Գլուխ առաջին. ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ
Գլուխ առաջին
ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ
1
Արցախյան շարժման անմնացորդ նվիրյալ Ռազմիկ Արշակի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 70 տարեկան է: 70-ամյա բարձունքից ավելի հեշտ են երևում բացթողումներն ու թերացումները: Իսկ արվածը՝ անգնահատելի, ապրածը՝ լիարժեք:
Ռազմիկ Պետրոսյանը ծնվել է 1940 թ. նոյեմբերի 7-ին, Գանձակ (Կիրովաբադ) քաղաքում: 1957 թ. ավարտել է տեղի Խ. Աբովյանի անվան հայկական միջնակարգ դպրոցը, 1960 թ.՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, իսկ 1969թ.՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
1961-64 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1964-77 թթ. խաղացել է ֆուտբոլի վարպետների թիմերում՝ Նովոռոսիյսկի «Ցեմենտ»-ում, Երևանի «Արարատ»-ում, ապա՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ»-ում:
1977 թ. «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն էր: Նույն թվականին թիմը դարձել է Ադրբեջանի չեմպիոն և հանդես եկել ԽՍՀՄ առաջնությունում:
Մարզական-մարզչական գործունեությանը զուգընթաց՝ դասավադել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում:
1986 թ. նշանակվել է Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտի տնօրեն:
1988 թ. Արցախյան շարժման ակտիվ մասնակից է: «Կռունկ» կոմիտեի, այնուհետեւ՝ Տնօրենների խորհրդի նախագահությունների անդամ էր, իսկ Արցախի Ազգային խորհրդի ստեղծման օրից՝ խորհրդի նախագահության անդամ:
1988-90 թթ. եղել է Արցախի պաշտպանության շտաբի պետը:
1990 թ. բանտարկվել և չորս ամիս պահվել է ԽՍՀՄ բանտերում՝ անօրեն զենք պահելու մեղադրանքով: Ազատ է արձակվել ներկայացված մեղադրանքները չհաստատվելու կապակցությամբ:
1992 թ. նշանակվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի շտաբի պետ: Մասնակցել է Արցախի բոլոր շրջաններում ծավալված պաշտպանական և ազատագրական ռազմագործողություններին և տեղային բնույթ ունեցող մարտերին, երկու անգամ վիրավորվել:
1990-95 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր:
Պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:
Ամուսացած է, ունի երեք զավակ:
Աշխատել է որպես ԼՂՀ Ներքին գործերի փոխնախարար, ունի ներքին ծառայության գնդապետի կոչում:
2
Հայահոծ Գանձակի բանվորական ընտանիքներից մեկում ծնված Ռազմիկ Պետրոսյանի համար ճակատագիրը բազում նախանշումներ էր արել: Ստեփանակերտում գյուղատնտեսական կրթություն ստացած պատանին, տուրք տալով մարզական բնատուր հակումներին, որոշեց ուսումը շարունակել Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, իսկ մինչ այդ էլ ընդգրկված էր ֆուտբոլային վարպետ թիմերում՝ Նովոռոսիյսկում, Երևանում, Ստեփանակերտում:
Թողնելով «Արարատ» թիմը, Ստեփանակերտում արդեն մարզական ու մարզչական լայն ճանաչում գտած Ռազմիկը 1977-ից «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն էր, ինչի շնորհիվ էլ թիմը նույն տարում Ադրբեջանի հանրապետական առաջնությունում հաղթող ճանաչվեց և համամիութենական մրցասպարեզ դուրս եկավ: Հեշտ է ասել՝ հաղթող ճանաչվեց: Տեսնեիք միայն ադրբեջանցիների արթնացած բնազդը՝ հայազգի ֆուտբոլիստների դեմ խաղալիս:
1986թ. Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տնօրեն նշանակված Ռազմիկ Պետրոսյանի համար հետզհետե գործունեության նոր ասպարեզ էր բացվում: Խորհրդային լայնածավալ երկրում հայտարարված Հրապարակայնության ու Բացախոսության պայմաններում հայ-արցախցին վերջապես փորձեց կրկին անգամ ներկայացնել իր սրտի ցավը, բարձրաձայնել վիրավորված արժանապատվության հարցը:
Ռազմիկ Պետրոսյանն առաջիններից մեկն էր, ով ընդգրկվեց ընդհատակյա պայքարում և լայն գործունեություն ծավալեց: Շարժման բացահայտ ծավալման ընթացքում էլ բազում անգամ հարկ եղավ գործել ընդհատակում: Լինելով ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի և ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի արտահերթ պլենումի ոգեշնչողներից ու կազմակերպիչներից մեկը, նրան, այնուամենայնիվ, ներքին մի ձայն հուշում էր, որ առանց զենքի փրկություն չի լինի:
Իսկ զենքի նկատմամբ նրա պաշտամունքը դեռևս խորհրդային տարիներից էր գալիս: Մարզային որսորդական ընկերության նախագահ Սերգեյ Սաղյանի հետ ձգտում էր այնպես անել, որ հրացանների նոր ստացվող խմբաքանակի հիմնական մասը բաժին ընկնի հայերին:
Զենքի նկատմամբ ունեցած նրա համոզմունքն ավելի ամրապնդվեց հատկապես սումգայիթյան եղեռնագործությունից հետո: Բայց նախ անհրաժեշտ էր օգնել մահվան ճիրաններից մազապուրծ փախստականներին: Նրանց տեղավորման և օգնության ցուցաբերման հանձնաժողովը, Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ, անում էր հնարավոր ամեն ինչ՝ քաղաքում ու մերձակա բնակավայրերում առկա ազատ բնակարաններում նրանց տեղավորելու, սննդով ու կենցաղային անհրաժեշտության պարագաներով ապահովելու առումով: Եվ՝ ոչ միայն: Բեռնատար մեքենաներ էին ուղարկվում Սումգայիթ՝ վտանգի մեջ հայտնված հայերին ու նրանց ունեցվածքը (հնարավոր սահմաններում) Ստեփանակերտ տեղափոխելու համար:
«Միայն՝ զենքով...» համոզմունքը սակայն՝ շարժման առաջին իսկ օրվանից ուղեկցեց Ռ. Պետրոսյանին: Նա նաև համախոհներին փոխանցեց այդ զգացումը և ընդհատակյա լայն գործունեություն ծավալեց զենք ու զինամթերք հայթայթելու ու դրանք ինքնապաշտպանական նորաստեղծ ջոկատներին փոխանցելու առումով:
Նրա այդ ջերմ զինապաշտությունը նաև սաֆոնովապոլյանիչկոյական խաժամուժը նկատեց և ստեփանակերտցիներին հասցեագրված հակահայկական թռուցիկներից մեկում Ռ. Պետրոսյանի մասին հենց այդպես էլ գրվեց՝ «զինված պայքարից բացի այլ ճանապարհ չի տեսնում ղարաբաղյան հարցի լուծման համար»: Ոչ ավել, ոչ պակաս:
Զենքը՝ զենք, բայց որ այդ տարիներին կարևոր գործոն էր մարտավարական ձիրք ու կարողություն ունենալը՝ դա փաստ է, նաև այդ ձիրքն ու կարողությունն օգտագործել կարողանալն էր անչափ կարևոր: Ռ. Պետրոսյանն իր անելիքները միշտ էլ ծանրութեթև էր անում, ստուգում բոլոր հանգամանքները և հետո միայն գործում:
Կարևորում էր հատկապես հոգեբանական գործոնը յուրայինների մոտ, նաևª հակառակորդի ճամբարում:
3
