Արցախյան գոյամարտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search

ԿԱՏԱՂԱԾ ՇՆԵՐ[խմբագրել]

Երեքով մոտեցան դարպասին:

Առաջինը` բարձրահասակը, համեմատաբար երիտասարդ էր և հագել էր դարչնագույն, թանկարժեք կոստյում, ձյան պես սպիտակ վերնաշապիկ ու մուգ կանաչ փողկապ: Վստահ շարժուձևից երևում էր, որ նա էր սրանց գլխավորը: Մյուսը կարճահասակ, բավականին չաղ ու անսովոր մեծ փորով, անորոշ տարիքի տղամարդ էր և շարժվում էր ակներև դժվարությամբ, ոտքերը չռած, հղի ավանակի քայլքով: Երրորդը քառասունն անց էր` չոր, մազմզոտ դեմքով և գողի հայացքով: Նրա երկարուկ, սեխանման գլուխը ծածկում էր լայն, ուղղաթիռի վայրէջքի հրապարակ հիշեցնող կեղտոտ կեպին:

-Հը՞, հավանո՞ւմ ես,- կեպիավորին դիմեց փողկապավորը, միաժամանակ աչք խփելով հաստափորին: Վերջինս դանդաղ հետ տանելով հաստ, մսալի շուրթերը, ժպտաց` ցուցադրելով ոսկե ատամնաշարը: Իսկ կեպիավորը` բերանը բաց, մի տեսակ կասկածանքով մեկ նայում էր դիմացի տանը, մեկ` նրանց ու կարծես լսածին չէր հավատում: Տունը երկհարկանի էր` որձաքարից կառուցված, ընդարձակ, ապակեպատ պատշգամբով, ճերմականերկ, լայն լուսամուտներով, շրջապատված մրգատու ծառերով, որոնք ահա-ահա պիտի բողբոջներ արձակեին: Հարևան երկու տներից միայն պատերն էին մնացել, և շուրջբոլորը այրված փայտի ու ներկի թարմ մգլահոտ էր տարածվել:

-Հը՞,- փողկապավորը հարցը կրկնեց, գրպանից հանելով ծոցատետրն ու ինքնահոս գրիչը,- թե դուրդ չի գալիս, ուրիշի տանք:

-Չէ՛, չէ՛,- վախեցած ձայնով ասաց կեպիավորը, ասես նրանք սպառնում էին իրենից խլել ոչ թե այդ, այլ` իր հայրական տունը:- Լավ է, լավ է, շատ լավն է:

Փողկապավորը զուսպ ժպտաց և ինչ-որ բան նշեց ծոցատետրում:

-Քեզ փեշքեշ է այս տունը,- մեծահոգաբար ասաց նա:

-Վալա՜հ, այս հայերը տուն շինելու մեջ մի հատ են,- գովեց հաստափորը:

Փողկապավորը չլսելու տալով` խնամքով գրպանը խոթեց ծոցատետրն ու գրիչը.

-Էս էլ էսպես:

Հաստափորը զարմանալի աշխուժությամբ մոտեցավ ու կավիճով ինչ-որ բան խզբզեց դարպասին:

Կեպիավորը, որն ամենայն հավանականությամբ դեռևս շփոթված էր գործընթացի այդքան անսպասելի, հապճեպ ավարտից, երջանկավետ ժպիտը բութ դեմքին` շարունակում էր հայացքը մերթ տան կողմը դարձնել, մերթ` նրանց:

-Հալալ լինի,- ասաց փողկապավորը:

-Հալալ լինի,-կրկնեց հաստափորը:- Քանի՞ երեխա ունես:

-Վեց:

-Քիչ է,- փողկապավորը հանդիմանեց,- շատ է քիչ:

-Հարկավոր է հաշվի առնել,-խստորեն պատվիրեց հաստափորը,- հասկանալի է, չէ՞:

-Աչքիս վրա:

-Աչքդ ապրած կենա: Իմացիր, ով շատ է, նա ուժեղ է: Մեր ուժը շատության մեջ է:

-Ե՞րբ ես մտադիր ընտանիքդ տեղափոխել,- հարցրեց հաստափորը:

-Էսօր կամ էգուց, եթե...

-Ի՞նչ` եթե,- փողկապավորը շեշտակի նայեց:

Կեպիավորը թուքը կուլ տալով` հայացքը փախցրեց.

-Իսկ եթե այս տան տերը հանկարծ գա՞:

-Ո՞վ գա, ո՞նց գա,- հաստափորը ծաղրանքով քրքջաց:- Էս ի՞նչ է ասում: Գլխներից ձե՞ռ են քաշել: Իսկ եթե այդքանից հետո փորձեն գալ, քո գործը չէ:

-Էս տունը ուրիշ տեր չունի: Էս տան տերը դո՛ւ ես: Եթե նույնիսկ դրանց չորս (թե՞ հինգ) մարշալներն էլ գան,- բացատրեց փողկապավորը:

-Հասկացար, չէ՞,- լրացրեց հաստափորը:

Կեպիավորը անխոս գլխով արեց:

-Ձեր գյուղխորհրդի նախագահն է,- փողկապավորը ձեռքով ցույց տվեց հաստափորին,- ցանկացած հարցով նրան կդիմես:

-Գյուղխորհրդի տեղը գիտե՞ս:

Կեպիավորը դարձյալ գլխով արեց:

-Ընտանիքդ երբ բերես, կգաս, կձևակերպենք, հասկացար, չէ՞:

-Շատ լավ: Շնորհակալ եմ ձեզանից: Իսկ բանալի՞ն...

-Ի՞նչ բանալի: Բանալի...,- փողկապավորը քմծիծաղեց ու զայրացած շարժեց ձեռքը:- Քեզ բանալի է հարկավո՞ր:

-Ջարդիր, ներս մտիր, այ բալամ,- խրատական տոնով խորհուրդ տվեց հաստափորը` ձեռքերը լայն տարածած:- Ներսում ինչ կա, քոնն է: Ինչքան գիտեմ, շատ քիչ բան են կարողացել տանել իրենց հետ: Հասկացար, չէ՞:

Դարպասի հետևից շան գռմռոց լսվեց:

-Հրեն, շուն էլ ունես: Լեզու գտեք...

Նրանք գործունյա քայլերով հեռացան:

Կեպիավորը մի երկվայրկյան մտորելով, անվստահ հրեց փակ դարպասը: Շունը չարացած հաչեց: Նա ուսի վրայով հետ նայեց, մատների ծայրով քորեց բրդոտ վիզը, ապա կողքի մետաղյա էլեկտրասյան հետևն անցավ (կարծես բարակ սյունը նրան պիտի պատսպարեր), դուրս պրծած, ուռուցիկ աչքերը պտտեցնելով` սկսեց միզել:

Դարպասից խոշոր կողպեք էր կախված, իսկ բակում, ջուխտ թթենուց կապած լվացքապարանին մանկան շորեր էին փռված (հավանորեն չէին հասցրել հավաքել. սաստիկ շտապեցրե՜լ էին): Եվ այնպես էր թվում, թե տանեցիք` մեծուփոքրով, ինչ-որ տեղ հյուր են գնացել, ուր որ է` պիտի վերադառնային...

Կեպիավորը ցանկապատից մի գլաքար պոկելով, շան կատաղի հաչոցների ուղեկցությամբ սկսեց ջարդել կողպեքը: Երբ այդ գործն ի վերջո բարեհաջող ավարտեց, ձեռքը երկարելով` պոկեց ցանկապատին կռթնած խնձորենու դալար ճյուղը և արագ-արագ (մեկն, ասես, շտապեցնում էր) մաքրեց ոստերը. կարգին մահակ դառավ: Մահակը ձեռքում մի երկու անգամ պտտեցրեց, ծանրութեթև արեց ու` արածից գոհ, բացեց դարբասը: Նոր էր ոտքը ներս դրել, երբ հսկա գելխեղդը վրա տվեց: Զգալով, որ մահակով անհնարին է շան հախից գալ, կեպիավորը տեղնուտեղը պպզեց` մեջքը դարպասին հենելով: Գիտեր, ամենակատաղի շունն անգամ անշարժ նստած մարդուն ձեռք չի տալիս: Այդպես էլ եղավ. գամփռը ընկրկեց, հնարավորություն չտալով, սակայն, որ նա որևէ շարժում անի: Կեպիավորը փորձված հայացքով տնտղում ու ջանում էր կեղծ փաղաքշությամբ սիրաշահել, բայց` իզուր, շունը բանի տեղ չէր դնում, նյարդայնացած հաչում էր, ցնցում մարմինը` արնակալած աչքերը չկտրելով դիմացինի հայացքից: Շունը երբեմն-երբեմն միամտորեն գլուխը ակնթարթորեն ետ, դեպի տուն էր դարձնում` օգնություն հուսալով ու, երևի թե զարմանալով, որ ոչ ոք իր ձայնին չի արձագանքում, շարունակում էր հաչել նոր ուժով ու կատաղությամբ: Այդպիսի մի պահի կեպիավորը փութկոտ վեր թռավ ու սարսափելի աղաղակով, մահակը սպառնալի թափահարելով հարձակվեց շան վրա: Գամփռը դրան չէր սպասում, թեթևակի ետ ոստնեց, բայց խուճապի չմատնվեց, հաջորդ ակնթարթին թափով ցատկեց նրա վրա: Կեպիավորը չհասցրեց ոչինչ ձեռնարկել և, հավասարակշռությունը կորցնելով, հասակով մեկ փռվեց գետնին: Որպեսզի մարմնի որևէ մասը շան երախը չընկներ, ստիպված էր ոտքերն անխնա թափահարելով` անընդհատ թավալվել, թավալվել: Թեպետ այդ շարժումները գամփռին ավելի անզուսպ ու մոլեգին էին դարձնում: Մի բան էր լոկ պտտվում նրա գլխում` ինչ գնով էլ լինի, պաշտպանել դեմքը, միաժամանակ և ձեռքը գցել շան կոկորդը: Հարմար պահ որսալով` շունը հախռեց ազդրը, և մի անասնական ճիչ դուրս ժայթքեց նրա մարմնից: Ասես խոզամերուն էին մորթում:

Ձայնի վրա օգնության հասան:

-Էս ի՞նչ է, այ բալամ, էս ի՞նչ է կատարվում այստեղ,- հևասպառ, սփրթնած բակ մտավ հաստափորը, ձեռքն առնելով թթենուն հենված եղանը:

-Քո տիրոջ...,- փողկապավորը նրան հայացքով սաստելով, գոտկատեղից դուրս բերեց փոքրիկ, խաղալիք հիշեցնող ատրճանակը, փողն ուղղեց շան թիկունքին: Շունը մի սրտաճմլիկ կլանչոց արձակեց ու թուլացած շրջվեց մեջքի վրա:

«Տանտերը» տնքալով ոտքի կանգնեց, գետնից վերցրեց ճմրթված, փոշեկոլոլ գլխարկն ու դրեց գլխին:

Փողկապավորը դանդաղ նշան բռնեց և մի անգամ էլ կրակեց:

Շունն անշարժացավ:

-Էս ի՜նչ կատաղած շներ են էս գյուղի շները,- դժգոհ մրթմրթաց հաստափորը:

Հետո համակ լռություն իջավ:

Նրանք երեքով երկար նայում էին գամփռի հանգած, չռված աչքերին: Ու եթե նրանց մոտ մարդկային գեթ մի փոքրիկ հյուլե լիներ, հավանորեն կզգային, որ շան աչքերում սառել էր մի անհուն զզվանք ու ատելություն` գուցե թե ոչ այնքան իր շուրջը խմբված այդ մարդկանց, որքան այս կեղծ ու բիրտ, այս նենգ ու լիրբ աշխարհի հանդեպ:

ԸՆԾԱ[խմբագրել]

- Ի՞նչ եք կամենում,- նրա զուսպ, հարգալից բարևին ի պատասխան` կիսաբերան արտաբերեց ջահել, խարտիշագեղ քարտուղարուհին, աչքերը մի ակնթարթ կտրելով համակարգչից:

- Իր մոտ եմ եկել, - նա գլխի շարժումով ցույց տվեց դիմացի փակ կաղնե դուռը:

Աղջիկը` ծամոնը բերանում, քննող անվստահությամբ ուղիղ նայեց նրան:

- Միասին ենք կռվել,- մի ոտքից մյուսին հենվելով բացատրեց խնդուն առոգանությամբ,- վաղուց չենք հանդիպել:

- Ի՞նքն է կանչել,- հարցրեց աղջիկը:

- Չէ, ինքս եմ եկել: Մենք մոտիկ ընկերներ ենք,- ուզեց ասել` եղբոր պես, բայց միայն ժպտաց անիմաստ:

Նրա աջ ձեռքի չորս մատները չկային, լոկ բթամատն էր: Կարծես հենց նոր հիշեց այդ մասին և աջն արագ թաքցրեց բաճկոնի գրպանում: Աղջիկը (նկատե՞ց, թե՞ չնկատեց), ի վերջո, բարեհաճեց տեղեկացնել, որ պետը տեղում չէ, կվերադառնա մեկ-երկու ժամից:

