Գանգատ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Գանգատ
Քսան տարի քեզի համար երգ ասելով ձանձրացա,
Անգութ սիրուն, ես քու կողմից ոչ մի հարգանք չստացա,
Չարչարանքդ ես քաշեցի, վաստակդ օտարք կերան,
Անխիղճ, ապերախտ լինելդ, ափսոս, որ ուշ հասկացա։
Ինձի նման քանի՞ մարդիկ սիրույդ մասին զոհ եղան,
Եվ քանիսն էլ երկրե երկիր ընկած են թափառական.
Ամենևին քո հոգսդ չէ, անիրա՛վ թշվառական,
Մտածում էլ չես, թե վաղը գլխիդ ինչ փորձանք կուգա։
Ես հասկացա, դուն խավար ես, ինձ նման լուսի կարոտ,
Այսուհետև էլ քեզանից չեմ սպասում առավոտ,
Սուտդ ինձ հետ է եղել, ճիշտդ ուրիշների մոտ,
Վայ, հազար վայ իմ արևուն, որ հույս դրի քեզ վրա։
Խեղճ Ջիվանս քեզի համար ուժերս սպառեցի,
Կեղծ սիրովդ կրակվեցա, սիրտս ու հոգիս վառեցի.
Քու մասովդ մինչ համայնքին վիշտ ու ցավ պատճառեցի,
Բայց դու անգութ, անողորմած դուրս եկար կեղծ, խաբեբա։