Երևանից զենք էր ստացվել գնացքով՝ հանքային ջրերի ու դատարկ շշերի անվան տակ: Վագոնը կանգնեցրել էին հարմար դիրքում, բայց ինչպե՞ս տեղափոխել զենքը, որ չնկատվի ու չառգրավվի, երբ կայարանը շրջապատված էր զինվորական պահակախմբերով, և ամենուր պահակակետեր էին տեղադրված: Ռ. Պետրոսյանը Ռուդիկ Ազարյանի հետ «ՈՒԱԶ» մեքենայով եկավ երկաթուղային կայարան: Մի քանի անգամ ելումուտ արին, պահակային ռուս զինվորներին հյուրասիրեցին ծխախոտով, շշերով բարձված բեռնատարն անցկացրին ստուգել տալուց հետո, անընդհատ ակնարկեցին, որ վախենում են չհասցնեն բեռնաթափումն իրականացնել մինչև երեկո, իսկ օրն ուր որ է՝ կերեկոյանա: Մտերմական հարաբերությունները ստեղծված էին: Մեքենաներն արդեն զենքով էին բարձել ու քողարկել շշերով լցված արկղերով: Պահակայինները կրկին ծխախոտով հյուրասիրվեցին, հանքային ջրով, այնքան, որ այլևս անհարմար էին զգում ստուգել ուղեբեռը: Այդպես էլ արվեց, զենքը նման նախաձեռնողականության շնորհիվ անվնաս դուրս բերվեց կայարանից: Բայց առջևում էլի պահակակետեր կային («Մազե կամուրջի» մոտ, «Զառին բաղ» տեղամասի հարևանությամբ և այլն). ի՞նչ անել: Ստիպված գետանցումն իրականացրին Ռոլես Աղաջանյանի ճանշինհիմնարկի մոտով և ուղղվեցին դեպի Դաշուշեն (Քարաշեն), այնտեղից էլ՝ Շոշ ու Սղնախ:
Բեռնատար մեքենաները ավտոդպրոցի տնօրեն Զարմայր Հարությունյանն էր տրամադրել՝ համարձակ ու հայրենասեր մի անձնավորություն (ինչպես Ռ. Պետրոսյանն է բնութագրում): Քաջ ու համարձակ էին նաև վարորդները՝ Երեմը, Ռուբիկը, մյուսները` տոգորված ջերմ հայրենասիրությամբ:
4
Բոլոր ջոկատների հրամանատարները կարողացան գալ և իրենց բաժին զենքը ստանալ, բացի Բերդաձորից, որովհետև գյուղի ճանապարհն անցնում էր Շուշիի մոտով և վերահսկվում էր օմոնականներից ու ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողներից կազմված պահակախմբերի կողմից: Որոշվեց վտանգված Բերդաձորին զենք ու զինամթերք հասցնել Քիրսով: Վաղոն նախօրոք զգուշացրել էր, որ այդ վայրերում ադրբեջանցի շատ զինյալներ կան: Ռուդիկ Ազարյանի ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որքան հնարավոր էր, բարձրացավ Քիրս, այնուհետև ճանապարհը պետք է ոտքով շարունակեին: Հարկ էր նաև ստուգել ադրբեջանցիների համարձակությունը, հոգեբանական ազդեցության աստիճանը:
Վերցնելով զենքերը՝ տղաները սար բարձրացան, ձգտելով ավելի տեսանելի լինել ադրբեջանցիներին: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես կընդունեին նրանք իրենց այդ հանդուգն քայլը: Եվ իրոք որ՝ ադրբեջանցիներն իսկույն, մոտ 15-20 ձիավոր, շարժվեցին դեպի մերոնք:
Համապատասխան դիրքում տեղադրելով ականանետը՝ Ռ. Պետրոսյանը կրակեց նրանց ուղղությամբ, ու թեև ականը շատ հեռու էր նետվել, ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, կանգ առան: Երկրորդ ականն ընկավ նրանցից մոտ 30-40 մետր հեռավորության վրա: Սկսեցին զգուշանալ, բայց տեսնելով, որ երկուսով են՝ որոշեցին ամեն գնով շրջապատել տղաներին: Ռ. Ազարյանը պետք է կարաբինից կրակ արձակեր ձախից: Ռ. Պետրոսյանը երկու ինքնաշեն նռնակ վերցնելով և մոտ 100 մետր մոտենալով նրանց՝ նետեց նռնակներից մեկը, որը պայթելով ադրբեջանցիներից բավականին հեռավորության վրա, բնականաբար, չէր կարող վնասել ոչ մեկին: Բայց պայթյունն այնպիսի արձագանք տվեց սարերում՝ ասես մի հսկա հրթիռ էր պայթեցվել: Ադրբեջանցիները ոչ կրակում էին, ոչ էլ գոնե գլուխներն էին հանում թաքստոցից, իսկ երկրորդ նռնակի պայթյունից հետո նրանք գլուխները բռնած փախան՝ եկած ուղղությամբ:
