Jump to content

Գիրեր պատերազմի դաշտեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիրեր պատերազմի դաշտեն

ԳԻՐԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԵՆ

Պոլիս բնակող ֆրանսացի մեկ բարեկամս, որ այս պահուս պատերազմի դաշտին վրա կը գտնվի, ատեն ատեն քանի մը տող գիր կը ղրկե ինծի։ Բան մը չըսեր պատերազմական գործողությանց մասին որոնց վրա ոևէ տեղեկություն տալը արգիլված է, իր խորհրդածությունները կը հաղորդե ինծի ներկա պատերազմին առթիվ, անոր սկզբնապատճառներուն, վերջնական հաղթության որ կողմին մնալուն և հառաջ գալիք հետևություններուն մասին կարծիքներ կը հայտնե, գուշակություններ ալ կընե, որոնք շատ անգամ շահեկան են։

Այս նամակներուն մեջ կանոնավորություն և կապակցություն պետք չէ փնտրել։ Մինչև անգամ տեղ տեղ հակասություններ ալ կրնան տեսնվիր որոնց աչք գոցելու է։ Այս վերապահությամբ այդ գիրերը Ազատամարտի ընթերցողներով պիտի ներկայացնեմ հետզհետե։


Ա. ՆԱՄԱԿ

Չորեքշաբթի օր մը մեկնեցանք Կոստանդնուպոլսեն ուր Պիզանսն ու Սթամպոլը գիրկընդխառն կապրին հինգ դարե ի վեր։ Արևելքն է ան, միշտ պայծառափայլ, երբեմն արյունաներկ։ Ես դեպի Արևմուտքս կերթամ. կարմրցող, զարհուրելի կերպով կարմրցող Արևմուտք մը։

Ճամփորդության բոլոր տևողության միջոցին՝ լավ մը դիոեցի սա Միջերկրականը, որուն վրա գերմանական ակնկալությունները կը թռվռան, խորհեցա որ այս ծովին տիրապետումն է այսօրվան պատերազմին սկզբնապատճառներեն մին։ Միտքես չելլեր Վիլհելմ Բ-ի խրոխտ dictonը։

Եմ կայսրությունս ծովերու վրա է։

Ան՝ որ առարկան է այս ըղձանքներուն՝ անգիտակից կը թվի իր ճակատագրին համար ծրագրված խորհուրդներուն, իր նվաճումին համար թափվելու պատրաստ արյունին։ Ան կը շարունակե իր կապույտ բեհեզի գգվանքովը և շոգենավնուս կուրծքն ու պարանոցը զարդարող սպիտակ փրփուրե մանյակովը մեր աչքերն հմայել։


Բ. ՆԱՄԱԿ

Կազմ և պատրաստ կեցեր եմ. համազգեստս հագած, հրացանը ձեռքս, պայուսակը ուսիս։ Թե որ զիս տեսնես՝ չպիտի ճանչնաս։ Եվ ի՜նչ է պատերազմը՝ եթե ոչ անճանաչելի դառնալը մարդուս։

Ասանկ ժամու մեջ է որ հանկարծ մարմին կառնե, շոշափելի կըլլա խորհրդավոր և անտեսանելի թելը որ մարդս դարերու հոլովումին երկայնությամբը իր ցեղին իր հոգին կը կապե։ Այս պահուս ես դադրած եմ առանձին գոյություն ունենալն, իմ ազգիս հոգին է որ կապրի իմ ներսս. որչափ որ տևե պատերազմը՝ ես անով պիտի ապրիմ, պիտի տառապիմ կամ պիտի հրճվիմ։

Ասանկ վայրկյաններու մեջ է նաև որ մարդուս տեսությունը ամեն արգելքները կը թափանցե, տեսակ մը ռեոնթկենյան ճառագայթ՝ որ բոլոր թանձրություններեն կանցնի, հեռուն, շատ հեռուն կը տեսնե... Ստուգությունները։

