Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/1917-21 թթ/Արցախահայության հակախորհրդային, հակաադրբեջանական պայքարը 1920-21 թթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հունիսի 5-ի որոշումը։ Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրրեջանին Արցախահայության հակախորհրդային, հակաադրբեջանական պայքարը 1920-21 թթ

Վահրամ Բալայան

ԼՂԻՄ կազմավորումը
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 1920-21ԹԹ.

Արցախահայության այն հույսը, թե խորհրդային կարգերի հաստատումը կնպաստի մայր հայրենիքի հետ միանալուն, շուտով հոդս ցնդեց, և միանգամայն պարզ դարձավ, որ 11-րդ կարմիր բանակը երկրամասը բռնազավթել է՝ ի օգուտ խորհրդային Ադրբեջանի։

11-րդ կարմիր բանակը դարձել էր Ադրբեջանի կառավարությանը ենթակա պատժիչ ջոկատ, որի նպատակն էր Արցախն ու Զանգեզուրը բռնակցել Ադրբեջանին։

Տիրելով Արցախին՝ 11-րդ կարմիր բանակը 1920թ. հունիսին ժամանակավորապես նվաճեց Զանգեզուրի մի մասը։ Սկսվեցին մաս­սայական բռնություններն ու թալանը։ Դրոն գրում է, որ Զանգեզուրում և Սիսիանում կարմիրների չորսշաբաթյա գործունեությունը համոզում է, որ դա եղել է «համատարած մղձավանջային թալանի և խաղաղ աշխատավոր գյուղացիության նկատմամբ ուժի գործադ­րում»։ Արխիվային մի փաստաթղթում ասված է, որ կարմիրները գյուղերի և Գորիսի եկեղեցիները դարձրել են ախոռներ։

11-րդ կարմիր բանակի 28-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Նեստերովսկու 1920թ. հոկտեմբերի 14-ի հմ.-29 հրամանով 83 և 84-րդ բրիգադների հրամանատարներից պահանջվում էր «խուսափել ամեն տեսակի մարդասիրական միջոցներից և դաժան լինել ապստամբ բնակչության հետ, որպեսզի նա զգա բանվորական բռունցքի թափը։ Դիմադրողներին գերի չվերցնել և կենդանի բաց չթողնել...»։

Գարեգին Նժդեհի ազատագրական բանակի հարվածների տակ 11-րդ կարմիր բանակը ստիպված հանգրվանեց Արցախում։ Անպատժելիության մթնոլորտում Արցախում լայն ծավալ ստացան բռնություններն ու ալան-թալանը։ 1920թ. նոյեմբերի 30-ին Գարեգին Նժդեհը 11-րդ կարմիր բանակի հրամանատարներից մեկին՝ Սեմյոնովին գրված նամակում, մերկացնելով կարմիր բանակի հակահայկական, հակաժողովրդական գործունեությունը, փաստերով ցույց է տալիս, թե հուլիսից մինչև նոյեմբերի վերջերը այդ «ազատարարները» Ադրբեջանի և բոլշևիկների պահանջով ինչպիսի անմարդկային արարքներ են կատարել Սյունիքում և Արցախում՝ կողոպտելով առանց այն էլ կարիքի մեջ գտնվող Ղարաբաղը և Զանգեզուրը։ Նժդեհը կարմիրների պարտության պատճառները համարում է նրանց քաղաքական անհամբերությունն ու աղանդավորությունը։

Հարկ է նշել, որ, ի տարբերություն խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում բոլշևիկները եկեղեցու և հոգևորականու­թյան նկատմամբ ավելի անսանձ ու կամայական քաղաքականու­թյուն էին վարում։ Եթե խորհրդային Հայաստանում եկեղեցին դիտվում էր որպես նոր կարգերին ընդդիմադիր ուժ, ապա Ղարաբաղում այն համարվում էր նաև հակաադրբեջանական շարժումը ոգեշնչող ու կազմակերպող գործոն։ Ուստի և, պատահական չէր, որ 1920թ. ամռանը ձերբակալված մի խումբ հայրենասերների շարքում եղան նաև հոգևորականներ։ Արմենակ Ղարագոզյանի հրամանով ձերբակալվեցին Տեր-Մեսրոպ Շահնազարյանը, Դալի Մահրասան, Բեգլար Միրումյանը, Կարապետ Ասրյանը, կապիտան Արամյանը և ուրիշներ, որոնց տարան Թարթառ, հանձնեցին թուրք դահիճնե­րին, որոնք էլ բոլորին կացնահարեցին։

