Աւերակներուն Մէջ/Նպաստի օր մը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նպաստի օր մը

Զապել Եսայան

[ 54 ]

ՆՊԱՍՏԻ ՕՐ ՄԸ


- Սև տվեք մեզի, սգի մեջ ենք… գրեցեք Ստամբուլ, որ սև ղրկեն մեզի… ըսեք իրենց, որ ամեն սրտե արյուն կերթա… թե մեզ չի վայելե իրենց ուրախության և հանգստի օրերու մեջ շինած հագուստները, սև՜ պետք է մեզի, մենք մրոտած ենք սգո՜վ… միմիայն սև՜, գրեցեք Ստամբո՜ւլ:

Ու սրտաբեկ այրին, աչքերը ցավոտ ու ճակատը կնճռոտած` կնայեր գույնզգույն հագուստներու դեզին:

Կարոտությունը մեծ էր. փոքրիկ տղաքը, իր որբերը, գրեթե մերկ էին պատառատուն ցնցոտիներու մեջ. իր իսկ հագուստները ոչ գույն ունեին այլևս, ո՛չ ձև. երկար, աղոտ, դրգլյակներե կազմված շերտեր, երկայնքին պատռված` կծածկեին իր կաթով լեցուն կուրծքը, որբերեն մեկը ծիծեն կախված էր:

Մենք, ջլատված իր խոսքերեն, ձեռքերնիս անգործ` կնայեինք իր սրտմտած դեմքին:

- Տուն չկա՜, ընտանիք չկա՜, որ քանի մը կտրիճներու սուգը չունենա. ինծի ի՞նչ պետք են երջանկության օրերու հագուստները… ա՜խ, գոնե զավակս ազատվեր…

Ու երեսն ի վար արցունքները կիջնային: Հետո սկսավ հեկեկալ ու ձայնը կցկտուր դարձավ.

֊ Իմ էրիկս, ամենեն գեղեցիկը, ամենեն կտրիճն էր… անոր համար սպաննեցին զինքը. զավակս վարդի կնմաներ… երեսը նայողը մեյ մըն ալ նայիմ կըսեր… աչքիս առաջքն արյունը թափեցին ու դրացի թուրք կիներ եկած կխնդային իմ վրաս… ափերնին բռունցքներուն զարնելով` ճիսպեթ կընեին. քանի կուլայի` այնքան բարձր կծիծաղեի՜ն…:

Հանկարծ կդադրի հեկեկալն, դեմքը կանշարժանա արձանի պես ու աչքերը կվառեին դեռ թաց թարթիչներուն մեջեն անմխիթարելի վշտով ու զայրույթով: Իր արցունքներն ու հեկեկանքները մեզի տաժանելի են, իր տժգույն դեմքին անշարժությունն ու աչքերուն տենդը սարսափ կազդեն, կուզենք զինքն իր ցավագին հիշատակներեն հեռացնել, կխոսինք իրեն` իր ողջ մնացած զավակներուն վրա, կջանանք [ 55 ] հույս ներշնչելու ապրելու եռանդ՝ իր վշտացած սրտին… Բայց անիկա գլուխը կշարժե, կմերժե մեր մխիթարանքն ու իբր ամբողջ պատասխան՝ անգամ մըն ալ նայելով իրեն տրված հագուստներու դեզին, չորցած շրթունքներովը կկրկնե.

- Սև՛ թող ղրկեն մեզի՜, գրեցե՛ք Ստամբուլ:

Առավոտուն կանուխեն, գրեթե արշալույսին ամբոխը լցված էր եկեղեցու բակը, ու մենք, երբ աչքերնիս բացինք, կլսեինք իրենց խուլ աղմուկը, անսահմանելի աղմո՜ւկ, նման փոթորկված ծովի հեռավոր շշուկին…: Հիմա նույն ամբոխը մեզի կշրջապատե, երբեմն սպառնագին կբարձրանա մինչև Առաջնորդարանի սանդուղներեն վեր, երբեմն կգոռար ու երբեմն կհեծեծեր: Օրերե, ամիսներե ի վեր այնքան զրկված ապրել էին, պահանջքն այնքան ստիպողական և մեծ եղած էր, որ՝ իրենց փութկոտության մեջ տենդագին շվարում մը կար. երբեմն առաջ անցնելու տենչանքով զիրար կկոխոտեին, տղաք կճչեին ու սրտագին աղաղակներ մեզի կցնցեին ցավագնորեն:

Կարգապահություն պահել անկարելի էր, մենք հուսահատած էինք, ամբոխին մեկ տասներորդն իսկ գոհացնելու իրեղեն չունեինք ու ստիպված էինք մնացածին թևեր ու փուսուլաներ տալ, որպեսզի առաջիկա անգամներուն, երբ խոստացված ու հուսացված զգեստները գային, իրենց բաժինը ստանային: Բայց թե ինչպես ընտրել անոնք, որ այսօր պիտի առնեին զգեստները… ի՞նչ դասավորում կատարել, ի՞նչ հիման վրա ընդունել մեկը և մերժել մյուսը, կամ պարզապես հետաձգել իրենց դիմումը: Հուսահատած ու շվարած էինք ու քանի՛ ամբոխն իր պահանջքը կհայտներ՝ այդ սարսափելի և խուլ աղմուկով, մենք տժգունած ու խորապես հուզված, իրարու երես կնայեինք:

- Պետք է ամենեն դժբախտները, ամենեն շատ վշտացածները, պետք է ծերերը, կույրերը, հիվանդներն ընտրել… կամ բազմաթիվ տղաք ունեցողները, ըսավ մեզմե մեկը…

Բայց ամենքն ալ նույն աստիճանով դժբախտ ու կարոտ էին ու որքան որ հավատացած էինք այդ ընտրության ձևին անբավականության վրա՝ մտանք ամբոխին մեջ նախ կույրերը փնտրելու: Աղտեղության ու քրտինքի բարկ հոտը մթնոլորտն անշնչելի կդարձներ. [ 56 ] բազմությունն այնքան հոծ էր, որ գրեթե իրարու հպած էին ու մենք քանիցս կորսվեցանք իրենց խիտ շարքերուն մեջ: Երբ ձեռքս կդնեի իրենց մարմնին, ճամփա բանալու համար, կասկածելի խոնավություն մը զիս կկասեցներ. բայց անմիջապես շուրջի ահավոր թշվառությունը քաջություն ու սիրտ կուտար մեզի ու մենք ավելի խոր կթափանցեինք ամբոխին մեջ:

Պետք է ընտրել կույրերը, անոնք, որ անտեր ու նույնիսկ զրկված գավազանե՝ կդեդևեին իրենց անհաստատ սրունքներուն վրա ու տարվա՜ծ ամբոխի շարժումներեն՝ մեկ մը ասդին կնետվեին, մեկ մը անդին.…: Բազմությունը կազմված էր մեծ մասամբ կիներե. այրերու բացակայությունն աչքի կզարներ, բայց կայթերու մեջ կային նաև ծերունի այրեր ու իրենց երևույթն ահավոր էր:

Մեկիկ-մեկիկ ձեոքերնուն բռնած՝ առաջնորդեցինք զիրենք. ճամփուն վրա ամբոխը զայրույթեն կմռնչեր. ոմանք կհայհոյեին, ուրիշները կսպառնային. յուրաքանչյուր ոք տարված էր իր անհատական դժբախտության մեծությունից՝ կփափագեր, որ միմիայն իրմով զբաղվեինք. կին մը մեր աչքերուն առաջքը հուսահատությունից ցնցոտիները կպատռեր, մազերը կփետեր ու իր բոլոր ցավը կաղաղակեր այնպիսի ձայնով մը՝ որուն պատռտող շեշտեն կցնցվեին ամենքը, ու պահ մը լռած ամբոխին վրայեն սարսուռ մը կանցներ:

Ուրիշները կկառչեին մեզի, բռնի կկեցնեին, կաղերսեին, իրենց արցունքով կթրջեին մեր ձեռքերը. հակառակ մեր բացատրություններուն՝ չէին համոզվեր, չէին ուզեր սպասել ու մեր անկարողությունը կտանջեր մեզի:

Դարձյալ միջոց մըն ամբոխեն հեռանալով այն սրահին մեջ՝ ուր հագուստները շարված էին, զբաղեցանք բաժնելու: Կույրերը մեկը մյուսին ետևեն կառաջանային. իրենց թխացած ու տժգույն դեմքին վրա լույսե զրկված ու մեռած աչքերը կսևեռեին մեր ուղղության, անոնք կհետևեին մեր ձայնին ու անձկությամբ կսպասեին մեր հրավերին. առհասարակ լուռ էին. շատ չէին խոսեր անոնք, իրենց մեջ ամփոփված՝ ոմանք նույնիսկ կարծես դեռ չէին հասկցած պատահածը: Երկու օր առաջ տեսեր էին պառավ մը՝ որ անընդհատ հանդիպողին կհարցներ թե ի°նչ եղավ, ոչ ոք բացատրեր էր իրականությունն իր [ 57 ] մանրամասնություններուն մեջ. ամենքն ալ իրենց առանձին հոգերով գրավված էին. պառավը լսել էր միայն աղմուկը, լսել էր վայնասուններ, լսել էր հրդեհի ճարճատումները, խլացեր էր հրացաններու ձայնով. - զգացեր էր բոցերու ջերմությունը կռնակին վրա ու տարված փախստական ամբոխի հոսանքեն, օր մը հոս, օր մը հոն քշվեր էր անգիտակցաբար ու օրերով, շաբաթներով տեղեկություն էր մուրացեր, կառչելով մեկ խումբին, աղերսելով իր շուրջը գտնվողներուն ու ոչ ոք դեռ բարությունն ունեցեր էր իրեն պատմելու, թե ի՞նչ պատահեցավ: Այս պատճառով էր, որ դեմքն առեր էր սարսափի, անորոշության ու կասկածի արտահայտություն մը ու մտքին մեջ սևեռած էին կցկտուր տեղեկություններ:

- Դուշմանը մեզ կոտորե՜ց…-ըսավ վարանելով ու հարցումներ ուղղեց մանրամասնություններու վրա:

Երբ պատասխանեցի իրեն համբերությամբ, դեմքը կարծես տարրալուծվեցավ, տժգունությունը կապտորակ ու գրեթե դիակնային դարձավ, իր կույր աչքերը՝ որոնք ճերմակ մշուշով մը ծածկված էին, կարծես սևեռեց իմ վրաս ու սրտագին աղաղակ մըն արձակեց.

- Ամա՜ն…:

Հիմա իմ դեմս ունեի երիտասարդ կին մը. մեկ աչքը կորսված ակնակապիճներուն խորությանը մեջ ու մյուսն ընդհակառակը ցցված, ուռած, բիբի տեղ կրելով ճերմակ կոճակի պես կարծրություն մը. այդ աչքն անհանգիստ ու թաքուն կենդանություն մը ուներ, բանտարկված կթվեր ու կարծես պոռթկալու կմիտեր. հարաշարժ ու ցայտուն երկչոտություն ու անհանգստություն կպատճառեր միանգամայն ու կնայեր մեր նայվածքեն տարբեր նայվածքով մը:

Առանց խոսելու, ընտրեցինք իր հագուստները, բայց վերջապես հարկադրվեցանք հարցնել.

Պահ մը լուռ կեցավ. կարծեցինք թե չէր հասկցած. իր ճերմակ բիբն անշարժացավ. շրթունքը թոթովեցին: Ու սկսավ հեծկլտալ անվերջ. իր կուրծքը ցնցոտիներուն ներքևեն կբարձրնար ու կիջնար. ո՞վ գիտե ի՞նչ կտեսներ իր կուրության մշտնջենական մթությանը մեջ:

Շատ անգամ կպատահեր ասիկա. մեր հարցումն իրենց կհիշեցներ [ 58 ] թե այլևս մեկը չունեին, կհիշեցներ իրենց բոլոր անոնք, որ անդարձ կորսված էին ու մենք, հանցավորի պես, չէինք գիտեր ինչպե՞ս ամոքել զիրենք:

Երբեմն, խնայելու համար, փոխանակ հարցնելու թե «քանի՞ հոգի եք», կդնեինք դեզ մը հագուստ ու կըսեինք.

֊Այսչափը կբավե՞:

- Ինչո՞ւ չպիտի բավե. ո՞վ է մնացել. զավակներս զարկին, քույրս այրվեցավ, մարդս մորթեցին… իմ չոր գլուխս է մնացեր, ինչո՞ւ չպիտի բավե, ա՜խ…

Ու անխուսափելի կերպով հետևանքը նույնը կըլլար. դարձյալ լաց, դարձյալ հեծկլտանք: Ուրիշներ ձեռքերնուս կքաշեին գեղեցիկ հագուստ մը, մեկ կողմ կնետեին ու կբողոքեին.

