Jump to content

Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 151
ծ. ― էջ 758

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի


[ 151 ]

ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Է. Ռասպե
ԱՌԱՋԻՆ ԻՐԻԿՈՒՆԸ

Ափսոս, որ դուք չէիք ճանաչում իմ պապին։ Մի հազվագյուտ մարդ էր ու աննման որսկան։ Շաբաթներով սար ու ձոր ընկած որսի էր ման գալի ու ո՛չ հոգնում Էր, ո՛չ քնում, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում։ Եվ անվերջ, անվերջ պատմություններ էր անում իր որսորդական կյանքից։

Իրիկունները չիբուխը սարքում էր, վառարանի դիմացը նստում ու պատմում։

Մի անգամ էլ, պատմելու ժամանակ, մեզանից մի չարաճճին ընդհատեց.

— Հը՛, պապի, էդ մինը ավելացնում ես․․․

— Փա՛հ,— ասավ,— ինձ որ ասում եք՝ ավելացնում ես, հապա՛ ինչ կասեիք, եթե իմ ընկեր բարոն Մյունխհաուզենին լսեք։

— Ո՞վ է Մյունխհաուզենը, պապի։

— Մյունխհա՜ուզենը… Մյունխհաուզենը իր ժամանակին մի որսկան էր որ… Պետք Է նրան լսեիք, թե ինչ զարմանալի բաներ էր պատմում…

— Ի՞նչ էր պատմում, պապի, պատմի, մենք էլ լսենք։

― Չէ՛, չեմ պատմիլ, ընդհատում եք։

— Չէ՝, պապի ջան, պապի, էլ չենք ընդհատիլ։

— Լա՞վ, որ խոսք եք տալի, կպատմեմ։ Միայն թե խոսքը [ 152 ] խոսք պետք է լինի։ Ով չի ուզում թող նա չլսի, իսկ ով լսում է՝ չընդհատի։

— Իմ բարեկամ Մյունխհաուզենը մեռած է վաղուց, բայց էս րոպեին էլ կարծես աչքիս առաջն է նրա բարձր ու մի քիչ կորացած հասակը, միշտ ուժեղ ու առողջ։

Նա հայտնի էր ինչպես լավ պատմող։ Զարմանալի պատմություններ էր անում, բայց ինչ էլ որ պատմում էր, բոլորը թվում էր և՛ կարելի, և՛ հավանական։

Իհարկե, նրա նման ես չեմ կարող պատմել, բայց նրա անունից կպատմեմ, որ ավելի կենդանի դուրս գա պատմությունս։

Էստեղ պապս հազաց, կոկորդը մաքրեց ու սկսեց, իբրև թե բարոն Մյունխհաուզենն է ինքը։

— Իմ թանկագին հյուրեր, բարեկամներ ու ընկերներ։ Էսօր ես ձեզ մի բան պետք է պատմեմ վաղուց ինձ հետ պատահած արկածներից։ Էն ժամանակ ես դեռ քսանհինգ տարեկան երիտասարդ էի, առողջ, ջահել, բարձրահասակ։

Մի անգամ, ինչպես եղավ, որսի գնացի ու ամբողջ երեք օր առանց հանգստանալու ման եկա։ Ճշմարիտ է, խուրջինս որսով լիքը վերադարձա, բայց էնքան էի հոգնել, որ հազիվ էի կենում թամբի մեջ։

Իմ նժույգ Այաքսն էլ նույնպես հազիվ էր ոտները փոխում։ Ես թամբի միջին ննջում էի։ Այաքսն էլ, տեսնելով, որ սանձը թողած է, մեծ ճամփից դուրս է գալի, ընկնում մի նեղ շավիղ, մի երկու վերստ գնում ու կանգնում։ Զարթնում եմ, աչքերս տրորում, չորս կողմս մտիկ եմ անում ու տեսնեմ՝ կանգնած ենք մի ահագին ճահճի եզերքին։

Դե, հիմի արի ետ դառ։

Չէ՛, ինչ ուզում է լինի՝ ետ չեմ դառնալ, անց եմ կենալու։ Վճռեցի ու ասպանդակեցի իմ Այաքսին։ Այաքսը ծառս եղավ, ամբողջ թափով թռավ ու, մին էլ տեսնեմ՝ մենք ճահճի վերև կախված ենք օդում։ Հենց էդ րոպեին միտս ընկավ, որ Այաքսը շատ է հոգնած։ Էդ օրը մենք 25 թե 30 նապաստակի ետևից ենք ընկել ու բռնել… Էլ երկար միտք չարի, օդի մեջ ձիուս գլուխը շուռ տվի ու, հո՛պ, դարձյալ կանգնեցինք [ 153 ] ճահճի ափին, ճիշտ էն տեղը, որտեղից Այաքսը թռել էր։

