Jump to content

Գանգատ (1901) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գանգատ
Պաղ աղբյուրի մոտ

Գանգատ


Խաղաղ, հանդարտ ուշք ու միտքս ցաք ու ցրիվ արիր, չքնաղ,
Տված վերքիդ դեղ ու դարման, պալասան չըդրիր, չքնաղ,
Տարաբախտ արկածյալ գլխի բազում փորձանք բերիր, չքնաղ,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ:

Քեզ իմ տված սիրո պատվիս, գովասանքիս հազա՜ր ափսոս,
Նեղը ընկած ժամանակս դու ապաստան չեղար, ափսոս,
Միամիտ անմեղիս, անգութ, խաբեցիր չարաչար, ափսոս,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

Քեզանից ես թե առնելով գնացի կրակը ընկա,
Ուժես վեր բան շալակվեցի, ծանր բեռի տակը ընկա,
Կրակից հազիվհազ պրծա խորունկ մութ ծովակը ընկա,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

Կիսակենդան արիր ինձ դու, վրաս ճար չմնաց մեկ տե՛ս,
Հոգուս ջութակը խանգարվեց, մեկ հատ լար չմնաց, մեկ տ՛ես,
Հոյակապ շինությանս մեչ տարան, քար չմնաց մեկ տե՛ս,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

Դադար, հանգիստ քնած էի, քունս խանգարեցիր, անգութ,
Համարյա լույսը չբացվեց, ճրագս մարեցիր, անգութ,
Թողիր Ջիվանուն անընկեր, ուրիշին տիրեցիր, անգութ,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

1901