Բախտ (1897) (Ջիվանի)
Բախտ
Հե՛րիք է անիրավ բախտ, հերիք է ինձ չարչարես,
Հերիք է թշնամու պես հալածես, դուռս քարես,
Հերիք է, քեզ խնդրեցի, հարվածդ դադարեցուր,
Կուրծքս ամրոց կարծելով հերիք է նետահարես։
Ասա՛, քեզ ի՞նչ եմ արել, ի՞նչ վնաս եմ հասցրել,
Իմ ունեցած գործերս մինչև երբ դու խանգարես.
Տարին մի մարդու դուռը ուրախ սրինգ ածելով,
Հոմանի կնոջ նման շատի համար կպարես։
Արժանավոր տիկինը ապերջանիկ թողնելով,
Անարաժանի ճակատին մինչ ե՞րբ ոսկի շարես,
Դուն է՞լ երկերեսանի — հզորի կողմն ես տաշում,
Ստոր կավատի նման ցած դերեր կկատարես:
Կթողնես խեղճ ու մոլոր առանց սատար ինձ նման,
Վա՜յ կուտաս նրա գլխին՝ հիմա ինչ մարդ որ ճարես,
Հուսով եմ գիտությունը քու քողդ կպատառե,
Աշխարհը կկործանվի, թե միշտ դու կառավարես:
Հավատ, խեղճ ու խղճմտանք չունիս, որ քեզ բան ասեմ,
Մեկի տունը, թե շինես, մեկ ուրիշին կավարես,
Լավն ու վատը չես ջոկում, այդ Ջիվանը քաջ գիտե,
Հազար մարդ կողոպտելով մի հատ եզ կզարդարես։