Jump to content

Գիտունն ու տգետը (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիտունն ու տգետը
Պիտի գա՞ արդյոք

Գիտունն ու տգետը


Գիտունի հետ քար քաշելը հեշտ է խիստ,
Տգետի հետ մեղր ուտելը դժվար է.
Գիտունը կճարե վերջն իրան հանգիստ,
Բայց տգետը նորեն էլի հիմար է։

Ո՞վ կասե բնական իմաստուն ծնա,
Ուսում չգիտցողը անկիրթ կմնա,
Խոզը ցեխը տեսավ անշուշտ կգնա,
Թեկուզ վիզը հարյուր մարգարիտ շարե։

Գիտությունը մեկ արև է անխավար,
Ծովից ոտով կերթա առանց նավավար,
Բայց տգետը չունի ուղիղ գաղափար,
Որովհետև հոգու աչքը խավար է։

Ջիվան, մարդկության մեջ խեղճ է հիմարը,
Առաջադեմ է լեզվագետ ճարտարը,
Թե կուզես որոնե ամբողջ աշխարհը,
Իմաստունի մոտ տգետը տկար է։