Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/1917-21 թթ/ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հունիսի 5-ի որոշումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում և արցախահայության նոր գողգոթան ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հունիսի 5-ի որոշումը։ Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրրեջանին

Վահրամ Բալայան

Արցախահայության հակախորհրդային, հակաադրբեջանական պայքարը 1920-21 թթ
ՌԿ(բ)Կ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ 1921Թ. ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՈՐՈՇՈՒՄԸ։ ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

1920թ. սկզբներին կտրուկ փոփոխություն կատարվեց խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մինչ այդ բոլշևիկները հավատացած էին, թե ահա ուր որ է, սոցիալիստական հեղափոխության ալիքները տարածվելու են Եվրոպայով ու հյուսիսային Ամերիկայով մեկ, ամենուր տապալելու են կապիտալիզմը և հաստատելու են խորհրդային կարգեր։

Բայց 1918թ. Գերմանիայում և 1919թ. Հունգարիայում հեղափոխությունը պարտվեց, ստեղծված խորհուրդները ցրվեցին։ Հակախորհրդային ալիքը մոլեգնեց Եվրոպայով մեկ։ Նման պայմաննե­րում Խորհրդային Ռուսաստանը «հայացքը» ուղղեց դեպի արևելք, նպատակ ունենալով համաշխարհային սոցիալիստական հեղափո­խության ուտոպիստական գաղափարները արտահանել դեռևս միջ­նադարյան թանձր խավարում խարխափող ասիական երկրներ։ Ա­ռիթն օգտագործելով՝ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիմանովը եռանդուն գործունեություն ծավալեց, որպեսզի Հայաստանի հաշվին հնարավորին չափ տարածքային զիջումներ արվեն՝ հօ­գուտ Թուրքիայի և Ադրբեջանի։

Արցախի հարցի շուրջ վիճաբանությունները նոր ընթացք ստացան Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի նոյեմբերի 30-ի համատեղ նիստում ընդունվեց մի որոշում, որի մեջ ասված էր. «Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությու­նը, ստանալով ապստամբած գյուղացիների անունից Հայաստանը սոցիալիստական խորհրդային հանրապետություն հայտարարելու ուրախալի լուրը, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը հայտարարվում են վերացած։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական հանրապետության մասը»։ Այդ որոշումը վավերաց­վեց 1920թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով։

Դեկտեմբերի 1-ի հռչակագիրը ողջունեցին Ի. Ստալինը, Ս. Օրջոնիկիձեն, Ս. Կիրովը և պետական ու կուսակցական մի շարք հայ գործիչներ։ Հռչակագրի հիման վրա և ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հունիսի 3-ի պլենումի որոշմամբ 1921թ. հունիսի 12-ին Հայաստանի հեղկոմը դեկրետով ազդարարում էր, որ «Ադրբեջանական ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Խոր­հրդային Սոցիալիստական Հանրապետությունների փոխադարձ համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայկական Սոցիալիստական հանրապետության անբաժանելի մասն է»։ Ասքանազ Մռավյանը Լեռնային Ղարաբաղում նշանակվեց ՀՀ Արտակարգ լիազորի պաշտոնում։

Սակայն Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը, որը ստորագրել էր վերոհիշյալ հռչակագիրը և մասնակցել Կովկասյան բյուրոյի 1921թ. հունիսի 3-ի պլենումի որոշման ընդունմանը, շատ չանցած՝ դեմ դուրս եկավ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելուն։ Նա սպառնալից պնդում էր, որ հար­ցը ի օգուտ Ադրբեջանի չլուծվելու դեպքում հետևանքների համար հեղկոմը պատասխանատվությունն իր վրայից վերցնում է, քանի որ հանրապետությունում ուժեղանում են «հակախորհրդային խմբերը»։ Չնայած դրան՝ Ստալինի ներկայությամբ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումը 1921թ. հուլիսի 4-ին, լսելով խնդրո առարկա հար­ցը, ձայների մեծամասնությամբ վճռում է Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին։ Նարիմանովը բողոքում է սույն որոշման դեմ և պահանջում հարցը տեղափոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմ։ Հուլիսի 5-ին նորից գումարվում է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը, որի ժամանակ, առանց քննարկելու և քվեարկու­թյան դնելու, կամայականորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ։ Այս առթիվ տեղին է նշել ռուս մեծ գրող Ալեքսանդր Սոլժենիցինի խոսքը. « ...Իլյիչն առաջինն է սահմաննե­րի հարցը համարել «նույնիսկ տասներորդական»։ Այսպես են Ղարաբաղը կտրել, միացրել Ադրբեջանին, ի՞նչ տարբերություն, թե որտեղ, այն ժամանակ հարկավոր էր սիրաշահել սովետների սրտակից բարեկամին՝ Թուրքիային»։

1921թ. հուլիսի 7-ին Լենինի նախագահությամբ ՌԿ(բ)Կ քաղ­բյուրոյի նիստում նորից քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Որոշվեց տարածքային վեճերը լուծելիս հիմք ընդունել էթնիկական գործոնը, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դա սոսկ դեկլարատիվ հայտարարություն էր։ Դժբախտաբար, նման մոտեցումը խորհրդային իշխանության գոյության ողջ ընթացքում դարձավ գործելակերպ։ Պատահական չէր, որ մեկ օր հետո՝ հուլիսի 8-ին, Ստալինը հեռագրում է Օրջոնոկիձեին և պարտադրում նրան «վիճելի հարցե­րը լուծել հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի»։

Այսպիսով, խորհրդային իշխանության արշալույսին հայ ժո­ղովրդի իրավունքները զոհաբերվեցին համաշխարհային կարմիր հեղափոխության սին գաղափարին։