1921թ. փետրվարի 24-ին 11-րդ կարմիր բանակի հրամանատարությանը հասցեագրած բաց նամակում գրված է. «Դուք էիք, որ խաբելով, ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց ձորը, սոցիալական քայ­քայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման տխուր գործը»։ Եվ ապա՝ «Ձեր միայն թալանի մեջ մարզված ու Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքերով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը»։ Արցախում խորհրդային կարգերի հաստատումը համընկավ Խորհրդային Ռուսաստանում իրականացվող «ռազմական կո­մունիզմի» քաղաքականության վերջին շրջանին։ Առաջին հերթին երկրամասում կործանեցին նախկին իշխանության մարմինների կառուցվածքները և ստեղծեցին նորերը՝ հեղափոխական կոմիտեներ։ Դրանք նշանակովի մարմիններ էին, որտեղ կադրերի ընտրու­թյունը կատարվում էր բոլշևիկյան սոցիալ-դասակարգային սկզբունքով ու մոտեցումներով։

Ղեկավար պաշտոններում առաջ էին քաշում չքավոր գյուղացի­ների ներկայացուցիչներին, որոնք էլ, օգտվելով առիթից, առանց դատ ու դատաստանի, հաշվեհարդար էին տեսնում մարդկանց հետ, լուծում նեղ անձնական բնույթի հարցեր։ Առավել առողջ ու կիրթ, շատ թե քիչ բարեկեցիկ կյանքով ապրողներին, համարելով խորհրդային կարգերին խորթ տարրեր, մեկուսացնում էին։ Նման վերաբերմունքի հետևանքով շատերը հեռացան Լեռնային Ղարաբաղից։ Արխիվային փաստաթուղթը պատմում է. «նրանցից շատերը բանտարկվեցին և տասնյակներով գնդակահարվեցին։ Այդ հանգամանքը ստիպում է շատերին պաշտպանվել անտառներում», կամ էլ անցնել Զանգեզուր և միանալ Նժդեհի ապստամբ ուժերին։ ժամանակակիցը գրում է. «Առանց որևէ դատի ու քննության կացնահարում և տմարդի եղանակով սպանվում են Թարթառում Ղարաբաղի հայ գյուղացիության շահերին երկար տարիներ նվիր­ված գործիչները. հարյուրավոր ինտելիգենտ ուժեր տարվում են Բաքու, Գանձակ, Շուշի և փակվում բանտերում»։

Ղարաբաղում և Զանգեզուրում ողջ հայությունը զինաթափ է արված բոլշևիկների կողմից և «վայրագություններին չափ ու սահ­ման չկար։ Քայքայված գյուղացիներից պահանջում են տասնյակ հազարավոր փթերով ցորեն ու գարի, խլում են ամբողջ երկրի բեր­քը, տավարը, և այլ սեփականություն և գիշերով ուղարկում Բաքու կամ Ռուսաստան։ Գյուղերում շրջող զինված պահակները... գոր­ծադրում են ահաբեկության բոլոր միջոցները․․․

Հայերին զոռով հավաքագրում են և ստիպում ծառայել Ադրբեջանի բանակում։ Թուրքերն ուժեղ պրոպագանդա են մղում հայ ազգաբնակչությանը Ադրբեջանին հպատակ դարձնելու համար։ Ուժով ստիպում են ստորագրել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելը»։

Լեռնային Ղարաբաղում տեղադրված զորամասերին ապահո­վելու նպատակով թալանում էին բնակչությանը, տանում բանող անասունները և հացի վերջին կտորը։ 1920թ. սեպտեմբերին ներքին գործերի կոմիսարիատի կողմից ուղարկված հատուկ հանձնաժողո­վը, ստուգելով գավառներում կատարվող բռնագրավումները, արձանագրում է. «28-րդ դիվիզիայի մթերային բաժինը սկսել է մթերումը, բնականորեն մթերողները նշանակել են իրենք, և կատարվեց ոչ թե ավելցուկ մթերքների վերցնում, այլ գյուղացիների իսկական թալանում... համարյա ուժի միջոցով»։ Տեղերում հեղկոմների բռնարարքների հետևանքով «միջակ և չքավոր գյուղացիները ախ ու վախ են անում» և արագորեն քայքայվում էին գյուղացիական տնտեսու­թյունները։

Այս ամենը վրդովմունքով է ընդունում Լեռնային Ղարաբաղի աշխատավորությունը։ Դժգոհություններն ու բողոքները շիկանում, լցվում էր ժողովրդի համբերության բաժակը։ 1920թ. աշնանից մինչև 1921թ. ապրիլն ընկած ժամանակահատվածը Արցախն ապրում էր քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան։ Խորհրդային պատմագրության կողմից այս շարժումը որակվել է որպես դաշնակցական թևանիստական խռովություն։

1920թ. աշնանը Արցախում բռնկված ժողովրդական ապստամբությունը ղեկավարելու համար Դրոն Թևան Ստեփանյանին նշանակում է Լեռնային Ղարաբաղում Նժդեհի տեղակալ։ 1920թ. աշնանը Կապանում Թևան Ստեփանյանը հանդիպում է Գարեգին Նժդե­հի հետ։ Սպարապետը ապստամբների առաջ խնդիր է դնում՝ Լեռ­նային Ղարաբաղը միավորել Զանզեզուրի և Հայաստանի հետ։ Ապստամբությունը, բռնկվելով Դիզակում, շուտով ընդգրկում է ամբողջ Արցախը։ Կարճ ժամանակաշրջանում ապստամբների թիվը հասնում է 1800-ի։

Ապստամբները կարճ ժամանակահատվածում ազատագրում են ամբողջ Դիզակը, Վարանդան, Խաչենի զգալի մասը։ «Հակառակորդը Լեռնային Ղարաբաղում գրաված գյուղերը միացնում է Արարատյան հանրապետությանը» տագնապով գրում են բոլշևիկ գոր­ծիչները։

Կարմիր բանակի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հորդորներով ղարաբաղյան ճակատում կենտրոնացրեց մե­ծաքանակ ուժեր։ Զանգեզուրից Ղարաբաղ նահանջած 28-րդ դի­վիզիայի 250, 251 և 252-րդ գնդերը, համալրվելով թարմ ուժերով և միանալով Վարանդայում, Դիզակում և Խաչենում կազմակերպված կոմունիստական ջոկատներին, ապստամբների դեմ ճակատ են հարդարում։

Չնայած դրան՝ Արցախում բռնկված ազատագրական պայքարը նոր թափ առավ 1921թվականի հունվար փետրվար ամիսներին։

1921թ. ապրիլի 15-ին Դիզակի կոմունիստական ջոկատը Արշակ Բալասանովի գլխավորությամբ հարձակում սկսեց ապստամբ ուժերի դեմ, բայց, խայտառակ պարտություն կրելով, հետ նահանջեց։

1921թ. ապրիլի 19-ին կարմիր բանակը, անցնելով հարձակման, գրավում է Դիզափայտ լեռը, ապա Աղջաբենդ և Հին Թաղեր գյուղերը։ Թևանի ջոկատները հակառակորդի մեծաքանակ ուժերի ճնշման տակ թողնում են նաև ռազմավարական վերջին հանգրվանը՝ Խծաբերդ գյուղը։ Այդ օրերին ակտիվացել էին նաև Դիզակի և Սյունիքի միջև ընկած տարածքում ապրող թուրքերը։ Որպեսզի ապահովվեր ապստամբների անվտանգ անցումը Զանգեզուր, ապրիլի 18–ի գիշերը Նժդեհի հրամանատարներից մեկի՝ Ամիրջանյանի ղեկավարությամբ մի ջոկատ անցնում է Զաբուխը, ճեղքում կարմիրների և մահմեդականների պաշարման գիծը և բացում նահանջի ճանապարհը։ Արցախի ապստամբները, մոտ 700 հոգի, անցնում են Զանգեզուր և միանում Գարեգին Նժդեհի ուժերին։

Հետագա տարիներին ապստամբության մասնակիցների մի մասին, թևանական պիտակը կպցնելով, կամ գնդակահարում կամ էլ արգելափակում էին բանտերում։ Այդ ճակատագրից չխուսափեց նաև ապստամբության ղեկավարը՝ Թևան Ստեփանյանը։ Քսան-երեսունական թվականներին նա իր գործունեությունը ծավալում էր արդեն Պարսկաստանում։ Մի քանի անգամ անցնելով սահմանը՝ փորձում է հաստատվել հայրենիքում, բայց, հատուկ ծառայությունների կողմից ենթարկվելով հետապնդումների, նորից հեռանում է Պարսկաստան։ 1941թ. Թեհրանի մոտակայքում նա ձերբակալվում է խորհրդային չեկիստների կողմից, տեղափոխվում Բաքու և գնդակահարվում։

Նման տխուր վախճան ունեցավ արցախահայության 1920-21թթ. հակաադրբեջանական, հակախորհրդային շարժումը։