Առաջինը՝ որ պայծառապես կը ցոլա աչքիս առջև, այն՝ որ մղվելիք երկար ճակատամարտներու վրայեն կը գծագրվի դեմս, հորիզոնին վրա՝ Միլիթարիզմի բնաջնջումն է Եվրոպայեն։ Միլիթարիզմի անհետացումը տեսնել, թնդանոթներու ծուխին և մուխին մեջ ի՞նչ հակասություն։


Գ. ՆԱՄԱԿ

Այսօր առաջին անգամ քսեցի որոտալիր և դաշն երաժշտությունը թնդանոթներուն. թեթև սարսուռ մը վաղանցուկ ու տակավ վարժությունը որ Անզգայության դրացի է։ Թե այս է քաջությունը ես ունիմ զայն։

Թշնամին անտես է մեր աչքերեն։ Դիմացի սարերուն վրա մուխի գիծ մը և՝ իսկույն գնդակներու սուլումը մեր չորս դին հոն են գերմանները. ի՜նչ ընելու եկեր են այս մպրդիկը մեջ երկրին վրա, այն վայրկյանին որ հրացանս կուղղեմ անոնց կողմը, այս մտածումը միտքս կը լլկե. տարօրինակ կը գտնես փափագս սպաննելու մարդիկ զոր չեմ ճանչնար։ Եվ սակայն այս է իմ պարտքս այս ժամուս։ Սպաննել չսպաննվելու համար։ Բոլոր ազգությունները ասոր մեջ կը փնտրեն արդարացումնին։ Ինքնապաշտպանություն. ահավասիկ մեծ բառը բնազդական բառը, վա՜յ անոր որ կանգիտե զայն։

Թշնամին իր հրետանիին և այրուձիին գերազանցության կը վստահի։ Գերազանցությո՜ւն, ահավասիկ ուրիշ բառ մը ճակատագրական արշավի մը հրավերն է, մշտնջենական մը դեպի ուժը։

Եվ գերմաններուն հանձն ապաստանությանը վրա կը ժպտիմ, ի՜նչ է անոնց ուժը մերինին քով. մեր ուժը մեր իրավունքին մեջն է։


Դ. ՆԱՄԱԿ

Առտուն կանուխ մեր գումարտակը ոտքի վրա է, գիշերը ես մղեցինք թշնամին որ մութեն օգտվելով մեր գիծերուն վրա հարձակեր էր. խավարը՝ ահավասիկ մեծ զինակիցը պատերազմի մեջ։

Հիմա պիտի հառաջանանք, բայց նախ մեռելները պիտի թաղենք։ Ամեն օր նոր գերեզմաննոց մը ունինք. այսօրվանը թեթև զառիվայր՝ առջևնիս կը տարածվի, տեղ տեղ ուղղագիծ բարտիներով վարագուրված. այստեղ կռվեցանք գիշերը. պզտիկ վայրի մանիշակներ իրենց ցողաթուրմ լանջքը բացեր են։ Այստեղ կը քնանան անոնք որոնք մեյ մըն ալ չպիտի արթննան. բարտիներու մեղմ սոսափյունը անոնց հավերժական քունը պիտի օրորե։

Երիտասարդներ բոլորն ալ, անոնց դեմքին վրա աներևութացեր է ատելությունը որով իրարու դեմ խոյացեր էին։ Քով քովի, եղբայրական քունով մը կը քնանան թշնամիները և երկուստեք թափված արյունի առուներեն մեկ վտակ մը միայն ձևացեր է որ անշշուկ կը հոսի ահավասիկ։

Համլեթի մեռելաթաղին պես ամեն դիակի առջև իմ մտածումներս ունիմ. ի՜նչ պատկեր, ուհլան մը իր պրկված ձեռքին մեջ սեղմեր է լուսանկար մը որ իր մորը ըլլալ կը թվի. ուրիշ մը՝ թևը գլխուն բարձ ըրած՝ երկնրեր է, անփույթ կարծես շուրջը անցած դարձածին, սա զինվորը երկինքը կը դիտե իր մեծաբաց անլույս աչքովը։

Մերինները մեկ կողմ, թշնամին մյուս կողմ հավաքեցինք ու երկու մեծ փոսերուն մեջ լեցուցինք զիրենք։ Կյանքի մեջ դեմ առ դեմ՝ մահվան մեջ ալ անանկ մնացին։


Ե. ՆԱՄԱԿ

Որքան ճշմարիտ է Պահանջի և Մատուցումի օրենքը. ուրիշ ատեն հազվագյուտ են անձնազոհողությունները կամ վտանգի արհամարհանքը, կը հիանանք անոնց վրա. մեծ վարձատրություններու արժանի կը դատենք զանոնք։ Հիմա ամենօրյա ու սվորական բաներ են որոնց վրա նայող չկա, այն չքնաղ ու թանկագին ծաղիկներուն նման որոնք ջերմոցներուն մեջ անհուն հոգածությամբ կը պահպանվին և իրենց տեղվույն վրա, այրեցյալ գոտիի տենդոտ բուսականության մեջ արժեքնին կը կորսնցնեն։ Զարմանալի չե՞ս գտներ որ բոլոր բարբարոս բնազդները արթնցնող Պատերազմը միևնույն ատեն բոլոր վեհանձն զգացումներու ասանկ ճոխ հունձք մը պարգևե մեզի. ի՞նչ ընդդիմամարտ հավաքածո մըն է ասիկա։ Այսպիսի խորհրրդածություններ կը պաշարեն միտքս. կամքես վեր է հեռացնել զանոնք ինե. ամեն քայլափոխիս կը հետևին ինծի իբրև ավելի հավատարիմ ընկեր քան այն հրացանը որ ուսիս վրա կը կրեմ։

Լիեժեն լուր չունինք. իր դյուցազնական դիմադրությունը ընկճեցա՞վ արդյոք թշնամի ուժերու գերազանցության տակ, ասպետական վահանը զոր Պելճիքան բարձրացուց մեր թշնամիին դեմ։ Լիեժ, հրեղեն ու բոցավառ անուն որ մշտնջենապես պիտի լուսավորե աղջամուղջը որուն մեջ խորասուզված կը թվի մարդկային Խղճմտանքն ու Գիտակցությունը։


Զ. ՆԱՄԱԿ

Հաճախ ճամփորդած եմ Գերմանիա, անոր լեզուն կը խոսիմ, անոր մեծ մատենագիրները ծանոթ են ինծի, անոր գիտական բարձրությանը և ճարտարարվեստի հրաշագործությանցը վրա սքանչացող մըն եմ անվերապահ։

Այլամերժ և կույր հայրենասիրության պես ծիծաղելի ոչինչ կա նույնիսկ պատերազմի պահուն։ Այս նախարանը ըրի քեզի հասկցնելու համար որ անկողմնակալ ոգիով մը կը դատեմ եղելությունները։

Գերմանական սպառազինությունը կես դար տնտեսապես ճնշելե ետքը Եվրոպան՝ զայն վերջնապես ընկճելու համար ասպարեզ իջավ այսօր, զուր ջանք սակայն, Եվրոպան և ոչ մեկ ազգի տիրապետությունը կընդունի, ազգերը գերի վարելու աշխարհակալություն ընելու դարը իսպառ վերջացած էր Գերմանիա կը հայտարարե որ զինքը երկաթե շրջանակի մը մեջ բանտարկելու համար թափված ճիգերուն, վաղվան վտանգին դեմ իր սուրը մերկացավ։ Ճշմարտություն կա ասոր մեջ, ու ամբողջ ճշմարտությունը։ Եղելության մը պատճառը գտնել, դժվար աշխատություն, վերացական միտք մը մերձավոր դրդիչը ցուց պիտի տար Սերայովայի ոճիրը․ վերլուծիչ միտք մը հեռավոր պատճառը պիտի որոներ, մակերևույթին դեպի խորը պիտի թափանցեր։ Փիլիսոփաները հատորներ գրած են պատճառը և սկզբնապատճառը իրարմե զանազանելու համար։ Պատերազմի հայտարարութենեն շատ առաջ Գերմանիան պայքարի մեջ էր իր հիմակվա հակառակորդներով հետ։ Ֆրանսայի դեմ՝ ցեղային անհաշտություն և Ալզաա Լոռենի չսպիացած վերքը. Մեծն Բրիտանիn դեմ՝ առևտրական և Ճարտարարվեստական կռիվը իր բոլոր սաստկությանը մեջ. այս կովին մեջ հաղթությունը Գերմանիո կողմն էր։

Պալքանյան պատերազմը, տարիներն ի վեր մղված պայքարը սաստկացուց հոն ստեղծված նոր վիճակը իրերուն, իր անդամատված ձևին մեջ իսկ, դարձյայ թումբ մըն էր գերման տարածումին դեմ դեպի հարավ, գերման հեղեղը այս թումբը տապալելուն հետ մեկտեղ մյուս դարավոր վեճերն ալ լուծելու կը ձգտի։ Աննահանջելի հարկ այսպես նկատեցին գերմանները։

— Ուշադրություն, կը գոչե տասնապետս, թշնամին դեմերնիս է։ Գնդակներուն սուլումը ընդհատեց խորհրդածություններս։


է. ՆԱՄԱԿ

Հեղեղը արձակվեցավ խուժեց, իր ամեհի թափին տակ Լիեժը և Նամյուռը, Մանոնվիլիեն և Մոպեոժը ինկան. մեր բաժակները նահանջեցին առանց խուճապի սակայն, Շարլռուալեն մինչև Լաֆեռ. թշնամին Փարիզի դուռները հասավ. ամեն տան կորսված... կը թվի, թերևս է։

Գեշ լուրերը կայծակի արագությամբ կուգան, բայց, տարօրինակ երևույթ, փոխանակ զմեզ վհատեցնելու, ընդհակառակը, բոլորովին անդառնալի կը դարձնեն որոշումնիս բնաջինջ ըլլալու իսպառ քան թե թշնամիին առջև խոնարհելու։ Վերջին օրն է Ֆրանսայի, թող այնպես ըլլա, մենք վճռած ենք մեռնելու։

Մեր կողմը ճակատամարտը սովորական կռիվը չէ, այլ վայրագորեն՝ և գազանային գիշատումը զենքով, եղունգներով, ակռաներով։ Գերման հառաջխաղացությունը ոչ միայն չի թուլցուց մեր դիմադրությունը, այլ ավելի զայրացուց զայն, ուժգնություն տվավ անոր։ Սովորական պատերազմը՝ ըստ միջազգային իրավագիտության՝ վախճան մը չէ, այլ միջոց՝ հակառակորդ կողմին ընդունել տալու որոշ պահանջներ, այս անգամ բուն իսկ վախճանը ըլլալ կը թվի, դիմացինը փճացնելու վախճանը:

Այս խորունկ համոզումով է որ գուցե ֆրանսական նկարագրին այս ճակատագրային ժամուն արմատական փոփոխություն մը կը կրե, իր շատզրուց ու քիչ մը անհարիր հանգամանքը կը մերկանա, բանե մը միայն չէ հրաժարեր՝ զվարթութենեն։ Զվարթությո՞ւն մահվան դեմը, հարկավ, կինը միշտ վայելչությամբ, այրը՝ միշտ ժպտելով մնալու են մինչև վերջին վայրկյանը։


Ը. ՆԱՄԱԿ

Թումբ մը կանգնեցինք մեր կուրծքերեն, ավելի տոկուն քան թե բոլոր զրահապատ ամրոցները աշխարհիս. ֆրանսական բանակը իր լայն և խրոխտ ճակատը հանեց հեղեղին դեմ։

Մեր թշնամիին հաջողությունը տեսնելով, տեսնելով անոլ նորահնար զենքերը, պատրաստվեր էի ըսելու ամենեն ուժով ազգը ան է որ մեծ թիվով ճարտարագետներ ingenieurներ ունի, դարավերջիկ սահման զորության, և հիմա կըսեմ ամենեն ուժով ազգը այն է որ մահվընե չի վախնար։

Ճակատամարտը հոս կամ հոն չէ, ամեն տեղ է. երկու բանակները, մարդկային կրկին շղթաներ, դեմ առ դեմ, գրեթե զուգահեռական գիծով կը գալարին վերեն վար հաշված շարժումներով, համենալով, նահանջելով, կասելով երբեմն և երբեմն նոր թափով մը նետվելով հառաջ։

Գիրկ գիրկի կռիվ, կուրծք կուրծքի, թև թևի, ոտք ոտքի անցած, հողին վրա գետինը տապլտկվող երկու ըմբիշներ, պահ մը մին՝ ընկճվելու մոտ..․ երբ հանկարծ անակնկալ շարժումով մը ոչ միայն ինքզինքը կը փրկե, այլ հակառակորդը նեղը կը գնե։ Հանդիսատեսները այս տիտանյան պայքարին կը հետևին ավելի սրտատրոփ քան թե բուն ինքն պատերազմիկները։ Հև ի հև պայքար որ հազիվ պիտի կրնար քանի մը ժամ տևե, որ գերմարդկային, անհունապես գերմարդկային ճիգով մը շաբաթե մը ի վեր կր շարունակվի։

Հեղեղը ետ դարձավ, եկած ճամփեն դարձավ ոչ բոլորովին մինչև իր եկած տեղը։ Մառնի ճակատամարտը պիտի կոչվի այս թումբը պատմության մեջ։ Իմ գումարտակս նվազեցավ. որչափ պարապ տեղեր մեր շարքերուն մեջ։ Երեկ ինկավ ճիշտ քովիկս, Ժոռմ Լըպռեոն, երիտասարդ օրագրող մը որ հոս ճանչցա, շուտով բարեկամացեր էինք, աշխույժ, խոսուն, զվարթ, զվա՜րթ մեռելները խնդացնելու չափ։ Անգլիական դաստիարակության ջերմ սիրահար մը, Տեմոլենի գիրքը Անկլո-Սաքսոններու գերազանցության պատճառները՝ խորունկ ներգործություն ըրած էր իր վրան, իր տանը մեջ ամեն բան անգլիական էր, իր զավակը, յոթը տարեկան մանչ մը ֆրանսերենի չափ կը խոսեր անգլիերենը։ Զորակոչին՝ երբոր բաժնվելու վայրկյանը եկավ, իր ճիտը պլլվեցավ ան, երեսները համբուրեց և պզտիկ խեղճուկ ձայնով մը ըսավ.

— Good by!

Զարնվելեն ժամ մը առաջ գուցե տասներորդ անգամը ըլլալով պատմեց ինծի այս բաժանման պատմությունը։

Տեսարանը գծագրված է աչքիս առջև և անդին չերթար։ Եվ հիմա բարեկամիս անշունչ մարմնին վրա անոր ճիտը պլլված. երկու պզտիկ բազուկները կը նշմարեմ և մանկական ձայն մը որ անոր ականջին կը փսփսա.

— Good by!


Թ. ՆԱՄԱԿ

Դիտված է թե պատերազմը, որ մարդկությունը բնաջինջ անելու կաշխատի, գրականությունը կը ծաղկեցնե, հաստատելով անգամ մը ևս այն օրենքը որուն համեմատ ամեն վնաս իր օգուտը ունի։

«Հաղթություն» բառը ամենուս գիտցած մեկ բառն էր, անոր նշանակությունը աայծառ էր՝ մանավանդ զայն ձեռք բերող կողմին համար։ Անոր վրա վերջերս ավելցավ «բարոյական հաղթություն»ը Morաlischer Sieg զոր ավստրիացիները հնարեցին՝ բնորոշելու համար իրենց պարտությունը Կալիցիո մեջ, Լեմպերկի կորուստովը արձանագրված։ Ավստրիացիները այս ճակատամարտներուն մեջ իրենց ցույց տված քաջությունը և դիմադրությունը՝ ռուսական առավելակշիռ ուժերու դեմ՝ այս նոր բացատրությունով հավերժացուցին. իրապես պարտված բարոյապես հաղթող հռչակեցին ինքզինքնին, նոր վիճակ մը ստեղծվեցավ, մինչև ցարդ մեկ կողմը կը հաղթեր և մյուս կողմը կը պարտվեր, նոր բացատրությամբ երկու կողմն ալ հաղթող կրնար հանդիսանալ։ Ոչ ոք ընդդիմություն ցուցուց այս նորության դեմ։ Անոր վրա Մեծն Քրիտանիան ավելցուց «վերջնական հաղթությունից, Final Victory, որուն կը հավատան ամեն անոնք որոնք բիրտ ուժին վերևը քաղաքակրթական ուժի մը գոյությանը համոզված են։ Նափոլեոն, որ հաղթություններու ամենեն առատ հունձքը քաղած ըլլալուն կրնար պարծենալ, «վերջնական հաղթություն»ը չունեցավ։ Պատերազմի բախտը երբեմն կը նմանի այն պչրասեր կանանց, որոնք շատ մը վաղանցուկ հպումները, նույնիսկ մերկացումները կը թույլատրեն՝ բայց տևական կենակցության չեն հոժարիր։

Կան նաև՝ Կատարյալ հաղթությունը, այն՝ ուր պարտվողը բոլորովին անձնատուր կըլլա, և Անկատարը՝ ուր պարտվողը զենքը ձեռքը՛ կը կենա, հաղթողին հոգնութենեն օգտվելով հաշտության ամեն մեկ պայմանին վրա կը վիճի կարևոր զինումներ ձեռք կը բերե և իսկույն երկրորդ պատերազմի մը կը պատրաստվի լռելյայն։

Ո՞րն է վերապահված մեզի։


Ժ. ՆԱՄԱԿ

Գերմանիան կը զարթնու հոյակապ ու շքեղ հրազեն որ քառասունըչորս տարի տևեց անընդհատ, կը զարթնու միահեծան տիրապետութենեն որով ճնշեց բովանդակ Եվրոպան... ինքզինքը գտնելու համար այս պահուս պատերազմի դաշտին վրա միս մինակը։ Վալքիյռիներե առաջնորդված մարտիկներու երազ՝ Հազար և մեկ Գիշերներու պատմությանը վերջավորությունովը պսակված։ Ինծի համար պատերազմը վերջացած է, լմնցած է այն վայրկյանեն ուր աշխարհք հասու եղավ Վեճին իսկությանը։ Կռիվ չունինք ազգի մը դեմ որուն անժխտելի մեծությանն ու զորությանը վրա կը հիանանք, մենք կը մարտնչինք լոկ մտայնության մը դեմ որ կըսե՝ Իրավունքը հզորագունին։ Տարվին կենդանաբանական աշխարհին համար սահմանած էր այն օրենքը որով ապրելու իրավունքը ամենեն ընդունակին, le plus apte a vivre միայն կը շնորհվեր։ Սփենսըր կը ջանար մարդկային ընկերության պատշաճեցնել զայն։ Ո՞վ է մարդոց և ազգերուն մեջ ամենեն ընդունակն ապրելու, այս հարցը գործնականապես ճշտելու համար հռչակվեցավ պատերազմը, ճշտելու համար թե ո՞վ է հզորագույնը։ Մենք կը պատասխանենք՝ Իրավունքը տկարագունին։ Ահա երկու անհաշտ, մշտնջենապես, խորապես անհաշտ գաղափարները որոնք ասպարեզ իջած են այսօր, դավանանքի կռիվ, անողոք նույնատեսակ բոլոր կռիվներուն պես։

Մարդ մը՝ ձեռքը իր սարի երախակալին՝ հրավեր կը կարդա, իր իրավունքին, անվիճելի իրավունքին վրա կը ճառե, ո՞վ չունի միթե անվիճելի իրավունք մը. ան միայն իրենին խոսքը կընե. այդ իրավունքը մեծ է, խիստ մեծ. վա՜յ անխոհեմին որ պզտիկ դիմադրություն մը պիտի փորձեր։ Այդ սարսափը այսօր գոյություն չունի, խպլիկին վախը փարատած է այլևս, և շունչ մը, երկա՜ր, աղվո՜ր, աղա՜տ, բոլոր աշխարհքի կուրծքեն դուրս կը թռչի միահաղույն։


ԺԱ. ՆԱՄԱԿ

Գյուղը մոտիկնիս է, հերկված, հարդարված հողերով, անդին թարմ կանաչություն մը որու վրա ակնարկը կր հանգչի, այստեղ ոչխարներու երամակ մը ցնծության մեջ, հանկարծ գերմանական հրետանին կը գոռա, մահ կը սփռե ամեն կողմ, մերինը կը պատասխանն, լեռնե լեռ կերկարի արձագանքը որոտուսներուն. նախաբանն է աս. հետո գնդակներու սուլումը, օդին մեջ թռչող անհամար օձերու վազքը. կրակե անձրե որուն շռափնելներու կարկուտը կը խառնվի, նորօրինակ հրախաղություն է այս. հետո գրոհը՝ աջեն ձախեն, դեմեն, քովեն, մեր վրա խոյացող թշնամվույն, սվիններու կռիվը արյունարբու. հետզհետե կիյնան մերինները, գետինը կը ծածկվի և սակայն ոչ իսկ Փոքրիկ տրտունջ մը կը խառնվի մոլեգին երաժշտության պատերազմին, ոչ ոք պիտի թույլ տար ինքզինքին այս տկարության նշանը թշնամվույն առջև, մեր վաշտը նահանջեց թողլով պզտիկ բլուրը ուր կեցեր էինք, հրաման մեզի երթալու կրակին դեմ. առաջ կը նետվինք առանց վարանելու, արբած խելակորույս մարդու արշավն է մերինը. վերագրավեցինք մեր բլուրը, նորեն ձեռքե հանեցինք, վերստացանք. վեց ժամե ի վեր կը կռվինք շարունակ։

Մեր շուրջը ոչ տուն, ոչ տնակ այլևս, ոչ ցանք, ոչ մշակություն, ոչ ծառ, ոչ բույս, համատարած լռություն մը. ամեն բան քար ու քանդ, տակնուվրա, դիակնե՜ր, դիակնե՜ր, դիակնե՜ր մարդոց, կենդանիներու խառնիխուռն, հողը պատառ պատառ հոշոտված և այս անէացումին վրա՝ ծուխեր մուխեր, որ ծուլորեն կը բարձրանան տեղ տեղ պզտիկ ամպերու պես հոս այրող ջաղացքի մը վրայեն, հոն՝ գյուղին կիսակործան տանիքներեն։


ԺԲ. ՆԱՄԱԿ

Իրավունք ունի՞մ իմ անձիս վրա խոսելու, կերևի թե դյուցազնություն մը ըրած եմ անցյալ օրվան պատերազմին մեջ, այսպես կըսեն մեծերս որոնք անունս կը հիշատակեն բանակին օրակարգին ordre de jourի մեջ. միտքս է, այո՛, որ մեք նահանջի ժամուն ետ դարձա մինակս, թշնամիին կրակին տակ պառկող վիրավոր ընկերներեն մին շալկեցի ու մեր կողմը բերի, հետո երկրորդ մը, երրորդ մըն ալ, անփույթ վրաս տեղացող գնդակներուն. ա՞յս է դյուցազնական արարքը, մահը երբոր մարդուս շուրջը կը հածի կը բազմապատկվի կը բյուրապատկվի՝ կը դադրի սարսափ ազդելն, անվնաս կը դառնա, կատակի կը վերածվի, այսպես հաջողեցա ես կտրիճի համբավ շահելու։

Մի մոռնար, սիրելի՛ս, այսուհետև ինծի գրելիք թուղթեերուդ մեջ դյուցազնի մը մատուցվելիք հարգանքը։

<1914>