Բաթումի պայմանագիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կատեգորիա:Պայմանագրեր ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
[Հատվածներ]
Բաթում, 4 հունիսի, 1918 թ.


Բաթում, 4 հունիսի, 1918 թ. Օսմանյան կայսերական կառավարությունը՝ մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ՝ քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Օսմանյան կայսրությունը
Դեպուտատ արդարադատության մինիստր և պետական խորհրդի նախագահ, Նորին գերազանցության Խալիլ բեյին՝ առաջին պատվիրակ, և Կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մահմեդ փաշային՝ ռազմական պատվիրակ:
Հայկական հանրապետությունը
Պարոն Ալեքսանդր Խատիսովին՝ պատվիրակության նախագահ.
Պարոն Ռուբեն Քաջազնուն՝ պատվիրակ:
Պարոն Միքայել Պապաջանովին՝ պատվիրակ:
Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին և գտնելով դրանք ըստ պատշաճի, համաձայնվեցին հետևյալ դրույթների վերաբերյալ:

Հոդված I
Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:

Հոդված II
Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից:

Սահմանն սկսվում է այն կետում, որտեղ Ճորոխ գետը թափվում է Սև ծովը և մինչև Շավնաբերդ սարը միաձուլվում է հին սահմանի հետ, որ գոյություն ուներ Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև` մինչև 1877թ. պատերազմը, անցնելով լեռնագագաթների գծով` այն հասնում է Խալխամ և Մեպիսկար սարերը (1856թ. սահմանով), ապա թեքվում է դեպի հարավ, անցնում է Փիրսաղադ սարի գագաթով, Աբասթումանից երկու կիլոմետր հարավ և թեքվելով դեպի հյուսիս- արևելք, հասնում է կարխուլ Դաղի գագաթը, այստեղից սկզբում 5 կմ ձգվելով դեպի հյուսիս-արևելք և ապա դեպի հարավ-արևելք, այն հասնում է Գուրկել վայրը, անցնում է Քուռ գետի վրայով` Ածխուրիից 2 կմ հարավ և, անցնելով Ղայաբաշի, Օրթաթափա, Ղարաղայա սարերի գագաթների գծով` հասնում է Տաբիցկուրի լիճը` Մոլիտի վանքից անմիջականորեն հարավ: Սահմանն այդ լիճը կտրում է այնպես, որ Օսմանյան տերիտորիայում է մնում լճի մի մասը, որը գտնվում է հարավում` ուղիղ գծով, որ Սոլիտի վանքի հարավից անմիջականորեն գնում է մինչև լճի հյուսիսային վերջավորությունից 1.5 կմ հարավ-արևելք` հակադիր ափին գտնվող կետը, և հասնում է Թավկոտելի սարը: Այնուհետև այն իջնում է դեպի հարավ, անցնում Շավնաբադ, Կարագուզու, Սամսար սարերի գագաթներով և, թեքվելով դեպի արևելք, անցնում Դավագիրան լեռնաշղթայի գագաթներով, ապա ուղղվում է դեպի հարավ, անցնելով Աչրիքար, Բաշգիրան, Նուրռահման սարերի գագաթներով: Նուրռահման սարից հետո այն շարունակում է գնալ հարավային ուղղությամբ և շարունակ անցնելով լեռնագագաթների գծով, հանդիպում է Ալեքսանդրապոլ Թիֆլիս երկաթուղագծին` Աղբուլաղ բնակավայրից 5 կմ արևմուտք. այստեղ այն անցնում է լեռնագագաթներով մինչև խանվալի վայրը, որտեղից համարյա ուղիղ գծով այն հասնում է Ալագյազ լեռան առավել բարձր գագաթը և, շարունակելով գնալ ուղիղ գծով, հասնում է Էջմիածին-Սարդարապատ խճուղին` Էջմիածնից 7 կմ արևմուտք գտնվող կետում, ապա այն շրջանցում է Էջմիածինը 7 կմ տարածության վրա և շարունակում է գնալ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուն զուգահեռ ուղղությամբ, մնալով նրանից մոտ 6 կմ, իսկ Բաշգիրան վայրից դեպի հարավ-արևմուտք 16 կմ հեռավորության վրա, այն հատում է այդ վայրից դեպի երկաթուղին տանող ճանապարհը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է Աշաղի Ղարաբաղլար գյուղի մոտով` 1 կմ հարավ և Շահաբլու, Ղարախաչի, Աշաղի-Չանախչի բնակավայրերի վրայով հասնում է Էլփին-չայ գետը, որով գնում է մինչև Արփա բնակավայրը, այս վերջին բնակավայրից սկսած այն մտնում է Արփաչայի հովիտը, հասնում է Ղայալու բնակավայրը և Ղաիդ գետով գնում է մինչև Աղթաբան սարի գագաթը, ապա այն անցնում է Ղարադուղնա, Արաջին, Ղարանլիխ սարերի գագաթներով, հասնում է Ռեանլա-չայ զառիթափը, շարունակվում է այդ գետի հովտով Ազա բնակավայրի հարավային կողմից հասնելով Ալիջին բնակավայրը, որ գտնվում է նախկին ռուս-պարսկական սահմանագծի վրա:

Սահմանագծի վերջնական որոշումը կկատարվի հենց տեղում, երկու կողմերի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից:

Հոդված III
Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաջողվի Օսմանյան կայսերական կառավարությանը:

Հոդված IV
Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:

Հոդված V
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:

Հոդված VI
Հայկական Հանրապետության մեջ ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչ և ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները: Մահմեդականները կարող են սովորել իրենց մայրենի լեզվով և իրենց կրոնի լեզվով:

Կրոնական պաշտամունքի և բարեգործության կատարումն ապահովելու նպատակով կարող են ստեղծվել մուսուլմանական համայնքներ, իբրև բարոյական օրգաններ, որոնք լիազորված կլինեն կառուցելու մզկիթներ, հոսպիտալներ, դպրոցներ, կրոնական ու բարեգործական հիմնարկներ և դրանց պահպանության համար ձեռք բերելու շարժական ու անշարժ գույք: Դրանք կկառավարվեն հատուկ կառավարիչների կողմից:

Գլխավոր մուֆթին կնստի Երևան քաղաքում` Հայկական Հանրապետության մայրաքաղաքում (գլխավոր քաղաքում), իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այլ վայրերում, որտեղ նրանց գտնվելը կհամարվի անհրաժեշտ:

Այս մուֆթիների փոխհարաբերությունները Շեյխ-ուլ-Իսլամաթի հետ, ինչպես և նրանց իրավունքներն ու պարտականությունները, սահմանված են սույն տրակտատին կցվող համաձայնագրում:

Հոդված VII
Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև բացակայում են ամեն տեսակի պայմանագրեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր, ակտեր, հրահանգներ և այլ միջազգային փաստաթղթեր, երկու պայմանավորվող կողմերը համաձայնվեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առևտրական պայմանագիր և այլ ակտեր, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական և տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից և փոխանակումից անմիջապես հետո:

Այդ անցման ժամանակաշրջանում գլխավոր հյուպատոսները և փոխհյուպատոսները համապատասխանաբար կօգտվեն նրանց արտոնությունների ու պաշտոնների նկատմամբ առավել բարենպաստող ազգի դրությունից, ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա, փոխադարձության սկզբունքներով:

Ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա առևտրական պայմանագիր կնքելու համար բանակցությունները կսկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ ընդհանուր հաշտություն կկնքվի, մի կողմից` Թուրքիայի, և մյուս կողմից` նրա հետ պատերազմի վիճակի մեջ գտնվող պետությունների միջև: Մինչև այդ, համենայնդեպս` մինչև 1919թ. դեկտեմբերի 3-ը, սույն պայմանագրի հավելվածով սահմանված ժամանակավոր դրույթը կկիրառեն երկու կողմերն էլ: Այն կարող է չեղյալ հայտարարվել` սկսած 1919 թվականի հունիսի 30-ից և ուժի մեջ կմտնի վեց ամիս հետո:

Ցամաքային հաղորդակցությունը կսկսվի սույն պայմանագրի վավերացումից և փոխանակումից հետո:

Հոդված VIII
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման, կամ այլ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:

Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման, կամ այլ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:

Պայմանավորվող կողմերի միջև երկաթուղային գծերի շարժակազմի փոխանակումը կկատարվի այդ հարցի վերաբերյալ սահմանված միջազգային սկզբունքներով:

Պայմանավորվող կողմերն անհապաղ կմտնեն բանակցությունների մեջ` նախորդ դրույթների մանրամասնությունները որոշելու համար:

Հոդված IX
Մինչև Հայկական Հանրապետության` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև փոստային և հեռագրական կապերը կվերականգնվեն նույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո, Միջազգային միության փոստային և հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:

Հոդված X
Պայմանավորվող կողմերից մեկի տերիտորիայի բնակիչները կամ համայնքները, որոնք ունեն սեփականության կամ օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով:

Ոչ ոք չի կարող զրկվել այդ անշարժ գույքի նկատմամբ իրեն պատկանող սեփականության իրավունքից այլ կերպ, քան նկատի ունենալով հասարակական շահը, և միշտ փոխհատուցմամբ:

Ոչ մի արգելք չպետք է հարուցվի բնակիչներին կամ նշված համայնքների ներկայացուցիչներին, երբ նրանք սահմանը կանցնեն` ներկայացնելով ճանապարհային թերթիկները, որոնք կտրվեն ըստ բնակավայրի համապատասխան իշխանությունների կողմից և որոնք կօրինականացվեն մյուս կողմի իշխանությունների կողմից:

Թեթևացումներ ու հատուկ արտոնություններ կտրվեն սահմանն անցնելու և սահմանային բանկավայրերում առևտուր անելու համար:

Նախորդ դրույթների մանրամասնությունները կկարգավորվեն ըստ սույն պայմանագրի 11-րդ հավելվածի:

Հոդված XI
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:

Հոդված XII
Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:

Հոդված XIII
Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:

Հոդված XIV
Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Այն ուժի մեջ կմտնի փոխանակման օրից:

Ի հաստատումն սրա՝ լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն պայմանագիրը և դրեցին իրենց կնիքները:
Ստորագրեցին՝
Խալիլ Ա. Խատիսով
Վահիբ Ռ. Քաջազնունի
Մ. Պապաջանով