Ասի՝ ավելի լավ է՝ ձիս չափ գցեմ ու էնպես թռցնեմ ճահճի վրից։ Նա սովորաբար հեշտությամբ թռչում էր քսան քայլ լայնությամբ արգելքների վրից, իսկ ճահճի լայնքը, աչքի չափով, 20 քայլից ավելի չէր թվում ինձ։

Մի քիչ ետ գնացի, Այաքսի վիզը շոյեցի, մին էլ ասպանդակեցի, ու նորից մենք ճախրեցինք օդի մեջ։

Սակայն ճահիճը քսան քայլից լայն դուրս եկավ, ու ափից մի քանի քայլ հեռու՝ երկուսս էլ ընկանք ցեխի մեշ։ Ես զգում էի, ոնց էին ոտներս խրվել, Այաքսը հո ամբողջովին թաղվել էր տղմի մեջ, միայն գլուխն էր, որ մնացել էր դուրս ցցված… Էլ երկար ու բարակ միտք անելու ժամանակը չէր, հարկավոր էր ձեռաց մի ճար մտածել։ Ծնկներս ամուր սեղմեցի ձիու կողքերին, ձախ ձեռով սանձը պահեցի, աջ ձեռս տարա, բռնեցի իմ մազերից, ձիգ տվի ու ցեխից դուրս հանեցի ինձ ու ձիուս միասին։

— Պա՜հ, պապի․ էդ ի՞նչ տեսակ մարդ է եղել քու ընկեր Մյունխհաուզենը…

— Հապա՜, մի հնարագետ, համարձակ ու վճռական մարդ։ Ինչպես տեսնում եք, նեղության մեջ գիտեր իրեն ազատելու ճարը գտնել։ Բայց մի մեծ շնորհք չի նեղության մեջ ճար անելը, երբ միջոցներ կան ձեռքիդ տակ. շնորհքը էն տեսակ դրությունից դուրս գալն է, երբ ձեռքիդ չկա ոչ մի միջոց… Դե հիմի դուք դենը տեսեք, ինչ է պատմում։

— Մի առավոտ ննջարանիս լուսամուտից նայում եմ, տեսնեմ՝ վայրի բադերի մի ամբողջ երամ լճի վրա պտտվում է։ Իսկույն շորերս հագա, հրացանս վերցրի, վազեցի։ Բայց շտապելուց ճակատս էնպես ուժով զարկեցի շեմքափետին, որ աչքերիցս կայծեր դուրս թռան։ Էլ ժամանակ չունեի վերքի մասին մտածելու, վազելով սկսեցի հետը ճակատս շփել, հետն էլ նշան դնել բադերին։ Դու մի, ասիլ, սաստիկ զարկվելուց հրացանիս կայծաքարը վեր է ընկել, ուրիշ բան էլ չկա, թե հրացանս արձակեմ… Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Առաջս բադերը լողում են, հրացանը ձեռիս կանգնած եմ ու չեմ կարող արձակել։ Բայց մարդը, եթե մարդ է, ամենանեղ [ 154 ] դրության մեջ էլ հնարը գտնում է։ Միտս ընկավ, թե ինչպես մի քիչ առաջ ճակատս, որ դռան շեմքափետին զարկեցի, աչքերիցս կայծեր դուրս թռան, ու իսկույն օգտվեցի իմ էդ նոր գյուտից։ Հրացանիս ոտը վեր քաշեցի, վառոդը բաց արի, հրացանը երեսս կալա, որքան ուժ ունեի՝ շրը՜խկ, զարկեցի ճակատիս… Իսկույն աչքերիցս կայծեր դուրս թռան, մի քանիսն ընկան վառոդի վրա ու, տրա՜ք, հրացանը բացվեց։ Գնամ տեսնեմ՝ մի տասը բադ մնացել են տեղնուտեղը…