-Կռնակս առանց շապիկի է մնացեր, հոգերդ առնեմ, բան մը տվեք ծածկվիմ, ու կբավե, սգավոր գլխիս գեղեցիկ հագուստն է պակաս:

Կույրերու շարքը կանցներ մեր առջևեն. կային, որ վիրավորված արտևանունքներ ունեին և երբ լային՝ սարսափելի էր. արցունքի հետ արյուն կհոսեր այտերնուն վրա. ծայրահեղ զգուշություններ կընեինք՝ իրենց ցավը չգրգռելու, իրենց զգայնությունները չարթնցնելու համար, բայց զուր էր… չեմ գիտեր ինչպե՞ս առանց մեզի տեսնելու և դեռ առանց մեր ձայնը լսելու կզգային, թե տրամադիր ենք խղճալու իրենց վրա, թե մեր մեջ կապ մը կա, որով անմիջապես հաղորդակցության մեջ կըլլանք իրենց հոգեկան վիճակին հետ:

- Ցավերդ առնեմ, քո՜ւյրս, քեզի չըսենք, որո՞ւ ըսենք. ո՞վ մեր տարտը կհասկնա. օտարին սիրտը քարի պես կարծր է. մեկ ձեռքով կտան, մյուս ձեռքով կզարնեն:

Ու մեկ հոգի մը կարող էր ամբողջ աշխարհ մը թշվառություն ներկայացնել, միայն իր պատմությունն ընելով:

Դուրսը միշտ ամբոխը կմռնչեր…: Քանի՜ սպասման ժամերը կանցնեին, այնքան անհամբերությունը կմեծնար… երբեմն մեկը, ավելի ճարպիկ, կամ մտրակվա՜ծ պահանջքին ստիպողականությունից՝ արգելքներուն չանսալով ու ամբոխը ճեղքելով կհասներ մինչև մեզի. ընդհանրապես մայրերն այս կերպով կուգային մեզ մոտ: [ 59 ] Այսպիսով է, որ հանկարծ դուռը բացվեցավ կռնակին վրա ու խելահեղ կին մը նետվեցավ ներս. կույրերն ահաբեկ, խարխափելով իրարու զարնվեցան և ուրիշներ բնազդով ճամփա տվին:

Երիտասարդ կին մըն էր. բավական շնորհքով կկրեր իր լայն շալվարը ու բազմաթիվ ծամեր կկախվեին կռնակն ի վար. գլուխը ծածկած էր ճերմակ քողով, որուն ծայրը կծածկեր նաև իր կզակը:

- Ալ դիմանալու աստիճանն անցեր է ինծի համար… գինովի ու խենթի պես եմ… խղճացե՛ք ինծի:

Անհավատալի նիհարությամբ բոլորովին մերկ տղա մը, գրեթե վիժած մըն էր մեզ ներկայացվածը. կարծես միայն գանգը մեծցեր էր ու աչքերուն մեջեն միայն կարելի էր եզրակացնել, թե ճշմարտապես վիժած մը չէ:

- Քանի՞ ամսու է այս տղան:

- Վեց ամսու,֊պատասխանեց մայրը…

Մանկիկն իր հիվանդ տղու սրտմտած ու տխուր աչքերովը կնայեր մեզի. երբեմն լույսեն շլացած՝ կքթթեր անոնք ու իր կապկային դիմագծերը կծամածռեր. ամբողջ մարմինը մնացել էր այնպես, ինչպես էր ծնած օրը, թերևս ավելի նվազել էր. փորը գոգավոր ու պարապ կթվեր. ու թևերը՝ ինչպես սրունքները՝ բարակ ձողերու պես նիհար էին:

Կինն իր անհաջող մայրության մեջ վիրավորված, կարտասվեր ու հաճախակի կկրկներ.

- Հինգ զավկի մայր եմ, ոչ մեկն ասանկ չէ եղած:

Շատ անգամ տեսեր էինք այս երևույթով տղաքներ՝ մայրերու գիրկը. բոլոր նորածինները դեպքին և հաջորդող օրերուն մեջ, շարունակական թշվառության ենթարկված՝ վերածված էին հրեշներու. մեռնողներու թիվը շատ մեծ էր, բայց անոնք, որ դեռ կուշանային մեռնելու՝ կներկայացնեին նույն պատկերը:

- Մեր ցավը մեկ տեսակ չէ՛, մե՛ր տարտը մեկ տեսակ չէ,֊կկրկներ միօրինակ և երգող ձայնով մը դժբախտ մայրը, կարծես արձագանք դառնալով մեր մտածումներուն:

Երբ զինքը գոհացնելե ետքը՝ մեր կույրերուն դարձանք, ամբոխը հասած էր արդեն մինչև մեր սենյակին դուռը: [ 60 ] Կույրեր սարսափած այդ տարօրինակ աղմուկեն՝ կշտապեին, գլուխնին բարձր բռնած, սրունքներնին դեդևուն, կուգային մեզի պես ու երբեմն իրարու կկռթնեին՝ առաջանալու համար… այդ վիրավորված ու արյունոտ աչքերը, այդ ճերմակ մշուշով ծածկված բիբերը, թարախեն մաշած արտևանունքները՝ մեզի թե՜ գթություն, թե՜ վախ կներշնչեին․ ու կային, որ ունեին այնչափ փակ աչքեր, որ անկարելի էր երևակայել, թե ատեն մը նայվածքի լույսը ճաճանչած է այդ ցամքած ու ողորկ խորություններեն, մորթը ճակտեն կիջնար այդ փոսերուն մեջ՝ առանց նույնիսկ ծալք մը կազմելու արտևանունքին միացած գծին վրա՜…:

Ամենքն ալ անտեր էին առանձին․ ու ոմանք չէին գիտեր թե ինչ են եղեր իրենց ընտանիքի անդամները, մեռա՞ծ էին, թե թափառական, թե բանտարկված…: Այս հարցումն է, որ կհաճախեր իրենց տժգույն շրթունքներուն վրա:

-Հոս եկողներեն մեկը չըսա՞վ, թե կույր հայր մըն ունեի…:

Մեզի դժվար էր պատասխանել. ավելի դժվար էր իրենց տկար ու դողդոջուն հույսը մարել, շատերն այդ հույսովն է միայն, որ կառաջնորդվեին կյանքի տժնդակ ճամփուն վրա:

Մեկ քանի օր առաջ նույն այդ սենյակին մեջ ցավագին տեսարանի մը ներկա գտնված էի: Ութը տարեկան մանչ մը բերեր էին. դեպքին օրեն ի վեր խեղճ տղեկը կորսված էր. զինքը մահմեդական դարձուցեր էին և իր բնակավայրը եղող գյուղը հիմնահատակ կործանելե ետքը՝ դրացի թուրքեր որդեգրել էին զինք: Ի՞նչ չարաշուք դեպքերու հաջորդությամբ մը տղան եկել էր մինչև իր ազգին գիրկը, չգիտեմ. իր անունը կըսեր միայն ու հորը անունը և ուրիշ բան չէր գիտեր: Հանկարծ, կիներու ամբոխին մեջեն, որ խռնված էր եկեղեցուն բակին մեջ, կույր կին մը հույսի և ցավագին տարակույսի տագնապի մը մեջ` հասավ մեզի․ երեսն ի վար վիրալից աչքերեն արյուն ու արցունք կհոսեր, քունքերը թաց էին քրտինքեն ու կհեկեկեր. կուզեր խոսիլ, բայց ձայնը կխեղդվեր, վերջապես ըսավ…

-Այն օրը զավակս տարին, իսլամացուցին… անկեց ի վեր կորսնցուցած եմ զինքը… տղա եկել է կըսեն թուրքերուն քովեն, իմ զավա՞կս է արդյոք [ 61 ] Կինը կհևար ու կարտասվեր, արցունքները զինքը շնչասպառ կընեին, ու բազուկները տարածած' կփնտրեր փոքրիկը:

Սահմռկած, պատերուն կռթնած, անկարող խոսելու ու շարժելու' կհետևեինք կույր մորը շարժումներուն ու սարսափով կխորհեինք այն րոպեին, որ տղուն մոտ պիտի ըլլար ու պիտի ճանչնար զայն, որովհետև, ավա՜ղ, փոքրիկին անտարբերությունը շատ հատկանշական էր մեզի համար…

֊Մեսրո՜պ, Յավրո՜ւմ…:

Ոչ մեկ պատասխան: Ոչ մեկ պատասխան. լռությունը կապարի պես ծանր էր…:

Ու մայրը հասկցավ, որ անգամ մըն ալ խաբված էր իր հույսին մեջ:

Երբ կույրերուն հագուստները բաշխվեցան և ծերեր ու պառավներ հաջորդեցին իրար, դասավորված իրեղենները սպառած էին արդեն: Անհամբեր ու զայրացած' ամբոխը հուսահատության ճիչ մը արձակեց. գիշեր մըն ալ աղտեղության ու ցնցոտիներու մեջ. գիշեր մըն ալ առանց օգնության, առանց շապիկի՜… ալ չէին կարող դիմանալ: Ու մինչ անոնք մեկ կողմ նետած ցնցոտիները կհավաքեին կրկին, մենք գիտեինք, թե դեռ շա՜տ այսպես գիշերներ ունեին անցնելիք:

Տուն դառնալու ատեն ամբոխն անխոնջ համառությամբ կհետևեր մեզի. աչքե կորսնցուցած ըլլալով ընկերուհիս, աճապարեցի սենյակս բարձրանալ պահ մը առանձնանալու և հետևյալ օրվան ստիպողականության վրա խորհելու համար, բայց հոն ալ կանխեր էին մեզի:

- Կարոտությունը ծովի պես մեծ է, հոգերդ առնեմ,-կըսեր տանտիրուհին բացատրելով, որ ոչ միայն նպաստ խնդրողներ կային վերը, այլ նույնիսկ իրարու հետ կռվել, իրարու հետ թշնամացել էին:

Երբ սենյակ մտա, երկու շարքի վրա բոկոտն և թշվառ կիներ կեցած էին. գրեթե անտարբեր իմ երևնալուս, անշարժ կսպասեին, չէին խոսեր, չէին խնդրեր, բայց իրենց աղերսող նայվածքը զիս կտանջեր ու անհանգիստ կըներ գրեթե:

Երկարորեն բացատրեցի իրենց. այլևս բան չէր մնացել տալու, [ 62 ] վա՜ղը… վա՜ղը թերևս. ճամփա ելած հակերու կսպասեինք…

Մտիկ կընեին կարծես առանց լսելու, որովհետև պահ մը ետքը, կամաց-կամաց մոտիկնալով կաղերսեին դարձյալ:

Ուշ ատեն միայն հուսահատված մեկնեցան առանց որևէ կերպով նշանակելու, թե համակերպվա՞ծ են, թե հուսահատված բոլորովին. իրենց ետևեն կնայեի սիրտս բզկտված խղճի խայթով ու դառնությամբ խորհելով մեր կացության վրա, որով ստիպված էինք ձեռնունայն ետ դարձնել, հույսով և հավատքով մեզ դիմող դժբախտներ:

Երկու կիներ հոն էին դեռ, որոնք բոլոր ժամանակը կռվեր էին իրարու հետ. երբ մյուսները մեկնեցան հազիվ թե հանդարտեր էին. երկու վիրավորված, սրտերնին արյունած կիներ իրարու կնայեին քենոտած ու արցունքոտ աչքերով…: Երկուքն ալ հայաստանցի էին. անգամ մըն արդեն ենթարկված ըլլալով կոտորածի սարսափներուն, իրենց չքավոր և սգավոր գլուխներն ազատեր և ապաստաներ էին Կիլիկիո արևոտ երկնքին տակ… ինչքա՜ն խորապես ու անհունորեն դժբախտ էին… երկուքն ալ մայր էին և եկեր էին ցնցոտիներու վրա, հեռուներե զրկված նպաստի գլգլյականներու վրա կռվելու: Մեկ վերմակ միայն մնացել էր անմիջական տրամադրությանս տակ ու երկուքը մեկ ներկայացել էին…: Ինչպե՞ս ընտրել ամենեն կարոտյալը…:

- Վո՜ւյ… վո՜ւյ…վո՜ւյ… վայն իմ սևավոր գլխո՜ւս… մեռնեի՜ ու ոսկորներս հանգչեին… ողորմած թագավոր Աստված… ինչո՞ւ զիս մոռցար ու մարմինս չվերցուցիր այս սև հողին վրայե՜ն…:

Ու երիտասարդը երկու կիներեն՝ մազերը կփետտեր ու ցնցոտիները կբզկտեր կուրծքին վրա…: Հետո ինծի դարձնելով իր պաղատագին ու արցունքով լեցուն աչքերը՝ կմնար պահ մը առանց խոսելու և կհարեր.

- Զավակս հիվանդ է ու հողին վրա է՜… մարմինը վերքերով ծածկված… թարախը մինչև ոսկորները հասեր է՜… հոգերդ առնե՜մ… զավակ չունի՞ս, չե՞ս հասկնար ըսածս… տասը տարեկան եղավ՝ բայց մարմինը ցավեն հալած է… մինակ գլուխը և քանի մը ոսկորներ մնացեր ե՜ն… գերեզման չդրա՜ծ հատնիլը տեսա՜… կուրնա՜ն աչքե՜րս… առտուները, երբ մեկ կողմեն մյուսը կդարձնեմ… մրջյունները լցված [ 63 ] են վրա՜ն… վո՜ւյ… վո՜ւյ… վո՜ւյ…:

Ականջներս գոցեցի, որ այլևս չլսեմ ու առանց իր աչքերուն նայելու, իր մորը աչքերուն, որ այդպիսի զարհուրելի բաներու վրա կնայեր ամեն օր՝ վերմակը տվի իրեն…:

Ակնթարթի մը մեջ աներևութացած էր:

Երկար մնացի մյուս կնոջը հետ՝ որ կհամառեր ու կարտասվեր. գլուխս երկու ձեռքերուս մեջ առած կխորհեի տարտամ և սարսափելի բաներու վրա ու ավելի ճիշտը մղձավանջի մը մեջ կապրեի…: Հիմա անհամբեր կսպասեի ընկերուհուս՝ որևէ կերպով գոհացնելու համար մյուս կինը, որ արկածյալներու հատուկ երկարատև համբերությամբ կսպասեր մոտս՝ թեև առանց որևէ հույսի:


Հաղթանդամ խոշոր կին մըն էր, հարուստ կուրծքերով, աչքերը ցավոտ ու կոպերն արյունոտ. տաժանելի էր իր արտասվիլը տեսնելը. երբ արցունքը կդադրեր առատորեն հոսելե' իր հուզմունքի տևողությանն ամեն մեկ ճիգին արյան կաթիլներ կբողբոջեին թափված թարթիչներու արմատներեն. խղճի խայթ ունեի՝ առանց զինքը լսելու վերմակը մյուս կնոջը տված ըլլալուս համար, բայց արդյոք աշխարհիս որևէ մեկ կողմն ավելի դժբախտ պատմություն կարելի՞ էր. ինքզինքիս առաջ արդարանալու համար՝ հարցուցի իրեն.

