Jump to content

Բագոս (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բագոս
Աշուղը

Բագոս


Սուրբ Բագոսի ինձի տված օգուտը
Կուզեմ քեզի հայտնել, ով իմ ազգական.
Սատանայի ցեղ է, ով խոսի սուտը,
Չեմ ուզիլ կեղծորեն դնել բնաբան։
Ինչպես ճշմարիտն է, քեզ պատմեմ այնպես,
Խմիչքը մեր կյանքը միշտ անում է կես,
Ոչ Հոմերոս գիտե, ոչ Մեծն Ներսես,
Ամենին հավասար կանե դատաստան:
Ջոկ խորհրդով օձից խաբվեց Ադամը,
Այնպես ինձի դառավ իմ բարեկամը,
Ախալքալա՛կ տեսա խմիչքի համը,
Երբ ես էի տասնևութ տարեկան։
Սա իմ բարեկամն էր, երգիչ հին վարպետ, —
Այս կաթիլը գործ էր ածում արահետ,
Երբ ինձ ստիպում էր կարծում էի նետ,
Գիտեի խմիչքը — պատճառը մահվան։
Սիրելիս լինելով կախա՛րդ, ձեռնածու,
Անմեղ բնությանս շուտ եղավ հասու,
Ասավ, եթե խմիչք չգործածես դու,
Չես ընդունվի ամենայն մի խրախճան:

Այդ իմ հին ընկերիս ևս հավատալով,
Մտանք մի նեղ փողոց, մի քիչ ման գալով,
Բարեկամիս հետը ձեռք-ձեռքի տալով,
Եկանք միասին մեկ հատ միկիտան։
Երբ մտանք այդ շենքը, կանգնած էր մի մարդ,
Երեսը շատ ծաղր, այտերն իբրև վարդ,
Նա մեզի բարևեց ուրախ ու զվարթ,
Ու ցույց տվեց մեզի մի ջոկ օթևան։
Նստանք այնտեղ, առաջ եկավ արաղը,
Գինին, խորովածը, ծի՛ծակը, աղը,
Տեսա՝ այդտեղ պիտի կախվեր մեր մաղը,
Օգուտն ի՞նչ, լռելով նստեցի սեղան։
Գիտցա՝ ինձ արժան չէր այդ խաղցած դերս,
Ձեռք պարզեցի պատկառելով պատկերս,
Գինեվաճառի հետ ես ու ընկերս
Գցեցինք ամենս մի-մի ստաքան:
Խմիչքը երբ մտավ սրտիս սենյակը,
Մտքիս անկյուններում վառեց կրակը.
Կրկին ձեռս տվավ գինու բաժակը,
Խմել՝ ընկերներիս անելով նշան։
Երկուսն երեք եղավ, տաքցավ գագաթս,
Քսակիցս չէր հեռանում իմ թաթս,
Հանեցի գրպանես բոլոր արծաթս,
Կուզեի ծախս անել ի մեջ մի վայրկյան։
Ընկերս բազմել էր աթոռի վերա,
Ձեռքին ուներ բռնած գինով լի կթխա.
Կանչեց մոտը յոթը, ութը խաբեբա,
Իրան խորհրդից մարդիկ ժրաջան։

Դրանք նստան սեղանի չորս բոլորը,
Հին գինին պարպել էր, բերինք մենք նորը,
Բաժակներու մեջ լցրին խնձորը,
Իմ կենացս համար բաց արին բերան։
Իմ կենացս խմում էին նոր ի նոր,
Ես ինձ կկարծեի հատուկ բախտավոր,
Այն վայրկյանին դարձել էի թագավոր,
Աչքիս մեկ կերևար, ծառա թե իշխան։
Վերջապես, այդ օրը մինչև իրիկուն,
Ինձանից կըխմեր հիմար թե գիտուն.
Մութն էր, ամեն մի մարդ գնաց դեպի տուն
Միայնակ մնացի ես անօգնական։
Շուտով փախած էր իմ ծանոթ ընկերը,
Որ ինձ խոստացել էր, թե գնանք մերը,
Գինետանը կեցա ես այդ գիշերը,
Ըստ որում չունեի ես ջոկ կեցարան։
Գետնի վրա ընկած, սենյակս սառն,
Բարձ արի այդ գիշեր գինու տակառն,
Դուռը վերաս կողպեց գինեվաճառն,
Վանդակն էի ընկած թռչունի նման:
Կեսգիշեր էր, քնից արթնացա տխուր,
Ցրտի պաղությունից եղա կցկտուր,
Եթե մի մարդ ինձ տար մի բաժակ պաղ ջուր
Մոտս արժեք ուներ հազար դահեկան։
Ամբողջ երակներս ելած էին դող,
Չոր քարերից չէր մնացել կուշտ ու կող.
Ձեռքս ծոցս տարա, չգտա մեկ փող,
Սկսեցի անել լաց ու կոծ, կական։

Դուռը բացվեց, երբ լուսացավ առավոտ,
Այն գինեվաճառը եկավ ինձի մոտ.
Վերջապես խնդրում եմ չլինի կարոտ,
Իմ քաշած օրերին ոչ մի բանական։
Առանց փող չտվեց ինձի մի արաղ
Այն գինեվաճառը, ավաղ, շատ ավաղ,
Քանիմ մանեթ փողս մտուցի դագաղ,
Ընկերիս ձեռովը տարա գերեզման։
Հոգիս գրավելով այդ անպիտանը,
Ընտիր աշխատանքս լցրուց գրպանը.
Այնքան փողս կերավ այն միկիտանը,
Կրկին նա ինձանից չեղավ բավական։
Այդ տեղից դուրս եկա դատարկ ջեպ ու ծոց,
Սրտումս բացվել էր հազար մի կերպ խոց,
Ողղվա այնուհետ դեպի սրճանոց,
Թե տեսնիմ իմ ընկերներեն այնտեղ կա՞ն։
Տեսա, որ այնտեղ են, ծագեց արևս,
Շարժեց երակներս, փոխվեցավ ձևս,
Բարև տվի, երբ որ չառան բարևս,
Մնացի զարմացած ես անպատասխան։
Անխիղճ ընկերներս պատվույս փոխանակ,
Վարվեցան ինձի հետ կռվով, հակառակ.
Նստա այնտեղ բավականին ժամանակ,
Երբեք մինը մի սուրճ չտեսավ արժան։
Այդպես ընկերներից հեռացիր, այ մարդ.
Որ են սիրտ ավերող, խաբեբա, կախարդ,
Ծայրահեղությունն է մարդուն միշտ թակարդ,
Չափազանցությունից դուրս չի գալ լավ բան։

Զգուշացիր, հոգիս, խմե չափավոր,
Որ վերջը խմիչքը քեզ չլինի բոր,
Եթե միշտ հետևար կմնաս մոլոր,
Անպատիվ, շվարյալ, մարդ աստանդական։
Սիրելի ազգական, լեր, ուշիմ, արի,
Մի լինիր որկրամոլ, քչին հոժարի,
Ջիվանին եմ, կամեցող միշտ քեզ բարի,
Կըմնամ քեզի հետ հոգով անբաժան։

1875