Jump to content

Գալենտերի (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գալենտերի
Պաղ աղբյուրի մոտ

Գալենտերի


Ո՛վ մարդ, հեռացիր խաբեբա, խարդախ սիրականից,
Օգուտ չի լինիր, խեղճ սիրահար, ձախ սիրականից,
Քեզ պես քանի անձինք խաբելով` զրկել է փառքից,
Փախիր ուրեմն, անամոթ, անվախ սիրականից։

Միշտ բամբասելով՝ քաղաքի մեջ խոսում է վատդ,
Ի՞նչ ես իմանում այդ քո մեծածախ սիրականից,
Ձեռքերը արյունլվա է տեսնում բոլոր աշխարհ,
Եկ, եկ, հեռացիր արենաշաղաղ սիրականից։

Մաքուր սերդ ափսոս չէ՞, հոգիս, որ նրան հանձնես,
Հեռու ման արի սև, մրաթաթախ սիրականից,
Անգութ սևամաղձի սուսերից քեզ նման, ով մարդ,
Շատին եղել է գլուխը ջախջախ սիրականից։

Անշուշտ Ջիվանս գիտում է, սիրույդ փոխարենը
Պիտի ճաշակես արյուն ու թարախ՝ սիրականից։