրորդ հնգամյակի ընթաց­քում այդ դասընթացները ավարտեցին 5 հազար կոլտնտեսային աշխատողներ։

Նշված միջոցառումների շնորհիվ մարզում աճեց ցանքատարածությունների քանակը։ 1938թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր և մանր եղջերավոր անասունների թիվը մարզում հասնում էր 221,4 հազարի։

Գյուղի սոցիալիստական վերափոխումների փորձը՝ բոլոր նվաճումներով, ձեռքբերումներով և հսկայական կորուստներով հանդերձ, հավաստում է, որ միայն կոլտնտեսային արտադրության խիստ տնտեսագիտական մեթոդներով, ժողովրդավարական

սկզբունքներով կառավարման, արտադրության և սպառման խելացի կարգավորման միջոցով է հնարավոր հասնել առավելագույն արդյունքի։