Քիչ-ինչ սրտնեղած` նա տարտամաքայլ փողոց ելավ: Թվաց, թե քարտուղարուհին անկեղծ չէր, գուցե և ընկերը տեղում էր: Չլինի՞ այդ ծամոն որոճողը իրեն սովորական խնդրատուի տեղ դրեց: Չգիտես ինչու` նա մի անբացատրելի անվստահություն ուներ «բարձր դռների» հանդեպ ու միշտ ձգտել է խույս տալ, չառնչվել դրանց հետ: Հիմա էլ քիչ մնաց զղջար իր այս այցի համար: Կինն է մեղավոր. «Մոտիկ ընկերդ է, պարծենում ես նրանով: Թող օգնի տղայիդ: Ախր չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել: Լավ ընկերոջը նեղ օրն են ճանաչում»: Օրեր ի վեր խնդրում - հորդորում էր` գնա՛, հա՜, գնա՛: Եվ ինքը տեղի տվեց` այն մտքով, որ եթե ոչինչ չստացվի, գոնե կտեսնի մտերիմ ընկերոջը: Երբվանի՜ց չեն հանդիպել: Չեն ասո՞ւմ` ամենաքաղցրը ուսանողական, ամենանվիրականն ու անմոռանալին մարտական ընկերությունն է:

Միասին էին սովորում պոլիտեխնիկականում, որը հետո ճարտարագիտական համալսարան կոչվեց: Ապրում էին նույն սենյակում, Զեյթունի հանրակացարանում: Ուրախ, երազկոտ պատանիներ էին: Շուտ մտերմացան: Երկրորդ կուրս պիտի փոխադրվեին, երբ սկսվեց պատերազմը: Ինքնակամ վերադարձան, տարուց ավելի կռվեցին կողք-կողքի, Բեկորի վաշտում: Միասին էլ վիրավորվեցին` ականի պայթյունից, թե՞ (ծիծաղը եկավ) պայթեցին ականի վրա, ինչպես թերթերն էին գրում նման դեպքերում:

Ձախ ձեռքը քանի որ համառորեն չուզեց գրիչ բռնելը սովորել, ստիպված էր ընդմիշտ թողնել ուսումը: Թեպետ վաղուց համակերպվել էր կատարվածին, ամեն անգամ Բարաք Օբամային հեռուստաէկրանին տեսնելիս մի ծածուկ տրտմությամբ էր պարուրվում, որ ինքն էլ ԱՄՆ-ի նախագահի նման ձախլիկ չի ծնվել... Ընկերը շարունակեց կրթությունը, բայց նոր` թե՛ գրավիչ ու թե՛ ազդեցիկ մասնագիտությամբ: Այդ տարիներին ազատագրված Շուշիում առժամանակ երևանյան ինչ-որ մասնավոր բուհի հեռակա մասնաճյուղ էր բացվել ապագա իրավաբանների համար, և ընկերը, ուրիշ շատերի նման, բաց չթողեց պատեհ առիթը: Ու հիմա բարձր պաշտոնյա է, ում խոսքը գին ունի, ում հետ հաշվի են նստում: Հիշեց, որ մի անգամ կշտամբել է` քանի՞ կուսակցություն ես փոխել: «Մե՜ծ բան,- ընկերը քմծիծաղել է,- ուրիշներն իրենց կանանց են փոխել»:

Մտքերից կտրվելով նա իրեն գտավ Տերյան փողոցում, քաղաքում միակ բարեկամի` մորաքրոջ տղայի դարբասի առջև, որը բացեց շիլ աչքերով անծանոթ մեկը, հայտնելով, թե նախկին տանտերը անցյալ տարի է ընտանիքով Ռուսաստան տեղափոխվել: Չզարմացավ: Շատերն են գնում: Այլ բանից զարմացավ` ինչո՞ւ ոչինչ չի արվում արտագաղթը կանխելու ուղղությամբ:

Սասունցի Դավթի փողոցով բարձրացավ, թեքվեց Ազատամարտիկների աշնանանախշ պողոտա, որին ազնվաշուք տեսք էին տալիս սովետից ժառանգած հաստաբուն ծառերը: Երթուղայինների կանգառում միառժամանակ ոտքը կախ գցեց` ուշի-ուշով մտիկ տալով վեր ու վար անող մարդկանց, այնպես, ասես փնտրում էր ինչ-որ մեկին: «Դեմքներին խինդ չկա»,- մտմտաց ինքնիրեն: Նորակառույց շենքերն ու «Եվրոպա» հյուրանոցը հավանեց: Ճաշակով են կառուցված, թեպետ զուրկ են ազգային տարրերից: Դրանք և մանավանդ շքեղ ինքնաշարժերի առատությունը կողմնակի աչքում կարող են այն պատրանքը ստեղծել, թե այստեղ մարդիկ անհոգ, ապահով կյանք են վարում: Ինչպես Եվրոպայում, կամ առնվազն` ինչպես հաղթանակած ժողովրդին է վայել: Իսկ անհամար խանութների և կրպակների անհրապույր, հիմնականում օտարահունչ ու օտարագիր ցուցանակները մի հանդուգն կասկած հարուցեցին` եթե Լեզվի մասին օրենքը չի գործում, նշանակում է մյուսները նույնպես ձևական բնու՞յթ են կրում...

Հաղթանակի օղակաձև հրապարակը առաջվա պես այդ անունը հավաստող մինչև իսկ սովորական ցուցանակ չուներ: Ա՜յ թե այստեղ դրվեր Տիգրան Մեծի արձանը` Երվանդ Քոչարի գործերի հանգույն: Չէ, արքայից-արքայի տեղը Վերածննդի հրապարակն է: Եվ հանկարծ նրա գլխում մի անակնկալ միտք առկայծեց. հրապարակի ուղիղ կենտրոնում, ուր վերից վար Ազատամարտիկների ու Մաշտոցի, իսկ ձախից աջ Տիգրան Մեծի ու Ծովակալ Իսակովի փողոցներն են խաչաձևվում, մի ոչ բարձր հուշասյուն կանգնեցվեր, վերնամասի քառակողմ առանցքի շուրջը բոլորած` հայության չորս հատվածները` Արցախը, մայր Հայաստանը, հեռավոր ու մերձավոր սփյուռքները ներկայացնող հերոսների, ասենք Աշոտ Ղուլյան-Բեկորի, Պետրոս Ղևոնդյանի, Ավոյի ու գեներալ Իվանյանի միաձույլ հարթադիմաքանդակներով, որը կխորհրդանշեր ոչ միայն Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակը, այլև կշեշտեր հայ ժողովրդի միասնության գաղափարը: Այս մտահղացումը նրան այնպես հուզեց, որ երկար ժամանակ չէր կարողանում հիացմունքը զսպել: Այդպես էլ` հանկարծահաս մտքից ոգեշունչ, օգտվելով քարտուղարուհու րոպեական բացակայությունից, ընկերոջ աշխատասենյակ թափանցեց:

Ընկերը նրան ընդունեց հավուր պատշաճի. ամուր գրկեց, դեմքը մոտեցրեց երեսին, քաջալերանքով թփթփացրեց ուսը, աթոռ առաջարկեց: Դեմ դիմաց բալզակյան տարիքի մի պատկառազդու կին էր բազմել` ոսկեշող, ուլունքաշար մանյակով, և ընկերը հարկ համարեց ներկայացնել.

- Տիգրան Ժամկոչյանը ուսանողական և մարտական ընկերս է, նաև իմ փրկիչը: Այո, այո: Միասին վիրավորվել էինք: Ես կորցրել էի գիտակցությունս: Թեև իր հալն էլ մի հալ չէր, արյունաքամ լինելով ինձ դուրս բերեց մահվան օղակից: Ուրիշ մեկը գուցե թե ինձ մեռած համարեր, թողներ, գնար իր ցավի ետևից, բայց նա հավատարիմ ընկերոջ, արյունակից եղբոր պես վարվեց:- Լռեց մի երկվայրկյան, ապա մեղմ հանդիմանությամբ հարցրեց: -Ինչո՞ւ ես թանկ-թանկ երևում: Տնեցիք ո՞նց են:

- Շնորհակալ եմ, լավ են:

- Ճուտիկներիդ թիվը նո՞ւյնն է մնում, թե՞...,- ընկերը փորձեց սրամտել:

- Նույն չորսն են: Մեծը` տղաս, համալսարան է ընդունվել: «Կասես` վարձավճարով է սովորում,- պատվիրել է կինը,- գուցե մի հովանավոր գտնի կամ ինքը…»:

- Մեզ մո՞տ,- հարցրեց ընկերը, փութկոտ ինչ-որ թուղթ մակագրելով:

- Չէ, Երևանում: Հոր կիսատ թողած ուսումն է շարունակում,- ու ժպտաց տխրուրախ:

Ընկերոջ գրիչը հերթական թղթի վրա մի պահ անշարժացավ.

- Շնորհավորում եմ: Լավ է,- ծանրումեծ գլխով արեց,- արժանի հերթափոխ է աճում: Խոստանում եմ նրա հարսանիքի քավորը լինել: Կինդ...

- Սեդան...

- Դպրոցո՞ւմ է աշխատում:

- Հա, դպրոցում: «Կասես` աշակերտները մաղվել են, եկող ուսումնականում հազիվ կես դրույք ունենա»:

- Դու էլ...

- Դեռ անտառապահ եմ,- ընկերոջ հարցերի տարափին նա պատասխանում էր մի տեսակ չկամությամբ, նեղվելով օտար մեկի ներկայությունից:

- Ձիո՞վ ես շրջում:

- Ձիով, շունն էլ հետս: «Կասես` ուզում են դիտմամբ հաստիքդ կրճատել, թե ինչ է, դեմ ես անօրեն անտառահատումներին»,- նորից կնոջ հորդորը հիշեց:

- Մարդու ամենահավատարիմ կենդանիների հետ, հայրենի գյուղում,- ընկերը, վերջին թուղթը վավերացնելով, թեթևացած, ասես մի շատ խրթին գործ էր արել, շփեց ճակատը,- բնության գրկում, մաքուր-զուլալ օդում, ոչ թե մեզ պես...

Երբ մանյակակիր կինը (հավանաբար` ընկերոջ աշխատակցուհին) թղթերն առած դուրս եկավ, Տիգրան Ժամկոչյանը մի սրտաբուխ ոգևորությամբ սկսեց պատմել իր մտահղացած հուշակոթողի մասին: Ընկերը համբերությամբ լսեց ու այնպես նայեց նրան, ասես առաջին անգամ էր տեսնում.

- Չլինի՞ հենց դրա համար ես եկել:

- Կարելի է և այդպես ասել:

- Դու ուրիշ հոգս չունե՞ս, ինչ է,- ուսերը կարեկցաբար վեր քաշեց ընկերը: -Ժամանակները փոխվում են, կյանքը առաջ է գնում, դու շարունակում ես ամեն ինչի նայել նախկինի պես, «ոչ միայն հացիվ»: Հիշո՞ւմ ես պոլիտեխնիկի մեր կուրսղեկին, նրա սիրած արտահայտությունն է, որը զարմանալիորեն դաջվել է ուղեղիս մեջ: - Ամեն մարդ ապրում է, ինչպես կարող է,- կտրուկ պատասխանեց Ժամկոչյանը, զգալով, որ վիճելն ավելորդ է:

Կողասեղանին քով-քովի շարված հեռախոսներից մեկը զանգեց: Ընկերը շտապ վերցրեց ընկալուչը և մեկեն ոտքի ելավ` լսում եմ...

Տիգրան Ժամկոչյանն ուղղեց մեջքը, ծուլորեն շուրջը նայեց: Հայացքն ակամա կանգ առավ պատից սևեռուն իրեն նայող մեծադիր նկարին (գուցե պետք է նրան դիմել` մտածեց), ապա աչքը սահեցրեց ընկերոջ գերլարված դեմքով: «Քո գործն էլ մի գործ չի»,- անցավ մտքով, ու մի փոքր տխրություն իջավ վրան:

- Շատ լավ... Անպայման... Ճիշտ այդպես...,- ընկերը ցած դրեց խոսափողը, նստեց, փողկապի հանգույցը թուլացնելով խորը շունչ առավ:

Ժամկոչյանը, որպեսզի չասեր` ինչո՞ւ կանգնած էիր խոսում, չեզոք տոնով հարցրեց.

- Հյուրանոցիդ շինարարությունն ավարտեցի՞ր:

- Վաղո՜ւց,- ընկերոջ դեմքի մռայլ արտահայտությունն իսկույն փոխվեց,- աննման կառույց է,- և ինքնագոհ ժպտաց:

Մի ուրիշ հեռախոս զանգեց: Ի պատասխան աշխատասենյակի տերը գործարար տոնով ասաց` չորս-հինգ րոպեից ու դարձավ նրան.

