Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/1917-21 թթ/Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում և արցախահայության նոր գողգոթան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախահայության պայքարը մուսավաթական Ադրբեջանի դեմ Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում և արցախահայության նոր գողգոթան

Վահրամ Բալայան

ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հունիսի 5-ի որոշումը։ Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրրեջանին
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՂԳՈԹԱՆ

1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը նոր ար­հավիրքներ բերեց արցախահայությանը։ Երեկվա մուսավաթականները մորթափոխվելով դարձան բոլշևիկներ։ Ապրիլի 29-ին Սուլթանովը ստեղծում է Ղարաբաղի հեղկոմ և իրեն հռչակում նրա նախագահ։ Արցախահայության գոյապայքարը թևակոխեց մի նոր շրջան։ Այս անգամ գույնը փոխած Ադրբեջանը փորձում է խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ տիրանալ Լեռնային Ղարաբաղին։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը և 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը Հայաստանի հանրապետությանը վերջնագիր են ներկայացնում՝ անհապաղ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Այս պահանջով խորհրդային Ռուսաստանը կայացման փուլում խախտեց իր իսկ հայտարարած բարձրակոչ սկզբունքները, այն է ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Դժբախտաբար խոր­հրդային իշխանության գոյության ողջ ընթացքում հարցերի նմանօրինակ լուծումը դարձավ գործելակերպ, որը հետագայում կործանարար եղավ ծավալապաշտ կայսրության համար։

Հիշենք, որ 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների հռչակագրի» համաձայն բոլոր ժողովուրդները ստանում են ազատ ինքնորոշման իրավունք։ Ընդ որում դրանից օգտվում է նաև ժողովրդի հիմնական մասից բաժանված առանձին էթնոտարածքը։ Բնական է, որ այդ իրավունքը տարածելի է նաև զբաղեցրած պատմական տարածքի վրա։ Հետագայում բոլոր խորհրդային սահմանադրությունները արձանագրե­ցին ինքնավարությունը (անկախ մարզային կամ հանրապետա­կան) ազատ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանդիսանալու փաստը, ինչը ճանաչված է նաև Խորհրդային Միության միջազ­գային պայմանագրերում։ Պարզ է, որ այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը, մանավանդ հետագայի ԼՂԻՄ-ը, սահմանադրական միավոր է և ունի հետևաբար ինքնորոշման իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։

Պատեհ առիթն օգտագործելով՝ Ադրբեջանը ձգտում էր Լեռնային Ղարաբաղից բացի իրեն կցել Նախիջևանն ու Զանգեզուրը։ Զավթողական նման պահանջը հիմնավորվում էր «դաշնակցական» Հայաստանի հետագա «հզորացումը» կանխելու և Ադրբեջանում խորհրդային իշխանությունը «դիսկրիմինացիայի» չենթարկելու համար։

1920թ. մայիսի 12–ին Շուշի մտավ 11-րդ կարմիր բանակի 32–րդ դիվիզիայի 281-րդ գունդը։

Արցախը հայտարարվեց Խորհրդային Ադրբեջանի մաս։ Այդ օրերին՝ մայիսի 19-ին, Վարանդայի Կարաբուլաղ գյուղում տեղի ունեցան կովկասյան ռազմաճակատի խորհրդի անդամ Ս. Տեր Գաբրիելյանի և Ղարաբաղում հայկական զորքերի հրամանատար Դրոյի բանակցությունները։ Սահակ Տեր-Գաբրիելյանը Դրոյից կտրականապես պահանջեց հայկական զորամասերը դուրս բերել Արցախից։ Ստեղծված պայմաններում Դրոն ստիպված մայիսի 25-ին հեռացավ Արցախից։

Երկարատև պատերազմներից հոգնած ժողովուրդը ընդունեց նոր՝ խորհրդային կարգերը՝ նրա հետ կապելով իր ազգային խնդիր­ների արդարացի լուծման հարցը։ Հաջորդ օրը Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց խորհրդային, ստեղծվեց հեղկոմ՝ Սաքո Համբարձումյանի նախագահությամբ։

Սակայն խորհրդային կարգերի հաստատումը ցանկալին չտվեց Ղարաբաղի հայությանը։ Ադրբեջանի խորհրդային հանրապետու­թյան ղեկավարները Խորհրդային Ռուսաստանի ազգությունների կոմիսար Ստալինի աջակցությամբ ձեռնամուխ եղան Արցախը Ադրբեջանին բռնակցելու սև գործին։ Պահը շատ հարմար էր. Ադրբեջանը այսպես ասած՝ խորհրդային էր, իսկ Հայաստանը, այսպես ասած՝ «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Իսկ միջազգային իմպերիալիզմի դեմ կռվում էր կարմիր բանակը։ Եվ սկսվեց մի դրամատիկ ու ողբերգական պայքար...։ Սակայն Ղարաբաղի հարցում բոլշևիկյան կուսակցության և խորհրդային պետության որոշ գոր­ծիչներ (Ս. Կիրով, Գ. Չիչերին, Բ. Լեգրան) արդարացիորեն գտնում էին, որ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը պատմականորեն կազմում են Հայաստանի անքակտելի մասը և հետևապես, պետք է վերամիավորվեն նրա հետ։ Սակայն այդ գործիչների խոսքը մնաց որպես ձայն բարբառո անապատի։

1920թ. ամռանը և աշնանը Ադրբեջանում լայն քարոզչություն է ծավալվում կեղծելով ու եղծելով պատմությունը՝ իրենց ցանկու­թյուններին համապատասխանեցնելու ճանապարհով, հորինվեց մի մտացածին վարկած, ըստ որի՝ Մեծ Հայքի մաս կազմող Արցախը, Ուտիքը, Նախիջևանը պատմականորեն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն են։ Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը Ար­ցախը վերջնականապես կլանելու մի նոր ու առավել կատաղի պայքար սկսեց։