- Դուն զավակ ունի՞ս:

Միջոց մը լուռ մնացի. իր արյունոտ ու արցունքոտ աչքերուն մեջ վայրագ ճաճանչ մը փայլատակեց, խստությամբ ու արհամարհանքով նայեցավ ինծի…

- Ութը զավակ ծներ, սնուցեր ու մեծցուցեր եմ, ութը մանչ զավակ…:

- Հիվանդ մանկիկ ունի՞ս դուն ալ մյուսին պես:

Գլուխը ցնցեց ուժգնությամբ:

- Առյուծի պես առողջ էին,-ըսավ:

- Է՜հ, կտեսնե՞ս,֊ըսի քաջալերված, դուն անկեց ավելի բախտավոր ես… տասը տարու հիվանդ տղան հողին վրա մնացեր է…:

Խոսքս չկրցա շարունակել:

Հիմարական, չարագուշակ, անօրինակ քրքիջ մը խափանեց խոսքերս: [ 64 ] - Ավելի բախտավո՜ր… այո… ավելի բախտավոր… ինչպե՞ս ալ ճարտար եք մեր սրտին կրակը հասկնալու… անոր զավակը հողին վրա մնացեր է… իմիններս հողին մեջն են արդեն… ու ես ավելի բախտավո՞ր եմ…:

Ու հիմարացած իր վիրավորված մայրության զգացումին մեջ, ութը սպանված և մեռած տղաքներուն մայրը կշարունակեր ջղաձգորեն գալարվիլ իմ անկարողությանս դիմաց…:

Շատ տեսակ դժբախտ մայրեր տեսեր էի… մայրեր՝ որոնք բանվորական տաժանելի աշխատություններեն հյուծված մարմիններով հաջորդաբար վիժած ու հրեշներ միայն ծնած էին. տեսեր էի մայրեր ու չքավորութենե ցամքած կուրծքերով չէին կարոդացած իրենց անարյուն զավակները սնուցանել. տեսեր էի այնպիսիներ, որ անդարմանելի ախտերով վարակված՝ թարախ և ժանտ միայն ունեին կաթի տեղ, ու տեսեր էի նաև մայրեր, որ ընկերային ու տնտեսական բարդութեններե հիմարացած՝ ոճրագործ դարձել ու սպանել էին իրենց նորածինները… բայց այդ երկու մայրերը կարելի չէր դասավորել որևէ մարդկային դժբախտության կարգի մեջ… ասոնք հայաստանցի Մայրեր էին…

Ընդհանրապես նպաստ խնդրող ժողովուրդին մեջ քիչ թիվ կկազմեին ադանացիները. բայց շրջակա գյուղերու այրիներուն թշվառությունն աննկարագրելի էր: Կհիշեմ.

- Քանի՞ հոգի եք:

Ինճիրլիցիներու ողորմելի մնացորդները, Կյավուր գյուղի հազվադեպ փախստականները, Գայըրլըի ահավոր դեպքերեն սահմռկած մեկ քանի այրիները, Միսիսի կիները, որոնց պարագլուխը բարձրահասակ և կորովի այրի մը, զայրագին շեշտերով մեր դեմ կդներ իրենց բազմաթիվ պահանջքները:

Հետևյալ նպաստի բաշխումին մտադիր էինք գոհացում տալ որքան կարելի է շրջակա գյուղացիներուն, որոնց ստվար մեծամասնությունը կիներ էին. ավելի դժբախտ, քան ադանացի արկածյալները՝ անտեր և անծանոթ տեղի վրա, իրենց հուսահատական թշվառության մեջ կհյուծվեին. կիներուն ցնցոտիները գրեթե անկարող կդառնային իրենց մերկությունը ծածկելու և անհրաժեշտ էր անմիջական կարգադրություն ընել: [ 65 ] Եկեղեցիին բակը միշտ խռնված էր ամբոխը. օր օրի ավելի պահանջկոտ՝ զայրույթի տագնապներ կունենար, որոնք կվերջանային միշտ ողբի և լացի մեջ…

-Ցավե՜րդ առնեմ, զարկի՛, զարկի՛, իրավ է, բայց ի՞նչով պիտի պատժեք ինծի. Աստված իր հարվածը տվեր է արդեն իմ գլուխս…:

Ուրիշ անգամ կին մը, խելահեղ, բարկութենեն փրփրած կպատասխաներ.

- Երեք զավակներովս հուրի և սուրի մեջեն ազատեցա, ու այս սև հողին վրա երեքն ալ մեկիկ-մեկիկ կորսնցուցի: Աչքերուս մեջ արցունք չէ մնացեր, ձայնիս մեջ ողբ չէ մնացեր. սիրտս քարի պես կարծր է, թող աշխարհ ավեր ավերակ դառնա, իմ ինչո՞ւս է պետք…

Երբեմն, զիրենք հանդարտեցնելու համար, մեր ըրած բոլոր ջանքերն ապարդյուն կդառնային. յուրաքանչյուրին դժբախտությունն այնքան մեծ էր, որ անողոք և անսիրտ դարձած էին. իրենց սև աչքերուն մեջ արցունքին ընդմեջեն կտեսնեինք անողորմ կարծրությունն իրենց զայրույթներուն…:

Այդ օրը այլևայլ գյուղերու պատկանող այրիներն էին, որ խեռ աչքով կնայեին իրարու: Երբեմն արկածյալ քահանայի մը թշվառական և սև սիլուետը կցցվեր իրենց շարքերուն մեջ. պատառատուն վեղարներով, ճերմկոտած գտակներով, թնճկված մորուքներով, անոնք ավելի դժբախտ կթվեին մեզի. մխիթարության և հաշտության խոսքերը սպառած էին իրենց չորցած շրթունքներուն վրա: Ատոնցմե ոմանք կռված էին թշնամիին դեմ, և ոմանք վիրավորված կամ անդամահատված էին. իրենց մասին, դաժան և մռայլ դեմքերուն վրայեն անհետացած էր քրիստոնեական անդորրությունը: Ոմանք, անհագ, ամեն բան հափշտակելու ձգտումներով զորացած կուգային մեր դեմ ու կպահանջեին: Իսկ ուրիշներ համբերությամբ և կրոնական երկյուղածությամբ կկրեին այն խաչը, որ դրված էր իրենց ուսերուն վրա: Ուղղակի ենթարկված ըլլալով խուժանին մոլեռանդության, իրենցմե շատերը սարսափելի մահերով մեռած էին. ընդհանրապես ոճրագործները ոչ սուր գործածել էին և ոչ հրացան իրենց համար, այլ տապար: Մեր ճամփորդության միջոցին հաճախ տեսանք խտացած և սևցած արյունը մեր եկեղեցիի նահատակներուն: [ 66 ] Կորովի, բայց ցավով և վշտով մթագնա` այդ օրը մեր դեմ եկավ աոաջին անգամ Ապտօղլու գյուղին քահանան: Անոր դիմումը` իր ցրված հոտին համար էր. քիչ հոգի մնացել էին, անոնք ալ անպատմելի խեղճության մեջ:

֊Ապտօղլու 66 տուն ուներ և 265 բնակիչ,֊կըսե անիկա հոգնած ձայնով մը, - կային նաև 242 դրսեցի, այս վերջիններեն ամենքն ալ մեռան…

- Ամենքն ալ մեռա՞ն…

- Այո, ամենքն ալ:

Դառն ու ցավագին լռություն կհաջորդե, ու քահանան աչքով կհետևի մեզի համար աննշմարելի պատկերի մը: Հետո անսալով ներքին զգացումի մը, համրորեն կխաչակնքե ու, անմիջապես արտահայտվելու պահանջքեն մղված, հուզմունքեն և զայրույթեն դողդոջուն ձայնով մը կպատմե.

- Խուժանը պաշարեց մեզ ուրբաթ օրը: Երիտասարդները տրամադիր էին կռվելու, մեջտեղ բերինք զենքեր, հինգ մաուզեր, վաթսուն րեվոլվեր, ինչպես նաև չիֆթեներ և թիֆենկներ: Բայց գյուղին ջոջը, Պաղտատօղլու Կարապետ, չհամաձայնեցավ… հե՜յ վա՜խ… սարսափեն խելքը կորսնցուցած երեսնուա կպոռար.- «Մեզի՞ է մնացեր իսլամի դեմ դնել… չիֆթեներով ղուշ կզարնվի, մարդ չզարնվիր. մեկ թիֆենկի դեմ քսան մարդին կա մեր դիմացը… ճիտերնիս ծռենք, զենքերնիս հանձնենք ու իրենց ողորմությանը վրա հուսանք»: Զուր տեղը վիճեցանք, օրինակներ տվինք… «Մեռնիլը մեկ անգամ է, այսօր թող մեր վերջին օրն ըլլա, բայց սիլահները չձգենք. ո՞ր օրվան պահել ենք մեր կտրիճությունը, ո՞ր օրին համար բերներնուս կտրելով գնել ենք այս զենքերը…Մեր կիները, մեր զավակները, մեր բազուկներուն են ապավինել, ի՞նչ երեսով ձեռքերնիս պարապ պիտի երևանք իրենց»: Իզո՜ւր… իզո՜ւր…

Պաղտատօղլու Կարապետ ճերմակ դրոշակը պարզեց և գյուղն անձնատուր հռչակեց… Դուշմանը եկավ մեր զենքերը հավաքեց և անմիջապես մեզ ջարդեց:

Պահ մը կլռե, արցունքը կքարանա թարթիչներուն վրա և անօրինակ արտահայտություն մը կտա իր նայվածքին: [ 67 ] - Մինակ մեկը, երիտասարդ մը, որ զենքը պահած էր, յոթը թշնամի սպանեց և կրցավ փախչիլ. մնացածները սպանվեցան, և գյուղը կրակի տրվեցավ: 265 Ապտօղլը գյուղացիեն քանի մը հոգի մնաց, ան ալ մեծ մասով կին:

- Պաղտատօղլո՞ւն, - կհարցնենք անմիջապես:

- Պաղտատօղլուն իր տան մեջ սպաննվեցավ անլուր չարչարանքներով, իր աչքերուն առաջք իր կնոջը, զավակներուն, հարսերուն և թոռներուն մեռնիլը տեսնալե ետքը:

Մինչ քահանան Ապտօղլուի եղերական պատմությունը կըներ, ուրիշ շրջակա գյուղերեն այրիներ ու մարդիկ խռնված էին Առաջնորդարանին դռան առաջք: Ոմանք կուլային ու ոմանք բարկությամբ կբացականչեին. երբեմն արտասվագին աչքերով ու հեծկլտանքներեն խռպոտ ձայնով այրի մը կկրկներ…

- Ա՜խ, ա՜խ, այդպես է, այդպե՜ս է…

Հաճախ տարբեր գյուղերե էին այդ հաստատումը ընողները, բայց դեպքն իր ընդհանուր գիծերուն մեջ այնպիսի նմանություններ ուներ, որ լսողները կկարծեին, թե իրենց գյուղին պատահածն էր պատմվածը:

Առհասարակ, կոտորվող գյուղացիներուն մեծ ցավը սա էր, որ չէին դիմադրած. անձնատուր ըլլալով կարծեր էին, կյանքերնին ազատել, բայց դառն փորձությունը ցույց էր տվեր, թե ազատվողներն անոնք էին, որոնք զենքերնին ձեռքերնին մնացած էին:

- Շվարեցանք, չգիտցանք, հանկարծակիի եկանք, կյանքն անուշ է, ամենեն դժբախտին համար ալ կյանքն անուշ է… կարծեցինք, որ պիտի խնայեն…:

Այս ամոթալի խոստովանություններու միջոցին հանկարծ մեր դեմ սլացավ հասուն տարիքով մեծղի և հաղթանդամ մարդ մը. աչքերեն կրակ կցայտեր և ազնվական զայրույթով մը դողահար կթվեր…

- Ստրուկի զավակներ, ստրուկի թոռնե՜ր… թո՜ւ ձեզի: Եվ արհամարհանքով թքավ սահմռկած ամբոխին երեսին… - Թո՜ւ… ձեզի… կյանքն անուշ է… իրավ է, բայց դուք ի՞նչ երես ունիք ապրելու. նայեցեք սա խեղճերուն վրա և ձեռքովը կցնցեր այրիները և ըսեք բաց սրտով թե կյանքն ի՞նչ անուշություն պահած է [ 68 ] ձեզի համար…

Երկու խոշոր և կոշկոռցած ձեռքերը կգալարվին կուրծքին վրա և կարծես չէր գիտեր զանոնք ո՞ւր տեղավորցնել:

- Փչացա՜նք, մաֆ եղա՜նք… ունեցածնիս թալնեցին, մնացածն այրեցին, մեզ՝ պառավները և կույրերը ձգեցին… տղու պես խաբվեցանք, ունեցած սիլահներնիս իրենց տվինք ու մեր թափած գնդակներովը զարնվեցա՜նք…

Գլուխը կշարժեր և ամբողջ մարմնով կղողդողար ու բառերը հետզհետե դժվարավ կուգային իր շրթունքներուն վրա՜…

- Աս մեկ չէ՝, երկուք չէ՝. միլլեթին արյունը նոր չպիտի թափի… շատ լավ գիտեինք, բայց չգիտնալու զարկինք, կույր և խուլ ձևացանք… թո՜ւ մեզի… ի՞նչի համար, որո՞ւ համար կապրինք այս աշխարհիս վրա…: Մեռնիլ չգիտցող մարդը, ապրելու արժանի չէ՜… ստրուկի զավակնե՜ր…

Հիացած այս նորօրինակ արկածյալի երևումեն ու տարված իր խոսքերեն՝ մտիկ կընենք զինքը, որ հանկարծ մեզի դառնալով ըսավ.