- Չլինի՞ որոշել ես մնալ: Ասեմ, մի ընտիր համար առանձնացնեն` ջակուզիով, այլևայլ հարմարություններով,- և բութ մատը ցցելով երկիմաստ աչքով արեց,- արքայավայել կհանգստանաս:

- Հենց այնպես հարցրի:

- Մնա, երեկոյան կգամ, կզրուցենք, կհիշենք մեր ջահելությունը:

- Չէ, տուն պիտի գնամ, ավտոբուսի մեկնելու ժամն է:

Ընկերը ականջաբլթակը քորելով մտորեց մի քիչ, գրասեղանի գզրոցից ինչ-որ տուփիկ հանեց` լուցկու չափ, մեկնեց նրան:

- Ի՞նչ է դա:

- Մեր գերատեսչականն է, թեև դու ավելիին ես արժանի: Չվերցնես, կնեղանամ,- և գրեթե զոռով նրա գրպանը խոթեց: -Ներիր, որ ամեն ինչ այսպես հապճեպ ստացվեց... Տիգրան Ժամկոչյանը տուն վերադարձավ անտրամադիր: Մի տտիպ զգացում կար հոգում: Սեդան արդուկով էր զբաղված:

- Գոռիկն է զանգել,- ասաց:

- Ե՞վ...

- Մաղարիչ տուր, ասեմ,- կինը անսովոր ժպտաց:

- Առ,- գրպանից հանեց տուփիկը և պարզեց նրան:

- Մեդա՞լ...

- Ասելիքդ ասա:

- Ուսանողական խորհրդի երաշխավորությամբ,- ընդհատ ձայնով, դանդաղ, որ զսպեր հուզմունքը, ասաց Սեդան,- ամերիկահայ մի բարերար կհոգա տղայիդ ուսումը:

- Ոչ միայն հացիվ,- ինքնաբերաբար դուրս թռավ բերանից:

- Ի՞նչ,- հարցրեց կինը:

- Ոչինչ...


ԾԱՂԻԿՆԵՐ` ՀԱՄՇԵՆԻՑ[խմբագրել]

Նվիրում եմ Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկներին, այդ թվում և իմ Նարեկ որդուն

- Չէի՞ր ցանկանա մի անգամ ինձ հետ Թուրքիա գնալ:

- Դրա համա՞ր ես ինձ կանչել,- Նորայրը քմծիծաղ տվեց: - Ի՞նչ եմ կորցրել այնտեղ:

- Իսկ գո՞ւցե կորցրել ես:

- Դե, հա՜, Արևմտյան Հայաստանը:

- Կարող է՝ ոչ միայն դա:

Նա զարմանքով ու տարակուսած նայեց ինձ: Ես մի հայացք ձգելով մեր շուրջը՝ ձայնս իջեցնելով ասացի.

- Այնտեղ հանդիպել եմ մեկին, որը Նվերին շատ էր նման:

- Որտե՞ղ,-արագ հարցրեց:

- Խոփայում. ձկնորսական փոքրիկ նավահանգիստ է Սև ծովի ափին, Բաթումին համարյա թե կպած:


- Գիտեմ,- նա խոժոռ գլխով արեց:- Դու, ի՛նչ է, մորաքրոջդ տղային չե՞ս ճանաչում,-դա այնքան խիստ արտասանեց, որ ես փոքր-ինչ վիրավորվեցի, թեև ցույց չտվի:

- Չգիտե՞ս,-ասացի,- տարիքի հետ անճանաչելիության աստիճան փոխվում են մարդիկ: Այն ժամանակ Նվերը տասնութ-տասնինը տարեկան էր, հիմա…

- Հիմա՝ քառասուն,- Նորայրի ադամախնձորը թեթևակի ցնցվեց:

- Նա էլ այդքան կլիներ: Սիրուն, համակրելի տղամարդ էր: Ավելի շատ քեզ էր նման,- ասացի հանկարծակի, գյուտ արածի նման` հայացքս հառած Նորայրին: - Ես հենց հիմա տեղը բերի: Լավ հիշում եմ, քսան-քսանհինգ տարի առաջ դու ճիշտ այդպիսին էիր,-գոչեցի ոգևորված:

Նա անհանգիստ շարժվեց աթոռին.

- Բա չհարցրի՞ր, չխոսեցի՞ր հետը:

- Ինչպես չէ, խոսեցի, հարցրի անունը, բայց, կարծում եմ, նա խուսափողական պատասխան տվեց:

- Ի՞նչ ասաց:

- Ասաց՝ Նաթիգ է անունս:

- Հայերե՞ն էիք խոսում:

- Չէ, թուրքերեն:

Նկատեցի՝ ինչպես Նորայրի դեմքով ինչ-որ ստվեր անցավ:

Ջահել, ժպտերես մատուցողուհին մի-մի գավաթ սուրճ դրեց մեր սեղանին:

- Նվերը ո՞ր ոտքից էր վիրավորվել,- սիրտ արի հարցնել,- ա՞ջ, թե՞ ձախ:

Նորայրը անմիջապես չպատասխանեց, հայացքը բևեռել էր անորոշ մի կետի: Ու ես զգացի, թե որքան դժվար է նրա համար խոսել այդ մասին և ինչպիսի ծանր զգացում էր պարուրել նրան՝ անհայտ ճակատագրի մատնված որդուն հիշելով, թեև նրա դեմքին ոչ մի մկան չէր շարժվում, թեպետ արտաքնապես միանգամայն հանգիստ էր£ Երկար ժամանակ չէի հանդիպել Նորայրին ու հիմա գտա, որ նոր կնճիռներ են ավելացել դեմքին (թե՞ եղածներն էին թորշոմել): Մի խոսքով՝ իր տարիքից ահագին մեծ էր երևում ու երբեմնի պայծառ, կենսախինդ մարդը չէր այլևս:

- Նման տեղեկություն մեզ չեն հաղորդել,- ի վերջո պատասխանեց դժկամ:

Ես գավաթից մեքենաբար մի կում անելով, ասացի կամացուկ.

- Այդ տղամարդը թեթևակի կաղում էր աջ ոտքից:

Նա մի երկվայրկյան տատանվեց, հետո ծանր արտաբերեց.

- Ի՞նչ էր նա անում այնտեղ:

- Շուկայում պնդուկ էր վաճառում:

- Պնդո՞ւկ,- Նորայրը սառը ժպտաց և ափով շփեց կզակը:

- Հա, տկողին, տխիլ: «Գրանդ քենդի»-ից տասը տոննայի պատվեր ունեի, պիտի բերեի Երևան: Շուկայի նրանց ունեցածը կշռել-բարձելով, միասին (երկուսով էին) գնացինք մոտակա գյուղը և մնացածը տեղի պահեստից լրացրինք: Գյուղի շրջակա բլուրները պատված էին տխլենու անտառներով: «Այստե՞ղ եք ապրում»,- հարցրի նրանց: «Հա»,- ասաց մյուսը, որ երկար-բարակ բոյ ուներ: Ինքն ամբողջ ճանապարհին լուռ էր, մի բառ անգամ չարտահայտեց: Հարմար պահ որսալով՝ ասացի. «Դուք ոնց որ թուրք չեք»: «Մենք համշենցի ենք»,- պատասխանեց լողլողը ոչ առանց հպարտության: «Համշենահայե՞ր»,- ուզեցի ճշտել: «Ասացի՝ համշենցի»,- կարճ կապեց նա մի այնպիսի տոնով, որ ես այլևս հարցուփորձ չանեմ:

Նորայրը լուռ լսեց, ապա հարցրեց կիսաձայն.

- Այդ ե՞րբ է եղել:

- Մոտ մի ամիս առաջ:

Նա հանդիմանանքով, համարյա նեղացած վրա բերեց.

- Իսկ ինչո՞ւ հիմա ես ասում:

- Չգիտեմ… Տատանվում էի՝ ասե՞լը ճիշտ կլինի, թե՞ չասելը:

- Հո ուրիշ մեկին չե՞ս պատմել:

- Չէ, ի՜նչ ես ասում:

Նա լռեց բավական երկար: Ուշացումով նկատեցի, որ համակ ուշադրությամբ սրճարանում ոչ բարձր հնչող երգն էր ունկնդրում.


…Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն…

- «Մարտիկի երգը»… Դրան ես վաղուց նոր վերնագիր եմ տվել՝ «Նվերի երգը»,-հայացքը փախցնելով, ճիգով խոսեց Նորայրը:

Անկեղծ ասած՝ նրա հուզմունքը համակել էր նաև ինձ:

- Ե՞րբ ես գնալու այնտեղ,- անսպասելիորեն հարցրեց:

- Երկու-երեք օրից,- ասացի,- Երևանից «Մանչո գրուպի» զանգին եմ սպասում: Կգա՞ս ինձ հետ:

- Կգամ,- իսկույն պատասխանեց՝ կարճ ու վճռական, ապա խիստ պատվիրեց, որ Գոհար մորաքույրս ոչինչ չպիտի իմանա: -Կասեմ՝ քեզ հետ Ջավախք եմ գնում մի քանի օրով: Այնտեղ եմ, չէ՞, բանակում ծառայել: Կասեմ՝ օր-ծերության կարոտել եմ Աբուլ սարին ու Փարվանա լճին,-նա տխուր ժպտաց: -Ախալքալաքո՞վ չպիտի գնանք:

- Հա, Ախալքալաքով:

- Իսկ փաստաթուղթ-բա՞ն,- նա նայեց ինձ մի տեսակ անօգնական հայացքով: - Չէ՞ որ հայերիս առջև փակ է նրանց սահմանը:

- Դա ինձ թող: Քանի՜ տարի է՝ ամիսը մեկ-երկու անգամ գնում-գալիս եմ: Սահմանը Հայաստանի տարածքով է փակ, Վրաստանով՝ ոնց ջրի ճամփա: Անձնագիրդ հերիք է,-վստահեցրի նրան և սովորության համաձայն սուրճի դատարկ գավաթս շրջեցի պնակում ու տեսա, որ Նորայրն իր գավաթին ձեռք չէր տվել: Էլի մի քանի նախադասություն փոխանակելով մեր առաջիկա ուղևորության շուրջ, փողոց ելանք:

- Գո՞ւցե ուղեկցեմ քեզ,- հարցրի:

Նա բացասաբար շարժեց գլուխը, ձեռքն ինձ մեկնեց և փութկոտ քայլերով հեռացավ: Ասես ուշանում էր ինչ-որ կարևոր հանդիպումից: Ամենայն հավանականությամբ ցանկանում էր րոպե առաջ ներանձնանալ:

Ես հայացքով երկար ուղեկցում էի Նորայրին՝ երկու տասնամյակ առաջ անհայտ կորած որդու արագ ծերացող հորը, զգալով, թե ինչպես է սիրտս բաբախում անսովոր տրոփյունով, չէ՞ որ նրա վիշտն ինչ-որ չափով նաև իմն էր: Մտածում էի՝ ճի՞շտ վարվեցի, արդյոք, այդ ամենը նրան հաղորդելով, արժե՞ր քրքրել խեղճ մարդու չսպիացող վերքը: Իսկ եթե հանկարծ նա Նվերը չլինի՞: «Բայց եթե նա Նվե՞րն է»,- հուշեց մի ներքին ձայն…

Մտովի պատկերացրի Նվերին՝ ջահել, կիրթ, հավասարակշռված, մարդամոտ£ Համալսարանի վերջին կուրսում էր սովորում: Առաջնակարգ մարզիկ էր նաև: Կամավոր եկավ բանակ: Նախ Բեկոր Աշոտի վաշտում էր: Աշոտը նրան՝ որպես նորեկի, մարտի չէր տանում, և Նվերը` նեղացած, նորակազմ վաշտ տեղափոխվեց: 1992 թ. ամռանը Մարտակերտի շրջանում անփորձ, անվարժ զինվորները շրջափակման մեջ ընկան… Ինչ-ինչ աղբյուրներից իմացվեց, որ Նվերը վիրավորվել էր ոտքից և իբր բուժման էր տարվել Կիրովաբադի ռուսական հոսպիտալ: Միառժամանակ անց լուրեր շրջանառվեցին նրան պատանդ պահելու մասին, հետո՝ այլևս ոչ մի տեղեկություն: «Կարմիր խաչի», մյուս պատկան մարմինների փնտրտունքներն ապարդյուն անցան:

  • * *

Երկու օր անց, լույսը դեռ չբացված ճանապարհ ընկանք:

Մեզ հետ մի ուղևոր էլ էինք վերցրել: Տեղի մանրավաճառներից էր: Նորայրը հետո պիտի ասեր՝ մանրավաճա՞ռ, թե՞ մարմնավաճառ. միակ կատակը, որ հնչեց նրա բերանից այդ չորս օրվա ընթացքում: Նա, ճիշտ է, շատախոս չէր, բայց ճանապարհին ավելի լռակյաց էր դարձել: Խոսում էր առիթից առիթ: Պատճառը գո՞ւցե անծանոթ կնոջ ներկայությունն էր կամ գո՞ւցե թե առաջիկա հանդիպման անորոշությունն էր կաշկանդել նրան: Փոխարենը մեր ուղևորուհին էր չաչանակի պես շաղակրատում: Լավ պահպանված, կանացիությունը դեռևս չկորցրած, անորոշ տարիքի սպիտակամաշկ կին էր, նախկին բաքվեցի, անունը՝ Փերի: Նրա պահվածքից, խոսք ու զրույցից դժվար չէր կռահել, որ թուրքերի մոտ ելումուտ ուներ: Իր ասելով՝ կանացի ներքնաշորերի և արդուզարդի առևտրով էր զբաղվում:

Երբ Աղավնո գետի կամուրջն էինք անցնում, Նորայրն ասաց.

