Գեղեցիկ (1902) (Ջիվանի)
Արտաքին տեսք
Գեղեցիկ
Մատներդ մեղրամոմ, թևերդ բամբակ,
Ծոցդ դրախտ եդեմական գեղեցիկ.
Սևաթույր ունքերդ լարված աղեղով,
Խարտյաշ աչքերդ կայծահան գեղեցիկ։
Բերանդ կաթնաղբյուր, պռունկներդ սեր,
Լեզվիցդ կբխեն քաղցրաձայն խոսքեր.
Երեսդ երկնային նկարած պատկեր,
Ատամներդ զուտ կարկեհան գեղեցիկ։
Վայելուչ հասակդ մի նոճի ծառ է,
Աստղդ արուսյակն է, բախտդ պայծառ է,
Քու սիրույդ կրակը աշխարհ կվառե,
Անհանգչելի հուր վառարան գեղեցիկ։
Թագուհի, Ջիվանուն ընդունիր ծառա,
Հանդերձդ սպիտակ ընտիր մետաքսյա,
Ոսկեթել հյուսքդ թիկունքիդ վրա,
Ման են գալիս շարան-շարան գեղեցիկ։
1902