Գեղանի (Ջիվանի)
Արտաքին տեսք
Գեղանի
Սիրել եմ, չեմ զղջար, ով իմ գեղանի,
Օտարք ինչ ասում են՝ թող ասեն, ցավ չէ,
Դու մի խաբվիր այլոց որպես պատանի,
Նորանց ամեն ասածները իրավ չէ:
Հողմը ժայռ քարիցը ի՞նչ պիտի տանի,
Որքան փչե՝ դատարկ, իզուր կանցանի,
Վայրախոսը այն հողմին կընմանի,
Թույլ ծառի պես միշտ շարժըվիլը լավ չէ։
Տոկուն սիրտ ունեցիր, լինելով արի,
Կարող ես հաղթել ամենայն չարի,
Խելոք, խոհեմ, համեստ լինելն է բարի,
Միայն գեղեցիկ լինելը քեզ բավ չէ։
Ջիվանին եմ, քեզի բարի ակնածող,
Բարին սիրող, չար բանը միշտ հալածող,
Եղիր դուն հեռատես, արթուն, մտածող,
Գիտցիր, սիրունի թշնամին սակավ չէ։