- Հազարամյակներ անց, Տիգրան Մեծից հետո հայոց երկիրը առաջին անգամ որոշակիորեն ընդարձակեց իր տարածքը՝ շնորհիվ արցախցիների: Զուր չէ Բագրատ Ուլուբաբյանը արցախահայությանը սերմացու ժողովուրդ անվանել:

- Սերմացո՞ւ,- Փերին սրտալի քրքջաց,- ամմա ասել է, է՜:

Հետո թութակի նման էլի ու էլի էր կրկնում և ծիծաղում լիաթոք, շաղահարելով փարթամ մարմինը: Կարծես ինչ-որ մեկը մատով ծածուկ, հերթով խտղտացնում էր նրա գերզգայուն անդամները:

Ախալքալաքում Նորայրը վաղեմի կարոտով հիշեց, որ ժամանակին ինքը ծառայել է այդտեղ տեղակայված դիվիզիայի տանկային գնդում: Մի քանի հետաքրքրաշարժ դրվագներ պատմեց:

- Զինվորական թաղամասը գետի հակառակ ափին էր,- ասաց,- կամրջով կապված քաղաքի հետ: Հիմա չկա: Սահակաշվիլին չէր հանդուրժել. ռուսներին թողած՝ թուրքերի հետ է եղբայրություն անում հայից պտկված ու իրեն վրացի հորջորջող այդ մանկուրտը:

- Դու խաբել ես մեզ՝ ասելով, թե առևտրական ես,- հուսավառ ծղրտաց Փերին հազվագյուտ գաղտնիք վերծանողի նման,- դու առևտրական չես:

- Ես թուրքական լրտես եմ,-անտարբեր վրա բերեց Նորայրն ու շարունակեց: -Քանի՜ հայկական եկեղեցի են վրացիները սեփականացրել այդ նույն Սահակաշվիլու թողտվությամբ: Այդպես է, ազգուրաց մարդուց, լուսահոգի հորս ասած՝ ամեն տեսակի շանտղություն կարելի է սպասել:

Ախալցխայի հյուրանոցում, ուր գիշերեցինք, հարկ եղավ մի քանի անհանգիստ ժամ անցկացնել: Նորայրի ճնշումը կտրուկ բարձրացել էր: Իր ամենօրյա դեղերը չէին ազդում: Ու այդտեղ հիշելով, որ երկու անգամ սրտամկանի ինֆարկտ էր տարել, տագնապահար եղա, սաստիկ զարմանալով, որ մինչ այդ երբեք չէի մտածել դրա մասին: Ես ինձ մեղավոր էի զգում նրան փորձության մեջ ներքաշելու համար: Շտապ օգնություն կանչեցինք: Եկան, սրսկեցին, ճնշումն իջավ: Բժիշկը հայուհի էր, խորհուրդ տվեց մի քանի օր անկողնում մնալ, մեկուսի հանդիմանելով ինձ` էս սրտով նրան էդ ո՞ւր եք տանում:

- Ոչ մի անկողին,- լուսաբացին կտրականապես հայտարարեց Նորայրը,- գնում ենք: Անհանգստանալու կարիք չկա: Պարզապես հոգնել էի: Տասնհինգժամյա ճանապարհը հո՞ կատակ չէ:

Սարփի անցակետը բարեհաջող անցնելով, մտանք Թուրքիա: Նորայրը, որ մինչ այդ բավական լարված վիճակում էր, մի տեսակ թեթևացած շունչ քաշեց: «Տեր Աստված,-մտմտում էի ինքս ինձ,- այնպես արա, որ Նվերը լինի»:

Ի դեպ, թվում էր՝ թուրք սահմանապահներին ու մաքսատան ծառայողներին բնավ չէին հետաքրքրում իրենց երկիր մտնող մարդիկ, փոխարենը մանրամասնորեն տրանսպորտային միջոցներն էին զննում: Թե՛ այդտեղ, թե՛ Վրաստանում ավտոտեսչի երես չտեսանք, մինչդեռ մերոնք գրեթե ամեն կեռմանում կանգնեցնում էին մեզ:

Փերին երբ իջավ Խոփայում (այնտեղից Տրապիզոն պիտի գնար), Նորայրը տհաճորեն քրթմնջաց.

- Առաջներում հայ կանայք թուրքի ճանկից խուսափելու համար իրենց գցում էին քարաժայռերից կամ գետն էին նետվում, իսկ հիմա իրենք են իրենց թուրքի գիրկը նետում:

- Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր,- մտմտացի ես:

Նա թեք նայեց ինձ.

- Ինչքան էլ դառը լինի, պիտի ընդունել, որ երեկվա սեխագլուխ, կապկակերպ, այլանդակ արարծները, հարյուրամյակներ ի վեր բռնությամբ իրենց ձուլելով հայերին, հույներին, ասորիներին և մյուս բնիկներին, այսօր աշխարհի ամենագեղեցիկ ազգերից մեկն են համարվում:- Հետո թե՝ եթե 1920 թվականին Սևրի պայմանագիրը ուժի մեջ մտներ, այս հողերը, Տրապիզոնով հանդերձ, կրկին մերը կլինեին:

- Գոնե եղածը կարողանանք պահել,-ասացի:- Լսե՞լ ես այս անեկդոտը: Եզդին ասում է՝ հայ ժողովուրդը շատ լավ ժողովուրդ. Թիֆլիսը սարքին՝ տվին վրացոց, Բաքուն սարքին՝ տվին ադրբեջանցոց, Երևանն էլ սարքում են՝ տան մեզ, իրանք գնան Ամերիկա:

Նորայրը չարձագանքեց: 
- Հասնո՞ւմ ենք,- հարցրեց մտասույզ:
- Շուտով,-ասացի: - Առջևում նորից  Ճորոխը պիտի լինի:

- «Աստվածաշնչում» հիշատակված չորս գետերից մեկն է,- հուշեց նա,- որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից:

- Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ:

- Այո: Ճորոխը Հին կտակարանի Փիսոնն է, Արաքսը` Փասիսը: Եփրատ ու Տիգրիս անունները մնացել են անփոփոխ:

- Ասել է թե` դրախտը Հայաստանո՞ւմ էր:

- Այդպես է ստացվում:

Ճորոխի կամրջին չհասած, Չատ լեռնանցքին հասվեհաս՝ Արդվին տանող խճուղուց կտրուկ թեքվելով աջ, բռնեցինք վերընթաց, դեպի լեռները ձգվող գալարուն ճանապարհը:

Շուրջբոլորը լավ խնամված, աչք շոյող պտղատու այգիներ էին՝ դեղնակարմիր զուգսեր հագած. ձիթենի, խնձորենի, թզենի, փշատենի, նշենի…

- Աշխարհի մասշտաբով պնդուկի բերքի երկու երրորդը Թուրքիային է բաժին ընկնում,- ասացի:

- Դիմացի սարը Խաչքար է կոչվում,- Նորայրը ձեռքն առաջ մեկնեց, - թուրքերը Քաչքար են ասում: - Ավելի հեռվում Վերջնբակ լեռն է:

- Դու ոնց որ նախապես լավ ուսումնասիրել ես մեզ հետաքրքրող տեղանքը: Թուրքիային փնովում ես, տես՝ ինչ բարեկարգ ճանապարհներ ունի: Հզոր երկիր է դարձել:

- Ուրիշից խլած հողերի վրա:

- Չտային…

Քառորդ ժամ անց մեր առջև արդեն ծանոթ քրքմագույն, ճաղապատ բաց դարբասն էր, որին ամրացված ժանգոտած ցուցանակին լատինատառ ինչ-որ գրություն կար (նախորդ անգամ չէի նկատել): Մեքենան ուղիղ քշեցի ներս և կանգնեցրի դարբասին հարող փոքր տան առաջ:

Թեթևակի մթնշաղ էր, բայց դեռևս պարզորոշ երևում էր ամեն ինչ: Ընդարձակ բակի խորքում, պահեստի սպիտակ շենքի առջև երկու տղամարդ փայտ էին սղոցում: Իսկույն ճանաչեցի: Լողլողը ձեռքը բարձրացնելով՝ նշանացի շարժեց, գլխի գցելով, որ հիմա կգան:

- Նայիր, նրանք են,-մատնացույց անելով, թեքվեցի, իջեցրի Նորայրի կողադռան ապակին:

- Ի՞նչ,- անհամբեր հարցրեց:

- Անցյալ անգամ նրանց հետ եմ Խոփայից այստեղ եկել:

Նորայրը աչքերը կկոցած՝ ուշադիր նայեց ձեռքիս ուղղությամբ ու շարժեց շրթունքները, սակայն ոչ մի հնչյուն չկարողացավ արտաբերել: Երբ կարմիր վերնաշապկով տղամարդը շրջվեց դեպի մեզ, նա ձեռքով բռնեց սիրտը, կարծես ցանկանալով մեղմացնել դրա խփոցները և գրպանից մի փոքրիկ սրվակ հանելով, ինչ-որ հաբ գցեց բերանը:

- Նվե՞րն է,- շշուկով հարցրի,- կարմիր շորովը:

Նա նայում էր մի տեսակ ցրված ու ասես չէր լսում: Վայրկենական մի սարսափ համակեց ինձ, կրկին վերհիշելով նրա ինֆարկտները: Նորայրը գունատ էր, այտերը ձգվել էին, դեմքը սրվել էր լարվածությունից: Այնուամենայնիվ, հարցս կրկնեցի, մեղմ հպվելով նրա ուսին: Նորայրը կմկմաց, թվաց՝ կորցրել էր խոսելու ունակությունը: Հաջորդ ակնթարթին, կարծես թե չհավատալով սեփական աչքերին, նա թեթևակի շարժեց գլուխը: Կոկորդս սեղմվեց, և բերկրանքի մի թույլ ճիչ դուրս թռավ իմ բերանից:

Նրանք արդեն մոտեցել էին:

- Լուռ նստած մնա և մի հուզվիր,-խրատական տոնով պատվիրեցի Նորայրին ու ցած իջնելով, ընդառաջ ելա:

Երկուսով հին ծանոթի պես հերթով սեղմեցին ձեռքս:

- Ուրախ եմ մեր բարեկամին նորից տեսնելով,- շողոմ ժպտաց լողլողը, ցուցադրելով դեղնած, նոսրացած ատամները,- ընկերո՞վ ես եկել:

- Հա,- ասացի,- քեռիս է՝ գնորդը, նրա համար ենք եկել:

- Իսկ ինչո՞ւ չի իջնում մեքենայից:

- Ճիշտն ասած՝ մի քիչ վատ է զգում: Դե, երկար ճանապարհ է, գիտեք:

Այդ պահին երկրորդ տղամարդը, որ Նվերը պիտի լիներ, հպանցիկ նայեց խցիկին և, Տե՜ր Աստված, տեսնեիք, թե ինչպես ակնթարթորեն փոխվեց նրա դեմքը… Դա բառերով անկարելի է արտահայտել:

- Հիմա կասեմ, կիջնի,- հուզմունքս հազիվհազ զսպելով` մոտեցա, բաց արի դռնակը: -Հաստատ Նվերն է,- համոզված ասացի, սեղմելով Նորայրի ձեռքը: Նա վստահ գլխով արեց: Աչքերը ջրակալվել էին: Ես փորձեցի սիրտ տալ նրան: - Քեզ հավաքիր և հանգիստ իջիր մեքենայից, ուրիշ ոչ մի խոսք, չէ՞ որ օտար մարդ կա մեր կողքին:

Նորայրը մինչ կիջներ, նրանց մոտ դեռատի մի կին հայտնվեց` փոքրիկ աղջնակի ձեռքից բռնած: Նրանք ինչ-որ բան էին խոսում: Հետո այդ կինը մեր կողքով անցնելիս նախ նայեց Նորայրին, ապա` ինձ և նորից` Նորայրին, ու ձեռքն արագ բերանին տանելով, շտապ տուն բարձրացավ, հետևից ձգելով երեխային:

- Բարով եք եկել,- լողլողը հարգալից գլուխ տալով, ձեռքով բարևեց Նորայրին:

Նվերը` մեկուսի կանգնած, միայն կզակի թեթև շարժումով ողջունեց, առանց աչքերը բարձրացնելու:

Ես ցնցվեցի նրա անտարբեր վարմունքից` մի՞թե չճանաչեց: Նորայրն ապրի, իրեն պինդ պահեց: Հուզումը մեղմելու համար տան շուրջը բոլորած հսկա շագանակենիներին էր նայում անքթիթ:

Դառնալով մեր այցին, լողլողը գործարար տեսք ընդունելով, ասաց, թե հիմա ուշ է, ինքը տուն է շտապում և բեռնման գործը մնում է վաղվան: Այն մտքից, որ շուտով մենք մենակ կմնանք, ես ու Նորայրը սրտապնդող հայացքներ փոխանակեցինք:

- Իսկ դուք որտե՞ղ պիտի գիշերեք,- հանկարծ հարցրեց լողլողը:

- Գուցե՝ մեզ մոտ,- անվստահ պատասխանեց Նվերը:

- Ձեր տա՞նը,- նա զարմացած հոնքերը վեր ձգեց:

- Ես մեքենայում կքնեմ,- արագ վրա բերեցի,-իսկ քեռուս համար կվճարենք:

Լողլողը կարծես թե գոհ մնաց և բարի գիշեր մաղթելով, լայն-լայն քայլերով հեռացավ:

Արդեն սկսել էր նկատելի մթնել:

Նվերը առաջ ընկնելով, մեզ տուն հրավիրեց` օտարի պես:

Նորայրը ցածլիկ աստիճաններով հազիվ վեր բարձրացավ: Ոտքերն ասես չէին ենթարկվում իրեն, և նախքան ներս մտնելը մի պահ կաշկանդված կանգնած մնաց դռան մոտ, չհամարձակվելով առաջ շարժվել: Նա թերևս հուզախռովքի մեջ էր: Ես ցնցեցի նրա թևը:

- Ինչո՞ւ եք կանգնել,- ներսից կանչեց Նվերը՝ հայերեն:

Նորայրը վերջապես սթափվեց: Ես նկատեցի, թե ինչպես մեկեն պայծառացավ դեմքը, ու նա զգուշորեն, նոր-նոր քայլող մանկան նման շարժվեց ձայնի ուղղությամբ:

Նվերը համրաքայլ ընդառաջ եկավ: Երբ ընդհուպ մոտեցան, Նորայրը` ձեռքերը լայն տարածած, կերկերուն, սրտակեղեք բացականչեց.

