Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Հայերի ցեղասպանությունը Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղում 1905-1920 թթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը և արցախահայությունը Հայերի ցեղասպանությունը Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղում 1905-1920 թթ

Վահրամ Բալայան

Մշակութային կյանքը 1800-1920 թթ
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 1905-1920 ԹԹ

Դարասկզբին կովկասահայությունը նոյնպես ապրում էր անհանգիստ ժամանակներ։ Այս անգամ հայութան համար արհավիրք էին դարձել ազգամիջյան հակամարտությունները։ Հայ-թաթարական ընդհարումների գլխավոր դրդապատճառները տնտեսական, քաղաքական և կրոնական բնույթ ունեին։

19-րդ դարի վերջին Բաքուն դարձել էր նավթարդյունաբերական խոշոր կենտրոն։ Ռուս, հրեա և եվրոպացի հանքատերերի կողքին, հայ գործարար շրջանները նույնպես սկսեցին գնել թաթարների(ադրբեջանցիների) նավթահանքերը և իրենց ձեռներեցության շնորհիվ ստեղծեցին պատկառելի հարստություն։ Այս հանգամանքը գրգռում էր ազերի թուրքերին, որոնք զգում էին, որ տնտեսական մրցությունում դուրս են մղվում։

Տնտեսության աշխուժացման պայմաններում զարթոնք էր ապ­րում հայ հանրության քաղաքական կյանքը։ Հայ քաղաքական կուսակցությունների կազմավորումը, ֆիդայական ազատագրական կռիվներն ու Կովկասում ահաբեկչական արարքներով ցարական բռնատիրության դեմ ծառացումն ահ ու սարսափի մատնեցին իշ­խանություններին։

Հարկ է նշել նաև, որ 1905թ. Ռուսաստանում բռնկված հեղափոխությանը մասնակցեց նաև հայությունը։ Ցարական իշխանությունները քաջ գիտակցում էին հպատակ ժողովուրդների համերաշխու­թյան և միասնական գործողությունների լուրջ հետևանքները։ Այդ իսկ պատճառով դիմեցին փորձված միջոցի՝ նրանց միջև բորբոքե­լով կրոնական ու ազգային թշնամանք, այդ կերպ փորձելով դուրս մղել նրանց հեղափոխության ոլորտից։

Հայ-թաթարական բախման մեջ որոշակի դեր խաղաց օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունը։

1905թ. «XXX» թերթը գրել է. «Գերմանիայի իմացությամբ Կոստանդնոպոլսում ձեռնարկվել է մի դավադրություն, որին մասնակցել են հիշյալ խաներն ու բեկերը (խոսքը վերաբերում է Ղարաբաղի խաներին և բեկերին,- Վ.Բ.), օգտվելով հեղափոխությունից և ազատությունից, սկսեցին իրագործել իրենց պլանները։ Ոչ ոք չի կարող հերքել, որ այդ նույն խաներն ու բեկերն են մահմեդական հետամնաց զանգվածներին լարել հայերի, ռուսների դեմ...»։

Այս բոլորին եթե ավելացնենք քրիստոնյա հայերի և մահմեդական թուրքերի կրոնական հակակրանքն ու փոխադարձ ատելությունը, պատկերը հստակ կդառնա։

Օգտագործելով մահմեդական բնակչության ֆանատիզմը և խավարամոլությունը, ցարական պաշտոնյաները, թուրք կալվածատերերը և մահմեդական հոգևորականությունը ճգնում էին իրենց ցեղակիցներին հավատացնել, որ նրանց թշվառության և աղքատության հիմնական պատճառը հայերն են, հետևապես պետք է նրանցից վրեժ լուծել։

Արդյունքում՝ Բաքվում, Նախիջևանում, Շուշիում, Գանձակում և այլ հայաշատ քաղաքներում 1905-1906 թվականներին տեղի ու­նեցան հայ-թաթարական ազգամիջյան ընդհարումներ։