- Ես Շեյխ Մուրատցի եմ… մեր գյուղն ալ պաշարվեցավ. մեր հոգիներն ալ հոգի էին, մենք ալ ապրելու հավես ունեինք, բայց գիտցանք, որ մեռնելու օրը հասած է՜…

Րոպե մը լռեց, հիշողությանը մեջ ամփոփելով ամբողջ պատահածը:

Նույն միջոցին մեկն իրեն աթոռ մը տված ըլլալով, իր սև և կոշկոռցած ձեռքերովն առավ, դեպի առաջ քշեց ու մեր մոտ նստեցավ: Հետո գրպանեն հանելով ծխախոտի տուփը, սիգարետ մը ոլորեց դանդաղությամբ:

Ատով ժամանակ ունեցանք իր դեմքը դիտելու: Ցեղին ո՞ր մաքուր մնացած երակեն կազմված էին այդ խումբ մը գյուղացիները, որոնք վարժված հողին երեսն աշխատելու և ըստ երևույթին այնքան նման մյուս գյուղացիներուն, հանկարծ ուրիշ ձևով երևան եկած էին աղետի օրերուն մեջ: Ինքը չափազանց թուխ էր և արևի տակ աշխատող մարդոց հատուկ կնճիռներ կերկարեին ճակտին վրա. աչքերն ապաստանած երկար և թավ թարթիչներու ներքև, անսահմանելի բոց մը ունեին, որոնց մեջ տևականորեն կվառեր զայրույթը, ըմբոստությունը. [ 69 ] քիթը հայկական և թեթև մը արծվային՝ կազնվացներ իր գեղջուկի կնճռոտ դեմքը և թանձր շրթունքը միայն իր վրա կնշանակեին բարի և խաղաղ ընդունակությունները հայ գյուղացիին:

- Ես ըսեմ ու դուք գրեցե՜ք և թող ալամ աշխարհ իմանա, որ Շեյխ Մուրատցիին արյունը զուր տեղը չի թափի՜ր:

Ծնած ու ապրած ըլլալով իր գյուղի նեղ շրջանակին մեջ՝ կկարծեր, որ ամբողջ աշխարհի համար նշանակություն ուներ իրենց վարվելու կերպն աղետի դժխեմ օրերու մեջ: Ու մենք ալ այդ րոպեին, ճիշտը ըսելով, կբաժնեինք իր հոգեբանությունը, ու թերևս իր գյուղացիի բնազդը չէր սխալեր ու Շեյխ Մուրատի ինքնապաշտպանությունն իր մեծ կարևորությունն ունի մեր հարատև վտանգի ենթարկված ցեղին համար:

Անիկա այսպես պատմեց.

- Երկու օր էր, որ դուշմանը Չերքեզ գյուղի մեջ հավաքված էր, և այդ երկու օրվան մեջ, մեր գյուղացիները տուներեն դուրս չելան: Բայց քանի, մը հոգի պարագլուխ ըլլալով որոշեցին ընելիքնին: Հավաքեցին զենքերը, թեև եղածը մեծ բան չէր. խրմա, չիֆթե, տոլմա չիֆթե, թեք թյուֆենկ, խրմա թեք թյուֆենկ, վեցհարվածյան ևն: Հետո հաշվեցինք, որ ցրված մնալը լավագույն չէ,մեկ տան մեջ հավքվեցանք:

Հինգշաբթի օրը եկան և մեզ պաշարեցին ու հետո, կանաչ դրոշակներ պարզած և ոռնալով, մտան Շեյխ Մուրատ: Գյուղը լուռ էր ինչպես եթե պարապ ըլլար. մարթինիի գնդակներ օդին մեջ սուլելով կանցնեին… նախ վառեցին պարապ մնացած տուները, եկեղեցին ու հետո հարձակվեցան մեր վրա: Հինգ օր շարունակ կռվեցանք. թշնամին զարմացած ու բարկությունեն փրփրած կգոչեր.

- Գյավուրներ, անձնատուր եղե՛ք:

Չէ՛, անձնատուր չպիտի ըլլայինք… մեր զենքերն անբավական էին… մեկ քանի քաջեր գետնին վրայեն սողալով, փորձեցին երթալ և մեռած իսլամներուն զենքերն առնել. բայց անոնցմե ոչ մեկը չդարձավ: Գետնին երեսին, փոսերուս վրա պառկած, հինգ օր կռվեցանք… իրարու հետ չէինք խոսեր, որովհետև ականջնիս հողին դնելով կլսեինք թշնամիներուն շարժումները և անոնցմե շատ բան կհասկանայինք: [ 70 ] Անոնք կտարակուսեին մեր ուժին վրա, կվարանեին, ետ դառնալու որոշումներ կընեին…: Մյուս կողմե մեր գնդակները կսպառեին. կապար չունենալով, պղնձե ամանները կտրտեցինք և ուզեցինք իբրև զենք գործածել: Այն ատեն էր, որ տեսնելով մեր թյուֆենկներուն խեղճ վիճակը՝ նոր հնարքի խորհեցանք. ծառի կոճղեր փորեցինք ու մեջը ջուրի խողովակներ դնելով պայթեցուցինք: Երեք անգամ վառոդը վառեցինք ու թշնամին շվարեցավ: Այդ միջոցին արդեն ճարահատ, հավաքեցինք կիներն ու տղաքը, և, զանոնք մեր մեջտեղն առնելով բոկոտն ու լռին, գիշերվան մեջ փախանք դուշմանին քիթին տակեն…: Կես ժամ հետո տասը, տասնհինգ չերքեզ դիմավորեցին մեզի, ճամփուն վրա կռվիլ դյուրին չէր. կիներն ու տղաքը զոհ կրնային երթալ. կապար չունեինք, ձեռքերնիս պարապ էր, խորամանկության դիմեցինք: Փոխանակ սպասելու, որ անոնք դեպի մեզ գան, մեզմե մեկը դիմավորեց զիրենք և հրացանն ուսին, հարցուց.

- Դուք ո՞վ եք:

- Մենք չերքեզ ենք:

- Հնզրնե՜ր, դուք կյավուր եք, կփախիք կոր:

- ճշմարիտը, մենք չերքեզ ենք,֊ու գտակը ցույց տվավ հաստատելու համար:

- Ի՞նչ կփնտրեք հոս:

- Շեյխ Մուրատը չէ առնվեր, կյավուրները կդիմադրեն, հոն պիտի երթանք:

- Մենք հաղթեցինք, գյուղն առինք. բայց կովեր ու եզներ կար. գացե՜ք, առեք…

Ավելի արագությամբ չերքեզները ճամփա առին դեպի Շեյխ Մուրատ, ու մենք մյուս կողմեն ուղղվեցանք Ադանա:

Շեյխ Մուրատին չվառած սիգարետը դարձուց մատներուն մեջ և սպասեց, որ մեր նոթերը վերջացնենք, ու հետո ճակտին կնճիռներն ավելի փոթտելով, խորհրդավոր ձայնով մը ըսավ.

- Ո՜չ սիրտ պակսեցավ մեր մեջ, ո՜չ բազուկ. բայց զենք չունեինք:

Մինչև իրիկուն ուշ ատեն, կշարունակենք հագուստներու բաշխումը, ու բոլոր ժամանակը միտքերնիս կտատանի Ապտօղլու ջարդեն Շեյխ Մուրատի ինքնապաշտպանությանը վրա: Մեքենաբար [ 71 ] մեր ձեռքերը կգործեն, ծրարներ կկազմենք, թվեր կգրենք և մեր պակսած նյութեղեններուն փոխարեն փուսուլաներ կտանք, որոնց թանկագին առարկաներու պես այրիները կկապեն իրենց քողերուն ծայրը. ու ամենքն ալ, մեր մեկ քաջալերության վրա, խոսքի կբռնվին ու կպատմեն իրենց ողորմելի պատմությունները…: Շատ անգամ հեռու տեղերե եկած են միմիայն այդ նպատակավ և չենք կրնար զիրենք մերժել մտիկ ընելե՝ հակառակ, որ ժամանակը կանցնի և դուրսը դեռ անհամար կարոտյալներ կան, որ իրենց կարգին կսպասեն: Երբեմն երեք-չորս հոգի մեկեն կխոսին՝ յուրաքանչյուրը մեզմե մեկուն կառչած, ու հավատարմությամբ և մանրամասնություններով կպատմեն ինչ որ տեսան ու ինչ որ կրեցին, ու կարծես այսպես ընելով համոզված են, որ պարտք մըն է, որ կհատուցանեն մեզի: Այսպես՝ մինչ այրի մը ինծի կխոսեր իր ողորմելի կյանքին վրա, միևնույն ատեն անդին կլսեի գյուղացիի մը՝ Աղզը Պեոյիքեն, որ կըսեր.

-Շեյխ Մուրատեն չորս ժամ հեռու ըլլալով, տուներուն վրայեն կտեսնինք ամեն բան. նախապես անոնք մեզի համոզած էին, որ երթանք միանանք իրենց հետ ու միասին դիմադրենք. վախեցանք ու մտիկ չըրինք. վերջապես Արապքեյեն եկան, սպաննեցին ու թալլեցին:

Օրը կտարաժամի ու մեր գործը չվերջանար և մեր լսած բոլոր ահռելի եղելություններուն մեջ, ավա՜ղ, Շեյխ Մուրատի նման պատմություն չի կրկնվի այն օրը:

Ուշ ատեն հայտարարեցինք, որ այդ օրվան բաշխումը վերջացած էր: Եկեղեցիին բակը խռնված ամբոխին վրայեն դժգոհության դող մը անցավ. երկարորեն գանգատելով և տրտնջալով ողբացին իրենց թշվառության վրա և խումբեր կազմելով յուրաքանչյուր գյուղացիները՝ հեռացան կամաց-կամաց:

Վերջալույսը զովություն և խաղաղություն կբերե մեզի գոնե քանի մը ժամվան համար: Մենք, վերջացնելով ծրարելե մնացյալ իրեղենները, լռին կարտորայինք, երբ սուր և պատռող ձայն մը մեզի ցնցեց ու հարկադրեց, որ թողելով ամեն բան դուրս ելլեինք: Սևավոր կին մը հորդառատ արցունք կթափեր և կուրծքը կբզկտեր. իր քովը մեկ քանի այրիներ կեցած գրեթե անտարբերությամբ կդիտեին անոր տագնապը: Անդին, կույր կին մը պատին կռթնած, միօրինակ ձայնով օրոր [ 72 ] կերգեր, ո՜վ գիտե, որ անհետացող սիրելիին համար. և որովհետև բան մը չէր տեսներ. երգը միայն այն ատեն կդադրեր, երբ սևավոր կնոջ ճիչերը կբարձրնային:

- Ձայնը դեռ ականջիս մեջ է՜… ամա՜ն…:

Լացող կինը սպառած իր դժնդակ վերհիշումներեն, գետին նստեցավ և միջոց մը չկրցավ ոչ խոսիլ, ոչ լալ. երկու ձեռքերը ծունկներուն կզարներ ու ինչպես եթե շնչասպառ ըլլար, գլուխը դեպի ետև կիյնար, վիզը կձգտեր ու խռպոտ ձայնով կաղաղակեր.

- Ամա՜ն… ամա՜ն… Անկարելի է երևակայել, թե մարդկային դժբախտությունն ի՞նչ սահմաններու կրնայ հասնիլ: Երբ իր սև, արցունքով լեցուն, ցավագին աչքերը դեպի մեզ դարձան, գլխապտույտ պատճառող հուզմունքով մը խռոված զգացինք ինքզինքնիս: Մեր ընկերներեն մեկը գնաց զինքն առաջնորդարանի սենյակը բերելու. ու մինչ անիկա ձեռքեն բռնած կքալեցներ, սգավոր կինը տղու պես կդեդևեր ամեն մեկ քայլին:

- Ամա՜ն… ամա՜ն… Երկար ատեն ուրիշ բան չլսեցինք. ամեն անգամ, որ կփորձեր խոսիլ, ձայնը կմարեր, հեծկլտանքներեն շնչահեղձ կըլլար, որ երբեմն ալ աչքերը խենթի մոլորուն նայվածքը կստանային: Զինքը տեղավորեցինք, որքան կարելի էր, հանգիստ դիրքի մեջ և ջանացինք ամոքել իր ցավի տագնապը, ու իր խոսելու փափագեն առաջ եկած ջղային ցնցումները հանդարտեցնելու համար, պահ մը հեռացանք իր քովեն: Քիչ հետո ընդարմացած իր վշտեն, գլուխը կռթնցուցած թևին կքնանար: Իր արտակարգ կերպով տժգույն դեմքին վրա, արտևանունքը կապտացած կիջնային կիսովին և բացվածքին մեջեն կերևեր աչքերուն ճերմակը, որուն վրա երբեմն կիյնար բիբը, մեռած, տմույն, կույրի բիբի պես:

Գիշեր էր և մոմի դողդոջուն լույսն աննկատ կերպով կլուսավորեր Առաջնորդարանի սենյակը: Կինն արթնցած էր իր ցավին մեջ, բայց որովհետև իր տագնապը մեղմացած էր, կրցանք գիտնալ իր մղձավանջային պատմությունը:

«Զատկին երրորդ օրն ամուսինս մեկնեցավ Զիամեթ գյուղեն, քաղաքեն փայտ բերելու համար հետն ունենալով Քել Մուսրուխ, նույն [ 73 ] գյուղացի երկրագործ մը. իրիկվան դեմ գյուղացիներու միջոցավ լսեցինք, որ ամուսինս սպանված էր իր ճամփու ընկերոջը ձեռքով: Չգիտնալով, թե դեռ ինչե՜ր կան գրված մեր սև ճակտին վրա, մեր բոլոր արցունքներովը լացինք մարդս: Հետևյալ առտու խռովություններու լուրը հասավ մեզի, բայց մեր բարեկամներեն թուրք մը եկավ մեր տունը, պաշտպանեց և մինչև իրիկուն թույլ չտվավ ոչ ոքի մոտենալ: Աղջիկներս ու տղաս - 18 տարեկան - ա՜խ… յավրում… շուրջս նստած էին ու մեկիկ-մեկիկ մտքերնին կբերեին իրենց հորը խոսքերը, փափագները. «Այս ձմեռ այսպես պիտի ըներ, այս օրերս այնպես պիտի ընե՜ր: Վա՜յ, վա՜յ… ինչպե՞ս մեռավ, ի՞նչ զենքով զարկին», բան չէինք գիտեր: Ամենքս ալ պատի պես ճերմկած էինք, ու երբ աղջիկներես մեկը ոտքի կելլար, փերիի պես բարակ կերևար աչքիս…:

«Հեռվեն հրացանի ձայներ կուգային, դուրսը շուները կըլային ու մեր դռանը մոտիկցած ատենին բերաննին բաց կմնար ու կոռնային ժամերով…: Մեզ պաշտպանող թուրքն իրարանցումի մեջ էր. դուրսեն մարդիկ կուգային, կխոսեին, կփսփսային ու կերթային շուտով. ձեռքերնին սևցած, աչքերնին դարձած, բերաններնին փրփրած…: Առտվան դեմ վախնալո՞վ, թե նոր հրամանի մը մտիկ ընելով, չեմ գիտեր, մեր բարեկամ թուրքը մեզ առանձին ձգեց ու մեկնեցավ: Քիչ ետքը եկան… ամա՜ն… ու ամեն բան թալանի տվին: Երբ խանութը և տունը պարպված էին, խանութին սեփականատերը եկավ, դուռները գոցեց, կնքեց ու բոլոր տետրակները տարավ հետը:

«Մինակ մնացած ու անմխիթար, հետզհետե զգացինք, որ մեր ցավին վերջը չէ եկած, մալս հոգս չէր… աչքիս չերևցավ, բայց զավակներուս վրա կնայեի ու սիրտս կփլեր…: Անկեց ետքը չեմ գիտեր, թե արցունքս որո՞ւ համար թափեի…:

«Իրիկվան դեմ Աղզը Գանլը Մեհմետ աղա, գյուղին մխթարը, եկավ և համոզեց մեզի, որ իր տունը ապաստանինք:

«Տունս վերան ըրի՜ն, սիրտս մոմի պես կվառի, կհատնի կոր… մարդս սպաննված է, աշխարհիս վրա անտեր անտիրական մնացի… հոս ապրել, հոս ուրախացել եմ, տանս շեմին դուրս չելած` թող հոգիս տամ… մեզի հոս ձգե՛:

Ատեն մը լուռ կեցավ, տատամսեցավ, աչքը կպտտցներ մեյ մը [ 74 ] տղուս, մեյ մը աղջիկներուս վրա. իր ձեռքը մեծցեր էին, իր տղաքներուն, իր թոռներուն հետ խաղցեր էին: Հասկցա, որ ներսդին կռիվ կար. հևալով շունչ կառներ և քրտինքն անձրևի պես կվազեր ճակտեն:

- Օ՜ֆ… օ՜ֆ, - ըսավ վերջապես, ծնած օրերնիս անիծված օր է եղել, ճակտներուս գիրը սև է, դուք մեկ ցավով, մենք ուրիշ ցավով կայրինք կոր…

Հետո դեպի ականջիս ծռելով գլուխը, ըսավ դողդղալով.

- Դուրսի ժողովները գիտեմ, ամենքդ ալ պիտի ջարդեն, ես քեզի տունս տանիլ կուզեմ կոր, կուզեք եկե՛ք, կուզեք մի՛գաք, մեղքը ձեր վիզը…:

Ոտքին ինկա ու աղաղակեցի.

- Ես իմ կյանքս ապրեր եմ, մազերս ճերմկեր են, ինծի համար չէ, զավակներուս համար քեզի կաղաչեմ, իմ հայրս, եղբայրս, պաշտպանս դուն ես, քանի որ ուրիշ ճար չկա, թող ուզածիդ պես ըլլա: Ու տղաքներովս առաջքն ինկա ու գացի մխթարին տունը:

Մեզի սենյակ մը դրին ու մուխթարին ընտանիքը քաշվեցավ մեկ կողմ: Կիները սարսափած էին ու մեզի տեսնելնուն պոռալով կփախչեին, ինչպես եթե ոտքի վրա կեցած մեռելներ ըլլայինք…: Ա՜խ, ա՜խ, հոն քով քովի սեղմված նստեցանք գետինը և սկսանք լալ: Ձեռքերս տղոցս գլխուն վրա կդնեի, ամեն մեկը առանձինն կշոյեի. տղաս` Կարապետս, դիմացս առած երեսն ի վեր կնայեի… ու ալ արցունքներես էլ չեմ գիտեր, աղեկ մը չէի տեսներ գինքը… կարոտս ծարավի պես կչորցներ կոկորդս, բերանս, յավրում…: Էրիկս մոռցեր էի այդ միջոցիս. բայց երբ ինծի կըսեին. «մայրիկ, հոս ապահովության մեջ ենք, ինչո՞ւ կուլաս». «հորերնուդ համար է» կպատասխանեի: Այն ատեն տղաքս ալ ձայներնին կբարձրցնեին, ու ամենքս մեկ Կարապետիս կնայեինք:

Մեռելի պես ճերմկած, ձեռքերը, ոտքերը դողալեն անիկա կպտտեր սենյակին մեջ ու նորեն կուգար մեր դիմացը կնստեր… Մուխթարին տունը մտնալուս քիչ ետքը դրացի թուրք մը եկավ և ըսավ.

- Գե՜շ… գե՜շ, լուրերը շատ գեշ են… ամեն կողմ կրակի տվին, մաֆ [ 75 ] ըրին, ալ հայ չմնաց, եկեղեցի չմնաց… միլլեթը կործանեցավ, արմատեն չորցուցին:

Քիչ մը կեցավ գլուխը շարժեց ու ըսավ.

- Եթե մահմեդական ըլլաք, կազատիք, եթե ո՛չ, հայտնի է, որ պիտի սպաննվիք:

Ես ու մեծ աղջիկս դիմադրեցինք:

- Թո՛ղ այդպես ըլլա… քանի որ ամենքը մեռել են, մենք ալ կմեռնինք. մեր արևն այսքան է եղել. ավելին հարամ պիտի ըլլա մեզի համար:

Թուրքը գլուխը կշարժեր ու կկրկներ.

- Հայտնի է, որ պիտի ջարդվիք:

Այդ պահուն Կարապետս պատին կռթնած, ինծի կնայեր. անանկ մը դեղնել էր, որ երեսին մսերն անգամ կդողդողային… կամաց-կամաց մեզի եկավ և ամեն մեկ քայլ առնելուն՝ բոլոր մարմինը կցցվեր: Գիտես, որ քալելը մոռցեր էր, խոսիլը մոռցեր է՜ր… քանի մը անգամ բերանը բացավ ու գոցեց, բայց ձայն չելավ իրմեն:

Երբ մեր քովը եկավ, ծունկերնուս փարեցավ ու լեզուն բացվեցավ. մեյ մը ինծի, մեյ մը մեծ քրոջը կաղաչեր.

- Դեռ տասնութ տարեկան եմ և կյանքը չեմ ապրած, մեղքցեք ինծի… ապրիլ կուզեմ, ապրիլ, ապրի՜լ… իսլամ ըլլանք, ինչ կըլլա ըլլանք, բայց ապրի՜նք… մայրիկ, ես մեռնիլ չեմ ուզեր:

Նախ, ես ու աղջիկս մերժեցինք, հանդիմանեցինք զինքը:

- Ասանկ ապրիլը մեռնելե գեշ է՜. ամոթ քեզի՜… հայրդ ի՞նչ ճամփեն որ գնաց, մենք ալ կերթանք, մեր արյունն ավելի կարմիր չէ՛…

- Մայրի՜կ, ապրիլ կուզեմ… ապրիլ, ապրիլ…

Թուրքը մեր քովը կեցած էր, գլուխը կշարժեր ու ատենը մեյ մը կկրկներ.

- Հայտնի է, հայտնի է, որ պիտի ջարդվիք:

Վերջապես չդիմանալով տղուս աղաչանքներուն ու իր արևին խնայել ուզելով, մահմեդականությունն ընդունեցանք:

Քիչ հետո մուխթարը եկավ. դեռ տատամսոտ էր. աչքերը կպտտցներ աղջիկներես տղուս վրա և մեղքնալու երևույթ ուներ, թեև կջանար ուրախ ցուցնել ինքզինքը… [ 76 ] - Իմացա ու սիրտս ուրախությունով լցվեցավ,-ըսավ աչքերն անդին դարձնելով.-մեկ կոնքի մեջ եղբայրացած ենք. ալ մեզի համար նվիրական եք… երանի՜ թե ցավի և վշտի ամպը ձեր գլուխներուն վրայեն փարատած ըլլար…

Ատենը մեյ մը Կարապետին կնայեր սևեռած և ցավոտ նայվածքով մը և, կարծես, հանկարծ սթափվելով՝ աչքերը կդարձներ գետին…

Միջոց մը ամենքս ալ լուռ մնացինք…

- Գե՜շ… գե՜շ…-ըսավ վերջապես մյուս թուրքին պես. դուք իսլամացաք և գլուխնիդ ազատեցիք… բայց կրնա ըլլալ, որ չհավատաք ձեր հավատքին վրա… ժամերը, որ հնչելու են՝ սուգով և ցավով հղի են… Փոթորկե մոլեգնած ծովու պես տեսա զիրե՜նք… հրդեհի և արյան մեջե քալեր էին մինչև մորթերնուն վրայի շապիկն արյունոտած է՜ր:

- Որո՞նք, ի՞նչ բան, ըսի սահմռկած:

Մուխթարն աչքերուս մեջ նայեցավ, ու խորհրդավոր ձայնով պատասխանեց.

- Խուժա՜նը…

Հետո առաջարկեց, վստահություն ներշնչելու համար մեր թշնամիներուն, երկու աղջիկներս նիքեահ ընել թուրքերու:

Յարալը գայլի, պես ոտքի ելա ու գոչեցի.

- Ադ բանը չպիտի ըլլա, չի կրնա ըլլալ. դուք սիրտ չունի՞ք, մարդ չե՞ք, կյանքերնուդ մեջ ցավ, վիշտ չե՞ք ունեցեր, ձեր սիրտը բնավ չէ՞ կակղած ձեր զավակներուն սիրովը. ինչպե՞ս ասանկ սև օրի մեջ ինծի այդպիսի բան կառաջարկեք…:

Մուխթարը զիս հանդարտեցուց ու ըսավ, որ նիքեահը պարզ ձևակերպություն մըն է ու աղջիկներս - պզտիկս 12 տարեկան - երկու-երեք ամիս քովս կրնան մնալ և հետո ի՞նչ կըլլա, ի՞նչ չըլլար:

Ու այդ պնդումին վրա աղջիկներս նիքեահ ըրին:

Ադ գիշերը, սև գիշեր… անցուցինք լացով ու սուգով և սրտերնիս տարուբեր տարակույսով և սարսափով: Հետևյալ օրը պերպեր Մուսթաֆա, որ Կարապետիս հետ գործի մրցակից էր, գացեր լուր տվեր է Գատիր էֆենդիի ըրղատներուն, որ Աղզը Գանլըն իր տանը մեջ հայեր [ 77 ] պահած է: Քիչ ետքն իրարանացում եղավ գյուղին մեջ: Մենք բան մը չէինք գիտեր ու միայն մտիկ կընեինք դուրսի ձայներուն. հովի՞ ձայն էր, շունի ոռնո՞ց, թե մարդերու ձայն… ամենն ալ միասին… հանկարծ լսեցինք հրացանի հարվածներ, հետո լռություն. նորեն փոթորիկը փրթավ, մարդիկ գազաններու պես կգռռային, նորեն հրացանի հարվածներ, քիչ մը լռություն:

Ոտքի ելա, սենյակին դուռը բացի, սպասեցի. տանը թուրք կիներեն մեկը հոնկե կանցներ.

- Աստծո անուշ խաթերը համար ըլլա, ի՞նչ կա դուրսը,- հարցուցի:

Մութ կարմիր յազմայով ծածկած էր երեսը ու ճանաչա զինքը: Անիկա նախ չուզեց պատասխանել, ու անցավ, բայց քիչ ետքը կեցավ, դեպի ինձ դարձավ ու պահ մը լուռ մնաց: Երկու աչքերեն կայծակ կցայտեին. հակառակ որ անցքը կես մութի մեջ էր, կարմիր յազմային տակեն կտեսնեի անոնց լույսը:

- Հնզր կյավուրնե՜ր, - ըսավ վերջապես, - ձեզի համար է, որ մեր տան խաղաղությունը խանգարեցավ, կերած հացերնիս, քուներնիս հարամ եղա՜վ… Շունի պես կատղեր էիք. ձեզի՞ էր մնացեր գլուխ վերցնել. ահավասիկ դրոշակը ձեռքերնին, ձիու վրա հեծած և զինված եկեր են գյուղը կոխելու… Ո՞ւր են ձեր ֆետայինները, ձեր հուրիեթին պաշտպանությունը. հանցանքը ձերը չէր սակայն… ան հուրիեթին երկու աչքերը քոռնան, անիկա ձեզի գլխե հանեց…

Միջոց մը շունչ առավ և ավելի կատաղությամբ շարունակեց.

- Մեր թագավորին հանցանքը ի՞նչ էր, գեշությունը ո՞րն էր… որ վար առիք տեղը ձեր հուրիեթը դրիք… ձեր կյավուր հուրիե՜թը…

Փորձեցի պատասխանել, բայց ավելի գրգռված, գրեթե գոչելով ավելցուց.

- Որովհետև հուրիեթն իսլամ չէ՛, իսլամ չի կրնար ըլլալ…:

Անբացատրելի աղաղակ մը խոսքերն ընդհատեց. չեմ գիտեր թե կխնդա՞ր, թե կշարունակեր հայհոյել. իր երկու աչքերը միշտ կվառեին մութ յազմային տակեն:

- Անիծված մարդի՛կ, կոխած տեղերնիդ սուգ ու ցավ կտանիք. եկել են մեր տունը կրակի տալու ձեզի համար. ուղուրսուզ ներկայություններիդ ե՞րբ պիտի վերանա մեր հարկին ներքևեն… ինքնիրեննիդ [ 78 ] ելեք գացեք, գլուխնուդ ճարը տեսեք, ուրիշներուն ալ փորձանք մի' ըլլաք:

Թուլցած ու տկարացած՝ լռիկ մնջիկ կարտասվեի: Թուրք կինը գանգատելով և հայհոյելով հեռացավ վերջապես:

Այդ միջոցին էր, որ Աղզը Գանլն լուր էր ղրկեր, որ ես և Կարապետս, դրացի թուրքին տունը երթանք, այն թուրքին տունը` որ մեզի հորդորած էր մահմեդականությունն ընդունիլ, իսկ նիքեահլները և երկու փոքրիկ աղջիկներս իր ընտանիքին քովը ձգենք:

Խուժանը մինչև մեր ապաստանած տանը շեմը հասած էր. բարձրադիր պատուհանե մը երբեմն կտեսնեի սև բազուկներ, հրացանի փողեր ու խուժանը կգոռար կատաղած գազանի պես:

Ետևի դուռնեն տղուս հետ, գետնին վրայեն սողալով, գացինք դրացի թուրքին տունը. հոն մնացին աղջիկներս, որոնք փսիաթներու տակ ծածկվեցան. վերջեն իմացա, որ ջարդողները գտել էին զիրենք և դուրս հանել՝ սպաննելու համար: Բայց հանկարծ խուժանին մեջեն մեկը պոռացել էր. «Կիները պետք չէ սպաննել. պառավները, կույրերը, խեղանդամները ձգեցեք ու մնացածը տարեք»: Բայց որովհետև լսել էին, որ երկու աղջիկներս նիքեահ եղած են դարձուցեր էին զիրենք մուխթարին տունը: Հետո ամբոխը եկավ մեր գտնված տունը և պաշարեց, սպառնալով տնեցիներուն, որ եթե կյավուրները դուրս չհանեն, տունը կրակի պիտի տան:

Այն ատեն տանը թուրք կիները կատղած և աչքերնին դարձած՝ վրանիս եկան ու մեզի դուրս քշեցին: Շեմին վրա կեցած, երկու սուրին մեջ մնացեր էի: Կարապե՜տս, ա՜խ, մեռելի պես ճերմակ էր և ոտքի վրա չէր կրնար կենալ. մարմինովս ծածկեցի զինքը, աչքերս գոցեցի ու պոռացի.

- Նախ ինձի սպաննեցե՛ք: Սև և չոր դեմք մը գրեթե դպավ իմ դեմքիս և ըսավ խնդալով.

- Կիները սպաննելու հրաման չկա, դուն անդին կորսուե՛:

Այն ատեն լսեցի խորդալու պես ձայն մը. կարծես մեկը կխեղդվեր. ետիս դարձա, ամա՜ն… այդ րոպեն… ի՞նչպես ապրեցա այդ րոպեն… մեկը Կարապետիս թևեն բռնած կքաշեր ու անիկա կընդդիմանար, կքաշքշեր գետնին վրա. վերջապես ինքզինքն ազատեց թշնամիին [ 79 ] ձեռքեն ու այնպիսի ձայնով մը, որ ինծի անգամ անծանոթ թվեցավ, գոչեց.

-Ես իսլամ եմ, մարգարեին խաթերը համար ազատեցեք զիս…

Տղաս ինծի կնայեր առանց ճանչնալու, կնայեր ամբոխին, կնայեր զինքը քաշող թշնամիին, կնայեր և բերանը կծռեր բան մը ըսելու համար. շնչառությունն այնքան զորավոր էր, որ հեռվեն կլսվեր…

- Աղե՛կ, աղե՛կ, - պատասխանեցին շատ մը ձայներ, -քեզի թլպատելու կտանինք կոր:

Ու քանի մը հոգի մեկեն վրան հարձակեցան ու սկսան քաշքշել:

Տղաս կրկին դիմադրեց. հագուստները պատռեցան, ծունկերը գետնին քսվելով սկրթվեր էին. անցած տեղին, հողին վրա, արյունի հետքեր կային:

- Վո՜ւյ, վո՜ւյ կգոչեր անիկա ետին դառնալ փորձելով… մայրիկ, զիս սպաննելու կտանին, մայրի՜կ… ես մեռնիլ չեմ ուզեր, վո՜ւյ, վո՜ւյ ես մեռնիլ չեմ ուզեր…

Ամա՜ն, ամա՜ն… անկեց ի վեր վայրկյան չըլլար, որ Կարապետիս ճերմկած դեմքը չտեսնեմ. ձայնը կարծես ականջիս մեջ մնացած է, իր հոգեվարքի պատկերն աչքերուս մեջ դրոշմված է:

Ետևնուն վազեցի, բայց չհասա. ասդին անդին թափառեցա… ամեն կողմեն ինծի կթվեր, որ տղուս ձայնը կլսեմ ու ճամփաս շփոթեցա. ատեն մը ետքը դեմս ելավ Սաֆիե հանմ, Աղզը Գանլին քույրը. ձեռքես բռնեց ու դեպի իրենց տունն առաջնորդեց:

- Քեզի կվայելե աղջիկներուդ քովն ըլլալ, ըսավ:

- Կարապե՞տս,- հարցուցի արցունքես խեղդվելով:

- Աստծո ողորմությունը մեծ է,- պատասխանեց…,- շատ չտանջվեցավ:

Գիտեի արդեն ու կսպասեի, որ տղուս սպաննելուն լուրն առնեմ, բայց ականջներուս չհավատացի… ցավես քար կտրած կեցա Սաֆիեին դիմացը:

-Նստինք,-ըսավ վշտացած ձայնով, ու ձեռքես բռնելով ստիպեց, որ գետինը խոտերուն վրա տարածվիմ. այդ միջոցին պատմեց ամեն բան:

- Հոն էի ու աչքերովս տեսա, ականջներովս լսեցի. մարդիկ գինովի [ 80 ] ու խենթի պես էին, զավակն իր հորը, եղբայրը եղբորը զարնելու պատրաստ, այդպիսի գեշ րոպեներ կան Աստծո մեզի սահմանած ժամերուն մեջ և այդ րոպեներեն մեկուն զոհ գնաց զավակդ:

-Յավրո՜ւմ… Յավրո՜ւմ կգոչեի ես, արևդ մարեցավ, կյանքն այնքան քաղցր էր քեզի համար, ի՞նչ զենքով զարկին, ո՞ւր տեղեդ զարկին, յարալը մարմինդ ո՞ւր մնաց, անգամ մըն ալ կյանք տայի քեզի… աչքերուս լույսեն լույս առ, իմ շունչես շունչ առ և չորս կողմդ նայե՜, կշտացիր կյանքեն… յավրո՜ւմ, ի՞նչ զենքով զարկին քեզի…

-Գետին եզերքը տարել էին, - պատասխանեց Սաֆիեն ու հոն Կարապետը Հապիպին հանդիպեցավ. «Սեկ հողի վրա ծնած, մեկ երկնքի տակ ապրած ենք, Հապիպ, ըսավ, աղի, հացի հախ կա մեջերնիս. մեկ ամանե կուտեինք, մեկ գավաթե կխմեինք, խնայե՜ երիտասարդությանս»: Բայց անոնք մտիկ չըրին ու ձեռքերը կապեցին: Հապիպ գոտիեն դանակը քաշեց և մոտիկցավ…

«Ես դանակեն կվախնամ, գետը նետեցեք ինծի»,-ըսավ Կարապետ վերջին անգամ: Բայց Հապիպ ծիծաղելով մոտեցավ ու դանակը մինչև կոթն ընկերոջը ծոծրակին մեջ խոթեց, հետո նետեցին զինքը… ամբոխը գետեզրը ժողված կդիտեր, երկու անգամ արյունոտ մարմինը ջուրին երեսը ելավ և հոսանքեն քշվեցավ, բայց Րեսուլուն օղլու Խտր գոչեց.

«Գետին ջուրը կարմրեցավ կյավուրին անցած տեղեն, դեռ ողջ ըլլալու էր» և երրորդ անգամուն, երբ Կարապետ ջուրին երեսը ելավ՝ վրան հրացան մը պարպեց:

-Երկինքը սևցավ ինծի համար, Սաֆիե՜…-ըսի թուրք կնոջը երեսն ի վեր լալով. Աստծո բոլոր կայծակները ձեր ոճիրները չպիտի կրնան պատժել. ո՞ր օրը և ո՞ր ժամուն ձեր քավության ժամանակը հասած պիտի ըլլա, այրիին, որբին ու մոր արցունքներու մեջ պիտի խեղդվիք…

Քանի կխոսեի, անիկա կտժգուներ. դողալով ձեռքս բռնեց ու մխիթարել փորձեց…

-Մի՜ լար, մի՜ լար, շատ էզիյեթ չտվին, փառք տուր Ալլահին, գթած եղավ ձեզի համար, դեռ ի՞նչ տանջանքներու մեջ մեռնողներ կան, ինչե՜ր պատմեցին… ամեն մեկուն եղունգներուն մեջ հայու արյուն կար: [ 81 ] Զիս առավ, եղբորը տունը տարավ, ուր աղջիկներս մնացեր էին. իրարու քով եկանք ու սկսանք լալ: Այլևս մեզի մինակ չէին ձգեր, տանը կիներուն եկել, միացեր էին դրացիներ ալ ու մեզ շրջապատած էին: Ոմանք կհեգնեին մեր ցավը. «Ո՞ւր է Հուրիե՞թը…» ոմանք կմեղքնային մեզ, իսկ ուրիշները կհանդիմանեին.

-Դուք ձեր հոր ու զավկին վրա չէ, որ կուլաք, միլլեթին համար է ձեր արցունքները… ձեր թափած արտասուքին ամեն մեկ կաթիլին մեջ թույն ու անեծք կա մեզի համար…:

Կես Ժամ ետքը թուրք կիներ եկան ըսին, թե հարսներնին պիտի տանին:

-Հանգիստ թողացեք մեզի, գոչեցի, ա՛լ սիրտ չունիմ, որ զարնեք անոր… թողացեք մեր կորուստներուն վրա լանք:

Տեսնելով, որ ինծի մտիկ ընող չկա, դիմեցի մուխթարին, հիշեցուցի իրեն խոստումը, բայց ան ալ ըսավ թե բան մը չի կրնար ընել, արդեն նույն միջոցին թուրք կիներուն եկած միացած էին զինված մարդիկ, որոնք բռնի տարին աղջիկներս ու ես ստիպված հետևեցա իրեն:

Ամիս մը անցավ այսպես, ամուսինս և զավակս սպանված, աղջիկներս առևանգված, տունս տեղս թալլված, այլևս բան մը չունեի հուսալիք այս աշխարհիս վրա, երբ օր մը զապթիե մը եկավ և մեզի հայտնեց, որ եթե գանգատելիք բան մը ունիք, իրեն ընկերանալով՝ կրնանք պատերազմական ատյանին դիմել: Աոաջին անգամ սպառնալիքի տակ, բերանացի ըսինք, թե գանգատ չունինք, բայց աչքս բացվեցավ, հանցավորները պատժել տալու ու աղջիկներս ազատելու եռանդեն դրդված միջոց մը գտա ու Ադանա գտնվող պատրիարքական պատվիրակության լուր ղրկեցի ու մեր վիճակը բացատրեցի: Երկու շաբաթ ետքը կրկին զապթիե մը ներկայացավ, լուր կար, հր թուրքեր կախած էին… տուշմանը սարսափի մեջ էր. մեզի թույլ տվին, որ հետևինք զապթիյեին, որու հետ Ադանա հասանք:

Ինծի կթվեր, որ ինծի պես դժբախտ կին չկա, բայց երբ հոս հասա, հազարներով լսեցի նման պատմություններ, սուգս սրտիս խորը ծածկելով երեք անգամ արզուհալ տվի Տիվանը Հարպին ու երեք արզուհալներս անպատասխանի մնացին: Այսօր վրաններու կողմերը գացեր էի, երբ մեր գյուղացի թուրքի մը հանդիպեցա. [ 82 ] -Ես ալ քեզի կփնտրեի, ըսավ դիմավորելով ինծի. պզտիկ աղջկանդ ամուսինն ապսպրեց ինձի, որ ըսեմ, թե պարապ բաներ են ըրածնիդ. լսեր է, որ աղերսագիր տվեր ես իրենց դեմ. Կարապետը և ամուսինդ սպաննողներու դեմ, բոլոր ատոնք զուր տեղն են. մենք, ահավասիկ ազատ կպտտինք:

Այս բանին վրա աչքս դարձավ, անմիջապես կառավարչատուն վազեցի, զայրույթս այնքան մեծ էր, որ դռանը շեմեն մինչև Տիվանը Հարպին գտնված սենյակեն առաջք եղող բոլոր ծառաներուն արգելքները զիս չկեցուցին: Երբ սրահ մտա, զբաղված էին և ուզեցին զիս դուրս հանել, բայց անմիջապես գոչեցի իմ բոլոր ցավս, բոլոր գիտցածս: Գլուխս կդառնար, զիրենք չէի տեսներ ու կպատմեի: Ըսի, թե ինչպես քաշքշելով գավակս տարին, ըսի, թե ինչպես դաշույնը մտցուցեր էին ծոծրակին մեջ, ըսի կիներուն անսրտությանը, մարդոց անգթությունը, ըսի, թե քանի մը անգամ իմ մայրական սիրտս խոցոտելեն ետքը, այսօր ալ զիս կծաղրեին, լուր կղրկեին, թե արզահալի, Տիվանը Հարպի և այլնի վրա հույս չդնեմ, թե իրենք ահավասիկ ազատ կպտտին, և այդպես ալ պիտի ըլլա մինչև վերջը:

Բոլորովին լուռ էր սրահը, երբ խոսքս վերջացուցի, կարծեցի, որ մեկնած են, զիս մինակ ձգած են, բայց խելքս գլուխս եկավ ու տեսա զիրենք. տեսա հոն սեղանին առջև նստած, որ ինձի մտիկ կընեին և հուզմունքե քարացած էին:

Հանկարծ մեկը խոսեցավ.

