Գալենտարի (Ջիվանի)
Գալենտարի
Հրդեհ գոյացավ աչքերիցդ, ո՛վ սիրուն աղջիկ,
Այրեց ու լափեց իմ իրանս, սիրասուն աղջիկ.
Համեստ ու բարի ծաղկափթիթ, սրբասուն աղջիկ,
Աշխույժ, գեղեցիկ, սիրտ գրավող, զգայուն աղջիկ։
Երանի նրան, ով քու դրախտիդ մեջը կապրի,
Ձմեռ թե գարուն՝ ոչ կըշոգի, ոչ էլ կըմրսի.
Խենթ ճգնավորը թող գնա սարերումը ճգնի,
Թող զրկվի քու տեսությունից, մեծանուն աղջիկ։
Ղրկե, օրիորդ, քու նկարդ մարդիկը տեսնեն,
Թող խնդրե ձեռդ աղաչելով հերոսի որդին,
Բովից, քուրայից, դուրս եկած ես, ոսկի ես անգին,
Շնորհքի առատ ընծաներով զարդարուն աղջիկ։
Իմաստուհի կույս, հոգեպարար տեսք ունիս հաստատ,
Սիրույդ կրակին չեն դիմանալ երկաթ ու պողպատ,
Հարուստը դեմդ դառնում է հեք, խղճալի աղքատ.
Այնքան ուժեղ ես բարոյապես, վառվռուն աղջիկ։
Նախնիք քեզ համար սրբությունը թողել են օժիտ,
Վատդ ուզողը վայրախոս է, անմիտ է, անմիտ,
Կույս անտառի մեջ հիանալի, տենչալի հովիտ,
Կանաչ, նորահաս, մատաղաշիթ, գալարուն աղջիկ։
Է՞ր չես երևում, ո՞րտեղ ես դու, նազելի այծյամ,
Մերթ չես առաքում կամ մի նամակ, կամ սիրո պատգամ,
Երգիչ Ջիվանուն էլ չես հիշում, մոռցել ես անգամ,
Ձմեռ կենացս կյանք նվիրող նոր գարուն աղջիկ։