Jump to content

Գեղեցկուհուն (1898) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գեղեցկուհուն
Պաղ աղբյուրի մոտ

Գեղեցկուհուն


Արիք, մարդիկ, տեսեք մեր հյուրանոցում,
Մեկ հատ գեղեցկության տիպար է իջել,
Անգին գոհար է իջել,
Մարգարիտ շար է իջել,
Երկու կարմիր այտերուն
Վարդ նունուֆար է իջել,
Լուսեղեն հագուստի վերա կապելու
Մեջքին արևային կամար է իջել։

Յուր նմանը ամեն տեղ չի գտնվի,
Այնքան թանկագին է, այնքան հարգելի.
Կենաց ծառ է, հոտով լի.
Դրախտի մեջ կբուսնի.
Սրա պես մեկ գեղեցիկ
Աշխարհի մեջ չի լինի.
Այդպես սիրուն, մարդուց դժվար թե ծնի,
Հրեշտակը երկնքից աշխարհ է իջել։

Ով որ հետը մի ժամ նստի միասին
Կյանք կառնե նորանից կրկին ու կրկին,
Չէ հասարակ հողածին,
Շնորհք ունի երկնային,
Գեղատեսիլ մի կույս է
Անապակ է գլխովին,
Արիք վաճառորդներ, արիք դրեք գին,
Մշտադալար ծառից նուպար է իջել։

1898