- Մեռելները չեն ողջննար, ով կին, դուն մնացած զավակներուդ մեջ մխիթարություն փնտրե… գեշ հովի մը պես չարիքն անցավ և ավերներ գործելե ետքը հեռացավ… պետք է անցյալը մոռնա՜լ…

- Անցյա՜լը… անցյալն իմ սպանված զավակս է, իմ մորթված ամուսինս է, իմ առևանգված աղջիկներս է… անցյալը կրակե գիրերով գրված է սրտիս մեջ:

Զինվորականներն մեկն ինծի կնայեր ուշադիր և ամենեն ավելի հուզված կթվեր. պզտիկ մատովը երբեմն աչքին անկյունեն կայրեր արցունքի հետքը ու շրթները ճերմկած էին. ու երբ հուզմունքը կշատանար, դիմացը դրված տետրակի մը վրա կնայեր իբր թե կարդալու համար. [ 83 ] -Դուք ալ երիտասարդ եք, ըսի, դուք ալ կյանքի շեմին վրա կգտնվիք, խորհեցեք թե ի՞նչ բանե զրկեցին զավակս, իմ կյանքս այլևս բեռ մըն է երկրիս վրա. մահվան մեջ միայն մոռացության կհուսամ… ինչ որ իմ աչքերս տեսան ու ինչ որ իմ ականջներս լսեցին, կբավեին հարյուրավոր մայրերու կյանքը թույնի պես դառնացնելու, և այլևս հուսալիք բան մը չունիմ, բայց եկեր եմ ձեզի ըսելու, որ արդար ըլլաք ու ոճրագործ բազուկները պատժեք…:

- Եղածը եղած է, ո՞ր մեկը պիտի պատժենք, բավական արյուն թափեցավ արդեն… մոռցեք անցյալը:

Իրարու մեջ փսփսացին ու մեկն ինծի դարձավ ըսելով.

- Ձեր խանութին գույքերը որո՞նք թալլեցին, տետրակները ո՞վ տարավ, ինչքա՞ն առնելիք ունեիք գյուղին մեջ… Տիվանը Հարպը հարկ եղածը կընե ձեզ վերադարձնելու համար նյութական կորուստը:

- Ես չեմ եկեր խանութիս և տանիս գույքերը ուզելու, ես եկեր եմ ուզելու ձեզմե, որ հանցավորները պատժեք:

- Աղետեն առաջ քույր եղբոր պես էիք. մոռցեք պատահածը, ասկե ետքն ալ քույր եղբոր պես պիտի ապրիք, վրեժխնդրությունը թշնամություն կարծարծե և խաղաղությունը երբեք չի վերահաստատվի երկրին մեջ…: Ձեզի կիյնա բարի օրինակ տալ, ձեր կրոնքն իսկ կպատվիրե ձեզի, որ ձեր թշնամիները սիրեք…

Եվ որովհետև արդեն մոռնալով պատմությանս տպավորությունը, անհամբերության շարժումներ կընեին, քողս հանեցի, գլուխս բաց և ըսի.

- Քանի որ դուք չեք ուզեր տեսնալ մեր դատը, թող Աստված դատե ձեզի և դուք մինչև ձեր հեռավոր սերունդներուն մեջ անիծված ըլլա՜ք:

Սրահը դարձավ շուրջս, շարժող աթոռի ձայներ խլացուցին զիս… ոտքի ելան ու կրկին նստեցան ու այդ միջոցին ինծի կթվեր, որ աշխարհիս չորս կողմեն ձայնս կլսեի:

- Անիծված ըլլա՜ք… անիծված ըլլա՜ք:

Ինչ որ ալ ըլլար Ադանայի բարեկեցիկ և նույնիսկ հարուստ ժողովուրդին դժբախտությունը, անոնց, որ մեկ օրեն մյուսը մոխիրի վրա [ 84 ] նստած էին, ինչքան ալ սրտակեղեք ըլլար որդեկորույս մայրերու, այրիացյալ կիներու ապշահար և ցավագին տառապանքը, ինչքան որ մղձավանջային սոսկումեվ մը մեզ համակեին շրջակա գյուղացիներու հուրի և սուրի պատմությունները, ավելի դժբախտ, ավելի անտեր, մոռցված և անտեսված տարր մը կար Կիլիկիո մոխիրներուն վրա: Ասոնք դրսեցիներն էին, որոնք Հայաստանի այլևայլ գավառներեն եկեր հաստատվեր էին հոն և մշակությամբ կպարապեին:

Շատեր հասած էին Կիլիկիա, արդեն ջարդե և հուրե փախելով, շատեր հասած էին Կիլիկիա, իրենց ընտանիքին անդամներեն մեծագույն մասը զոհ տված, արդեն սգավոր և սրտերնին ցաված, հաճախ անմխիթար և միայն ներքին անդիմադրելի բնազդե մը մղված կյանքի դառնալու համար: Ի՞նչով կապրեին. գրեթե ոչնչով, ի՞նչի կձգտեին. հայրենիք վերադառնալ. արհամարհված և անտեսված տեղացիեն, որուն մեջ խորթ եղբայրներ միայն գտեր էին, անոնք իրենց ողորմելի գոյությունը կքաշքշեին զբաղվելով գրեթե միայն երկրագործությունով. իրենցմե մաս մը հաստատված էր Կիլիկիո մեջ, ուրիշ ստվար մաս մը, սակայն` կուգար ամեն գարնան և մշակության եղանակը ավարտելուն` աշնան վերջերը կդառնար հայրենիք: Երբ ձմեռվան ամիսները կանցնեին և Կիլիկիան գաղջ կլիմային շնորհիվ գարունը կծանուցվեր վաղահասորեն, ամեն կողմերեն, ճերմակ ճամփաներու վրայեն ծայր կտտային իրենց խեղճ և ողբալի քարավանները, գլգլյակներով ծածկված, անոթութենե կմախքցած ու աչքերնին վառ հարատևորեն վերադարձի հույսերով:

Այն տարվան եկողները հայրենիք չվերադարձան. որովհետև աղետին առաջին և անվրիպելի զոհերը եղեր էին. շրջակա գյուղերուն մեջ հաճախ պատահեր էր, որ իրենցմե ոչ մեկը հաջողեր փախուստ տալ կամ որևէ կերպով ազատվիլ:

Նույնպես Ադանայի մեջ` դուրսեցիներն անտեր ու անտիրական, հաճախ դիզված խաներու մեջ, դյուրին զոհեր եղեր էին թշնամիին ու եթե շրջակա գյուղերու մեջ իրենց ծայրահեղ թշվառության հետևանքով կամ զիրենք աշխատցնող դարձեր էին ինքնապաշտպանության, ընդհակառակն Ադանա քաղաքին մեջ առյուծի պես կռվել էին հաճախ: [ 85 ] Իրենցմե մնացեր էին միայն ողբալի այրիներ ու որբեր, ասդին անդին վիրավորված, խեղանդամված այրեր, ծամածռած բերաններով, խենթի աչքերով և կնճռոտած ճակատներով:

Հակառակ, որ նպաստի օրերու մեջ մեր մտահոգության առաջին առարկան իրենք էին, անոնք չէին հաջողեր հասնիլ մեզի, որովհետև ադանացի աղետյալներ արգելք կըլլային, զիրենք կհեռացնեին առաջին շարքերեն. «Զուլումեն առաջ ալ այսպես էին, դուք ի՞նչ ունեիք, որ ի՞նչ կորսցնեիք… ղրկածները մեզի համար են, ձեզի համար բան չկա»,- կգոչեր օր մը քաղաքացի այրի մը դրսեցիի մը:

Չարագուշակ, լռին, ազնվական ու իրենց չքավորությանը մեջ խրոխտացած այն մասնավոր հպարտությամբ, որ անարժանի դժբախտությունը կուտա կարգ մը մարդոց, անոնք կկենային գրեթե ամեն օր ճամփան վրա: Քիչ կխոսեին, քիչ բան կպատմեին, բայց իրենց նայվածքներուն տխուր քաղցրությունը կհաղորդվեր մեզի, երբեք այնքան դյուրավ և այնքան առատությամբ բարեբար արտասուքը չէր ժայթքեր մեր աչքերեն, որքան իրենց մոտ: Մեր հարաբերությունները դյուրացնող գլխավոր պատճառներեն մեկն ալ իրենց հայախոս ըլլալն էր. ինչ սփոփանքով, գրեթե ակնածանքով կլսեինք իրենց զանազան զավակներու հատուկ շեշտը ու ասացվածքները. էրզրումցին իր մաքուր և կտրուկ նախադասություններով, պայծառ և թափանցիկ իմաստով. խարբերդցին՝ իր եղանակին սրտառուչ երաժշտությամբ, որ իր բոլոր խոսքերում արձակ բանաստեղծության մը տխրագին եևէջը կտար, ակնցին` իր երգող, մանվածապատ և երկդիմի խոսվածքով, որ միշտ տարտամ, անըմբռնելի և անսահմանելի իմաստով մը կվրդովե քեզ ու խոսքը վերջացուցած ատեն կկարծես, թե ընդհակառակը պիտի սկսի, բաղեշցին` իր գոռ, առնական և հատու շեշտով ու մշեցին` իր երկարաձգվող լացի եղանակով, որուն ոլորտներուն մեջ ժպիտ կա սակայն, ինչպես մանկական արցունքի մեջ:

Շատ անգամ մեր լսածը նոր աղետի մը պատմությունը չէր, իրենց ամեն մեկերնուն հիշատակները թրծված էին անցյալ սուգով և ցավով. ամեն մեկ հիշողության ոստում արցունքով կծանուցեր. ծներ, մեծցեր ու ապրեր էին վշտի մեջ և արևին իրենց բաշխած ամեն մեկ [ 86 ] տարին տառապանքով բեռնավոր էր: Երբ իրենց զավակները հիշեին, չէին մոռնար, որ հողին հանձնված են. երբ իրենց սև հարսանիքները հիշեին, չէին մոռնար այն բոլոր վիրավորանքները, որոնց ենթարկված էր իրենց նոր հարսի խպնոտությունը, կերած հացերնին ու խմած ջուրերնին արյունոտ էր և կյանքը դառնահամ և թունավոր պտուղի մը պես էր իրենց համար:

Ինչպես որ եկեր էին, ձգտելով փախչիլ իրենց ճակատագրեն, հաճախ աննպատակ, բռնելով դիմացի ճամփան, հալածված անոթութենե, սուգե, սարսափե, այնպես ալ կրկին, հիմա կուզեին մեկնիլ։ Ցրված ու կոտորված ընտանիքներու բեկորները կմիանային իրարու, հեմշերիներու խումբեր կկազմեին ու հավաքաբար կապրեին, հավաքաբար կծրագրեին, հավաքաբար ճամփա կելլեին: Իրենցմե յուրաքանչյուրը կարծես կորսնցուցած էր այլևս մարդկային կամքի, անհատական ուրախություններու և ցավերու գաղափարն իսկ, ամեն մեկն առանձին` մարդկային խլյակ մըն էր, շվարուն, կորսված: Ու ինչպես ուղեկորույս թռչունը` իր երամին, անոնք կդառնային իրենց հեմշերիներու խմբակին: Ի՞նչով և ի՞նչպես պիտի կարենայինք թոթափել զիրենք դարավոր տառապանքի թմրութենեն, վերադարձնել զիրենք մարդկային հրայրքներու, վառել իրենց աչքը լույսով, պարզել իրենց սևագիր ճակատները, հույս և ժպիտ տալ իրենց մեռած ու անեծքե չորցած շրթունքներուն: Մեկ բան միայն զիրենք կդրդեր այդ ուղղությամբ, վերադարձը դեպի հոն, ուր ծներ ու մեծցեր էին, հոն, ուր` արդեն անգամ մըն ալ վառեր էր այս նույն կրակը, հոն` ձգեր էին իրենց արտերը, իրենց սիրելիներուն գերեզմանները, այն ծառերը` որոնցմե հաջորդաբար իրենց հորը, իրենց զավակներուն օրրանները կախված էին, կարկաչող ջուրերը, անցնող քամիները, սավառնող ամպերը, սարերը ու ձորերը… ու հայրենիքի սփոփարար հիշատակը կմաքրեր ու կսրբեր իրենց հոգիեն հոն կուտակված թույները, քեները և ոխերը:

-Վաթա՜ն, հողիդ ղուրբա՜ն… արյունս հոս թափելու տեղ` թող քու ծոցիդ մեջ թափի`…

Նյութական, ճղճիմ դժվարություններ արգելք կըլլային իրենց: Մենք մեր բոլոր ջանքերը կընեինք իրենց օգնելու համար, և երբեմն կհաջողեինք ճամփա հանել զիրենք: [ 87 ] Երկար փոշոտ ճամփուն վրա՝ ուրկե եկեր էին մշակներու խումբեր, զինված երկրագործական տարրական գործիքներով, առողջ և հուժկու, հույսով և աշխատության կամքով ոգևորված, երազելով խարտյաշ հնձաններուն, բերքերու առատության և այգեկութներու օրհնյալ և բերկրալի ճոխության վրա, հիմա կերկարեր շարքը վերադարձողներու քարավանին: Կզակնին լաչակով կապած և մարմիննին ցնցոտիներով ծածկած կիներ… դարձյալ կիներ… արևին տակ ճերմակ քողերը հեռավոր ոչխարներու հոտի մը երևույթով կվետվետի… մեկ քանի անդամահատ կամ հիվանդկախ մարդիկ, տժգույն և չոր դեմքեր, ցամքած շրթունքներ. քարավանին առաջքեն քովերեն ու ետևեն որբեր, որբեր, որբեր… անոնք բոկոտն են և գրեթե մերկ ու գլուխնին բաց արևին տակ: Քարավանը կառաջանա համրաքայլ ու հանդիսավոր. ամեն մեկ գլուխ դագաղի պես է. մեռելներու հիշատակներ կան հոն, սիրված մեռելներու, քաջի պես մեռնողներու: Ողբեր ու լեժանտներ կտանին իրենց հետ, արտասուք և հպարտություն ունին միանգամայն ավանդելիք…: ճամփան երկար է ու իրենք տժգույն ու վատթարացած. պիտի հասնի՞ն արդյոք… որքա՜ն ճամփան պիտի մնան և որքա՜ն պիտի հաջողին վաթանին հողը համբուրելու… և հետո ի՞նչ խեր կա իրենց մահամերձի, իրենց խելագարի, իրենց ուրվականի ներկայութենեն:

Քարավանին առաջքեն, քովերեն, ետևեն ահավասիկ, տղաքը կոստոստեն, կվազվռտեն… ցնցոտիներու պատռվածքներեն մարմինները կհայտնվին ամուր և պինդ պողպատի պես. անոնք չեն ճանչնար սուգը և տերտը, կարհամարհեն արևին սլաքները, տոթակեզ և անշնչելի օդին ծանրությունը, միրկ ոտքերուն ներքևեն երկարող ճերմակ և կիզիչ ճանապարհը: Անոնք կերթան ճակատնին դարձուցած նպատակին, հոգինին զեղուն եռանդով և հույսով, կերթան դեպի հայրենիք, որի մասին լսեր են շատ մը հեքիաթներ մամիկեն ու մայրիկեն. կերթան դեպի խոստացված հորիզոնները, դեպի երագած սարերը, ակնկալված քաղցրությունները հայրենի հողին ընծայած պտուղներուն…

Ու սգավոր քարավանն այրիներուն, որ իր որբերը կտանի դեպի [ 88 ] հայրենիք, հետզհետե տոնական երևույթ մը կստանա մեզի համար ու սրտերնիս կհուզվի անբացատրելի և ուժգին զգացումով մը:

-Բարի երթա՜ք… բարի երթա՜ք…:

ճերմակ ու երկար ճամփուն վրա այլևս չենք տեսներ զիրենք… երկար ատեն է, որ հեռացած են, բայց դեռ մեր աչքերը խոնավ են ու մեր շրթունքները` դողդոջուն մաղթանքներով: Ու այս անգամ գոնե, գերագույն հույս կբարեխառնե մեր ցավին դառնությունը:

Վերադարձին՝ ավերված քաղաքին փողոցներուն մեջ կհանդիպինք ուրիշ հեմշերիներու խմբակներու: Էրզրումցիներ կդիմավորեն մեզ. կայտառ և ուժեղ կիներ են, ցնցոտիներու մեջ իսկ գեղեցիկ, կանոնավոր դիմագծերով և սև, արտահայտիչ աչքերով. բազմաթիվ ծամեր, մանր, մանր հյուսված կծածկեն իրենց քամակները և կհասնին մինչև կողերնուն. կենսավետ և առույգ արյուն մը կշիկնեցնե իրենց լեցուն այտերը ճերմակ լաչակներուն ներքևեն: Նորածին մը հանգչած է դեռատի մը մոր կուրծքին վրա և մինչ ան կխոսի, կշարժի ու կքալե, մանկիկն անայլայլ լրջությամբ կշարունակե ծծել մորը կաթը: Նոր հարս է ու այրի. տղեկին հայրը հույսով և երջանկությամբ լեցուն սպասել է առաջնեկին ծնունդին, ու հիմա ո՞վ գիտե' ո՞ր սարին վրա, ո՞ր գետին ջարերուն մեջ կհանգչին իր խոշտանգված մարմնին մնացորդները: Մինչ տարեց կիներ կպատմեն այլևս մեր ականջներում ընտանի դարձած այդ պատմությունը, նոր հարսն իր լաչակին ներքև կարտասվե անշշուկ:

Առաջնորդարան մտած պահերնուս` երկու արյունոտ և ցավագին աչքեր կդիմավորեն մեզ. հանդարտ, լուրջ և լռին տառապանք մըն անշարժացուցեր, մարմարային տժգունություն և կարծրություն տվեր է կնոջային դեմքի մը, որուն տարիքը կխուսափի մեր ուշադրությունեն: Ցավի նույն դիմակը կա ամենուն դեմքին վրա. նույն աչքերը, նույն կծկված և քարացած մկանունքները, նույն ճերմկած կամ կապարագույն դարձած շրթունքները. նույն կանխահասորեն ճերմկած կամ փոթտված մազերը: Ինչպե՞ս որոշել երիտասարդը պառավեն, սգավոր մայրն այրիեն. կարծես երկաթյա և անողոք ձեռք մը, նման ձգտումով, սեղմած ու ցամքեցուցած էր իրենց [ 89 ] կենսականության աղբյուրը:

Լաչակին ներքևեն, որի մեքենական շարժումով մը կքաշեր դեպի դեմքը` ծածկելու համար զայն, կընդնշմարենք խոհուն ճակատն արկածյալ կնոջ և իր վիրալի աչքերուն խորը կճանչնանք դարավոր տառապանքով ազնվականացած հայ կինը: Դրսեցի է. Խարբերդեն. ոչ մեկ օր չէր եկած անիկա եկեղեցիին բակը նպաստ խնդրելու, մեր բժիշկ ընկերներեն մեկը հանդիպեր էր իրեն ու մեզի հանձնարարել այդ խպնոտ թշվառությունը: ժամադրություն տվեր էինք նպաստի ժամերեն դուրս միջոց մը, այնքան իր ամաչկոտության խնայելու, որքան լսելու իր խրոխտ, ցավագին և աննշմարելի անցած պատմությունը: Իր գերազանց պարզությամբ անիկա չէր խորհեր, իսկ թե ինչ թանկագին դրվագ կներկայացներ բոլոր մեր լսած ջարդի, հուրի, նվաստության և անմարդկային վայրագություններու պատմություններուն մեջ:

Երբ իրեն հետ առանձնացանք ու զինքը հրավիրեցինք նստիլ մեր դեմ, դողդոջուն ձեռքերը սեղմած կուրծքին վրա, պահ մը նայեցավ մեզի խորունկ, և անբացատրելի նայվածքով մը: Այդ բանը հաճախ կպատահեր արկածյալներուն. կարծես սկսելե առաջ իրենց անլուր, անհավատալի, անըմբռնելի պատմությունը, կձգտեին հաղորդակցության մեջ մտնալ մեր հոգեկան կացության հետ, իրենց ցավին էությունն իսկ հաղորդել, որպեսզի իրենց տարտն իմանալի դառնար մեզի, ու ամեն անգամ` անվրիպելի կերպով կհաջողեին: Նույնատեսակ հուզմունքի ալիք մը կվրդովեր մեր սիրտը, իրենց հառաչանքներուն, իրենց աղաղակներուն կշռույթը կզգայինք նախապես մեր դղրդված ցեղային բնազդին մեջ ու իրենց արդեն թափած արցունքներուն դառնությունը կայրեր մեր կոպերը: Իրենց հետ կկուրանայինք ու կխլանայինք, ու ամբողջ աշխարհ կխուսափեր մեզմե: Այլևս ի՞նչ փույթ այս կամ այն կնոջ պատմության մանրամասնությունները, դեռ չլսած գիտեինք, ինչպես եթե մեր ենթագիտակցության մեջ արդեն հոլովված ըլլային անոնք, ու բոլոր միջոցին, որ կխոսեին, անբացատրելի զգայնություն մը կելևէջեր մեր մեջ համապատասխան իրենց վշտի սարսուռներուն: [ 90 ] Այսպես էր, որ թերևս, հաճախ, անկարող կդառնայինք զիրենք մխիթարելու, իրենց ցավն ամոքելու, որովհետև փոխանակ զիրենք մոռացության առաջնորդելու, այրիներուն հետ կուլայինք, որբերուն հետ որբացած կզգայինք ինքզինքնիս, պայքարողներուն հետ կխիզախեինք, ըմբոստներուն հետ կարհամարհեինք և ստրկացածներուն հետ նսեմացած ու կոխոտված կզգայինք մեր հոգիները: Ու այս հարափոփոխ և դժնդակ ուժգնությանը մեջ մեր հրայրքներռւն, մեկ վայրկյանի մեջ կապրեինք դարեր ու ամբողջ ցավը ժողովուրդի մը հավաքական դժբախտության:

Խարբերդցի կնոջ աչքերը տամկցած էին արյունախառն արցունքով մը, և պղտոր բիբերը գետին խոնարհած, լաչակին ծայրովը կսրբեր այտերուն իջած թարախոտ խոնավությունը: Մեկեն գլուխը բարձրցուց և իր լայն ճակատը դարձուցած մեզի՝ խոսեցավ:

Գաղթական էին ու հաստատուն Կիլիկիո մեջ հայկական կոտորածներեն ի վեր: Ամուսինը և երկու երիտասարդ տղաքն ինչպես իր փեսան կորսնցուցեր էր Ադանայի դեպքերու միջոցին. միայն կիները մնացեր էին և աղջկանը չորս որբերը, ու ինքը, նախապես մայր ընդարձակ և երջանիկ ընտանիքի մը, հիմա դարձեր էր այրիներու և որբերու մայր:

«Այն օրը, - կըսեր, իր հեծեծագին և ազնվական ձայնով,֊թշնամությունը սաստիկ էր հրահրված կրակի պես: Հանկարծակիի եկանք, բայց տղաքս առյուծի պես կանգնեցան: Մեզ, կիներն ու տղաքը դրին սենյակի մը մեջ, ու իրենք կռվեցան երկար ատեն… ժամեր ու Ժամե՜ր…: Խենթի պես էինք, չգիտցանք, թե ի՞նչ էր պատահածը: Դուրսեն գնդակներն անդադար կզարնվեին ու մերինները կպատասխանեին հատիկ, հատիկ, մինչև որ դադրեցան…: Հանկարծ մեր սենյակին դուռը բացվեցավ, ու մեծ տղաս երեցավ, եկավ ինծի, վիզս փաթթվեցավ ու ականջիս գոչեց. «Ես կմեռնիմ, մայրիկ, էվել-պակաս հելալ ըրե»… Դեո չէի հասկցած իր խոսքերուն նշանակությունը, երբ անիկա դուրս թռավ. ետևեն գացի. մյուս տղաս, փեսաս և ամուսինս գետինն ինկած էին. ո՞ր մեկին երթայի, [ 91 ] որո՞ւն վրա ծռեի…: Նույն միջոցին տղաս փողոց ելած էր ու քանի մը գնդակ մեկեն թնդացին, ու ես չգիտցա, թե ո՞ր գնդակն էր տղաս զարնողը»:

Միջոց մը կարտասվեի հառաչագին ու իր խոսքերը կկորսվին: Հետո իր արյունով լեցուն աչքերուն արհավիրքը սևեռած մեզի,պաղատանքով կմրմնջե.

«Քրիստոսը մեր կրակը չցուցնե ձեզի, անմարելի կրակ է, անմարելի՜… աչքերս բոլորովին կուրնային, թերևս ա՛լ չտեսնեի այն պատկերը, որ տեսա այդ օրը… ականջներս խուլնայի՜ն, թերևս ալ չլսեի գնդակներուն ձայնը, որ լսեցի այն օրը… մեկ հատ մը չէ, որ մեկ հատին վրա լաս: Ո՞ր մեղքերնուս պատիժն էր աս, Աստվա՛ծ, ի՞նչ ոխ է քու ոխդ մեզի դեմ, որ արյունով ու արցունքով չմարեցավ. գոնե ղրկած ցավերուդ հետ Հոբին համբերանքեն համբերանք մը տուր մեզի…»:

Ու ջլատված՝ աչքերը կխոնարհեցնե ու կեզրակացնե.

«Մինչև գերեզման չիջնանք, այս ցավը չենք մոռնար»:

Երկար ատեն կուլա այդպես ու հանկարծ կդադրի, կխոսի իր հարսերուն վրա ու մանավանդ իր որբերուն վրա. չորսն ալ մանչ են ու կորյունի պես առողջ:

«Պիտի ապրիմ ու հայրենիք տանիմ զանոնք, ու պիտի պատմեմ, թե ինչ մահով մեռան իրենց հայրը, մեծ հայրը ու մորեղբայրները»:

Արցունքներուն ետևեն կենսավետ հրայրք մը կճառագայթե, անմիջապես կկառչինք իր այդ զգացումին. կհարցնենք իրեն, թե ինչի՞ պետք ունին ճամփա ելլելու համար: Կծրարենք այնքան հագուստ և վերարկու, որ կրնանք, ու, ջղագրգռված ցավի և հույսի հակասական զգացումներով, կխոսինք իր որբերուն վրա, իր չորս մատղաշ մանչերուն վրա:

Կինն իր դողդոջուն ու վարանոտ ձեռքերով կկապե ծրարները. շատ բան կպակսին. իր պահանջներուն քով մեր տվածը ոչինչ բան է: Աղետի օրերեն ի վեր անպատսպար և թափառական, խղճալի վիճակի են հասեր. «Շապիկը կռնակնուս վրա մաշեցավ, բայց որի՞ն [ 92 ] հոգն էր. շատերը կըսեին, գացեք, առեք. Ստամբուլեն ղրկել ե՜ն…: Աստված ճամփողներն ալ օրհնե, տվողներն ալ - բայց մեր սրտերը կրակներու մեջ էին… կվառեին, կվառեին, չէին հատնե՜ր… թողեք կըսեի, տեղս նստիմ, տերտս լամ…»:

Անմիջապես կզբաղինք իրենց ճամփորդությունով, կարգադրություններ կընենք, կխոստանանք հարկ եղածը հայթայթել:

«Որբերս տանիմ, հելալ հողի վրա ու հոգիս տա՜մ…»:

Ու իր այս բաղձանքովը կեռանգոտի, շարժում ու կյանք կուգա իր անդամալուծված մարմնին մեջ: Ու մինչ կկարծենք, թե նոր հույսեր և նոր տենչանքներ կխանդավառեն զինքը, հանկարծ կձգե ծրարները, ձեռքի զգեստները. ու քարացած, թևերը կողերն ի վար կախ կմնա անշարժ. երկու զույգ արյունոտ արտևանունքներ կքթթեն տենդագին արագությամբ մը, ու, օրվան իրականութենեն բացակայած, միտքը մոլորած, կինը կմնա անշարժ: Երբ անճրկած կնայինք իրեն ու հարցումներով կուզենք զինքը դրդել, անիկա կըսե ուրվականային ձայնով մը.

- Դիակները կտանեին գետը կնետեին, մերիններն ո՞ւր մնացին: