Jump to content

Բախտ (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բախտ


Քեզանից ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ,
Տվել ես մահացու ինձի ցավ, բախտս,
Քեզ ի՞նչ դիմով խոսիմ, ի՞նչ պատասխանեմ,
Իմ հոգիս արել ես քեզ գրավ, բախտս։

Իմ սրտիս համաձայն դուն չես բարեկամ,
Քո մտքեդ անցածը կանես ամեն ժամ,
Անձս բամբասվելով՝ օրը շատ անգամ
Կըմատնես թշնամուն, անիրավ բախտս։

Քո վերքերդ սրտիս մեջը ցանելով,
Կամաց-կամաց ճանապարհդ տանելով,
Անմահական աղբյուրներից հանելով,
Կըթողնես հավիտյան ինձ ծարավ, բախտս։

Թե ասեմ Ջիվանս քեզնից ազատ եմ,
Մուրհակս ձեռիդ է, ի՞նչ բան հաստատեմ,
Քեզի ի՞նչ քարոզեմ, կամ ի՞նչ խրատեմ,
Ոչ երիտասարդ ես, ոչ պառավ, բախտս։