Մի անգամ էլ, հիմի դաշտ եմ դուրս եկել, որ նոր հրացանս փորձեմ։ Շատ որս պատահեց, ինչ գնդակ ունեի, բոլորն արձակեցի։ Մին էլ հանկարծ տեսնեմ՝ կաքավի մի ամբողջ երամ։ Ախորժակս բացվեց։ Ասի՝ ինչ ուզում է լինի, ընթրիքի համար մի քանիսը պետք է զարկեմ։ Բայց ի՞նչով զարկես․ ոչ մի հատ գնդակ չի մնացել։ Ա՛յ քեզ փորձանք։ Էստեղ գլխումս մի հրաշալի միտք ծագեց։ Իսկույն հրացանս լցրի ու գնդակի տեղ շամփուրը դրի մեջը։ Նշան դրի օդում թռչող կաքավներին, հրացանը բացվեց, շամփուրը կայծակի արագությամբ սլացավ, յոթը հատ կաքավ շամփրեց ու ընկավ ներքև։ Հենց էնպես ուսիս դրի, եկա տուն։

Բայց էս դեռ ոչինչ։

Մի անգամ Լիֆլանդիայում որսի էի ման գալի, ճամփին մի մեխ գտա։ Հրացանն ուսիս, էդ մեխն էլ ձեռիս, մտքիս ետևից ընկած, հանգիստ գնում եմ անտառում։ Մին էլ տեսնեմ, մի քանի քայլ հեռու մի թուխ, թավամազ աղվես, մի չամի ծառի տակ մտած՝ քիթը վեր է քաշել ու օդի մեջ հոտոտում է։

Կողքիս թփի տակը մտա, նշան դրի, որ զարկեմ, հանկարծ հիշեցի, որ մի քանի օր առաջ էլ կոտորակի զարկով մի հիանալի աղվեսի մորթի փչացրի։ Չէ, ափսոս է էս տեսակ մորթին փչացնեմ, պետք է մի ուրիշ միջոց գտնել։ Աչքս ընկավ մեխի վրա։ Եվ ահա՝ ինչ միջոց։ Գնդակը հանեցի, մեխը դրի հրացանի մեջ, արձակեցի, աղվեսը մնաց տեղը։ Գնամ տեսնեմ տեղնուտեղը մեխել եմ ծառին։ Դնչի մորթին խաչաձև կտրեցի, մի ճիպոտ առա ու սկսեցի սրան թխել, ոնց որ գիտես։ Սա էնպես իրեն կորցրեց, որ իր մորթուցը դուրս պրծավ ու, հայդե՜, փախա՜վ… [ 155 ] Ես էս ընչի՞ համար եմ ասում, նրա համար եմ ասում, որ տեսնեք, թե էն դատարկ մեխն ի՞նչ է, տեղն ընկած տեղը է՛ն էլ կարող է պետք գալ։

Բայց ձեռքդ երբ որ իսկի մեխ էլ չկա, էն ժամանակ ի՞նչ պետք է անես, ա՛յ, սրա պատասխանը տուր։

Էս դեպքից մի քանի օր անց՝ գնդակս ու վառոդս վերջացրած՝ որսատեղից տուն եմ գալի։ Հանկարծ մի թփի տակից դուրս եկավ ու վրես հարձակվեց մի վայրի վարազ։ Իհարկե, շատ էլ ախորժելի բան չի էս տեսակ մի կատաղի գազանին հանդիպելը, մանավանդ, երբ հրացանդ էլ դատարկ է։ Էստեղ, ինչ թաքցնեմ, քաջությունս մի կողմը դրի ու վազեցի բարձրացա հենց առաջին պատահած ծառին։ Ծառն էլ դուրս եկավ մի ջահել ծառ։ Զոռով վրեն տեղավորվել եմ ու ոտներս բարձրացրել։ Վարազը հասավ, ամբողջ թափով որ ծառին զարկեց, ժանիքները ծառի էս կողմից մտան, էն կողմից դուրս եկան։ Էլ ժամանակ չտվի գազանն ուշքի գար, ներքև թռա, մի քար վեր կալա, ու ինչպես որ մեխի ծայրերը ետ են ծեծում, սրա՝ ծառի մյուս կողմից դուրս եկած ժանիքների ծայրերը ետ ծեծեցի, որ իսկի էլ չկարենա հանի։

Եկա տուն, հաց կերա, քնեցի, առավոտը վեր կացա, մարդիկ վերցրի հետս, սայլը լծեցի, հրացանս լցրի ու գնացի։ Գնացի հրացանը քաշեցի, ա՛ռ հա կտաս սրա ճակատի մեջտեղը։ Քերթեցինք, քաշեցինք, դուրս եկավ վաթսուն փութ ու, լավ չի միտս, քանի գրվանքա։

Բայց դեռ էս էլ ոչինչ։ Դուք շարունակությունը տեսեք։