Jump to content

Գեղեցկուհուն (1899) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գեղեցկուհուն
Պաղ աղբյուրի մոտ

Գեղեցկուհուն


Շառագույն վարդ այտերդ խնձոր են դրախտային,
Համեստ վարքդ տեսնողը քեզ չի կարծիլ հողածին,
Նրան այնպես կըթվա հրեշտակ ես երկնային,
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Հիվանդը կառողջանա պատկերիդ մոտիկ տալով,
Ծաղկունք բարև կըբռնեն, երբ տեսնեն քեզ ման գալով.
Թռչունները դեմ կուգան, երգելով, պար խաղալով`
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Հոգեբուխ բերանիցդ կենդանություն կըբուրե,
Կյանք տվող, սնունդ տվող, կազդուրիչ կերակուր է,
Պռունկներիդ կաթիլը անմահության սուրբ ջուր է,
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Քեզ սիրում եմ սուրբ սիրով, պիտի սիրեմ, գեղեցիկ,
Ա՜խ թե դուն էլ ի՛նձ սիրես, ես կըլինեմ երջանիկ.
Ատամներդ մարգարիտ, շրթունքդ ալ-մեղեսիկ,
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Բոլոր մարդիկ եղբայր են քեզ համար, համեստ սիրուն
Դու խտրություն չգիտես, չես ջոկել ազգ ու անուն.
Սիրո վճիտ պարզ ջուրը և աղբյուրը դուն ես, դուն`
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

1899