Մի բան արդեն պարզ դարձավ՝ լավ զինված լինելու դեպքում այդ վայրերով անվնաս կարելի էր Բերդաձոր հասնել: Եվ այդ հնարավորությունը հետագայում շատ անգամ օգտագործվեց:
5
Ադրբեջանցիներն այնքան էին հմտացել անասնագողության մեջ, որ ավարառության էին գնում նույնիսկ ուղղաթիռներով: Օդից ճշտում էին թիրախն ու շտապ իջնում այդ ուղղությամբ: Ռ. Պետրոսյանն իր տղաներով վրան էր տեղադրել Քիրս սարի տակ գտնվող անտառում, քողարկել: 30 տեղանոց վրանը լիովին բավարարում էր հերթափոխվող ջոկատներին, որոնց հանձնարարված էր պաշտպանել գյուղացիների ունեցվածքը, իսկ որսորդական հրացաններով զինված հովիվներին հանձնարարված էր իզուր տեղը չկրակել, այլ վտանգի դեպքում ազդանշան տալ պահակություն իրականացնող ջոկատայիններին՝ երկփողանիից մեկ անգամ զույգ կրակոց արձակելով:
Ազդանշանը չուշացավ:
Պահը հանգիստ էր՝ թվացյալ: Տղաները հրացաններն էին մաքրում, պարկուճները լիցքավորում, երբ ուղղաթիռի շարժիչի ձայն լսվեց: Ուղղաթիռը, պտույտներ գործելով, գնաց դեպի Քիրս սարի կողմը: Մի քանի րոպե անց ստանալով ազդանշանը` տղաները դեպքի վայր շտապեցին` գնդացրով և ականանետով:
Զինված չորս ադրբեջանցիներ, զինվորական համազգեստով, ուզում էին կովերը դեպի ադրբեջանաբնակ Լիսագոր քշել: Ականանետն արդեն պատրաստ էր կրակի և սկսեց գործել: Ականները պայթում էին անասուններից առաջ և աղմուկ-դղրդյունից նրանք խուճապահար ետ էին վազում: Ադրբեջանցիները զգալով, որ այլևս կովերը քշելու հնարավորություն չկա` ստիպված պահվեցին քարերի ետևում և սկսեցին անկանոն կրակ բացել մեր տղաների ուղղությամբ: Պատասխան կրակոցները չէին ուշանում: Ավելին` հետզհետե ավելի գերիշխող էին դառնում: Խառնաշփոթի մեջ նրանք չէին նկատել, որ աջ կողմից ևս ձիավորներ են մոտենում իրենց: Սկսեց գործել նաև գնդացիրը: Ադրբեջանցիները ստիպված էին ճողոպրել, բայց... երկուսով: Քիչ անց մեր տղաները բերեցին սպանված ադրբեջանցիների երկու ինքնաձիգները:
Տղաներն ՙամփոփեցին՚ հերթական մարտի արդյունքները` սպանվեց երկու ադրբեջանցի, վիրավորվեց մեկ... կով: Սպանված ադրբեջանցիները մնացին սարում, իսկ վիրավոր կովն անմիջապես մորթվեց ու տեղակայման վայր հասցվեց: (Մսից մի քիչ վերցրին տղաներին կերակրելու համար, իսկ մնացածն ուղարկվեց Ավետարանոց (Չանախչի), որի բնակիչները տղաներին շատ են ապահովել սննդամթերքով):
6
Արցախյան ազգային ազատագրական շարժման ընթացքում բարդ իրադրության մեջ հայտնվեցին ադրբեջանական քաղաքներում ու շրջաններում ապրող հայազգի քաղաքացիները: Սումգայիթից հետո պարզ դարձավ, որ միութենական կենտրոնը ոչինչ չի ձեռնարկի հանրապետությունում կարգ ու կանոնի վերահաստատման ուղղությամբ: Ադրբեջանական մոլեռանդությունն ամեն տեսակ վերահսկողությունից դուրս էր արդեն:
1989-ի վերջերին լուր ստացվեց, որ բարդ կացության մեջ է հայտնվել գանձակահայությունը: Քաղաքի հայազգի բնակիչները պարփակվել էին հայկական թաղամասում, չէին կարողանում աշխատանքի գնալ, չէին սպասարկվում հացով ու այլ սննդամթերքով:
Ռ. Պետրոսյանն իսկույն գնաց Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Յուրի Ավագիմյանի մոտ: Նա անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկեց: Մարզխորհրդի գործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանը ևս հավանություն տվեց Ռ. Պետրոսյանի` գանձակահայությանն անհապաղ պարենային օգնություն ցուցաբերելու ծրագրին: Ռ. Պետրոսյանը լավ գիտեր Շահումյանով Գանձակ գնացող ճանապարհը և հանձն առավ այդ գործը գլուխ բերել` ինչ գնով էլ լինի: Բայց նա գիտեր մի պարզ ճշմարտություն` նախօրոք պետք է ստուգվի անցնելիք ողջ ճանապարհը: Այդ գործողությունն Արցախի պաշտպանության շտաբի պետ Ռ. Պետրոսյանն իրակացրեց իր տեղակալ Ռոլես Աղաջանյանի և շտաբի անդամ, ԼՂ բնության պահպանության կոմիտեի նախագահ Գարիկ Գրիգորյանի հետ: Այնուհետեև «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով Ռազմիկ Պետրոսյանը մթերքը հասցրեց Գանձակ: Եվ դա, իրոք, խիզախում էր, անօրինակ քաջություն:
Որոշ ժամանակ անց Ռ. Պետրոսյանը կրկին երկու բեռնատարով սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տարավ Գանձակ, իսկ, այնուհետև, վերահաս վտանգից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, Ռ. Պետրոսյանին փոխարինեցին և տարբեր ժամանակահատվածներում Գանձակ մեկնեցին փոխգնդապետ Կոլյա Բաբայանը՝ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի տեղակալը, և Գրիշա Աֆանասյանը:
Ռազմիկ Պետրոսյանի բարձր հեղինակության և շարժման նվիրյալ անշահախնդիր առաջամարտիկ լինելու մասին պատմող շատ դրվագապատումներ կան: Գաղտնիք չէ, որ Հայաստանից ժամանած Շարժման ակտիվիստներն ու ղեկավարները չէին կարողանում մեկնել Ստեփանակերտից, հսկողության խիստ ռեժիմի պատճառով: Եվ միայն Ռազմիկ Պետրոսյանը կարող էր նրանց մեկնումը կազմակերպել: Նման խոստովանություն մի ժամանակ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն էր անում:
1989-ին Ստեփանակերտ ժամանած Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի մեկնումը Ստեփանակերտի օդանավակայանից, իրոք, անհնարին դարձավ, որովհետեև նրանց անուններն արդեն հայտնի էին ՊԱԿ-ի գործակալներին ու զինվորական պարետատանը: Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտածում էին, թե ինչ ելք կարելի է գտնել Ստեփանակերտի օդանավակայանից անփորձանք օդ բարձրանալու համար, Վ. Սարգսյանն անառարկելի տոնով ասաց, որ գնում է Ռազմիկի մոտ, նա մի բան անպայման կանի:
Թեմայի քննարկումը երեկոյան Ռ. Պետրոսյանի մոտ շարունակվեց: Բոլորի հույսը նա էր: Երկար մտածելու հարկ չկար: Անմիջապես զանգեց օդանավակայանի պարետ Անատոլի Մամառահիմովին: Մեկ ժամից ազգությամբ տաջիկ պարետն, իրոք, եկավ, և իսկույն էլ համաձայնություն ձեռք բերվեց: Ստեփանակերտի օդանավակայանից խումբն անվնաս ճանապարհելու դիմաց պարետը ստացավ 10 լիտր կոնյակ և որոշակի կլորիկ գումար: Հայոց համազգային շարժման առաջնորդների Արցախ ժամանելը կարևոր նշանակություն ուներ հատկապես Շարժումը չպառակտվելու առումով: Ռ. Պետրոսյանին առանձնապես հուզում էր այն միտքը, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ վարում միայն Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ Արցախում Շարժման առաջնորդի համաժողովրդական ճանաչում ուներ Արկադի Մանուչարովը: Մեկ տասնամյակ հետո միայն պարզ կդառնար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները տարբեր ուղղություններով էին գնում, թեև միակամ ու միակարծիք էին երևում:
Ամեն դեպքում մխիթարականն այն էր, որ բաժանվելով խմբից, Վազգեն Սարգսյանը եկավ Ռ. Պետրոսյանի մոտ և հետաքրքրվեց Արցախում տիրող ինքնապաշտպանական կառույցների պաշտպանունակության հարցերով, եղավ տեղերում, ծանոթացավ տղաների հետ, խոստացավ վերադառնալով Երևան` օգնել զենքի առումով:
Պարույր Հայրիկյանը Շարժման անմնացորդ նվիրյալ էր, իսկական դեմոկրատ, ազգային անկախության ջերմ ջատագովներից մեկը: Սիրում է արդարությունը, իր հայրենիքը: Իսկական պետականությունը համարում է անկախ դեմոկրատական երկրի առկայությունը: Արցախը շատ է սիրում, և երազում է ստեղծել անկախ դեմոկրատական պետություն, որը կգերազանցի արևմտյան դեմոկրատական երկրներին:
Վազգեն Մանուկյանն այն ազգային գաղափարակիր նվիրյալներից մեկն է, ով երբեք և ոչ մի պարագայում անձնական շահ չի հետապնդել: Իր ազգանվեր գործունեությունը սկսել էր դեռևս Մոսկվայում ուսանելու տարիներին, ինչի համար էլ ստիպված էր կիսատ թողնել ուսումը Մոսկվայում ու վերադառնալ Երևան:
Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հետո` համակարգող, նա իր բոլոր հնարավորություններն ի մի բերեց արցախահայության ազատաբաղձ ձգտումներն իրականություն դարձնելու համար:
Հետագայում ևս, զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ, նա միշտ հավատարիմ մնաց իր համոզմունքներին, միշտ աջակցեց Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացին:
7
Ռազմիկ Պետրոսյանն, օգտագործվող բազում հնարքների ու խուսանավումների հանգույն, այնուամենայնիվ, հայտնվեց «իրավապահ մարմինների» ձեռքում, ապօրինի զենք ունենալու մեղադրանքով և տարբեր ժամանակահատվածներում պահվեց Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Նովոչերկասկի բանտերում: Նախ` Կրասնոդարի, իսկ այնուհետև` Նովոչերկասկի բանտերում Ռ. Պետրոսյանը բազում հնարքների էր դիմում: Որ անհրաժեշտ էր ժխտել բոլոր մեղադրանքները` հասկանալի էր, բայց պակաս կարևոր չէր նաև դրանց լիովին հիմնավորումը, որպեսզի կասկածի նշույլ անգամ չմնար: Փաստերը, թերևս, խոսուն էին. նրանք իր գրասեղանի վրայից առգրավել էին նռնակ, պայթուցիկներ, հրացանի փամփուշտներ, ռադիոսարք, բայց հիմնավորել ու ապացուցել, որ դրանք պատկանում էին մեղադրյալին` չհաջողվեց, որովհետև Ռ. Պետրոսյանն անընդհատ պնդում էր, որ դրանք դպրոցականներն էին գտել մարզադաշտի տարածքում ու հանձնել իրեն (դպրոցականները գործել էին ճիշտ ու նպատակային, պարզապես` հետաձգվել էր դրանք իրավապահներին հանձնելու գործընթացը): Այդքան բան: Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը` Զարմիկը և Բեգլար Ղուլյանը Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում պայմանավորվել էին երկու դպրոցականի հետ (Արմեն Ղուլյան, Մարատ Հակոբյան), ովքեր պետք է հանձն առնեին, որ իրենք են գտել դրանք ու մարզադաշտի տնօրենին հանձնել: Այդ հնարքը կարևոր դեր խաղաց մեղադրանքից ազատվելու համար:
Կարևոր էր նաև բանտում քննիչների կողմից գործադրված բազում սադրանքների ճիշտ կռահումն ու դրանցից ճարպկորեն խուսանավումը: Բանտում գտնվելու ժամանակ նա փորձվեց բազում անգամ` սեռական շեղումներ ունեցող կամ ոջլոտ բանտարկյալների խցերում պահվելով, նաև լաք ազգությամբ ինչ-որ բանտարկյալ, որի հետ ստիպված էր 10 օր նույն բանտախցում անցկացնել, ինչ-որ մեկի թելադրանքով զենք կառաջարկի, մյուսը` ազգությամբ հայ, նույնպես խոսք կբացի զենքերի մասին, կհետաքրքրվի, թե Հայաստանից ով է զենք բերում Ղարաբաղ, նաև կառաջարկի փախուստ կազմակերպողների խմբին միանալ, կրկին` գրություն կստանա Ստեփանակերտում պահված զենքերի վերաբերյալ. «Մենք ղարաբաղցիներ ենք, մեզ արդեն բաց են թողնում, եթե թաքցրած զենքերի տեղը գիտես` ասա, գնանք հուսալի վայրում թաքցնենք» և այլն: Ռ. Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, որ այս ամենը սադրանք է` կազմակերպված նախաքննչական մարմինների կողմից և զգոն ու զգաստ էր` ամեն հարցումին պատասխանում էր կոնկրետ ու սառնասրտորեն:
Բանտում ենթարկվելով ծեծի ու կտտանքների` նա կարողացավ դիմանալ իր ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ: Բայց «բանտային գործի հմուտ գիտակներն» ունեին մի այլ, թերևս ներգործման ավելի կարևոր մեթոդ` ֆիզիկական հաշվեհարդարը, և այդ նպատակով էլ բռնցքամարտիկ ադրբեջանցու բանտախուցը մտցվեց, սակայն զգալով դիմացինի ֆիզիկական կարողությունները` ադրբեջանցին վերջին պահին հրաժարվեց ախոյանի իր դերից: Երկարամյա բանտարկությունից խուսափելու կարևոր գործոններից էր նաև հիվանդության վարկածը: Ճիշտ է, Ռ. Պետրոսյանը բանտում ստամոքսի հետ կապված հիվանդություն ստացավ, բայց դա չէր կարող ազդել հետաքննության վրա: Ռազմիկը երիկամային «լուրջ» հիվանդություն ուներ և ձերբակալումից առաջ էլ համապատասխան բուժումներ էր ստանում: Այդ առումով Զարմիկ Պետրոսյանն Էդուարդ Ղուկասյանի հետ զգալի ձեռնարկումներ իրականացրեց, և ցանկալի արդյունքը գրանցվեց:
Չկարողանալով ոչ մի մեղադրանք բարդել Ռազմիկ Պետրոսյանի վրա, ՊԱԿ-ը հրաժարվեց նրա գործից և նրան ստիպված էին վերադարձնել Ստեփանակերտ, ուր ևս Ռ. Պետրոսյանն անընդհատ դժգոհում էր առողջական վիճակից (երիկամային սուր ցավերը հանգիստ չէին տալիս):
Ստուգումներից պարզվեց, որ, իրոք, նա մինչև ձերբակալումն էլ, մի տարվա ընթացքում համապատասխան բուժումներ էր ստանում: Հետին թվով ստեղծված բժշկական փաստաթղթերը կարողացան հաստատել դա:
Հիվանդության առկայությունը հաստատվեց նաև այլ բժիշկների կողմից: «Շտապ օգնության» կայանի բժիշկ Սաշա Գրիգորյանը ևս նույն ախտորոշումը գրանցեց, Էդ. Ղուկասյանի պես: Չբավարարվելով այդ ամենով, իրավապահ մարմինները զինվորական բժիշկներ հրավիրեցին նաև Գանձակից (Կիրովաբադից), որոնց հետազոտման արդյունքում ևս պարզվեց նույնը: Այդքանից հետո միայն իրավապահները ստիպված էին տեղի տալ և անսացին Ռ. Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխելու և անհապաղ վիրահատելու` փաստաբանի համառ պահանջին:
Տեղափոխվելով հիվանդանոց` նոր պահանջ ներկայացվեց իրավապահներին` Ստեփանակերտում, տեխնիկական պատճառներով, նման վիրահատություն իրականացնել բոլորովին անհնար է, ուստի պահանջվեց Ռ. Պետրոսյանին տեղափոխել Երևան:
Երևանում նա արդեն լիովին ազատ էր հետապնդումներից: Ավելին, Արթիկ քաղաքից ընտրվելով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր` նա մտավ քաղաքական դաշտ: Բացվեցին պայքարի նոր հեռանկարներ, գործելու ավելի լայն հնարավորություններ տրամադրվեցին նրան:
...Իսկ պատերազմի ուրվականն օր-օրի մոտենում էր: Ռազմիկ Պետրոսյանն զգում էր դա և պատրաստվում` պատգամավորական գործունեությանը զուգահեռ, մինչև այն պահը, երբ սպասելն այլևս անհնար ու անընդունելի էր նրա համար, և եկավ` վերամիանալու արցախակուռ կտրիճների ազատարար երթին: