Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԿՀԱՆ/Հոների կամ խազարների արշավանքները դեպի Արցախ և դրա հետևանքները
VII դարը արցախահայությանը բերեց նոր անակընկալներ ու արհավիրքներ։ VII դարի սկզբներից Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս բնակվող բազմաթիվ խառնամբոխ ցեղեր Ճորա պահակով և Ալանաց դռներով Այսրկովկաս էին թափանցում և մահ ու ավեր սփռում շեն գյուղերում և քաղաքներում։ Այդ ցեղերը մ.թ. առաջին դարից Այսրկովկասի ժողովուրդներին հայտնի էին մեկ ընդհանրական անունով՝ հոներ։ VIIդարի սկզբներին Այսրկովկասում նորից հայտնված այդ ցեղերին հայ մատենագիրները անվանում էին խազիր176 կամ խազար։
VI դարի կեսերին խազարները առաջին անգամ մտան Այսրկովկաս և ավերեցին Կուրի աջափնյակը, մեծապես չշոշափելով հայկական նահանգների շահերը։
Խազարական արշավանքները դեպի Այսրկովկաս սաստկացան VIIդարի սկզբներին, երբ նոր թափով սկսվեց պարսկա-բյուզանդական հակամարտությունը՝ տարածքաշրջանում առաջնության հասնելու համար։
Մավրիկիոս կայսեր սպանությունից հետո, օգտվելով Փոկասի դեմ բռնկված ապստամբություններից, Խոսրով Փարվեզը 602թ. պատերազմ է սկսում Բյուզանդիայի դեմ։ Պատերազմական գործողությունները սկզբում ծավալվում են հյուսիսային Միջագետքում, ապա տեղափոխվում Հայաստանի կենտրոնական նահանգները։
Հայաստանում պարսկաբյուզանդական ճակատամարտերը հաջորդում էին մեկը-մյուսին, ոտքի կոխան դարձնելով բարեշեն գյուղերն ու քաղաքները։
608-616թթ. պարսկաբյուզանդական պատերազմական գործողությունների արդյունքն այն եղավ, որ Պարսից Խոսրով Փարվեզը Միջագետքում, Ասորիքում, Հայաստանում, Փոքր Ասիայում, Պաղեստինում և Եգիպտոսում տիրացավ ընդարձակ տարածքների։
Այս ժամանակ (610թ.) Բյուզանդիայում գահընկեց է արվում և սպանվում Փոկասը։ Կայսերական գահն անցնում է Հերակլին(610-641թթ.)։ Վերջինս Բյուզանդական կայսրությունը փրկելու համար վերստեղծեց մարտունակ բանակ և 622թ. նոր թափով վերսկսեց պատերազմական գործողությունները։ Կայսերական զորքերը հետապնդելով Խոսրովին ավերում են Ատրպատականը։ Այնուհետև Բյուզանդացիները հասան մինչև Ուտիք ու Արցախ և գրավեցին Պարտավը։ Հայոց Արևելից նահանգների իշխանները բնակչության հետ միասին պատսպարվեցին լեռնային Արցախի ամուր տեղերում։ Ձմեռելու նպատակով բյուզանդական զորքը ճամբար է դնում Տրտու գետի ափին՝ Գյուտական գյուղի մոտ։
Խոսրովը որոշում է աքցանի մեջ առնել բյուզանդացիներին և ջարդել։ Խոսրովի հրամանով Շահր-Վարազ զորավարը գալով Պարսկաստանից, անցնում է Այրարատի ծայր հարավում գտնվող Շարուրի դաշտով, Սյունիքի՝ Վայոց ձոր, Գեղարքունի, Սոդք գավառներով, և այնուհետև Փառիսոս-Գարդմանով ու ճամբար դնում Ուտիքի Տիգրանակերտի, ինչպես Սեբեոսն է ասում, «Միւս Տիգրանակերտի» մոտ, նպատակ հետապնդելով չթողնել բյուզանդացիներին մտնել Վրաստան և խորանալ Հայաստանի մեջ։
Մյուս կողմից թիկունքից հարվածելու նպատակով պարսկական մեկ այլ զորախումբ Շահենի գլխավորությամբ բանակ է դնում Կուր գետի ձախափնյա մասում Խաչենագետ և Կարկառ գետերի միջև գտնվող Արցախի Տիգրանակերտ ավանում։
Նման պայմաններում Հերակլը կայացնում է ամենաճիշտ վճիռը։ 621 թվականին կայսրը հանկարծակի հարձակվելով Շահենի զորքերի վրա, պարտության է մատնում նրան և Արցախի Բերդաձորի վրայով անցնում Սյունիք-Նախիջևան։
Արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք ջախջախիչ հարվածներից հետո բյուզանդացիները հեռանում են դեպի իրենց երկիրը։
Չնայած դրան ռազմական գործողությունները նոր թափով վերսկսվեցին 626 թվականին։ Երկու կողմերն էլ փորձում էին ձեռք բերել դաշնակիցներ։ Խոսրովը ավարների խաքանին համոզեց շարժվել դեպի Կ.Պոլիս, իսկ Հերակլը լեզու գտավ խազարների հետ։ «Սաստիկ ամբոխիլ ելին խազիրք ասպատակել յաշխարհս մեր՝ հրամանաւ Հերակլի», ասում է Կաղանկատվացին։ Այնուհետև պատմիչը նկարագրում է Չողից մինչև Ուտիք ու Արցախ խազարների կատարած սահմռկեցուցիչ ալան-թալանը։ Խազարները գրավում են Պարտավը, Կաղանկատույք գրողի մոտ՝ լեռան ստորոտում, անխնա ջարդում անպաշտպան ժողովրդին։ Ուտիքից փախածների մի մասը փրկվում են Արցախի անմատչելի լեռներում ու բերդերում։
Քրիստոնյաների պաշտպան իրեն հռչակած Բյուգանդական կայսրը այս անգամ շտապում է Այսրկովկաս՝ միանալու Ջեբու խաքանի խազարական հորդաներին, և իր ծարավը հագեցնելու քրիստոնյաների արյունով։
Մեծաքանակ այդ գորքը պաշարեց Տփղիսը։ Պաշտպանների խիգախության շնորհիվ այս անգամ վաճառաշահ ու գեղատեսիլ քաղաքը փրկվեց վերահաս աղետից։ Սակայն հաջորդ տարին Հերակլն ու խազարական խաքանը վերստին պաշարում են Տփղիսը։ Երկու ամսվա ծանր դիմադրությունից հետո ընկնում է քաղաքը։ Հերակլն ու խաքանը վրիժառությամբ կոտորում են անպաշտպան բնակչությանը, փորում վրաց մեծ իշխանի և պարսից կուսակալի աչքերը՝ ի պատասխան անցած տարվա դդում-ծաղրանկարի, որի վրա խաքանը կույր էր նկարված եղել։ Իրենց սև գործը կատարելուց հետո դաշնակիցները նորից շարժվեցին դեպի Հայոց Արևելից գավառները։ Արշավանքը գլխավորում էր Ջեբու խաքանի որդին Շաթը, որին պատվիրված էր չհնագանդվելու դեպքում կոտորել 15 տարեկանից բարձր տղամարդկանց և մանկահասակներին ու կանանց գերության քշել։
Այս ճակատագրական պահին պարսից մարզպանը ժողովրդին անպաշտպան թողնելով փախավ Պարսկաստան։ Խազարները ամեն տեղ մահ ու ավեր են սփռում։ «Յանկարծակի պատեաց մէգն և մառախուղն զամենայն երեսս երկրիս մերում առ հասարակ, ի տունս և յանցս ճանապարհայ բերան ամենեցուն կարդայր վա՜յ, վա՜յ։ Գոչիւն բարբարոսայն ոչ լռէր և չէր՝ ուր ոչ ելանէր սատակիչ բարբառ չար թշնամեացն, և այն ի միում ալուր և ի միում ժամու։ Քանզի բաժանեցին յառաջագոյն վիճակաւ ըստ գնդից զգավառս և զշէնս զհեղեղատս և զգետս, զաղբիւրս և զմօրզ, զլերինս և զդաշտս՝ յամենեսին միապէս ըստ ժամադրին սփռեալ զասպատակս աշխարհակալ և ի ծագաց մինչև ի ծագս դողացին սահմանք մեր... Զի երեսաց սրոյն, որպէս յահեղ առիւծէի մագիլ գիշաքարշ բեկանող արջոյն ի ժանիս սովոյն մատնէին. ի միասին լքեալք, յոդալոյծք, սովաբեկք, ակամայ դիմեալք ի գերութիւն՝ որպէս ի չարութենէ օձից ի յահէ տեսլեան դառնաշունչ թշնամոյն խածանէին»։ Այս ճակատագրական պահին էլ հանդես է գալիս Պարսից դեմ հայ իշխանների կազմակերպած ապստամբության մասնակից, պարսից 25-ամյա գերությունից հենց նոր վերադարձած Աղվանից աշխարհի կաթողիկոս Վիրոն։
Կաթողիկոսը փորձեց բանակցությունների միջոցով ժամանակ շահել ու մեղմացնել խազարների դաժանությունները, սակայն անօգուտ։ Այն ժամ, ուրիշ ելք չգտնելով, կաթողիկոսն Չարաբերդ-Ջրաբերդում հավաքված հոգևոր ու աշխարհիկ տերերին առաջարկեց յուրաքանչյուրն իր ունեցածից մի բան բաժին հանել և կաշառել Շաթ խաքանորդուն։ Վիրոն, հավաքված հարստությունը վերցրած, մեծամեծերից կազմված մի պատվիրակությամբ գնաց ներկայացավ Շաթին, որը բանակ էր դրել Պարտավից հյուսիս, Տրտու գետի ափին։
Նվերները ստանալուց հետո Շաթ խաքանորդին չավերեց երկիրը։ Վիրոյի միջնորդությամբ ազատվեցին գերյալները։ Շաթ խաքանորդին խոստանում է այլևս չհարձակվել Վիրոյի երկրի վրա, այլ բավարարվել միայն հարկեր վերցնելով։ Չնայած դրան, խազարները դեպի Այսրկովկաս արշավեցին 630 թվականին, նոր արհավիրքներ բերելով ժողովրդին։
Տասնամյակներ շարունակ խազարների չընդհատվող արշավանքները քայքայեցին երկրի տնտեսությունը։ Մի ժամանակվա արգավանդ դաշտերն ու այգիները մնացին անմշակ ու վերածվեցին անապատների։ Սովն ու մահտարժամը պատել էր երկիրը։
Մարդիկ ստիպված են լինում ուտել ինչ-որ պատահի՝ սատկած անասունների միս, ծառերի ճյուղեր, հին կաշի, ծխաթակ կաշեպարկեր, կոշիկների հին կապիչներ, իսկ ով գտներ պտուղ ու կորիզ, կաղար ու կուտեր։ Պատմիչի ասելով նույնիսկ մեռածների միս էին ուտում։ Այսքանից հետո էլ մարդկանց վրա խելացնորություն եկավ, որով հիվանդները երկու ամիս անզգա ընկնում էին, սևանում, կորցնում մարդկային տեսք ու կերպարանք։ Սակայն կատարվեց և դրանից ավելի վատթարը. գարնան առաջին կանաչի հետ կենդանի մնացածները դաշտ էին դուրս գալիս խոտով սնվելու։ Եվ դրանից էլ բազմապատկվում էր մահացողների թիվը։ Աշխարհն ասես համատարած գերեզմանոց էր անթաղ մեռելների։