- Նվե՜ր, որդի՜ս…

- Հայրի՜կ,- հոգեցունց, տառապալից ձայնով արձագանքեց Նվերը և փաթաթվեց հորը:

Նրանց ուսերը շարունակ ցնցվում էին տենդորեն: Այդպես երկար մնացին կանգնած հայր ու որդի՝ իրար ամուր գրկած: Կա՞ ավելի ծանր, սրտամաշ բան, քան հասուն այրերի խուլ հեծկլտոցը: Նրանց նայելով, ես անկարող էի խեղդել արցունքներս:

Հետո Նորայրը, աչքերը սրբելով, ինչ-որ բան ասաց£ Նվերը շրջվեց իմ կողմը և հետաքրքրությամբ նայեց աչքերիս: Իսկ և իսկ Նորայրն էր` ջահել ժամանակ. նույն լայն ճակատը, խոհուն, թախծոտ աչքերը, վայելուչ դիմագծերը:

- Քո Գոհար մորաքրոջ…

Մինչ Նորայրը կավարտեր ասելիքը, Նվերը վանկ առ վանկ տվեց անունս, ու մենք ջերմ կարոտով ողջագուրվեցինք:

- Այս երջանկությունը, Նվեր ջան, նա է մեզ պարգևել,- Նորայրը խաղաղված շունչ քաշեց, կողքի աթոռին նստելով:

Ես ու Նվերը նույնպես նստեցինք կողք կողքի: Բոլորս մի տեսակ շփոթահար, ինքնամփոփ վիճակում էինք:

- Մայրիկն ինչպե՞ս է, հայրիկ,- հարցրեց Նվերը անզուսպ կարոտով:

- Լավ է, անհոգ մնա: Տանն ամեն ինչ կարգին է:

- Ներիր, որ անցյալ անգամ այդպես ստացվեց,-Նվերը մտերմիկ հարազատությամբ բռնեց ձեռքս:

Կից սենյակից, որի կիսաբաց դռնից գլուխը հանել, մեզ էր նայում քիչ առաջ բակում մեր տեսած փոքրիկ աղջնակը, հեկեկոցի ձայն լսվեց: Նվերը մոտ գնաց, աղջնակին ներս տանելով, դուռը փակեց հետևից:

- Նրան կաղալիս տեսնելով, սիրտս կտոր-կտոր է լինում,- խոր կսկիծով հոգոց հանեց Նորայրը: - Գլուխն էլ սպիտակել է: - Իրոք, Նվերի մազերը քունքերի մոտ սկսել էին ճերմակել:

Ոչ մեծ սենյակը, որտեղ մենք էինք, խղճուկ տեսք ուներ: Կրով սպիտակեցրած մերկ պատերն ու առաստաղը հիվանդասենյակի տպավորություն էին թողնում: Կենտրոնում մոմլաթե գունաթափ սփռոցով կլոր սեղանն էր` չորս խարխուլ աթոռներով, պատի երկարությամբ ինքնաշեն թախտ էր դրված` քրքրված կարպետով ծածկած, կողքին՝ մուգ կապտաներկ պահարան: Միակ աչքի զարնողը թերևս դիմացի պատի` ոսկերիզ շրջանակի մեջ առնված նկարն էր, որից մեզ էր նայում միջին տարիքի անծանոթ մի տղամարդ` բաց գույնի աչքերի վստահ հայացքով: Ուզում էի հարցնել նրա ով լինելը, բայց չհամարձակվեցի:

Երկու-երեք րոպեից Նվերը վերադառնալով, մոտեցավ հորը և մեղավոր կիսաժպիտով ձեռքը նրա ուսովը գցեց.

- Իմացել է, որ դու ես… Ասում է` դեռևս բակում է դա զգացել, քեզ տեսնելուց:

- Իսկ ինչո՞ւ է լաց լինում:

- Ուրախությունից է լալիս, հայրիկ, բարեբախտություն է համարում, որ վերջապես մենք գտել ենք իրար,-Նվերի ձայնը դողաց:

- Նա գիտի՞, որ…

- Նա ամեն ինչ գիտի, հայրիկ, ամեն ինչ: Եվ խնդրում է թույլ տաս, որ գա ձեռքդ համբուրի:

Ես ու Նորայրը բնազդորեն նայեցինք միմյանց: Այդ չվրիպեց Նվերի աչքից:

- Դա հարգանքի, երախտիքի, նվիրվածության արտահայտություն է համարվում այստեղ,- հանգիստ բացատրեց նա` վերջին բառը շեշտելով:

- Լավ, թող այդպես լինի,- Նորայրը ոտքի կանգնեց:

- Պարտադիր չէ կանգնել,- ասաց Նվերը:

- Թող իմանա, որ ես էլ իրեն եմ հարգում,- առարկություն չհանդուրժող տոնով ասաց Նորայրը, ու երեքով աննկատ ժպտացինք:

Նվերի կանչով կինը ներս մտավ հուշիկ, կաշկանդված քայլքով: Նա հազիվ քսանհինգ տարեկան էր` սիրուն աչքունքով, ուղիղ, հավասար մասի սանրված սևսաթ վարսերով: Մի ակնթարթ կանգ առավ շփոթված, ապա մոտենալով, ծունր դրեց Նորայրի առաջ և նրա աջն առնելով, վեհերոտ համբուրեց: Կնոջ աչքերն իսկույն արցունքով լցվեցին:

Նորայրը, որ ուշի-ուշով նրան էր նայում, փոքր-ինչ հակվելով, ասաց խորին զգացմունքով.

- Շնորհակալ եմ, աղջիկս:

Կինը` նրա ուշադրությունից զգացված, լուռ ժպտաց, ամոթխածությամբ մի կողմ նայելով: Ապա ափերով ծածկեց դեմքը և մրմնջաց աղերսագին.

- Հայրիկ, խնդրում, աղաչում եմ, Նվերին չխլեք մեզանից…,- նա դժվարությամբ արտասանեց այդ բառերը, հուզմունքից կմկմաց, և արցունքներն սկսեցին հոսել այտերն ի վար:

- Նրան թվում է, թե եկել եք ինձ տուն տանելու,- ցածր, խզված ձայնով արտաբերեց Նվերը:

«Ու՜ր է, թե նման հնարավորություն ունենայինք»,-անցավ իմ մտքով:

- Բալիկ ջան, մենք ձեզ իրարից բաժանելու նպատակով չենք եկել,- նրան հանգստացրեց Նորայրը:

- Կարողանում եք,- լացակումած շարունակեց կինը,- մեզ տարեք այստեղից,- և ուղղվելով ու խոնարհ գլուխ տալով, անշշուկ կողքի սենյակը մտավ:

Մի որոշ ժամանակ լուռ էինք:

- Անունն այդպես էլ չիմացանք,- լռությունը խզեց Նորայրը:

- Չե՞մ ասել,-Նվերը զարմացավ ու ինքնակշտամբանքով օրորեց գլուխը: -Ռեհան է անունը:

-Նա քեզ Նվե՞ր է ասում,- հարցրի ես:

- Այո, բայց միայն տանը,- անկեղծորեն պատասխանեց Նվերը,-ես այստեղ Նաթիգ եմ…

- Կարևորն այն է, որ դու կաս, Նվեր ջան,- քնքշանքով նկատեց Նորայրը:

- Ես հիմա որ կամ, այս աղջկան եմ պարտական,-նա ձեռքը մեկնեց դեպի հանդիպակաց դուռը: - Քանի՜ տարի է` սովորություն էր դարձել, անցնող օրերը մեկ առ մեկ ջնջում էի օրացույցին, երբ նկատեց, լաց ու կոծ արեց, ասաց` օրեր ես հաշվում, որ գնաս, հեռանաս: Խղճացի նրան և այլևս չէի ջնջում… Ինչո՞ւ չխոստովանել, պահեր են եղել, երբ կամեցել եմ գիշերով կտրել-անցնել դիմացի սարը, մի քանի ժամվա ճանապարհ է, մտածելով` ինչ լինում է, թող լինի, բայց միշտ զղջացել եմ. սրանց ո՞նց թողնեի անտեր, իրենց ո՞ր մեղքի համար… Հիմա ես նրանց մասին ավելի շատ եմ մտածում, քան` իմ,- Նվերը քնքշորեն շոյեց աղջնակի գլուխը, որ ոսկեծամիկ տիկնիկը պինդ գրկած` եկել նստել էր հոր ծնկներին ու շարունակ անմեղ, խաղացկուն ժպիտով, աչքի տակով մերթ ինձ էր նայում, մերթ Նորայրին: Մոր նման թուխթավ մազեր ուներ, բայց դիմագծերը Նվերին ավելի մոտ էին: Ասում են` երեխաները մարդկանց ճանաչում են ինչ-որ ներքին հոտառությամբ: Տեսնել էր պետք, թե աղջնակն ինչպիսի ինքնամղումով ձգվեց դեպի Նորայրի` իրեն մեկնած ձեռքերը:

- Քանի՞ տարեկան ես,- նրան կրծքին սեղմելով, հարցրեց Նորայրը:

Աղջնակը, բութ մատիկը ծալելով, փափլիկ թաթիկը վեր պարզեց:

- Ի՞նչ է անունդ:

- Գոար,-հնչեղ թոթովեց նա:

- Մայրիկի անունն ենք դրել,- Նվերը հազաց ափի մեջ:

Այդ պահին ներս մտավ Ռեհանը և լռելյայն սպիտակ, մաքուր սփռոց գցեց սեղանին: Նկատեցի, որ նրա դեմքին մտահոգության հետք անգամ չկար:

Լուռ, կարճատև ընթրիքից հետո Նորայրը (նա գրեթե ոչինչ չկերավ), որ աչքը Նվերից չէր կտրում, կարծես չհավատալով, որ գտել է որդուն և հիմա նստած էին կողք-կողքի, խոսեց.

- Նվեր ջան, ուզում եմ իմանաս, որ մենք ամեն ինչ արել ենք քեզ գտնելու համար…

- Մի՞թե կարող եմ կասկածել, հայրիկ:

- Բայց ինչպե՞ս պատահեց,- հարցրի ես,- ձեր տղաներն իրար հակասող բաներ էին պատմում:

Մեր ճնշվածությունն արդեն անցել էր:

- Ինչպե՞ս պիտի պատահեր: - Նվերը կտրուկ ցնցեց ուսերը: -Տեղանքն առանց հետախուզելու մեզ հրամայել էին գրավել մոտակա բարձունքը: Երբ թուրքերը հանկարծակի երևացին, վաշտը փախավ, ու մենք` չորս առաջապահներս, շուրջկալի մեջ ընկանք:

- Ասում էին` իբր նրանք տանկերով էին հարձակվել:

- Տանկ-բան չկար: Իրենց փախուստն արդարացնելու համար էին ստել: Միայն հետևակն էր, այն էլ` ոչ մեծաքանակ:

Նորայրը, ձեռքերը տարածելով, ծոր տվեց դառնությամբ.

- Քեզ թողել այնտեղ, մեր տուն էին եկել, թե` Նվերը չի՞ եկել:

- Քեզ իսկապե՞ս վիրավորելուց հետո Կիրովաբադ` հոսպիտալ էին տարել,- հարցրի:

- Այո,- հաստատեց Նվերը` մատները կոտրատելով,- որպես ծախելու կամ փոխանակելու ապրանք: Բայց մինչ այդ ուզում էին հենց տեղում գնդակահարել: Նրանց սպան չթողեց, ասաց` կարող է պետք գալ: Իմ բախտը բերել է (եթե կարելի է այդպես արտահայտվել) ոչ միայն այդտեղ: Ես առնվազն հինգ-վեց անգամ փրկվել եմ ստույգ մահից£ Ամեն ինչ ասես կատարվում էր վերին կամքով...