1905թ. փետրվարի 6-9-ը թաթար խուժանը, իշխանությունների գործակցությամբ Բաքվում հարձակվեց հայկական թաղամասերի վրա։ Հայերը անակնկալի եկան։ Մոտ երկու օր թշնամին անարգել կատարեց իր արյունոտ նախճիրը։ Գազազած ամբոխին զոհ դար­ձան Լալայան և Ադամյան հայտնի գերդաստանների անդամները։

Այս ծանր ու տագնապալի օրերին պետականությունից ու սե­փական իշխանություններից զուրկ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բարդ և պատասխանատու գործը ստանձնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ «Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում»։ Այդ օրերին նման սկզբունքով էր գործում Հայ հեղափոխական դաշնակցության անվեհեր մարտիկ Նիկոլ Դումանը։ Առանց հապաղելու Նիկոլ Դումանը իր փոքրաթիվ խմբով շեշտակի հարվածներով կասեցրեց գազազած ամբոխի առաջխաղացու­մը։ Ոգևորված Դումանի հաջողություններով, բազմաթիվ հայ երի­տասարդներ հավաքվեցին հայդուկապետի դրոշի ներքո։ Տղա­մարդկանցից կազմվում է 5-ից 15 հոգանոց ինքնապաշտպանական խմբեր, որոնք իրենց հսկողության տակ են վերցնում հայկական թաղամասերը և ապահովում նրանց անվտանգությունը։

Չկարողանալով թափանցել հայոց թաղամասերը, կատաղած թուրքերը իրենց զայրույթը փորձեցին թափել թուրքական թաղամասերում բնակվող հայերի վրա։ Նիկոլ Դումանը այստեղ նույնպես հրաշքներ գործեց, հայերին դուրս բերելով այդ թաղամասերից։ Դումանի գլխավորությամբ քաղաքի հայ ազգաբնակչության հերո­սական դիմադրությունը ստիպեց թուրքերի վերնախավին պարզել սպիտակ դրոշակ և սկսել բանակցությունները։

Ընդհարումների ժամանակ ոստիկանությունը և զորքը սոսկ դի­տորդի դերում էին և շատ դեպքերում, նույնիսկ զենքով, օժանդակում էին ջարդարարներին։ Բաքվի նահանգապետը՝ Նակաշիձեն, փորձում էր արդարանալ նրանով, որ իբր իշխանությունները անհ­րաժեշտ քանակությամբ զորք չունեն կասեցնելու համար հայ-թաթարական բախումները։ Ականատեսների վկայությամբ Նակաշի­ձեն ընդհարումների ժամանակ բացահայտորեն խրախուսում էր թաթարներին։

Ռուսական հանրային կարծիքը անարգանքի սյունին գամեց արյունարբու դահճապետին։ Նահանգապետ Նակաշիձեին ուղղված բաց նամակում, Բաքվի նախկին քաղաքագլուխ Ալեքսանդր Նովիկովն իր ցասումն արտահայտեց կատարված հանցագործությունների վերաբերյալ, դրանով ամբաստանելով Նակաշիձեին. «Ես,- ­գրում է Ա․Նովիկովը,կճանաչեմ հանցավորին և սրբազան պարտքս կհամարեմ ասել նրա անունը։ Կոտորածի հեղինակը դուք եք։ Դուք Կայենից էլ վատ եք, Կայենը մեկ եղբայր սպանեց, իսկ դուք թաթախեցիք ձեր ձեռքերը հարյուրավոր անմեղ եղբայրների արյան մեջ։ ...Դուք Հուդայից էլ վատ եք, որովհետև Հուդան զարհուրելի գործը նյութելուց հետո զղջաց ու գնաց խեղդվելու, իսկ դուք հնարավոր եք գտնում ապրել, ձեր բոլոր արածներից հետո․․․ Դուք անպատվեցիք հրաշագեղ Վրաստանը։ Դուք անարգեցիք Ռուսաստանը, որի դեմ կարող էին տրտնջալ աղետի զոհերը և անգիտակից ոճրագործները, կարծելով, թե ձեր և Ռուսաստանի մեջ կա որևէ ընդհանուր բան։ Թող ձեր անունը հավիտենապես անիծված լինի»։

Հայ հեղափոխական դաշնակցության Բաքվի կոմիտեն որոշեց մահվան դատապարտել նախճիրի բուն հեղինակ՝ նահանգապետ Նակաշիձեին։ 1905թ. մայիսի 11-ին Դրաստամատ Կանայանը և Մարտիրոս Չարուխյանը ռմբահարեցին դահճին։ Հայ ահաբեկիչ­ների գնդակներով սպանվեցին նաև Միքելաձեն և Շախտախտինսկին, իսկ Մահմեդբեկովը վիրավորվեց։ Նրանք նույնպես խրախուսում էին ջարդարարներին։ Բաքվի երեքօրյա բախումների ընթաց­քում սպանվեց 205 հայ, 111 թաթար, վիրավորվեց 121 հայ և 128 թաթար։ Խաժամուժի կողմից թալանվեց և ավերվեց հայերին պատկանող 451 խանութ։

Անպատժելիությունը և ցարական իշխանությունների հովանավորությունը դրդում է թաթար ամբոխին 1905թ. օգոստոսի 20-30-ը Բաքվում կազմակերպել հայկական նոր ջարդեր։ Տեղական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական նոր ընդհարու­մը գերազանցում էր նախորդին։ Ամբոխի մոլեգնությունն այն աս­իճանի է հասնում, որ բացի հայերի տներից ու խանութներից, հր­դեհվում են բազմաթիվ նավթահորեր։ Քաղաքի որոշ մասեր իշխանությունների կողմից ենթարկվում են հրետանակոծության։ Բախման հետևանքով զոհվում է 270 թաթար, 130 հայ, վրացի, ռուս և այ­լազգի։

Բաքվի երրորդ ընդհարման առիթը հանդիսացավ 1905թ. հոկտեմբերի 17-ի ցարական մանիֆեստը։ Հեղափոխական և հակացարական շարժման դեմ արգելք հանդիսանալու համար տեղական իշ­խանությունները հոկտեմբերի 20-25-ը կրկին բորբոքում են ազգամիջյան թշնամանք։ Այդ բախմանը գործուն մասնակցություն են ու­նենում նաև միապետական ուժերն ու զորքը։

Հայ-թաթարական ընդհարումները Բաքվում չսահմանափակվեցին։ Հայ թաթարական բախումների ընթացքում հայերը առավելապես ծանր կորուստներ ունեցան նաև Նախիջևանի գավառում։ Այստեղ թաթար բնակչությունը ուներ թվային գերակշռություն հայերի համեմատ։ Այս հանգամանքը, զենքի սակավությունը, իշխանու­թյունների թույլտվությամբ Թուրքիայից իրենց ցեղակիցներին և հավատակիցներին օգնության եկած մահմեդական ջոկատների մասնակցությունը հնարավորություն չտվեց հայերին ինչպես հարկն է կազմակերպել դիմադրությունը։ Այդ օրերին(1905թ. մայիս) ցարական կառավարությունը Նախիջևանի գավառապետ է նշանակում թաթար Ալիխանովին, որն էլ կազմակերպեց հայերի ջարդը։ Երկու շաբաթ անընդմեջ տեղի մահմեդական ամբոխը թալանում, հրդե­հում և ոչնչացնում էր հայերին պատկանող ունեցվածքը։

Հարկ է նշել, որ երբեմն հայերից խլված ավարի բաժանման ընթացքում ընդհարումներ էին տեղի ունենում նաև ցարական բանակի ստորաբաժանումների և թաթարների միջև, որը հաճախ ավարտվում էր արյունահեղությամբ։

Նախիջևան քաղաքի և գավառի հայությունը տվեց շուրջ 400 զոհ ու վիրավոր։

Անդրկովկասի հայաշատ մյուս վայրերում Նախիջևանի աղետալի դեպքերի կրկնությունից խուսափելու նպատակով Հայ հեղափոխական դաշնակցությունը ժողով գումարեց, որտեղ Նիկոլ Դումանը ռազմական ծրագիր ներկայացրեց, ըստ որի ամեն մի գյուղ և շրջան պետք է ստեղծեր ինքնապաշտպանական ջոկատ, սակայն խմբապետը պետք է լիներ ոչ տեղացի փորձառու ֆիդայիներից մե­կը։ Այսպես, Զանգեզուր և Դարալագյազ ուղարկվեց Կոտոյի Հաճին, Առույծ Ավագը, Սեբաստացի Մուրադը, Քեռին և Դրոն։ Ավելի ուշ Ագուլիսի շրջանի պաշտպանությունը ստանձնեցին Մուրադը, Կայծակ Առաքելը և Ավոն։ Մշեցի Սմբատ Բարոյանը հանձն առավ Ղամարլուի շրջանը, Սեյտո-Պողոսը՝ Արագածի շրջանը, ՈՒսուլ Գրիգորը և Արա մայիսը՝ Աղբաբայի շրջանը, իսկ ծուռ Դալոն՝ Կողբի շրջանը։ Գանձակ ուղարկվեցին Աբրահամ Գյուլխանդարյանը, Սեպուհն ու Բուլանխցի Մարտիրոս Վարժապետը։ Թիֆլիսի և շր­ջակա հայկական բնակավայրերը հանձնարարվեց Կարո Բաստրմաճյանին։ Արցախի պաշտպանությունը ստանձնեցին Խանասորի Վարդանը, Համազասպը։ Իսկ Երևանի ընդարձակ շրջանը հանձն առավ Նիկոլ Դումանը, որպես օգնական ունենալով Սարգիս Օհանջանյանին և Գալուստ Ալոյանին։ Նիկոլ Դումանը խմբապետերին հրահանգեց գործել «ակն ընդ ակա»-ի սկզբունքով։

Ձեռք առնված միջոցների շնորհիվ Նախիջևանի մի քանի շր­ջաններում հաջողվում է կազմակերպել դիմադրություն և զերծ մնալ կողոպուտից ու ավերածություններից (Այլապար, Զնաբերդ, Ղազանչի և այլն)։ Դեռ ավելին, հայկական ինքնապաշտպանական ջոկատները նախահարձակ լինելով, ոչնչացրին թաթարական մի քանի գյուղեր (Ջահրի, Ղարաբուլաղ և այլն)։

Լուրջ ընդհարումներ են տեղի ունենում նաև Գանձակում: Քաղաքում ապրում էր շուրջ 20000 հայեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Աբրահամ Գյուլխանդարյանը և Համազասպը գտնվում էին Թիֆլիսում, Դալի Ալին իր 300 հրոսակներով 1905թ. նոյեմբերի 18-ին խուժեց քաղաք ու սկսեց թալանել ու հրկիզել հայոց թաղամասը։ Սպանվեց 100 մարդ։ Մինչև հրամանատարների վերադարձը ղարաբաղցի համբավավոր կռվող Ալեքսան Բալասյանը ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը։ Գանձակի հայությանը օգնու­թյան ձեռք մեկնեցին Բաթումի, Բաքվի, Թիֆլիսի հայերի ինքնա­պաշտպանական ուժերը։ Շուտով Գանձակ հասան նաև զինված հեծելախմբեր. Թալիշից Դավիթ Բեկ Մելիք Բեգլարյանի գլխավո­րությամբ, Գետաշենից՝ Առուստամ Յուզբաշու, Երվանդի և Ալեք­սանդր Մելիք Մնացականյանի 50 հոգանոց ջոկատը, Բանանցից հայտնի խմբապետ Ղաչաղ Համբոյի և Բաշխինի զինյալ խմբերը։

Թաթար ջարդարարներին հովանավորում էր նահանգապետ, ազգությամբ վրացի՝ Տակայաշվիլին։ Նոյեմբերի 22-ին Գանձակում սկսում է հայ-թաթարական ճակատամարտը։ Չնայած սկզբում թաթարներին մեծքանակ ուժերով հաջողվում է օղակի մեջ առնել հայկական քաղաքամասը, բայց և այնպես հայ պաշտպանների դիպուկ հարվածների տակ թաթարները անկանոն սկսեցին նահանջել։ Հայերի հաղթանակը կատարյալ էր։ Նախաձեռնությունը անցավ հայերի ձեռքը։ Նրանց հատու հարվածների տակ կործանվեցին ավազակավորջերի վերածված Մոլլա-Ջայլու, Դոգիլար, Սարիսու, Թողան, Հաջի-Մագադլու, Բալուլաղ, Ալի Ուշաղի, Բայրամլու, էնզիշա գյուղերը։ Հետ վերադարձվեցին նախկինում հայկական բնակավայրերից թալանված անասուններն ու գույքը։

Այսրկովկասի տարածքում հայ-թաթարական կռիվները ոչ մի տեղ այնքան արյունալի ու կատաղի չեն եղել, որքան Ղարաբաղում և մանավանդ նրա կենտրոն Շուշիում։ Արխիվային վավերագրերը և ժամանակակից մամուլը վկայում են, որ դեռևս այդ իրադարձություններից շատ առաջ էին թուրքերը սկսել զենք ու զինամթերք գաղտնի տեղափոխել Շուշի, ինչպես և մոտակա մահմեդական գյուղերը։

Շուշի քաղաքում փոխհրաձգությունները սկսվեցին 1905թ. օգոստոսի 16-ին։ Բախումը նախապատրաստվեց մամուլում կեղծ և սադրիչ հակահայկական բովանդակությամբ տեղեկությունների հրապարակմամբ։ Ընդհարման հենց առաջին օրը քաղաքում բռնկվեց հրդեհ, որն ավելի ճգնաժամյին դարձրեց իրավիճակը։ Դեպքերի ականատեսը վկայում է, որ այդ ժամանակ քաղաքի շրջակա մահմեդական գյուղերից քաղաք են ներխուժում թուրք-քրդական մի քանի ավազակային ջոկատներ, որոնց ներսիթուրքերը նետում են առաջ, իսկ իրենք «ետևից, մի ձեռքում բռնած փալաս և նավթի կուլա , «յա Ալի» կանչելով, վառում տները»։ Հրդեհը Արշակ Մելքումյանի խանութից սկսած, Անանյանցի տան ուղղությամբ, թեք կեր­պով կտրած մինչև խանի աղջկա աղբյուրը, Բաբա Հախումյանցի տնից մինչև հին գերեզմանոցի արևելյան ճակատը և Ս.Աղամալյանցի տնից մինչև թուրքերի թաղամասը ամեն ինչ վառում է։ Օգոստոսի 16-ից մինչև 22-ը Շուշիում սպանվել և վիրավորվել են 300 հոգի, այրվել 400 տուն, 500-ից ավելի խանութ, քաղաքի գլխավոր փողոցի բոլոր կառույցները։ Այրվում է Խանդամիրյանի թատրոնը, քաղաքային դումայի շենքը, հայոց երկու շուկաները, զինվորական հիվանդանոցը, քարվանսարան, Մահտեսի Հակոբյանի տպարանը։ Վայրենացած մահմեդականները ներս էին խուժում հայոց Ագուլեցոց եկեղեցին, Ղուրանը դնում սեղանին և երդվում «համաիսլամական պատերազմ սկսել հայերի դեմ»։

Թալանի ծարավը ավելի էր բորբոքում թուրքերի ախորժակը։ Այդ օրերին կողոպտվում և ավերվում են Աղդամում գտնվող Բաղդասարյանների, Ահարոնյանի և Սողոմոնյանի սպիրտի գործարանները։ Թուրքերը վառում են նաև Ղայբալիշենում գտնվող Ներսիսյանի մետաքսի գործարանը։

Շուշիի պաշտպաններին հաջողվեց թուրքերին կանգնեցնել հայկական վերին թաղամասի մատույցներում։ Մի կերպ կարգի գցելով գրեթե անգործածելի հինավուրց թնդանոթը, հայ ինքնապաշտպանները կրակ են բացում գրոհող հակառակորդի վրա։ Սարսափահար թշնամին հաշտություն է խնդրում։

Չնայած այդ հաջողությանը, երկրամասը կտրված էր դրսի աշ­խարհից։ Աղդամից մոտ երկու հազար զորքով թուրքերը փորձում են ներխուժել Արցախ, բայց Վարանդայի և Խաչենի հայերը փակում են Ասկերանի կիրճը և Համազասպի ու Վարդանի գլխավորությամբ ջախջախում թուրքերին։ Վերոհիշյալ ժամանակաընթացքում Շուշիից նահանջող մի զորաջոկատ Ասկերանի և Խոջալլուի արանքում դարանակալ հայդուկների կողմից ջախջախվում է։ 200 ասկյարներից ճողոպրելով՝ փրկվեց միայն վեցը։

Հենց այդ օրերին վեց հազար զինված թուրք հարձակում են գոր­ծում Քյաթուկ, Նախիջևանիկ, Փրջամալ, Վարազաբուն և Ղզղալա գյուղերի վրա։ Արցախ ուղարկված փոխգնդապետ Օզերովսկու պատժիչ ջոկատը, կարգուկանոն հաստատելու փոխարեն, թուրքե­րի թելադրանքով, թնդանոթների համազարկերով անցնում է Ասկերանի կիրճը և ռմբակոծում հայկական գյուղերը։

1906 թվականը նոր արհավիրքներ բերեց արցախահայությանը։ Այս անգամ ազգամիջյան ընդհարումները ավելի սաստիկ էին։ Հուլիսի 13-ին Ղայբալուի ձորից թուրք-քրդական հրոսակները փորձում էին երևանյան դռներից ներխուժել Շուշի, բայց քարինտակցիների և ղայբալիշենցիների հուժկու հարվածի տակ ստիպված են լինում ետ նահանջել։ Դեռ ավելին, Վարդանի հրամանատարությամբ հայ պաշտպաննները հարկադրեցին թշնամուն լքել մի շարք կարևոր դիրքեր։ Իշխանությունները, տեսնելով հայ կտրիճների հաջողու­թյունները, վրացի սպա Մաչավարիանիի գլխավորությամբ զորք ուղարկեցին կասեցնելու նրանց առաջխաղացումը։ Միաժամանակ կառավարական զորքերը կրավորական դիրք էին որդեգրել Թուրքիայից իրենց ցեղակիցներին օգնության եկող մահմեդական ջոկատների անարգել մուտքի հանդեպ։

1906թ. օգոստոսի 19–ին կատաղի մարտեր են ծավալվում Խրամորթի մոտակայքում։ Հայ մարտիկները արիաբար դիմադրում են դեպի Շուշի շտապող Աղդամի թաթարների ջոկատներին։

Այս անգամ Թուրքիայից ստանալով համալրում մահմեդական խառնամբոխը հարձակում է ձեռնարկում Սոս գյուղի ուղղությամբ։ Թուրքերը ներ են խուժում Ամարասի վանքը, թալանում և ավերում այն։ Սոսեցիները, մաճկալաշենցիները, ինչպես և հարևան մյուս գյուղերի բնակիչները համատեղ ուժերով հակահարված են տալիս ելուզակներին՝ սպանելով Թուրքիայից եկած ջոկատի հրամանատարին։ Հետագայում հայերի ճնշման տակ թուրքերն առաջարկում են դադարեցնել ռազմական գործողությունները։

1905-1906 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած ազգա­միջյան ընդհարումների հետևանքով միայն Խաչենի 25, Վարանդայի 15 և Զանգեզուրի 3 գյուղերից զոհվել է 193 մարդ։ Ավերվել են Ջամիլլու, Ուլուբաբ, Խրամորթ և Ղազանչի գյուղերը։ Շուշի քաղաքում հայերից զոհվել է 127 մարդ։

Անդրկովկասի ցարական իշխանություններն ու թաթար խուժանը անակնկալի եկան հայ մարտիկների վճռականությունից։ Անպաշտպան ժողովրդի դեմ դյուրին հաղթանակների վարժ մահմե­դական խուժանը համոզվեց, որ անհնարին է կոտրել արցախահայության կամքը։

Նիկոլ Դումանը 1905-1906 թվականների Անդրկովկասի ազգամիջյան ընդհարումներից առաջ կանխատեսել էր Մեծ եղեռնը և հորդորել է արևմտահայությանը՝ օգտագործել արևելահայության ինք­նապաշտպանության մարտավարության փորձը։ 1907թվականին ժնևում հրատարակված իր «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության «գրքույկի մեջ գրել է.«Նույն փոթորիկը ըստ իս կրկնվելու է Տաճկահայաստանում, ավելի ահավուր կերպով։ Մեզ կմնա ինքնապաշտպանությունը դնել ամուր հիմքերի վրա»։

1917թ. հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, օգտվե­լով Ռուսաստանում ստեղծված խառնակ իրավիճակից, Թուրքիան, հենվելով Անդրկովկասի մահմեդականության վրա, փորձում էր հաշվեհարդար տեսնել Ղարաբաղի հայության հետ։ Ռազմաճակատից Ղարաբաղ վերադարձող մի քանի հարյուր հայ զինվորներ գնդակահարվեցին Զաբուխի ձորում։ Քրդերի և թաթարների կողմից բարբարոսաբար ոչնչացվեցին բազմաթիվ արևմտահայ փախստականներ, որոնք փորձում էին բնակություն հաստատել Ղարաբաղում։ Նրանք ձերբակալեցին հայ գործիչներին, ավերեցին Խանաբադ, Փրջամալ, Արանզամին, Աղբուլաղ, Դահրազ, Քյաթուկ և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Շրջափակվեցին դեպի Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները։ Անելանելի իրավիճակի մեջ հայտնվեցին նաև Ղարաբաղում գտնվող ռուսական կայազոր­ներն ու բնակիչները։ Թալանվեցին Կարյագինոյի գավառի զորամասերը։ Ադրբեջանցի ականատեսը վկայում է. «Կարյագինոյի նահանգում համատարած ապստամբություն է, հարձակվում են զորամասերի վրա, զինվորներին, սպաներին կողոպտում, սպանում, ողջ-ողջ թաղում, բազմաթիվ զոհեր կան, Կարյագինոյի Ջեբ-Վանքի թույլ կայազորները շրջապատված են, սով է սկսվել սննդի պակասի պատճառով։ Թալանված է Կարյագինոյի զինվորական հանդեր­ձանքի պահեստը, Ջուլֆա-Բաքվի երկաթգծի պահեստը, որի կողո­պուտի ընթացքում պայթեցվել է վառոդի պահեստը, տներն ավեր­վել են։ Փոստ-հեռագրատուն չի աշխատում, լարերը կտրված են, վիճակն աղետալի է։ ...Հապաղումն սպառնում է բնակչության խաղաղ հատվածի և զորքի մնացորդի համար սոսկալի հետևանքնե­րով։ Խաների և բեկերի շնորհիվ հոծ զանգվածը հարձակվում էր վագոնակազմի վրա, զինաթափում, սպանում, Ելիզավետպոլի և Ղազախի նահանգներում, երկաթգծի երկու կողմերով մեկ հազար դիակներ են փռված, ոչնչացված են ռուս վերաբնակների գյուղերը։ Հայ զինվորներն ու սպաները, իմանալով երկաթգծի վրա կատար­ված հարձակումների մասին, հարկադրված են եղել ոտքով վերադառնալ տուն՝ անցնելով Նախիջևանի և Զանգեզուրի նահանգների լեռներով ու անտառներով, բայց ավաղ, այստեղ էլ ավելի ստույգ՝ Զաբուխում, նրանք հարյուրավոր զոհեր են տվել»։

Այդ ամենի հետևանքով ներկայիս Մարտունու շրջանի հարթավայրային հատվածի մի շարք գյուղերի՝ Կոտլյարովկայի, Կուրապատկինոյի, Նովո-Նիկոլայովկայի և Սկոբոլևկայի ռուս բնակիչնե­րը, թողնելով 14000 հեկտար հողատարածությունները և ամբողջ ունեցվածքը, գաղթեցին հյուսիսային Կովկաս։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր սրությամբ դրսևորվեց 1918-1920 թվականներին։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է ադրբեջանական։ Այսպես աշխարհի քարտեզի վրա գծվում է մի նոր պետություն, որն առաջին անգամ սկսեց հավակնել պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին և Զանգազուրին։ Ադրբեջանը վճռել էր Արցախ-Զանգեզուրի հարցը լուծել Արցախահայությանը բնաջնջելով։

Թուրքերը առաջին հերթին Լեռնային Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի 6 գյուղեր։ Թուրքական առաջատար զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր »տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով«։ Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը, ձերբակալվեցին և նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազ­մակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։

1918թ. վերջին առաջին աշխարհամարտից հետո, պարտված թուրքերին Անդրկովկասում փոխարինեցին անգլիացիները։ Նրանք էլ, Բաքվի նավթին տիրելու նպատակով ընդառաջելով մուսավաթականների նկրտումներին, Ղարաբաղի հայությունից պահանջե­ցին ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։ Դրան հասնելու նպատակով գեներալ Թոմսոնի երաշխավորությամբ, 1919թ. հունվարի 15-ին մուսավաթական Խոսրով Բեկ Սուլթանովը նշանակվում է նախկին Ելիզավետապոլլի նահանգի հարավ-արևելյան հայկական գավառների գեներալ-նահանգապետի պաշտոնում։ Սուլթանովը պատրաստվում էր «արյան բաղնիք» կազմակերպել արցախական աշխարհում։ 1919թ. հունիսի 4-ին և 5-ին նա սարսափելի սպանդ կազմակերպեց քաղաքամերձ Ղայբալիշեն, Կրկժան, Փահլուր, Ջամիլու, Խանածախ, Դաշուշեն և այլ գյուղերում։ Հայերի կո­րուստները կազմեցին ավելի քան 500 հոգի։

1920թ. գարնան շեմին վիճակն ավելի է ծանրանում Արցախում։ Գանձակից մինչև Մուսուլմանլար-Զանգեզուր տեղի էին ունենում պատերազմական գործողություններ։ Աղդամ-Ասկերան-Շուշի ուղ­ղությամբ և Քիրս-Տումի-Խծաբերդ գծի երկարությամբ առանձնապես կատաղի էին գործում Սուլթանովի կազմակերպած քրդական «համիդիե» ջոկատները։ Հայ մարտիկները ցուցաբերում էին հերո­սության աննախընթաց օրինակներ։

Դիզակի ռազմաճակատում հայ պաշտպանները Հովակ Ստեփանյանի և Սասունցի Մանուկի գլխավորությամբ 450 զինվորներով կարողանում են դիմակայել թշնամու մի քանի անգամ գերակշ­ռող ուժերին։ 1920թ. մարտին ամենաողբերգական իրադարձությունները տեղի ունեցան Շուշի քաղաքում։ Սուլթանովը, լուր ստանալով, որ Քարին տակի կողմից քաղաք է թափանցել հայկական մի ջոկատ և փորձել ասկյարներից զենք խլել, հրամայում է «սրի ու հրի մատնել հայկական քաղաքամասը»։ Մահմեդական մոլեռանդ ամբոխը աս­կյարների և թուրք սպաների գլխավորությամբ ներս է խուժում քաղաքի հայկական թաղամասերը, հրդեհում, կողոպտում տները, խանութները, հասարակական շենքերը, անխնա կոտորում անպաշտպան բնակչությանը։ Թիֆլիսում տպագրվող «Սլովո» թերթը 1920թ. ապրիլի 16-ին գրել է. «Քաղաքի հայկական մասում քարը քարի վրա չի մնացել»։ Մոտավոր տվյալներով զոհվածների թիվը հասնում էր 10 հազարի։

1918-20 թվականների հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ ոչնչացվել են 58 գյուղ, անօթևան մնացել 57 հազար բնակիչ, փոշիացվել 7 հազար տնտեսություն, զոհվել 25 հազար մարդ(երկրամասի բնակչության 20,1 տոկոսը), փակվել կամ ոչնչացվել են բոլոր ֆաբրիկաներն ու արհեստանոցները, մշակույթի օջախները, այրվել ու մոխրի վերածվել հայոց Շուշին։