- Մայրիկդ ասում է` Նվերին ասել եմ` խաչը կարել եմ բաճկոնիդ ծոցագրպանում, -Նորայրը դժվարությամբ էր բառեր գտնում,- իսկ նա ասել է` խաչը սրտում պիտի կրել, ոչ թե գրպանում:

Նվերը հաշտ գլխով արեց, գուցե և հիշեց մորը.

- Մինչ ոտքս կբուժվեր, ինչ-որ մարդիկ եկան, հետաքրքրվեցին իմ կենսագրությամբ: «Հայրդ, ուրեմն, ինստիտուտում դոցենտ է, մայրդ` մանկաբո՞ւյժ»: Այո, ասացի: Ըստ երևույթին, նրանք իմ ինքնարժեքն էին ծանրութեթև անում…

- Փոխանակումներ լինում էին: Մենք նույնպես հույս էինք փայփայում, բայց մերը ոչ մի կերպ չստացվեց,-վշտացած ասաց Նորայրը:

- Որովհետև այդ գործով զբաղվում էին ոչ թե նրանք, ովքեր մեզ մարտի էին տանում, այլ` նրանք, ովքեր մեզ մարտի էին ուղարկում,- ավելացրի ես:

- Լավ, ինչ եղել` եղել է,- Նվերը գորովալի ջերմությամբ կիսագրկեց հոր մեջքը: - Հոսպիտալից ինձ ինչ-որ գյուղ տարան` աչքերս փակած: Երևի Բարդայի կամ Եվլախի շրջանում էր: Նկուղում էին պահում, շղթայակապ: Արշակ II արքայի պես,- մի դաժան ժպիտ դրոշմվեց նրա շուրթերին: - Երբ ցրտերն ընկան, ինձ մեծահոգաբար գոմ տեղափոխեցին: Ախոռում էի քնում, ծղոտի վրա: Գոմեշների, կովերի, ոչխարների հարևանությամբ: Թե ինչ նպատակով էին պահում` չեմ կարող ասել: Ինձ հետ համարյա չէին հաղորդակցվում: Տանը մի շատ ծեր կին կար: Մեկ-մեկ թաքուն ուտելու բան էր բերում ինձ` խնձոր, կոնֆետ… Ու ես սրտացավ պառավ դեդիին էի հիշում` Գիքորի միակ պաշտպանին… Վեց-յոթ ամիս մնացի այդ գյուղում: Հետո ինչ-որ զինվորականներ եկան և «Ուազով» ինձ տեղափոխեցին Բաքու` բանտ: Բանտի կարգուկանոնը մի քիչ խիստ էր, բայց դիմանում էինք: - Ինձ թվաց` հորը խնայելով, նա ամեն ինչ չէր պատմում:- Հաճախ էին տանում ցեմենտի գործարանում աշխատեցնելու: Պատահում էր` տեղից-տեղ էին փոխադրում, հավանաբար, «Կարմիր խաչից» ռազմագերիներին թաքցնելու միտումով: Մի օր բժիշկներ բերեցին` մեզ զննելու, ինչը հազվագյուտ երևույթ էր: Ինձ ու էլի մեկին, որն առողջական լուրջ խնդիրներ ուներ (շարունակ հազում էր ու փսխում) առանձնացրին և բանտի նկուղ իջեցրին: Սկզբում կարծում էի բուժման նպատակով էին մեզ ջոկել, չենթադրելով, որ նրանք ուղղակի խոտանել էին երկուսիս: Նկուղը բետոնապատ էր, խոնավ, մութ, ցուրտ: Ես, սակայն, գրեթե ոչինչ չէի զգում: Անկեղծ ասած` վաղուց ձանձրացել, հոգնել էի կյանքս այդպես` ողորմության նման քարշ տալուց, զզվել էի ապրելուց: Թվաց, թե հաճույք ստացա, երբ մեզ նկուղ բերող զինվորներից մեկը «բարի գիշեր» մաղթելու պես ասաց` առավոտ ծեգին ձեր վերջը տալու ենք:- Նվերը խոսում էր հանգիստ, ընդմիջումներով, առանց շտապելու, մինչև իսկ, կարծես թե անվրդով, ասես ուրիշի մասին էր պատմում, ինչը չէր կարող չզարմացնել մեզ: -Մայրիկին էի հիշում, քեզ էի հիշում, հայրիկ, և չէի ուզում մեռնել: Բայց հետո գտա, որ մեկ է` դուք չեք իմանա` ո՞ղջ եմ, թե՞ մեռած: Այդ մտքից նորից ապրելս անիմաստ թվաց: Եղբայրներիս` Պերճին, Արմանին, Մհերին էի հիշում, որին, բոլորս քեզ պես Փոքր Մհեր էինք ասում, ու նրանց համար ուրախանում էի, որ դեռ անչափահաս են£ Վեհանուշ քույրիկիս համար էի նաև ուրախ, որ աղջիկ էր ծնվել ու նրան երբեք կռիվ չեն տանի...

Մի տեսակ գոհ էի ինձանից, որ կռվում չզոհվեցի, այլապես ձեր բոլորին մեծ վիշտ պատճառած կլինեի, իսկ իմ այսպես` անհայտ մեռնելը, թվում էր, անհամեմատ հեշտ կլիներ ձեզ համար, թեպետ համոզված չէի, թե դուք կաք, թե դուք զերծ եք մնացել թշնամական օդուժի ռմբակոծություններից: Ես չգիտեի, չէի կարող իմանալ` ինչ էր կատարվում ռազմաճակատում: (Շատ հետո պիտի իմանայի ամեն ինչ): Այդ ժամանակ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի զգալի մասը հակառակորդի ձեռքին էր: Գո՞ւցե արդեն ամեն ինչ վերջացել է, և մենք տանուլ ենք տվել, չէ՞ որ այդ տականք ռուսներն սկսել էին նրանց օգնել: Ահա այդպես էի մտածում ես այն գետնահարկում, ուր անտանելի ցուրտ էր, ինչից վիրավոր ոտքս մրմռում էր,- Նվերը մատներով շոշափեց աջ սրունքը,- բայց ոչ մի նշանակություն չէի տալիս դրան, որովհետև ես ինձ չէի զգում, ոտքերս, ձեռքերս, ամբողջ մարմինս կարծես փոխառված էին, կարծես թե իմը չլինեին: Եվ անիմաստ, անհեթեթություն էր թվում դրանց գոյությունը: Ես մի կատարյալ անզգա էի դարձել ու չէի խղճում դրանց, ասել է թե` ինձ: Կներես, հայրիկ, քեզ էի խղճում, մայրիկին էի խղճում, որ իմ անհայտությամբ ձեզ ցավ էի պատճառել: Ու դրա համար անգթորեն ատում էի ինձ: Ես մի գարշելի արարած էի իմ աչքում£ Ամենաշատը, սակայն, կողքինիս էի խղճում, որը թրջել էր շալվարը և ամբողջ գիշեր ինքնիրեն խոսում էր, ինչ-որ անուններ ծամծմում, սուգուլաց անում, տենդի մեջ ընդհատ-ընդհատ կրկնելով` ես չեմ ուզում մեռնել, ես ապրել եմ ուզո՜ւմ… Այդ բառերն էր նա խռպոտված արտասանում` ոտքերն ու ձեռքերն անօգուտ թափահարելով, երբ լուսաբացին երեկվա նույն երկու զինվորները նրա թևատակերից բռնած` դուրս էին տանում: Երկու-երեք րոպեից կրակոց լսվեց, ու նա ձայնը կտրեց…

Այդ երկուսը հետ եկան ու ինձ դուրս բերին: Նրա մարմինն անշնչացած փռված էր բակում: Ուղիղ ճակատին էին խփել,- ավելացրեց Նվերը՝ բառերը դանդաղ արտաբերելով:- Մինչ քաղաքացիական հագուստով երեք պատկառելի անձինք չորս կողմից ինձ էին տնտղում` ցածրաձայն ինչ-որ բառեր փոխանակելով, իմ մեջ հանկարծակի մի հանդուգն միտք հղացավ. անհողդողդ կեցվածք ընդունել, խորհրդային հակաֆաշիստական ֆիլմերի հերոսների նման, բայց դա շատ ծիծաղելի թվաց, ու ես վերջնականապես համոզվեցի, որ իրականում այդպիսի բան չէր կարող լինել և որ այդ ամենը լոկ սիրուն առասպել, գեղարվեստական հնարանք էր: Համենայնդեպս, թեթևություն զգացի, որ մեռնելն ինձ համար սարսափելի չէր: Նրանցից մեկը, որ ոսկե ատամնաշար ուներ, հարցրեց, թե ոտքս հո նեղություն չի՞ պատճառում: Ես անակնկալի եկա գնդակահարվելուց առաջ ինձ ուղղած այդ բարեսրտությունից և ասացի` ոչ, լրիվ առողջացել է: Ու հրաշք կատարվեց: «Տարեք ներս»,- ասաց նույն մարդը: Քիչ էր մնում հարցնեի կամ, չեմ հիշում, գուցե և հարցրել եմ` ինչո՞ւ ինձ չեք սպանում, ու նրանք քրքրջացել են: Ինձ, ուրեմն, նորից նկուղ վերադարձրին, երբ իմ մեջ սաստկացել էր սպանվելու, մեռնելու ցանկությունը: Այդ պահին մի առնետ հայտնվեց կողքիս: Ես, գիտես, հայրիկ, նողկանք էի զգում կրծողներից, բայց ուրախացա նրա ներկայությունից: Չգիտեի` ինչ էր կատարվում ինձ հետ: Ես ես չէի… Կեսօրին նոր բանտարկյալներ նկուղ բերեցին:- Մի պահ լռելուց հետո շարունակեց Նվերը:- Բոլորը հայեր էին: Հետո պիտի իմանայի, որ նրանցից շատերը տարբեր երկրների քաղաքացիներ էին, և նրանց այս ու այն գնացքից են որսացել: Մի իրանահայ էլ կար: Հիշողությանս մեջ տպավորվել է նրանցից մեկը, 40-45 տարեկան կլիներ, Ծալկայի ինչ-որ գյուղից£ «Հոգնել եմ հայ լինելուց,- ասել է նա,- կուզեի վրացի լինել»£ «Ինչո՞ւ»,- հարցրել ենք զարմացած£ «Միմիայն այն բանի համար, որ բոլոր վրացիք ապրում են միասին, իրենց հայրենիքում»... Երեկոյան դեմ բոլորիս զինվորական ծածկած բեռնատարով տարան օդանավակայան և ինքնաթիռով բերին Տրապիզոն: Այնպես էի ուզում, որ օդանավը աղետի ենթարկվեր… Հիսուն հոգի էինք: Այդտեղից, դարձյալ փակ ավտոմեքենայով, հասցրին Մուրղուլի պղնձահանքերը: Մոտիկ է այստեղից: Դա տասնհինգ տարի առաջ էր, 1998 թվականին: Տասը տարի հանքափոր էի,- Նվերը ձեռքը թափ տվեց: -Ավելորդ եմ համարում պատմել այդ մասին: Ասեմ միայն, որ չնայած ծանր, տաժանակիր աշխատանքին, չնայած համոզված էի, որ ինձ աշխարհին կապող այլևս ոչինչ չկար և որ այդ հանքախորշը իմ ու մյուսների համար գերեզմանափոս պիտի դառնար, այդուամենայնիվ, իմ մեջ նորից արթնացել էր ապրելու անդիմադրելի տենչը, ինչն ապշեցնում էր ինձ: Եվ այն ստիպում էր դիմանալ, տոկալ, մարտնչել ինքս իմ դեմ: Հիշում էի, հայրիկ, քո սիրած Հեմինգուեյին` մարդուն կարելի է ոչնչացնել, սակայն անկարելի է նրան հաղթել: Հաճախ էիր կրկնում:

- Այո,- Նորայրը, որ շարունակ մտահույզ մատներն էր տրորում, հանդարտ ճոճեց գլուխը:

- Բայց պատահեց հերթական փորձանքը: Հանքում փլուզում եղավ: Թե քանի օր մնացինք մեկուսացված, չեմ կարող ասել: Յոթ հոգով էինք: Երբ փրկարարները օդանցք բացեցին, ինձ հետ այդ վեցի դիակը դուրս բերեցին: Գազաթունավորումից խեղդամահ էին եղել: Երևի ինձ նույնպես նրանց հետ թաղելու տանեին, եթե դարձյալ հրաշք (այլ բառով չես կոչի) տեղի չունենար: Ամերիկայից ժամանել էր հանքի նոր սեփականատերը (նախկինը տեղացի թուրք էր), որն, ինչպես հետո իմացա, ավելի վաղ գնել էր այս տարածքը, ուր հիմա մենք ենք: Մաքս է նրա` իմ փրկիչի անունը,- Նվերը հայացքով ցույց տվեց պատի նկարը,- Մաքս Ադամս: Իմ տարիքին կլիներ: Երբ կռացավ, հոգատարությամբ բռնեց ձեռքս, ես փոքր երեխայի նման լաց եղա,-Նվերի ձայնը բեկբեկաց: - Ո՞վ էր նման բան տեսել: Թեև կիսամեռ վիճակում էի, կարողացա ուժերս հավաքել ու շնորհակալություն հայտնել ինձնով հետաքրքրվելու համար: «Անգլերեն խոսո՞ւմ եք,-զարմացել էր: -Կկարողանա՞ք անգլերենից թուրքերեն թարգմանել և հակառակը»: Ասացի` կարծում եմ` կկարողանամ: Ուրախացավ: «Ուրեմն, այլևս հարկ չի լինի ամեն անգամ Ստամբուլից թարգմանիչ վարձել»,- դա հետո ասաց, երբ փոքրիշատե կազդուրվել էի, ապա կատակով ավելացրեց` թուրքական հանքը անգլիախոսների համար չէ…

- Հիշո՞ւմ ես,- մեղմ ներողամտությամբ միջամտեց Նորայրը,- չէիր ուզում օտար լեզվի բաժին ընդունվել, ուզում էիր ֆիզկուլտինստիտուտ գնալ:

- Ճիշտ է, դու և մայրիկը համոզեցիք,- Նվերը գլխով հավանության նշան արեց: -Մաքսի հանձնարարությամբ ինձ անմիջապես Խոփայի հիվանդանոց տարան, մի հրեա բժշկի մոտ: «Բախտդ բերել է, որ ինձ մոտ ես ընկել»,- ասաց նա: Հինգ-վեց օր մնացի այդտեղ: Այնուհետև ինձ այստեղ բերեցին: Հյուծվել, հալից ընկել էի բոլորովին: Հազիվ էի շարժվում: Ահա այս թախտին երկու ամսից ավելի գամված մնացի: Ռեհանն էր ինձ խնամում, գթության քրոջ նման: Հայրը դեռ կար (մայրը վաղուց էր մահացել): Նա անհույս հիվանդ էր, մեռնելուց առաջ ասաց. «Որդի, դու էլ ես մենակ, աղջիկս էլ, թև-թիկունք դառեք, պահպանեք իրար այս չար ու անիրավ աշխարհում: Ուրիշ բան չունեմ ձեզ տալու, իմ անշուք տունը հալալ լինի ձեզ»:- Նվերը ժպտալու փորձ արեց: - Ամբողջ կյանքում պահակ է եղել այստեղ: Ազնիվ, անշառ մարդ էր, տարածքի տերերը թույլատրել են տուն կառուցել: Փոքրիկ հողամաս, մի քանի զույգ հավ ու ճագար էլ ունենք… Լավ է` մարդկանցից հեռու ենք. գյուղը ներքևում է: Այսքանով հանդերձ, ես և՛ կամ, և՛ չկամ…

- Ինչպե՞ս…,- Նորայրն իր անթարթ, խորազգաց հայացքը գամեց որդուն:

- Որպես անձ չկամ, գոյություն չունեմ իրավաբանորեն,- Նվերը գրպանից ինչ-որ թղթի կտոր հանելով` պարզեց մեզ: - Սա է իմ անձը հաստատող միակ փաստաթուղթը` ամերիկյան ընկերության վկայականը, ըստ որի` ես նրանց աշխատողն եմ համարվում և վերջ: Ամեն ամիս պարտադիր ներկայանում եմ Խոփայի ոստիկանություն: Առաջ շաբաթը մեկ այցելում էի նաև տեղի գյուղապետարան` «ներկա» ասելու համար: Ճնշող լռություն տիրեց:

- Այդ ամերիկացին հաճա՞խ է լինում այստեղ,- հարցրեց Նորայրը:

- Նայած, տարին` մի քանի անգամ£ Նրա աշխատակիցներն են շուտ-շուտ գալիս: Խոփայում է նրանց գրասենյակը: Իմ միջոցով են հիմնականում հաղորդակցվում տեղացիների հետ:

- Նա չի՞ կարող, թե՞ չի ուզում օգնել անձնագիր ունենալու հարցով:

- Մտածում է, տեսնենք: Ասում է` թուրքերի հետ շատ զգույշ պիտի լինել, իմ հարցում` առավել ևս,- Նվերը ձայնը ցածրացրեց ու ակամա նայեց դռան կողմը, նրա աչքերում, շարժումներում ինչ-որ անհանգստություն էր նկատվում:- Մի բան ավելի քան հստակ է. սրանք չէին ցանկանա, որ դրսում իմանային իմ մասին, ինձ նմանների գոյության մասին:

- Պարզ է,- փխրաձայն արձագանքեց Նորայրը, և ինձ թվաց, թե նրա կզակը դողաց:

- Ես այսպես կարծես թե իրենցից մեկն եմ, բայց եթե պարզվի, թե ինչն ինչոց է, իմ նկատմամբ վերաբերմունքը գլխովին կփոխվի, ու ես միանշանակ անցանկալի տարր կհամարվեմ: Գուցե ոչ միայն ես…

- Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, տղաս,- Նորայրն ամուր սեղմեց շրթունքները՝ թաշկինակը հպելով խոնավ ճակատին:

- Այստեղ շունն անգամ շատ սուր աչք-ականջ ունի: Ահա թե ինչու,- Նվերը սրտնեղած շարժեց ձեռքերը,- փոխանակ աքլոր մորթեինք, որ մի գլուխ խնդրում էր Ռեհանը, կարտոֆիլ ու բրինձ դրեցինք ձեր առջև: Ասացի` իսկ եթե եղբայրդ առավոտյան հարցնի` ո՞ւմ համար եք մորթել, ի՞նչ պիտի ասենք:

- Եղբայրն այն մե՞կն էր…,- չուզեցի ասել լողլողը:

- Այո, հորաքրոջ տղան է, բայց ի՜նչ իմանաս… Մարդկանց դժվար է ճանաչել: Ոչ ոքի չի կարելի վստահել: Նա կես րոպեի չափ ինչ-որ բան էր մտածում` աչքերը սևեռած առաստաղին: Մի դառը, անբեկանելի տխրություն էր դաջվել դեմքին:

- Ինչքան էլ ինձ ու ձեզ համար ցավալի լինի,- ասաց խուլ, թախծահույզ ձայնով և կտրուկ լռեց մի երկակնթարթ, թվաց, թե ինչ-որ բան դեմ առավ կոկորդին,- դուք վաղն անպայման պիտի մեկնեք,- հավելեց արագ-արագ ու ետ ընկավ աթոռին, աչքերը փակեց և անշարժացավ:

Նորայրը գուրգուրանքով որդու ձեռքերն առավ իր ափերի մեջ:

- Ուզենք էլ, Նվեր ջան, չենք կարող մնալ,- պատասխանեցի ես:- Ապրանքը ստանալու օրն իսկ պարտավոր ենք թողնել երկրի սահմանը: Այդպես է կարգը:

Դրսում ինչ-ինչ անսովոր, հառաչանք հիշեցնող կանչեր հնչեցին: Երեքով շուռ եկանք դեպի պատուհանը.

- Կուռլո՜ւ-կռլի, կուռլո՜ւ-կռլի, կուռլո՜ւ-կռլի…

- Կռունկներ են,- կռահեց Նորայրը,- հարավ են չվում:

- Մարդը թռչել կարողանար,- Նվերը մի սրտաշարժ հոգոց հանեց:

- Քեզ պինդ պահիր,- Նորայրը կիսաբարձրանալով, ծնողական քնքշանքով համբուրեց որդու ճակատը:

- Չի՛ լինում,- Նվերը մեկեն մղկտաց ու հատակին չոքելով, երեխայի պես գլուխը դրեց հոր ծնկներին: Կարծես մի հանկարծակի ցավ կպավ նրան: - Ինչքա՞ն կարելի է դիմանալ, հայրիկ,- նրա ուսերն անմխիթար վերուվար էին անում անընդհատ:

Ցավալի էր նրան տեսնել այդ վիճակում: Նորայրը տագնապով նայեց ինձ: Նա դժբախտ տեսք ուներ: Ես սոսկումով մտածեցի, որ կարող է պատահել վատթարագույնը, մինչև իսկ խղճի խայթ զգացի, քանզի ես էի այս ամենի պատճառը, բայց Նորայրը, ձեռքը սրտին տանելով ու ջանալով շունչ առնել, ի զարմանս ինձ, իսկույնևեթ վերագտավ իրեն ու Նվերի վրա խոնարհված` տենդահույզ փաղաքշել-շոյելով նրա գլուխը, կշտամբեց զուսպ, հայրաբար.

- Դու այլ ճար չունես դիմանալուց բացի: Դու թուլանալու իրավունք չունես: Գեհենը հաղթահարել ու ելքին հասած ուզում ես ինքնակամ պարտվե՞լ ինքդ քեզ: Իմացիր, միայն ուժեղներին է վիճակված փորձության ենթարկվել: Տես` Վահան Տերյանն ինչ է ասել.


Իմ տառապանքը ես բախտ եմ հաշվում
Եվ ծիծաղում եմ ձեր բախտի վրա…


- Ա՜խ, հայրիկ,- շնչակտուր մորմոքում էր Նվերը:- Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ այսպես ստացվեց… Ինչքա՜ն դժվար է առանց ձեզ, հայրի՜կ: Շնորհակալ եմ, որ եկար…

Ռեհանը կիսաբաց դռան մոտ կանգնել, արտասվում էր` աչքերը խոնարհած:

Հեղձուկս կոկորդում` ես լուռ բակ իջա, քանի որ իմ մխիթարական խոսքերն ավելորդ էին:

Աշնանային զով, պարզկա գիշերը վաղուց կիսվել էր: Ծառերից խեժի հոտ էր գալիս: Ինչ-որ տեղից փարոսը պահ առ պահ լույս էր սփռում նրանց երկնաձիգ կատարներին: Արդարացի լինելու համար ասեմ, որ ես էլ նախանձելի վիճակում չէի. անհուսության նման ինչ-որ բան էր համակել ինձ, և այն թոթափելու նպատակով երկար մնացի դրսում: Երբ աչք ածեցի շուրջս, նկատեցի, որ դիմացի հաստաբուն ծառի մոտ մի շուն էր նստած: Գլուխը բարձրացրել` ինձ էր նայում: Մեքենաբար ոտքս գետնին խփեցի: Նա թույլ գրմռաց ու տեղից չշարժվեց: Երկու ուրիշ շուն էլ, դիք պպզած, քիչ հեռվից էին նայում: Նորից մի սպառնալի շարժում արեցի, բայց նրանք շարունակեցին մնալ նույն դիրքում: Ես հասկացա, որ ինձնից չեն վախենում, և այդ մտքից մի լպրծուն տհաճություն պարուրեց մարմինս` ծայրեծայր: Երբ վերադարձա, Նորայրն իրենց ընտանիքի մասին էր պատմում: Նվերը հանգիստ, անխռով լսում էր, երբեմն-երբեմն հարցեր տալիս:

- Կարծես երազում եմ,- շշնջաց նա:

- Ինձ էլ է այդպես թվում,- Նորայրը նույնպես կամացուկ պատասխանեց:

- Արմենուհին ինչպե՞ս է,- մի փոքր վարանելուց հետո հարցրեց Նվերը փոխված ձայնով:

Չնայած մենք սպասում էինք այդ հարցին, Նորայրը, չգիտես ինչու, ընկրկեց, ու ես պատասխանեցի.

- Ուղիղ յոթ տարի սպասել է քեզ…

- Իսկ դու ճարտարապետի դիպլոմդ թողած` վարորդությո՞ւն ես անում,- ընդհատելով ինձ` նա գիտակցաբա՞ր, թե՞ ակամա շրջեց զրույցի թեման:

- Հիմա ո՞վ է դիպլոմին նշանակություն տալիս, մանավանդ, եթե իսկական է: Հիմա գնված դիպլոմներն են հեղինակություն վայելում,- ասացի մի բան ասած լինելու համար:

- Անցյալ անգամ ինձ քո այդ սպին էր շփոթեցրել, այլապես կճանաչեի քեզ, թեև լրիվ ճաղատացել ես: Դա միանգամայն փոխել է դեմքդ:

- Կռվի հետքն է, Նվեր ջան,- ես բնազդաբար ձեռքս քսեցի այտիս:

Ապա նա հետաքրքրվեց իր մոտիկ ընկերներով:

- Արմենը բանակում սպա է,- ասաց Նորայրը,- հիմա Երևանում է ծառայում: Ամեն անգամ քո ծննդյան օրը զանգում է:

Նվերը զգացված շարժվեց տեղում:

- Ով խփվի՝ դավաճան է- սա Արմենի, իմ ու Տիգրանի նշանաբանն էր,- ասաց նա:

- Տիգրանը Ռուսաստան է տեղափոխվել,- ասացի ես,- Դավիթն ու Արամը՝ նույնպես:

- Ինչո՞ւ:

- Հացի խնդիր է… Մանուկը, Ռազմիկը, Սամվելը զոհվել են:

- Ափսոս, հրաշալի տղերք էին,- Նվերը հայացքը ցած գցեց: -Իսկ Լենսե՞րը, որ Ռուսաստան էր փախել:

- Կռվից հետո վերադարձել ու հիմա խոշոր գործարար է: Իմ այս «Կամազը» նրանն է: Վարձով եմ բանեցնում:

- Ո՜վ կռվի, ո՜վ վայելի,- Նորայրը դառնացած օրորեց գլուխը:

- Ինչո՞ւ է այդպես,- զարմանքով հարցրեց Նվերը:

Մենք լուռ էինք: Պատասխան չունեինք:

- Շուտով կլուսանա, ինձ թույլ տվեք մի քանի ժամով գնալ ննջել մեքենայի մեջ: Երկար ճանապարհ պիտի գնանք,- ասացի ես ոչ այնքան իմ հանգստանալու անհրաժեշտությունից ելնելով, որքան նրանց մենակ թողնելու համար:


  • * *

Առավոտյան, բեռը ստանալուց հետո, լողլողը,- նա էր պահեստի պատասխանատուն,- մեզ հաճելի նվեր մատուցեց, ասելով, թե ինքը գյուղում կարևոր գործ ունի և փաստաթղթերը ձևակերպելու համար մեզ հետ Նվերը (ինքը, հարկավ, Նաթիգ ասաց) պիտի Խոփա` գրասենյակ գա: Այդ խոսքերից հետո, բաժանման պահին ես ու Նորայրը այնպես սիրալիր սեղմեցինք նրա ոսկրոտ ձեռքը, որ երկար ժամանակ շնորհակալական ժպիտը չէր իջնում միշտ ինչ-որ տեղ շտապող այդ մարդու ձվաձև դեմքից: Դարբասին մոտենալով, երեքով ինքնաբերաբար նայեցինք տան կողմը: Ռեհանն ու փոքրիկ Գոհարը պատուհանի ետևում կանգնած` ձեռքերն անհամարձակ տարուբերելով, բարի ճանապարհ էին մաղթում մեզ:

- Չգիտեմ` գիտե՞ս, թե՞ չէ,- Նվերին դարձավ Նորայրը,- ես ու մայրիկդ մի քանի տարի երեխա չէինք ունենում: Հետո դու ծնվեցիր: Մայրս` քո տատը, որ երազում էր տղա թոռնիկ ունենալ և օրնիբուն աղոթք էր անում, ասաց` այս երեխան Տիրոջ նվերն է, Տերն է ուղարկել մեզ … Եվ քեզ այդպես Նվեր կոչեցինք:

- Տանը իրո՞ք հավատում էիք, որ ես ողջ եմ,- հարցրեց Նվերը:

- Իհարկե, հավատում էինք,-պատասխանեց Նորայրը ծնողական խանդաղատանքով,-մայրդ այդ հավատով է ապրում:

- Այդ հավատն է, ուրեմն, օգնել ինձ կենդանի մնալու…

Խոփայում շատ զուսպ, ճիշտ կլինի ասել` շինծու սառնությամբ հրաժեշտ տվինք միմյանց (փողոցը լիքն էր մարդկանցով): Նորայրի ու Նվերի մշուշված հայացքներում խնամքով քողարկված խոնավ փայլ նկատեցի:

Գորշ, մելամաղձիկ օր էր: Թեթև անձրև էր շաղում: Պղտոր ամպերն առաջկտրուկի էին տալիս երկնքում: Ծովը փոթորկում էր, ճոճելով ափամերձ կառանված ձկնորսական մակույկները, որոնց վերևում նյարդայնորեն թևածում էին ճայերը: Երբ Սարփին հետևում մնաց, քամին դադարեց, ամպերը ցրվեցին, ծովը խաղաղվեց ու վերստացավ իր բնական` կապույտ գույնը:

Նորայրը լուռ էր: Նա սաստիկ հոգնած տեսք ուներ: Հսկայական ծաղկեփունջը, որ թանձրաբույրով լցրել էր խցիկը, խնամքով ծնկներին առած` ոչ այն է` նիրհում էր, ոչ այն է` խորասուզվել էր մտքերի մեջ: «Երևի անքնությունից է,- մտածեցի,- գիշերը աչք չեն փակել ինքն ու Նվերը»:

- Գիտե՞ս` ինչ հիշեցի,-խոսեց նա, երբ արդեն վրաց հողում էինք: - Շատ տարիներ առաջ, երբ մեր երեխաները դեռ փոքր էին, երազում իմ հանգուցյալ մորը տեսա: Եկել, բակից ձայն էր տալիս` Նորա՜յր, Նորա՜յր, ձեր տան առաջին դժբախտությունը Նվերի հետ է պատահելու… Ասաց ու չքացավ:

Մարմնովս սարսուռ անցավ, չգիտեի` ինչ պատասխանել: Փոքր-ինչ մտորելով ասացի.

- Փառք Աստծո, դժբախտությունը ետևում է մնացել:

- Այդպե՞ս ես կարծում,- Նորայրը խոր հոգոց հանեց,- չէ՞ որ դեռ անորոշ, եթե չասենք` կասկածելի է նրա ապագան:

- Ինձ թվում է` ամերիկացին մի բան կձեռնարկի: Նվերն ասաց, որ նրա նախատատը Կիլիկիայից էր: Բացի այդ, նա շատ գոհ է Նվերից:

- Ես կանխավ հենց այդ մտքով եմ ինձ մխիթարում: Նաև նրանով, որ Ռեհանը պարկեշտ անձնավորություն է, Նվերին անսահման նվիրված: Տես` ինչ սիրուն ծաղիկներ է ուղարկել մորաքրոջդ:

- Հա, շատ բարի ու զգայուն հոգի ունի, - ասացի,- ինչպե՞ս հրաժեշտ տվեց:

- Դարձյալ համբուրեց ձեռքս: Քաշվելով, ամաչելով ասաց` երանի մենք էլ գայինք ձեզ հետ, հայրիկ: «Այստեղ մի՞թե վատ է»,- հարցրի: «Չէ,- ասաց,- Նվերի համար եմ ասում, ձեր բոլորի կարոտը շատ է քաշում», ու լաց եղավ:- Նորայրը դարձյալ հոգոց հանեց, քիչ հապաղելով՝ փորձեց տիրապետել իր ձայնին:- Վզիս շղթան նվիրել եմ նրան՝ խաչի հետ: Նաև մի փոքր գումար տվի զոռով, ասացի` թոռնիկիս համար նվեր կգնեք իմ անունից:

- Շատ անուշիկ բալիկ է Գոհարիկը:

- Այո,- Նորայրը քաղցր ժպտաց և որոշ դադարից հետո ավելացրեց,- բայց գիտե՞ս, թե ինչքան խորթ ու անբնական է, երբ թոռնիկիդ հետ առնչվում ես ինչ-որ օտար լեզվով: -Զգացի, որ չուզեց ասել` թուրքերեն:

- Հավատա, հայերեն անպայման կսովորի,- վստահ ասացի:- Ինչո՞ւ ես մոռանում, որ Կոմիտասն էլ մանուկ հասակում թրքախոս էր: Իմ այս խոսքը ներգործեց£ Նորայրը՝ ուսիս մտերմիկ խփելով, մի փաղաքուշ նայվածք նետեց դեպի ինձ: Այնուհետև սկսեց պատմել համշենահայերի մասին, որոնք վաղնջական ժամանակներից համատարած բնակվում էին Սև ծովի հարավ-արևելյան ափամերձ շրջաններում, Հալիս գետից մինչև Ճորոխ: Իհարկե, ոչ առանց հավատակից բյուզանդական կայսրերի «հոգածության», որոնք Հայաստանը ջլատելու նպատակով հայերին տեղահան էին անում մայր երկրից: Ինչքան էլ զարմանալի թվա, նույն նենգ քաղաքականությունն էին վարում նաև հայազգի կայսրերը, որոնք Բյուզանդիայում գահակալել են շուրջ 200 տարի, 9-11-րդ դարերում: Թուրքերը հետագայում այդ հայերի մի մասին բռնի մահմեդականացրել են, մի մասն էլ փախել, բնակություն է հաստատել Աբխազիայում ու Կրասնոդարի երկրամասում` Սոչիի և Տուապսեի մերձակայքում: Նրանց ընդհանուր թիվը աշխարհում կես միլիոն է: Հազարավոր մահմեդական հայեր ապրում են Ուզբեկստանում, Ղազախստանում, Կիրգիզիայում: Սրանց Ստալինն էր աքսորել Աջարիայից:

- Թուրքիայում,- շարունակեց Նորայրը,- այժմ շուրջ 200 հազար համշենահայ է ապրում ու հազիվ 30 հազարն է խոսում հայերեն` Համշենի բարբառով: Միայն Խոփայի շրջանում համշենցիների 30 գյուղ կա: Բուն Խոփայում նրանք մեծամասնություն են կազմում, զգալիորեն գերազանցելով լազերին: Բոլորը չէ, որ գիտեն իրենց ծագումը: Շատերը թաքցնում են ազգությունը, իրենց ոչ թե հայ կամ համշենահայ, այլ համշենցի անվանելով` անվտանգության նկատառումով: 21-րդ դարում էլ հայի հանդեպ, և առհասարակ, թուրքը նույն թուրքն է մնում: 

- Նվերի զավակները հազիվ թե անտարբեր մնան մայրենի լեզվի նկատմամբ,-ես ջանում էի ամեն կերպ սփոփել Նորայրին: - Նվերն ասաց` եթե հաջորդը տղա ծնվի, անունը Նորայր ենք դնելու:

- Ճի՞շտ,- Նորայրն իր թախծագորով հայացքը դարձրեց ինձ, ու ես տեսա, որ խինդախառն մի փայլ առկայծեց նրա աչքերում: -Ինչ ես կարծում, էլի՞ կհանդիպենք:

- Ինչո՞ւ չէ,- նրան չէի ուզում վշտացնել,- սակայն` մի որոշ ժամանակ հետո: Զգուշության համար:

Նա չգիտեր, որ Նվերը պատվիրել է` եթե ձեզ համար թանկ է իմ կյանքը, խնդրում եմ այլևս չգալ, պատեհ առիթ լինելու դեպքում ինքս ինչ-որ ձևով կտեղեկացնեմ ձեզ…

Այդպես` կարծիքներ փոխանակելով, միմյանց հետ կիսելով մեր տպավորություններն ու մտածումները, հետզհետե, առանց դժվարության հաղթահարում էինք երկար ու ձիգ ճանապարհը, և աստիճանաբար բացվում, ինքնավստահ էր դառնում Նորայրի դեմքը. կնճիռներն ասես հարթվել էին: Աղավնո գյուղի մատուռի կողքով անցնելիս նա խոնարհաբար խաչակնքեց երեսը` ինչ-որ շշնջալով: Նույնն արեց և Բերձորի եկեղեցու մոտ: Երբ Ստեփանակերտ մտանք, նրա դեմքը, կարելի է ասել, ուղղակի փայլում էր, աչքերը շողշողում` տուն դարձող ուխտավորի պես: Անճանաչելի էր դարձել Նորայրը, և դա ուրախացնում էր ինձ:

- Խոստանո՞ւմ ես, որ մեր գաղտնիքը երկուսիս մեջ պիտի մնա միայն,- նրանց տուն բարձրանալիս, աստիճաններին խստորեն հարցրեց և պատասխանի չսպասելով, ծաղկեփունջը գրեթե խլելով իմ ձեռքից, հապշտապ, երիտասարդական ավյունով հինգերորդ հարկ ելավ: Զանգի կոճակը սեղմելիս ինձ աշխույժ աչքով արեց: Նա բոլորովին իր նման չէր: Դուռը բացեց Գոհար մորաքույրը` իրեն հատուկ սրտաբուխ ժպիտով: Հենց շեմին ծաղկեփունջը կնոջը տալով ու թռուցիկ պատասխանելով նրա հարցերին, Նորայրը արագ հյուրասենյակ մտավ: Մենք հետևեցինք նրան: Նորայրը կանգնել, Նվերի` պատի մեծադիր նկարին էր նայում ակներև հետաքրքրությամբ, ասես առաջին անգամ էր տեսնում:

- Նվերը ողջ է,- հանկարծ բացականչեց նա` դեմքին մի առեղծվածային, երջանիկ ժպիտ խաղացնելով: Ես վախեցած նայեցի նրան:

- Ի՞նչ,-անհանգիստ հարցրեց Գոհար մորաքույրը, հայացքը տարակուսանքով Նորայրից ինձ դարձնելով:

Ես, թուքս հազիվ կուլ տալով, ուսերս թոթվեցի, իսկ Նորայրը, ուղիղ նայելով կնոջ երեսին, նույն տոնով կրկնեց.

- Նվերը ողջ-առողջ է…

Հաջորդ ակնթարթին ժպիտը մարեց նրա շուրթերին, ջղաձգորեն շունչ քաշեց և շանթահար եղածի նման ցնցվեց մարմնով մեկ ու ձեռքը սրտին սեղմած` փլվեց բազմոցին: Նա ընդհատումներով էր շնչում, օդը չէր հերիքում: Խեղճ մորաքույրս անսպասելիությունից իրար էր անցել: Ես անմիջապես հավաքեցի շտապ օգնության հեռախոսահամարը: Բայց ուշ էր արդեն: Ամեն բան շատ արագ կատարվեց: Ինձ համար չափազանց դժվար է խոսել այդ մասին: Հավելեմ միայն, որ Համշենից բերած ծաղիկները դրեցինք նրա շիրմաթմբին: Սպիտակ ու ոսկեդեղին քրիզանթեմներ էին` խոշոր պսակաթերթերով:

2013 թ. մարտ