Jump to content

Գլուխ երկրորդ. ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ երկրորդ

ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ
Աղբյուր՝ Խիզախման ոգին (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.։

Գլուխ երկրորդ

ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ


1

1

Արցախյան ազգային ազատագրական շարժումը խառնեց Ռազմիկ Պետրոսյանի բոլոր խաղաքարտերը, մոռանալ տվեց անգամ ֆուտբոլը, առանց որի՝ անվանի մարզիկը չէր էլ պատկերացնի իր հետագա կյանքը։ Բայց երբ զոհասեղանին դրված էր ժողովրդի ճակատագիրը, նա մոռացավ անձնականի մասին և բոլորանվեր տրվեց արցախահայության արդարացի պահանջատիրության իրականացման գործընթացին։ Կանգնած լինելով շարժման ակունքներում, գործուն մասնակցություն ունեցավ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի ու ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի հայտնի պլենումի կազմակերպման գործընթացներին, ընդգրկվեց «Կռունկ» կոմիտեի նախագահության կազմում, գլխավորեց 1988-ի մարտի վերջերին «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ ստեղծված Արցախի պաշտպանության շտաբը, ընդհատակյա պայմաններում բոլոր ջանքերն ու միջոցները ներդրեց ինչպես ինքնապաշտպանության առաջին ջոկատների կազմավորման, այնպես էլ՝ այդ ջոկատները զինելու և զինամթերքով ապահովելու գործին։ Բայց աննկատ չմնաց այդ ամենը. ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ մեր երկրամասում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողների և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից 1990-ի հունվարի 18-ին ձերբակալվեց և պահվեց Կրասնոդարի ու Նովոչերկասկի բանտերում։ Բայց ոչինչ չէր կարող նրան ընկճել, որովհետև նրա գործելակերպը վստահ էր, անելիքը՝ պարզորոշ։ Որքան հեռանում ենք Արցախյան շարժման 1988-ի համաժողովրդական պոռթկման առաջին ամիսների իրադարձություններից, այնքան ավելի տեսանելի են դառնում այդ օրերի եռքը, ընդվզումը, հաջողություններն ու հիասթափությունները: Բայց հաճախ տարակուսանք են առաջացնում որոշ «տարեգիրների» կողմից, անտեղյակության հետևանքով, կամ ինչ-ինչ այլ պատճառներով, անձերին ու կազմակերպություններին առնչվող առանձին փաստերի հարկի-անհարկի աղավաղումները, որոնք աղճատում են տվյալ ժամանակաշրջանի իրական պատկերը: Արցախյան շարժման ակունքներում կանգնած նվիրյալը, ով քաջատեղյակ է տվյալ ժամանակաշրջանի բոլոր անցքերին ու իրադարձություններին, երբեք չի կարող անտարբեր լինել նման երևույթների նկատմամբ:

2

1960-ականներին անթեղված կայծը սկսեց բոցավառվել։ Արթնացավ արցախցիների հույսը, որ, թվում էր, հավերժական քնով էր քնել։ Թվո՞ւմ էր, թշնամիներին՝ գուցե, բայց արցախցի հայը երբեք իրեն չի զգացել Հայաստանից բաժան։ Եվ, ահա, բացախոսության ու հրապարակայնության պայմաններ ընձեռած վերակառուցումը կրկին հուսավառեց մարդկանց՝ պատմական սխալն ուղղելու առումով։ Սկսվել էր անխափան մի գործընթաց՝ ստորագրահավաք և խորհրդային իշխանության կենտրոնական մարմիններին՝ 1813 թվականին Արցախի պատմական Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Ռուսաստանին միացած, բայց չգիտես ինչու և ինչպես՝ 1921-ին ձեռքի թեթև շարժումով Ադրբեջան հորջորջվող նորաթուխ պետության տիրապետության տակ հայտնված Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու արդարացի պահանջ ու խնդրանք պարունակող նամակների հեղեղ։ Այդ օրերին հավատում էինք (միամտաբա՞ր, թե՞ մեր ժողովրդին հատուկ հավատով) Մ.Գորբաչովի վերակառուցման ծրագրի, կոմունիստական կուսակցության ու լենինյան «վեհ գաղափարների», խորհրդային երկրի անպարտելի, անսասան կեցվածքի գաղափարական ու գործնական անբեկանելիությանը։ Վստահ էինք, որ պատմական արդարությունը կվերականգնվի, ու ժողովուրդն ազատ շունչ կքաշի։ Գուցե թե՝ հենց այդպես էլ ծնունդ առավ «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսը, որը հրապարակ էր հանում տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն մեզ խանդավառում էր, սակայն գնալով ավելի էր խորանում անդունդը երկու հարևան ժողովուրդների միջև։ Ավելին՝ սերմանվող թշնամանքը առճակատում, արյունահեղություն էր ակնկալում։ 1988 թ. փետրվարի 8-17-ին Մոսկվայում էր գտնվում արցախահայության՝ 60 հազար ստորագրություններով դիմում-բողոքները կենտրոն հասցրած հերթական պատվիրակությունը, իսկ Ստեփանակերտ էին ժամանել Բաքվի հերթական էմիսարները՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Կոնովալովը, Կենտկոմի բաժնի վարիչ Մ.Ասադովը, հանրապետական ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ի.Ամրանովը և ուրիշներ։ Նրանց առաքելությունը ոչ միայն ձախողվեց, ավելին՝ արժանի հակահարված ստացավ՝ կոնկրետ հիմնավորումներով։ «Իսկ ես այնքան էի ուզում, որ մեր տքնաջան աշխատանքի «պտուղը» վերջապես հասունանար, – իր խոհերն է կիսում Ռ.Պետրոսյանը։ – Այդ իսկ պատճառով՝ անտեսելով ամեն վտանգ, նիստը, որի ընթացքում ինձ ձայն չտրվեց, փակ հայտարարվելուց հետո բարձրացա միտինգավորների ինքնաշեն բեմը»։ Անմիջապես էլ՝ նրան երկու կողմից թևանցուկ շղթայեցին ՊԱԿ-ի մարզային բաժնի և ՆԳ մարզային վարչության պետերը։ Ռազմիկը վայրկյան անգամ չտատանվեց, շատ քաղաքավարի ձևով խնդրեց թողնել իրեն։ «Ես ռինգ չեմ մտնում, – ասաց, – ասելիք ունեմ և պիտի° ասեմ»։ Եվ՝ ասաց։ «Նախագահը վճռել է, որ Արցախը Ադրբեջանի կազմից երբեք դուրս չի՞ գալու», – հարցրեց, և ընկրկեցին նրանք՝ ժողովրդյան ձայնը լռեցնել կամեցողները։ Ռ.Պետրոսյանը ժողովրդական այդ բարձր ամբիոնից առաջարկեց մարզային ակտիվի անունից հեռագիր ուղարկել Մոսկվա, և քվեարկության դրված առաջարկությունն ընդունվեց միաձայն։ Աննախադեպ ժողովրդավարություն և հանդգնություն՝ Խորհրդային Միության չափանիշների նմանօրինակ զանցառում, առաջին անգամ՝ խորհրդային տիրապետության ողջ ընթացքում։ Բոլորը քվեարկեցին միաձայն, բաց քվեարկությամբ, և՝ լիահույս, որ Մոսկվայից եկող հանձնաժողովն, անշուշտ, արդարացիորեն կլուծի մեր հարցը, որ գորդյան հանգույցի պես խճճվել ու հյուծում էր բոլորին։ Այդպիսի ոգևորություն էր տիրում նաև համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ Աբել Աղանբեգյանի հարցազրույցը ֆրանսիական հանրահայտ «Յումանիտե» պարբերականում տպագրվելուց հետո, ուր նա ո°չ միայն առաջարկում, այլև հիմնավորում էր Արցախի ու Հայաստանի տնտեսական միավորման արդյունավետությունը, որը նաև ենթադրում էր պատմական-իրավական, բարոյական արդարության վերականգնում։ ԼՂԻՄ խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրման նախապատրաստական աշխատանքների ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհները լուրջ կարևորություն էին տալիս հատկապես պատասխանատու կուսաշխատողներին ներգրավելու կամ, նվազագույնը, նրանցից չխանգարելու համաձայնություն կորզելու կարևոր խնդրին: Նստաշրջանն անցկացնելուց առաջ անհրաժեշտ էր նաև մարզգործկոմի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Շմավոն Պետրոսյանի և Մարտակերտի (տարածքային առումով՝ մարզի ամենախոշոր շրջանի) կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի տրամադրվածությունը շոշափելը: Վաչագան Գրիգորյանն ու Արկադի Մանուչարովը Ռազմիկ Պետրոսյանին հանձնարարեցին գլուխ բերել այդ գործը: Շմավոն Պետրոսյանը դեռևս Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար եղած ժամանակներից ֆուտբոլի ջերմ երկրպագու էր: Ռազմիկը նրա հետ ունեցած շփումներից հասկացել էր, որ հայրենասեր մարդ է: Հանդիպումը կայացավ: Նա չհրաժարվեց ընդհանուր գործից: Բայց Ռ. Պետրոսյանի համար հասկանալի էր նաև նրա զգուշավորությունը: «Հեշտ բան չէ, – ասաց Շ. Պետրոսյանը, բայց չժխտեց գործով զբաղվելու՝ արդեն գործողության մեջ դրված ծրագրի խոհեմությունը, – ՊԱԿ-ը և Բորիս Կևորկովը որ իմանան՝ մեզ բոլորիս գործից կազատեն»: Այսպես թե այնպես՝ նրա վերաբերմունքից անմիջապես զգացվեց, որ ջերմ համակիր ու համախոհ է: – Գնա°, – խորհուրդ տվեց նա, – բոլորի հետ խոսի°ր, վերջում կգաս ինձ մոտ: Վաչագան Գրիգորյանին և Արկադի Մանուչարովին տեղեկացրեց հանդիպման արդյունքի մասին ու անմիջապես մեկնեց Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի մոտ: Հարևաններ էին և հանդիպում էին երբեմն: Մինչ այդ Վ. Գաբրիելյանը աշխատել էր Մարտունիում: Ռազմիկը գիտեր, որ տղամարդուն վայել բնավորություն ունի. «այո»-ն «այո» է, «ոչ»-ը՝ «ոչ», չնայած հակասական կարծիքներ կային նրա մասին: Անմիջապես չմտավ նրա մոտ: Նախ հանդիպեց Շարժման Մարտակերտի պատասխանատու Վիգեն Շիրինյանի ու ակտիվիստ Վագիֆ Գալստյանի հետ: Նրանք նպատակահարմար չհամարեցին Ռ. Պետրոսյանի հանդիպումը առաջին քարտուղարի հետ, որովհետև մտադիր էին նրան պաշտոնից ազատել տալ: – Նրան ինչպե՞ս կարող ես այդ գաղտնիքը վստահել, երբ նա կամենում է մեզ բոլորիս բռնել տալ, – նման այլ փաստարկներ բերեցին: – Դուք նրան պաշտոնից հանելու մասին մի մտածեք,– վստահ խորհուրդ տվեց նրանց, – այլ ստորագրությունները հավաքեք և ժողովրդին նախապատրաստեք ցույցերին՝ նստաշրջան կազմակերպելու պահանջով: – Ժողովուրդն արդեն մեզ մոտ էլ, ինչպես Ասկերանում, Հադրութում և Մարտունիում, նստաշրջան է պահանջում: Մնում է քարտուղարի վերաբերմունքը, որ ավելորդ դժվարություններ չհարուցվեն, – ավելացրեց նա: – Բոլոր քարտուղարներին ամենից շատ մտահոգում է անասնագողությունը,- ասաց Ռ. Պետրոսյանը: – Այս մի հարցում նրան ապահովագրելու համար պաշտպանեք ֆերմաները: Վահան Գաբրիելյանը սիրով ընդունեց իր հարևանին: Բայց զգացվում էր նրա տագնապը: Ռ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ նստաշրջան կազմակերպելու որոշման մասին եկել է նրա կարծիքն իմանալու, քանի որ բոլորն արդեն գիտեն և սպասում են Վ. Գաբրելյանի հեղինակավոր խոսքին: – Ովքե՞ր են համաձայն, – հետաքրքրվեց նա: – Բոլորը, – վստահորեն անհասցե նետեց «առաքյալը»: – Օրինակ, – խորացավ նա: – Մանուչարովը, Վաչիկը, Շմավոն Միսակովիչը, Գրիշա Բաղյանը: – Ռազմի°կ, – մտերմորեն դիմեց զրուցակիցը, – ես քեզ լավ եմ ճանաչում: Ես, անտարակույս, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ առայժմ ոչ ոք չիմանա այս մասին: Զրույցին ներկա շրջգործկոմի նախագահ Վալերի Ջավադյանի կարծիքն էլ հարցրեց առաջին քարտուղարը: – Ինչպես ասեք՝ այնպես էլ կանենք, – եղավ պատասխանը: – Երբ գործը հաջողվի, – իր խոսքն առաջ տարավ նա, – ես բոլոր պատգամավորներին կբերեմ նստաշրջան, էլ չգաք, – եզրափակեց զրույցը: Նա միանգամից փոխվեց Ռազմիկի աչքում, մեծացավ: Փաստորեն, ոչ միայն բարդություններ չառաջացրեց, այլև իր պաշտոնի համար շատ վտանգավոր քայլեր հանձն առավ: Բայց պահանջի նման խնդրանք էլ ուներ. – Խնդրում եմ, Վիգենենց (այսինքն՝ շարժման ակտիվիստներին) զգուշացնես, որ հրաժարական չպահանջեն ինձանից: Եթե ես հրաժարական տամ՝ Մարտակերտը կկորչի: Նա անկեղծորեն էր խոսում, սրտացավություն կար նրա խնդրանքի մեջ: Դա Ռազմիկին ավելի ոգևորեց: Նա ուժեղ մարդ էր: Փաստորեն՝ և° կոմունիստական կուսակցության ուղենիշն էր պահում, և° զինվորական պարետատան հետ էր համագործակցում, և°, անհնաժեշտության դեպքում, ազերիներին էր սանձահարում, ու, պարզվում է՝ համախոհ է նաև շարժման աջակիցների հետ: Այն ժամանակ հզոր կայսրության պայմաններում նա չվարանեց: Կուսակցական տեղական ղեկավարների նման վերաբերմունքը և շարժման ակտիվիստների հետ համագործակցությունն իր դրական արժեքն ունեցավ, արցախահայության համաժողովրդական պայքարում հաղթանակի հասնելու գրավական դարձավ: Կուսակցական վերնախավը չկարողացավ տեղական ղեկավարների մեջ սպանել մարդուն, ջնջել մարդկայինը, արդարության համար մարտնչող պայքարի ոգին: Կուսակցական-ներմուծովի գաղափարներն այլևս սնանկ էին ու անգործունակ: Արմո Ծատրյանի և Վաչագան Գրիգորյանի օգնությամբ Ռազմիկը հավաքել էր մարզգործկոմի մեկ երրորդի ստորագրությունները, որոնք ներկայացրեց մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին: – Լա°վ, օրինական է, – հաղթաթուղթը ձեռքին ասաց նա: – Մնացածը ես կկազմակերպեմ: Եվ, իրոք, նստաշրջանը կազմակերպելու, պատգամավորներին (նաև՝ ադրբեջանցի) այդ մասին իրազեկելու և մնացած գործը կատարեցին Կարեն Բաբուրյանը և Կարեն Ջհանգիրյանը՝ Շմավոն Պետրոսյանի հանձնարարությամբ: Գործկոմի կազմից ստորագրողները հայտնվել էին երկու կրակի արանքում: Նստաշրջանից մի երկու օր առաջ մարզկոմի առաջին քարտուղարն արդեն տեղյակ էր և կամենում էր հարկադրել գործկոմի անդամներին՝ հրաժարվել իրենց ստորագրություններից: Մնում էր՝ թաքցնել պատգամավորներին և հրահանգավորել՝ չներկայանալ նույնիսկ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի հրավերի դեպքում:

Պետք էր չկորցնել զգոնությունն ու լինել վստահ, որ նստաշրջանը չձախողվի, անել ամեն ինչ, որ հնարավոր սադրանքները ոչ մի կերպ չկարողանային ազդել նախաձեռնության ընթացքի վրա: Նստաշրջանը նախագահողը պետք է իրավիճակի լիիրավ տերը լիներ, որպեսզի տեղում ժամանակին ու ճիշտ կողմնորոշվել կարողանար: Բայց ո՞վ կհանդգներ ստանձնել նման պատասխանատու առաքելությունը: Արմո Ծատրյանն ու Վարդան Հակոբյանը նստաշրջանը նախագահելուց հրաժարվեցին, բայց խոստացան ելույթ ունենալ, և, իրոք, առաջին ելույթ ունեցողը Վ. Հակոբյանն էր, քաջալերող էր նրա խոսքը, տպավորիչ:

Վ. Գրիգորյանի և Ա. Մանուչարովի հետ պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Պետրոսյանը պետք է հանդիպեր մարզգործկոմի ժողկրթության բաժնի վարիչ Վիգեն Հայրապետյանին, նրան առաջարկեր պատմական այդ նստաշրջանը նախագահելու պատվավոր առաքելությունը ստանձնել: Նա կարևորեց Վ. Հայրապետյանին առավել մոտիկից ճանաչող բժիշկ Էդուարդ Ղուկասյանի ընկերակցությունն այդ գործում: Գնացին երկուսով, և Վիգեն Հայրապետյանն առանց ձևականությունների ու բարդացնելու՝ արձագանքեց առաջարկությանը: – Համաձայն եմ, բայց ոչ ոքի չասեք: Ես արդեն ասել եմ, վերջ, – կտրուկ եզրափակեց նա: «Ուրեմն՝ մեր գործերն անպայման հաջողվելու են», մտածեց Ռազմիկը: Սակայն էլի անելիքներ կային: Կար ընդհանուր մի հիմնավոր եզրահանգում, որ եթե Կևորկովը նստաշրջանի կազմակերպիչների կողմը չանցնի՝ ելքն անորոշ կլինի: Հատկապես, որ նստաշրջան հրավիրելու ժողովրդի պահանջի մասին լսելով՝ շուտափույթ Արցախ էին ժամանել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Մ. Բաղիրովը: Պարզ է, չէին եկել օրինականությանն ընթացք հաղորդելու: Եկել էին օրինականության հետ հույսեր կապող մարդկանց ջանքերով կազմակերպվող նստաշրջանի կասեցման, կամ էլ՝ լիովին խափանման իրենց բուռն ցանկությանը հագուրդ տալու համար: Վիգեն Հայրապետյանը զգուշացվեց նստաշրջանին չներկայանալու հարկադրանքից խուսափելու համար տանը չգիշերել: Իսկ Ռ. Պետրոսյանն ու Էդ. Ղուկասյանը սկսեցին Բ. Կևորկովին հանդիպելու ուղիներ որոնել: Մարզկոմի կուսհանձնաժողովի նախագահ Վահան Հարությունյանն արդեն հրաժարվել էր Կևորկովի հետ հանդիպումը կազմակերպելու միջնորդությունից: – Չէ°, չեմ կարող ասել, – պարզ խոստովանեց նա: Սակայն Կևորկովի օգնական Յուրի Բեկնազարյանը բժշկի առաջարկությանն անմիջապես դրական պատասխան տվեց, խոստացավ Բ. Կևորկովին տեղեկացնել Շարժման ակտիվիստ Ռ. Պետրոսյանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին: Մեն-մենակ նրա հետ հանդիպումն անհրաժեշտ էր ու հրատապ: Պետք էր ճշտել, թե տարածաշրջանում ազդեցության մեծ ուժ ունեցող կոմունիստների մարզային ղեկավարը եթե չի օգնելու, գոնե պատրա՞ստ է չխանգարել: «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության՝ Գ. Գաբրիելյանի աշխատասենյակում սպասումը հինգ ժամ տևեց: Վերջապես, խոստացված ժամին (երեկոյան ժամը 600-ին) Յու. Բեկնազարյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկեր Կևորկովը վաղը ժամը 1300-ին կընդունի Ռ. Պետրոսյանին: Բոլորը շատ ուրախացան: Հաջորդ օրը, ցերեկվա ճիշտ ժամը 100-ին, Ռազմիկն արդեն մարզկոմի առաջին քարտուղարի ընդունարանում էր, երբ նրան նախ ընդունեց ՊԱԿ-ի աշխատակից Թումանյանը: Իրար լավ գիտեին՝ նա ևս ֆուտբոլի մոլի երկրպագու էր: – Կներես, Ռազմիկ, – դիմեց նա, – գրպաններդ պիտի ստուգեմ: Կարգն է այդպես. առաջին քարտուղարի մոտ ես գնում: – Համեցե°ք, – սիրով ենթարկվեց Ռազմիկը: «Ստուգվելուց» հետո եկավ Յու. Բեկնազարյանը և խորհրդակցությունների դահլիճ հրավիրեց նրան: Ռազմիկն արդեն գլխի է ընկել, որ Կևորկովն իր աշխատասենյակում հյուրեր ունի՝ Դեմիչևն ու Ռազումովսկին, ինչպես նաև՝ Բաղիրովը: Յուրին գնաց, ներս մտավ Բ. Կևորկովը: – շ ԹՈր րսցՔՈþ,– այն ժամանակներում նման հանդիպումն ինքնին արդեն մեծ բան էր սովորական, կամ այդ օրերի լեզվով ասած՝ անհնազանդություն ցուցաբերող քաղաքացու համար: Ռազմիկն իրազեկեց հաջորդ օրը կայանալիք նստաշրջանի մասին, որն` անխուսափելի է, քանի որ օրինական է, ժողովրդավարական դրսևորում, որը մեր երկրի համար որքան արտառոց, նույնքան էլ՝ իրական է, կատարված փաստ: Նստաշրջանն Արցախը Հայաստանի հետ վերամիավորման պատմական ճշմարտությունը վերականգնելու որոշումը պետք է ընդուներ: Նման որոշման ընդունումը ժամանակի հրամայականն է, ուստի, Ռազմիկը նրան առաջարկեց անցնել ժողովրդի կողմը, որպեսզի Կևորկովին չհավատացող զանգվածը ևս վերանայի նրա նկատմամբ ունեցած գնահատականը: – Մի խոսքով, անցեք ձեզ հավատացողների կողմը և միաձուլվեք ժողովրդին, – ասաց Ռազմիկը: – Ը Թօ, կպՑՐՏրÿվ, ՉպՐՌՑպ Վվպ? – հետաքրքրվեց նա: – Իհարկե, այլապես՝ ինչո՞ւ պիտի գայի, – վստահեցրեց Ռազմիկն ու Կևորկովը «կիսվեց» զրուցակցի հետ: Ասաց, որ ադրբեջանական կոմկուսակցությանն ու կառավարությանն ինքը համարում է կեղտոտ խաղերի մոգոնման հսկա մի որջ, բայց Մոսկվայից «բարեհուսո հովերի» է սպասում: – Գիտե՞ք՝ ինձ մոտ ովքեր են նստած, – հարցրեց և թվարկեց վերոնշյալ «բարձրաստիճան» հյուրերին: Այդ հանդիպման ընթացքում Ռազմիկը նորովի բացահայտեց Բորիս Կևորկովին: Այո, նա էլ մի սովորական հայ մարդ էր, ով իր ժողովրդի լավն էր կամենում, բայց արմատները հողում չէին: – Բորի°ս Սարկիսովիչ, – փորձեց «խելքի բերել» զրուցակցին, – դուք անցեք ժողովրդի կողմը, սա վերջն է: Մոսկվայի հետ հույսեր մի կապեք այլևս: – շ տՏՊցՎՈþ, – հետևեց պատասխանը: – Շնորհակալություն: Ինչ ուզում է լինի՝ նստաշրջանը տեղի է ունենալու, – անառարկելի տոնով եզրափակեց Ռազմիկը: Հանդիպումն ուրախառիթ էր՝ դրական երանգներ պարունակող, որովհետև ինչպես Մանուչարովը եզրակացրեց՝ գոնե չի խանգարի: Հանդիպումը նաև տրտմության երանգներ կուտակեց Ռազմիկի հոգու մեջ: Նա ցավ ապրեց իր պաշտոնին անհողդողդ նվիրվածությամբ կապված այդ մարդու նկատմամբ, ով այդպես կուրորեն էր հավատում «կոմունիստական վեհ գաղափարներին», որ ճգնաժամային այս պահին անգամ չէր կարողանում ձերբազատվել ստրուկի իր կարգավիճակից, ընթանալ սրտի ձայնի թելադրանքով՝ ճշմարիտ, ազգային ուղիով: Եվ, վերջապես, ազգային ի՞նչ հատկանիշներ կարող ես սպասել արդեն ապազգայնացած այդ մարդուց: Այնուամենայնիվ, այդպիսին դարձած մարդն էլ էր երազում, որ իրեն հավատացող լինի արդարության համար պայքարի ելած մարդկանց շարքերում: Նրա համար շատ կարևոր էր իրեն տանջող այդ անէական հարցի պատասխանը՝ Ռազմիկ Պետրոսյանն արդյո՞ք հավատում է իրեն, որովհետև հավատն է բոլորիս իրար կապողը: Կևորկովը տառապում էր, կամենում էր մեզանից մեկը լինել: Դա հասկացավ, երբ իր հարցին դրական պատասխան ստացավ, թեկուզ՝ շրջանցումով: Նրա աչքերում կայծկլտաց հավատը, Ռազմիկը տեսավ նրա ոգևորությունը՝ կենսունակության ավիշով լցված աչքերում: Ցավոք, կրկին պիտի չքանար այդ ամենը հանդիպումից հետո, որովհետև իր «կոչումն» այլ էր: Խորն էր անջրպետը իր ու յուրայինների միջև, և դիմացն անդունդ էր, խորխորատ: Նրան ոչ թե մտածել էր պետք, այլ գործել: Դա էր փրկության միակ բանալին, որն, ավաղ, վաղուց էր կորցրել, անդառնալիորեն... Շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող ճանապարհները փակել էին տեղական (ադրբեջանական) միլիցիան և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները, որպեսզի պատգամավորները տեղ հասնել չկարողանան: Պատգամավորներին անվտանգ Ստեփանակերտ հասցնելու գործը Ռազմիկին էր վստահված: Բոլորի ջանքերը մի նպատակակետի էին ուղղված՝ առանց զենքի գործադրման, առանց արյուն թափելու ետ ստանալ մեր հասանելիքը՝ ի վերուստ, և ի սկզբանե, 1988թ. փետրվարի 20-ին, մի սովորական, օրինական մի նիստով ժողովրդի՝ 65 տարի առաջ կամայականության զոհ դարձած կամքի արտահայտությունը վավերացնելը, պատանդված Արցախն Ադրբեջանից անջատելն ու մայր Հայաստանի հետ վերամիավորելը: Պատգամավորները շատ երկար ճանապարհ էին կտրում, որ հասնեն մայրաքաղաք: Խոջալվում շրջափակել էին մի խումբ պատգամավորների: Քվորումը չէր ապահովվում: Ի պատասխան՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, շարժման մյուս ակտիվիստները շրջափակել էին ճաշելու գնացող Ք. Բաղիրովին (Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ու նրա շքախմբին՝ պայմանով, որ բաց կթողնեն միայն այն ժամանակ, երբ կբացեն Ստեփանակերտ շտապող պատգամավորների ճանապարհը: Պահանջը կատարվեց, պատգամավորները ժամանակին հասան և մասնակցեցին նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորները տեղ էին հասնում ձիերով ու այլ միջոցներով, զարտուղի ճանապարհներով, անտառային արահետներով, քերծերով: Աշանից` ձիով, բերվել էր նույնիսկ հղի պատգամավորը: Նույնիսկ 40 աստիճան ջերմությամբ հիվանդն էր տեղ հասել: Եվ քվորումն ապահովվեց, ընդունվեց պատմական որոշումը: Ամբողջ աշխարհն իմացավ այս մի կտոր հողի վրա ապրող ժողովրդի մեծ ուժի մասին, որը կարողացավ ցնցել Խորհրդային Միությունը: Փոքրաքանակ մեր ժողովուրդն իր պարզությամբ, անկեղծությամբ, նաև՝ ոգու անսասան տոկունությամբ կարողացավ սասանել ամեն ինչ, մինչև անգամ՝ առանց կողմնակի ուժի օգնության, մեն-միայնակ, իր ներքին ուժի պոռթկման շնորհիվ պատռեց թուրքական արնախում երախը: Խորհրդային լայնարձակ երկրում իր նախադեպը չունեցող իրադարձությունն ապշեցրեց բոլորին: Քաղաքական անհնազանդության դիմած ժողովրդի կտրուկ դիմադրությունն ադրբեջանական պաշտոնյաններին ստիպեց ձեռնունայն վերադառնալ Բաքու: «Հաղթանակը կռեցինք՝ անցնելով նաև արյուն-արցունքի միջով, դժոխային կյանքով ապրելով, բայց՝ դյուցազնացած, մեկ մարմին դարձած: Տուժեցինք բոլորս, թեև ամեն մեկս գտավ իրենը: – Ռազմիկ Պետրոսյանի մտորումները տանում են հեռու, անդրադարձումներ է անում նաև Բ. Կևորկովի կերպարին, բնավորությանը, քաղաքական կեցվածքին: – Պատերազմի սարսուռը պատեց նաև նրան, բայց նա երջանկության վայելքը չապրեց, – եզրակացնում է Ռազմիկը: – Ո°չ ազգային գործիչ լինելով՝ նա նաև ո°չ հեռատես քաղաքական գործիչ էր»: Եվ կուսմարզկոմի բյուրոյի 1988-ի փետրվարի 23-ի նիստն ազատեց նրան մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից:


3

Ադր. ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի երկարամյա առաջին քարտուղար Բորիս Սարկիսովիչ Կևորկովի մասին հակասական շատ կարծիքներ են ձևավորվել Արցախյան ազգային ազատագրական շարժման ու զինված պայքարի տարիների ընթացքում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նա ավելի շատ իշխող վերնախավի զոհը դարձավ, քան գործիքը՝ դահճի կարգավիճակով։ Արցախյան շարժման նախնական փուլում նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և կանգնել իր ժողովրդի կողքին, ավելին՝ նրա առաջին այդ սխալին գումարվեց երկրորդը, երբ համաձայնեց Ադր.ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովի առաջարկին և Մոսկվայից Բաքու վերադարձավ՝ ղեկավարելու հակահայկական բնույթ և ուղղվածություն որդեգրած Ղարաբաղի նորաստեղծ «վտարանդի» կառավարությունը՝ ամենաբարձր լիազորություններով։ Նա այդպես էլ չհասկացավ ժամանակի ողջ լրջությունը, և ադրբեջանցիները նրա աչքին դեռ երևում էին ժողովուրդների բարեկամության ու ինտերնացիոնալիզմի վարդագույն ակնոցների արտացոլանքով։ Ժամանակը, սակայն, ամենալուրջ դատավորն է, և ամեն ինչ աստիճանաբար իր տեղը դրվեց։ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի պատմական նստաշրջանին նա աջակցել չկարողացավ՝ ելնելով իր կուսակցական դիրքից, քաղաքական կողմնորոշվածությունից ու համոզմունքներից, բայց և՝ խանգարել չկարողացավ, որովհետև ժողովուրդն արդեն միակամ ու միակարծիք էր այդ հարցում։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի փետրվարի 23-ի արտահերթ նիստի որոշմամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատված Բ.Կևորկովն անմիջապես հեռացավ մարզից։ Մոսկվայում նա արտասահմանից ստացվող հումանիտար օգնության ընդունման ու բաշխման միութենական կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Վիկտոր Պոլյանիչկոն էլ էր վաղուց ճողոպրել ու ապաստանել Մոսկվայում։ Երկուսին էլ շատ լավ էր ճանաչում Ա.Մութալիբովը, և, որպես «Ղարաբաղի գծով անգերազանցելի մասնագետներ», հրավիրեց Բաքու՝ նպատակ ունենալով այնտեղ ստեղծել այսպես կոչված՝ «Ղարաբաղի վտարանդի կառավարություն»։ Նա Բ.Կևորկովին խոստացել էր ամենաբարձր իշխանությունը Ղարաբաղի վրա (Վ.Պոլյանիչկոյի նման տեղակալով), միայն թե հնարավոր լիներ այդ անհնազանդ երկրամասի՝ տասնամյակներ շարունակ որպես Ադրբեջանի «անբաժանելի մաս» տարփողվող կարգավիճակի պահպանումը։ Այսօրվա հեռվից, թերևս, դժվար է հստակ պատասխան տալ այն հարցին, թե Կևորկովն արդյո՞ք ընդունեց Մութալիբովի առաջարկը, որովհետև Բաքու հասնելուց և Մութալիբովի առաջարկը ստանալուց շատ կարճ ժամանակ անց տապալվեց տիրող վարչակարգը, և Ադրբեջանի իշխանությունը հայտնվեց ժողճակատայինների ձեռքում։ Կևորկովն ու Պոլյանիչկոն փորձեցին անմիջապես թողնել Ադրբեջանի տարածքը, բայց Ա.Էլչիբեյն արդեն կարգադրել էր փակել բոլոր ճանապարհները, ինչպես՝ ցամաքային, այնպես էլ՝ օդային։ Եվ օդանավակայան շտապած «փախստականներն» իսկույն ձերբակալվեցին աչալուրջ ժողճակատայինների կողմից։ Իշխանափոխված Ռուսաստանն Ադրբեջանից անմիջապես պահանջեց իր քաղաքացուն, իսկ անհայրենիք մնացած Կևորկովը հայտնվեց Բաքվի բանտում, և մեկ ու կես տարի շարունակ, մինչև նոր իշխանափոխություն, ենթարկվեց անձնական նվաստացումների ու սոսկալի կտտանքների։ Կևորկովին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ անջատողական այդ ողջ գործընթացն իբր ինքն էր կազմակերպել ու ընթացքավորել՝ Մոսկվայի թելադրանքով ու անմիջական աջակցությամբ։ Մի քանի անգամ, ահաբեկելու նպատակով, նույնիսկ կեղծ մահապատիժ կազմակերպվեց բանտում (կրակել էին գլխավերևով, ոտքերի տակ և այլն)։ Հայտնվելով ծայրահեղ անտանելի պայմաններում, Բ.Կևորկովը վերջապես հասկացավ իր ով լինելը և օգնություն հայցեց՝ ինչ-ինչ ճանապարհներով նամակ ուղարկելով Ստեփանակերտ, ուր մարդիկ, իրոք, մտահոգված էին նրա ճակատագրով ու մի քանի անգամ նույնիսկ փորձեցին փոխանակել։ Վերջին փորձը Հադրութի ուղղությամբ էր, երբ սահմանագլուխ բերվեց տասն ադրբեջանցի, բայց Բաքուն կրկին մերժեց առաջարկը՝ հրաժարվելով իր քաղաքացիներից։ Պատասխանը միանշանակ էր. – Ում ուզեք՝ կտանք, Կևորկովին՝ երբեք... Բ.Կևորկովն, այնուամենայնիվ, ազատվեց բանտի դժոխային կյանքից՝ իշխանական լծակներն իր բուռը հավաքած Հ.Ալիևի միջոցով և անմիջապես էլ մեկնեց Մոսկվա։ Բանտում նա արդեն անբուժելի հիվանդություն էր ձեռք բերել՝ տառապում էր շաքարախտով, հանգիստ չէր տալիս ձեռքերի դողը, ուստի, այլևս ոտք չդրեց Ստեփանակերտ, ոչ մեկի հետ էլ չէր ուզում հանդիպել։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի նախկին քարտուղար (այնուհետև՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր) Եղիշե Սարգսյանը հետագայում լինելով Մոսկվայում՝ այցելեց իր նախկին ղեկավարին։ Հիվանդությունն արդեն լիովին տիրապետել էր այդ, թվում էր, անփոփոխ համոզմունքների տեր մարդուն, բայց Կևորկովն էլի հետաքրքրվեց ստեփանակերտցիներով, մի 80 մարդու անուն տվեց, հարցրեց նրանց որպիսությունը։ Չմոռացավ նաև Ռազմիկ Պետրոսյանին. – Ո՞նց է ֆուտբոլիստը՝ Ռազմիկը, – հարցրեց, – կբարևես։ Այդ տղան քաղաքականություն հասկացավ, իսկ ես, ցավոք, ոչ... Դառնություն կար նրա այդ խոստովանության մեջ, հարցումն էլ՝ ժամանակավրեպ էր ու իմաստազուրկ։ Նաև՝ ուշացած զղջում էր հիշեցնում՝ թվացյալ ճշմարտակյացության ու ոչ ճիշտ ապրած կյանքի համար։ Կևորկովի մասին խորհելիս՝ Ռ. Պետրոսյանը փորձում է սթափեցնել մարդ արարածին, որտեղ էլ վերջինս գտնվելիս լինի, ինչով էլ զբաղվելիս լինի՝ իմանա իր ով լինելը, որովհետև ազգից կտրվածն անհող-անարմատ ծառ է հիշեցնում, որը ոչ չորանալ է կարողանում, ոչ էլ՝ կանաչել: Ազգային ակունքներից հեռացողն անգիտակցաբար ինքնասպանության տարբերակն է ընտրել՝ կորցնելով կենսավիշը, կերպարն ու կենսակերպը։ Իսկ կա՞ աշխարհում և պատմության մեջ մեկը, ով ինքնակամ գնար այդպիսի վախճանի: Անհայտությունը, անորոշությունն ու միայնությունը անտանելի են մարդ արարածի համար: Իսկ եթե մարդն ի ծնե հանճարեղ է և փառքի թևերին նստած է հայտնվում իշխանական լծակների մոտ, միևնույն է, նա մեծ հոգս ունի՝ բացել ամենաթանկ գանձարանը, հասնել արմատներին և հայտնվել իր կենաց ծառի սաղարթախիտ կենտրոնամասում: Սա բոլորովին ուրիշ զգացում է՝ ի°ր ազգի սրտում լինելը, ի°ր ազգի շուրթերին հայտնվելը, ի°ր ազգին առաջնորդելը... Երջանկացնո°ղ զգացում:

4

ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի պատմական որոշումը հենց հաջորդ օրը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» և «Սովետսկի Կարաբախ» մարզային թերթերում: Արցախահայության ոգևորությանը չափ ու սահման չկար. վերջապես իրականացավ վաղեմի երազանքը: Բայց նույն՝ փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հապճեպ ընդունած որոշումը, մեղմ ասած, սառը ցնցուղի դեր կատարեց: Դրան գումարվեցին ադրբեջանական բազմահազարանոց խուժանի փետրվարի 22-ի հարձակումը Ասկերանի վրա, փետրվարի 27-29-ի սումգայիթյան եղեռնագործությունը: Սումգայիթյան իրադարձությունների մասին մարտի 2-3-ին արդեն գիտեին Ստեփանակերտում։ «Կռունկ» կոմիտեի՝ ներգաղթի (միգրացիայի) հանձնաժողովի կազմը (նախագահ՝ Ռազմիկ Պետրոսյան) բռնատեղահանվածներին տեղավորելու համար բոլոր ջանքերն էր գործադրում։ Ավելին, բեռնատար մեքենաներ հայթայթվեցին, Սումգայիթ, Բաքու և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրեր ուղարկվեցին՝ մահացու վտանգի մեջ հայտնված հայազգի բնակչությանը մահվան գոտուց անվնաս դուրս բերելու համար։ Այդ գործընթացն իրականացվեց ԼՂ ավտոտրանսպորտային արտադրական միավորման մեքենաներով (թիվ 2718 շարասյան պետ Մաքսիմ Միրզոյան) և ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից տրամադրված նյութական միջոցներով գործող հիմնադրամի գործուն աջակցությամբ։ Այդ մեքենաներով հնարավորություն ընձեռվեց նաև Արցախյան շարժման տարեգիր Բակուր Կարապետյանին՝ լինել Սումգայիթում ու Բաքվում և մեկ շաբաթ շարունակ, թարմ հետքերով, անհրաժեշտ նկարահանումներ ու գրառումներ կատարել՝ հայազգի քաղաքացիների նկատմամբ Սումգայիթում ու Բաքվում իրականացված ոճրագործությունների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում Ռ.Պետրոսյանին անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին նաև Լյովա Առստամյանը, Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը և ուրիշներ։

5

ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ Ստեփանակերտում ու շրջաններում տեղակայված ստորաբաժանումների գործողությունների մասին ճշգրիտ տեղեկատվություն էր ստացվում ԼՂԻՄ ՆԳՎ Ստեփանակերտի քաղաքային բաժնի աշխատակից Վովա Ներսիսյանից։ Նա ամենայն բարեխղճությամբ էր կատարում ինքնակամ ստանձնած այդ պարտավորությունը՝ դա համարելով իր համեստ ավանդն ազգանպաստ գործունեության մեջ։ Հեռախոսակապի առումով էլ համապատասխան հիմնարկներում աշխատող Նինան (Բաբայան) ու Ժաննան Ռ.Պետրոսյանին (կամ՝ լիազորված այլ անձի) հայտնում էին ստացվող բոլոր հեռագրերի մասին։ Սումգայիթյան ցեղասպանության նախօրեին Արցախում բնակվող ադրբեջանցիները հեռագրեր էին ստանում բառացիորեն հետևյալ բովանդակությամբ. «Հարսանիքը կայանալու է Սումգայիթում և Բաքվում, Ձեր ներկայությունը պարտադիր է»։ Նույն բովանդակությամբ հեռագրեր էին ստացվում նաև Բաքվի 1990-ի հունվարյան խժդժությունների նախօրեին։ Իսկ «Կոլցո» («Օղակ») գործողությունից առաջ, 1991-ի ապրիլին, արցախաբնակ ադրբեջանցի ակտիվիստներին Բաքվից ուղարկվող հեռագրերն ունեին հետևյալ բովանդակությունը. «Պատրաստել «Շտապ օգնության» ութ մեքենա, 15 ՈՒԱԶ, հիվանդանոցում՝ 60-100 մահճակալ»։ Որից հետո էլ, «անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով, սկսվեցին զանգվածային ձերբակալություններն ու հայազգի բնակչության բռնատեղահանումները Հյուսիսային Արցախի ու Հադրութի շրջանի իրենց վաղնջական բնակավայրերից։ Օդանավակայանում իրենց հայրենասիրական պարտքն էին կատարում Խորենն ու Գարիկը, Հայաստանից ու Ռուսաստանից Արցախ եկող պատվիրակություններին ընդունում ու ճանապարհում էր Համոն, մարդկանց տեղավորման ու սննդի առումով զգալի օգնություն էր ցուցաբերում Գրիշա Անտոնյանը («աֆերիստ Գրիշան»), ցուցապաստառների պատրաստման հարցում օգնում էր Ստեփանակերտի քաղաքային զբոսայգու նկարիչ-ձևավորող Քինան։ Շարժման ընթացքում իրենց բարձրության վրա մնացին Իշխան Ավետիսյանը («տաքսիստ Իշխան»), Սերժիկ Գրիգորյանը («սապոժնիկ Սերժիկ»), խոհարարներ Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, ուրիշներ։ Արցախում ինքնապաշտպանական առաջին ջոկատներն ստեղծեցին Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը, Մուրադ Պետրոսյանը, Հրանտ Սարգսյանը, Կուճուր Նեսոն և ուրիշներ։

6

Ռազմիկ Պետրոսյանը կարևոր է համարում նաև Արկադի Մանուչարովի՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա.Վեզիրովի հետ Բաքվում կայացած գաղտնի հանդիպման փաստին անդրադառնալը։ Արցախյան շարժման մութ ու դեռևս չլուսաբանված էջերից է Արկադի Մանուչարովի անակնկալ հայտնվելը Բաքվում 1988-ի մարտին և հանդիպումը Ա.Վեզիրովի հետ։ Այսօր Ստեփանակերտում ոչ-ոք չի հիշում, թե Ա.Մանուչարովը կոկրետ ո°ր օրն է Ա.Վեզիրովի հրավերով մեկնել Բաքու և հանդիպել հանրապետության առաջին դեմքի հետ։ Բայց, ամենայն հավանականությամբ, դա պետք է որ եղած լինի մինչև մարտի 17-ը (իսկ բոլորս քաջատեղյակ ենք, թե կուսակցական ինչպիսի կարևոր որոշում ընդունվեց Ստեփանակերտում, 1988-ի մարտի 17-ի երեկոյան)։ Բանն այն է, որ կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը, մարզկոմ հրավիրելով Ա.Մանուչարովին՝ հայտնեց նրա հետ հանդիպելու` Ա.Վեզիրովի ցանկության մասին լուրը։ Հ.Պողոսյանն ասվածին ոչինչ չհավելեց. «Ուզում է հանդիպել»։ Եվ՝ վերջ։ Իսկ ինչպե՞ս ընդունեց Մանուչարովն այդ անակնկալ լուրը։ Հայտնի է միայն, որ նա համաձայնեց անմիջապես մեկնել Բաքու, իսկ անվտանգության հարցն իրենց վրա վերցրին Հ.Պողոսյանն ու ԽՄԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական աշխատանքի բաժնի հրահանգիչ (մարտի 17-ից հետո՝ ԼՂ կուսմարզկոմի երկրորդ քարտուղար, կուսմարզկոմի բյուրոյի անդամ) Բ.Մալկովը։ Պարզ էր, որ Բաքվում քննարկման առարկան պետք է լիներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Իսկ ամեն ինչ պարզ դարձավ Ա.Մանուչարովի վերադառնալուց հետո միայն, և «կռունկականներն» առաջարկեցին քննարկել ու պարզություն մտցնել այն հարցում, թե «Կռունկ» կոմիտեի նախագահը Ադրբեջանի կուսակցական առաջնորդի հետ հանդիպելու համար ինչպե՞ս է մեկնում Բաքու՝ առանց տեղյակ պահելու կոմիտեի նախագահությանը։ Մանուչարովն արդարացավ, որ մեկնելիս ժամանակ չկար հայտնել բոլորին, այդ մասին գիտեր միայն Ռոլես Աղաջանյանը։ Իր հերթին՝ Ռ.Աղաջանյանն, իրոք, խոստովանեց, որ գիտեր այդ մասին, բայց ընկերներին չասաց՝ զուտ Մանուչարովի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներից ելնելով։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ նաև, որ Բաքվում Մանուչարովին կոնկրետ առաջադրանք էր տրվել եռօրյա ժամկետում կազմակերպել Ա.Վեզիրովի հանդիպումը «Կռունկ» կոմիտեի նախագահության լրիվ կազմի հետ՝ Բաքվում, սպառնալով՝ հրաժարվելու դեպքում ձերբակալել բոլորին։ Ստացվեց այնպես, որ Մանուչարովը պետք է Բաքու տաներ շարժման բոլոր ակտիվիստներին (Բաքվի լեզվով՝ էքստրեմիստների խմբին)։ Որոշվեց Մանուչարովի հարցին անդրադառնալ առաջիկայում, որպեսզի շարժումը չպառակտվի, իսկ հարցում պարզություն մտցնելու նպատակով առաջարկվեց հանգամանքները պարզել կուսմարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Հ.Պողոսյանի մոտ գնացին երեք հոգուց բաղկացած խմբով (Ռադիկ Աթայան, Ռազմիկ Պետրոսյան, Սլավա Աղաջանյան)։ Հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար Հ.Պողոսյանին զանգեց Ռ.Աթայանը։ Հանդիպումը կայացավ, որի ընթացքում նշվեց առանց կոմիտեի նախագահությանը տեղյակ պահելու՝ Բաքու մեկնելու սխալ լինելը։ Հ.Պողոսյանն արդարացավ. «Ես ընդամենն առաջարկել եմ, ինքը թող հրաժարվեր ու չգնար»։ Ինչ-որ է, ստեղծված իրավիճակից պետք էր ելք որոնել, ուստի հանդիպումը զուտ հաշտեցման նպատակ էր հետապնդում՝ շարժումն, ինչ էլ լիներ, չպիտի պառակտվեր։ Խմբին հաջողվեց Մանուչարովի ու Պողոսյանի հաշտեցման գործն իրականացնել, թեև հետագայում ևս, անհանդուրժողականության հետևանքով, բազում անգամ են վերոհիշյալ անձիք գժտվել իրար հետ և... շարունակվել են հաշտեցման հերթական «արարողությունները»։ (Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով՝ երկուսն էլ տոգորված են ջերմ հայրենասիրությամբ, բայց երբեք չեն հանդուրժել իրար)։ Հաջորդ օրը «Կռունկի» նախագահության անդամները կրկին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի իրենց մշտական հավաքատեղիում էին։ Պատրաստ էր Բաքու ուղարկվելիք պատասխանը։ Մանուչարովը զանգեց Ադր.ԿԿ Կենտկոմի ընդունարան և Վեզիրովի օգնականին հայտնեց, որ «Կռունկի» վարչության անդամները պատրաստ են հանդիպել Վեզիրովի հետ Ստեփանակերտում կամ որևէ այլ չեզոք երկրում, բայց ոչ` Բաքվում։ Բաքու մեկնելը ոչ միայն անհնարին է համարվել, այլև՝ անիմաստ։ Բաքվից այլևս ոչ մի առաջարկություն չստացվեց, ոչ էլ որևէ նման հանդիպում կայացավ հետագայում։ Իսկ համաժողովրդական շարժումն ընթանում էր իր բնականոն հունով։

7

Փետրվարի 20-ին հաջորդած օրերի ընթացքը հասկանալ տվեց մի շատ պարզ ճշմարտություն՝ ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու հստակ մեխանիզմ չուներ, իսկ Ստեփանակերտում (մարզում՝ ընդհանրապես), բնակչության մեծամասնությունը դեռ հեռու էր հարցն ուժի դիրքերից լուծելու մտքից: Բայց 1988-ի փետրվար ամսվա իրադարձությունների համապատկերի վրա արդեն իսկ պարզ ուրվագծվեց Արցախյան շարժման ու ընթացքի ողջ նկարագիրը՝ խաղաղ ցույցեր, իրավական գործընթացներ և ռազմական ուժի կիրառում: Ադրբեջանն իրականում ցուցադրեց եղեռնագործի իր իսկական դեմքը։ Մարդիկ հասկացան, որ արդար պահանջով հարցին լուծում չի տրվի։ Պետք էր պատրաստվել, զենք ու զինամթերք հայթայթել: Իսկ հավատավոր ժողովուրդը, որ մի քանի օր առաջ համաժողովրդական հանրահավաքում նստաշրջան էր պահանջում, մի պահ ասես ընկրկեց՝ մի՞թե գործադիր մարմնի ընդունած որոշումն անկիրարկելի է առանց կուսակցական մարմնի լիազորման: Ուստի, անհրաժեշտ եղավ աշխատել նաև ա°յդ ուղղությամբ: Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհներն անընդհատ փնտրտուքի մեջ էին՝ ի՞նչ անել: Շարժումը ղեկավարող կազմակերպության անհրաժեշտություն առաջ եկավ, ուստի` «Կռունկի» ստեղծումը ժամանակի հրամայականն էր: Ժողովուրդն անմիջապես արձագանքեց կազմակերպության ստեղծման առաջարկությանը: Մարտի 1-ին ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն («Կռունկ»՝ ԽՏՎՌՑպՑ ՐպՉՏսþՓՌՏվվՏչՏ ցտՐՈՉսպվՌÿ ծՈչՏՐվՏչՏ ԽՈՐՈոՈւՈ): Անվանումն ընդունվեց արցախցի հանրաճանաչ քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ: Գիշերվա կեսին հենց հրապարակում էլ անցկացվեցին կոմիտեի (տարբեր աղբյուրներում՝ խորհուրդ) կազմի ընտրությունները: «Կռունկ» կոմիտեն ողջ կազմով (թվով՝ 55 հոգի) հավաքվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության դահլիճում՝ կոմիտեի նախագահության կազմն ընտրելու համար: Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ընտրվեց 11 հոգուց բաղկացած նախագահություն (յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկությունից կամ բնագավառից՝ մեկական ներկայացուցիչ), որի կազմում ընդգրկվեցին Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարովը, Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանը, շինվարչության պետ Ռոլես Աղաջանյանը, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տնօրեն Ռազմիկ Պետրոսյանը, Ստեփանակերտի նորոգման գրասենյակի տնօրեն Ռոբերտ Բաղդասարյանը, Գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Վարդան Հակոբյանը, Ստեփանակերտի տեղարդկոմբինանտի տնօրեն Սլավիկ Աղաջանյանը, Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գևորգյանը, Ստեփանակերտի պետական մանկավարժական իստիտուտի դասախոս Համլետ Գրիգորյանը և Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի տնօրեն Սերգեյ Աբրահամյան: Կոմիտեի նորընտիր նախագահ Արկադի Մանուչարովի առաջարկությամբ նորաստեղծ ազգային գաղափարակիր կազմակերպությունն արեց առաջին քայլը. «Վաղը Մ. Գորբաչովի ծննդյան օրն է, շնորհավորանքով սկսենք մեր գործը, – ասաց նա, – որպեսզի մեր ազատության ձեռքբերումն էլ շնորհավորանքով դիմավորենք»: Իսկ պարզ էր, որ ազատությունը պետք էր նվաճել, ոչ թե՝ ակնկալել: «Կռունկի» կազմում աշխատանքային յոթ խումբ ստեղծվեց։ Ռազմիկն ընտրվեց պաշտպանության և զենքի հայթայթման խմբի ղեկավար: Նախագահությունում նվիրյալներ էին հավաքվել: Նրանք անձնվեր էին, հանդուգն արարքների հեղինակներ: Նրանց համար անհանդուրժելի էր հատկապես, երբ մարդն իր հայրենի հողի վրա էր հետապնդվում, իր հայ լինելու, հայեցի ապրելու, իր տունն ու օջախը հայեցի պահելու համար:

8

ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու ունակ չէր։ Այդ դեպքում` ի՞նչ անել։ Հնարը գտնվեց: Մարտի 3-ի երեկոյան ժամը 500-ին, երբ հերթական անգամ մի բաժակ թեյի շուրջ զրույցի էին հավաքվել Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ գործող կենտրոնական մարզադաշտի ներքևի մասնաշենքում, չորսով (Ռազմիկ Պետրոսյան, Արկադի Մանուչարով, Վաչագան Գրիգորյան, Ռոլես Աղաջանյան), Ա. Մանուչարովն առաջարկեց կուսմարզկոմի պլենում հրավիրել, որը կհաստատի ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը: Վաչագան Գրիգորյանը նույնպես նույն կարծիքն արտահայտեց. «Նստաշրջանն արինք, – վստահ ասաց նա, – բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այ, որ պլենումը հաստատի այդ որոշումը, դա մի մեծ ռումբ կլինի ԽՍՀՄ-ի համար, որովհետև մեր պետության պատմության ընթացքում դեռ ոչ մի կոմունիստ չի համարձակվել դեմ գնալ կուսակցական դիրքորոշմանը»: Պայմանավորվեցին «Կռունկի» նախագահության անդամներից շրջաններ ուղարկել՝ կուսմարզկոմի արտահերթ պլենումը կազմակերպելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ տանելու համար: Վ. Գրիգորյանը հուշեց, որ, ըստ կուսակցության կանոնադրության, արտահերթ պլենում հրավիրելու երեք տարբերակ կա: Նախ՝ այդ հարցը կարող է առաջադրել առաջին քարտուղարը, երկրորդ՝ արտահերթ պլենում է հրավիրվում բյուրոյի երեք անդամի առաջարկությամբ, կամ էլ (որն ամենահավանական տարբերակն է)՝ մարզի կոմունիստների մեկ երրորդի պահանջով: Ընտրվեց երրորդ տարբերակը: Որոշվեց այդ գործընթացն իրականացնել մարտի 6-ին և 7-ին: Ռոբերտ Բաղդասարյանն ու Մաքսիմ Միրզոյանն ուղարկվեցին Մարտակերտի (ուր կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանը համաձայնել էր աջակցել), Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը՝ Մարտունու, Վլադիմիր Գևորգյանը՝ Հադրութի շրջաններ: Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու զինված պայքարին մեծ խթան հանդիսացան այնպիսի գործիչների, որպիսիք են՝ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Գագիկ Սաֆարյանը և Վաչե Սարուխանյանը, հանդիպումներն Արցախում (առանձնապես՝ Վաչագան Գրիգորյանի հետ, ու ելույթները` տարբեր շրջաններում): Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն առաջարկեց մարդ չուղարկել Ասկերան, ուր ինքն ունի իր համախոհների խումբը (Կոմիտաս Դանիելյան, Սլավիկ Միրզոյան, Սլավիկ Առուշանյան): Շրջանում ստորագրահավաքը շատ արագ ու արդյունավետ անցավ, բնակչությունն իր անբեկանելի կարծիքն հայտնեց կուսմարզկոմի արտահերթ պլենում անցկացնելու անհրաժեշտության առթիվ: Հադրութում պլենումի կազմակերպմանը միտված աշխատանքներն իրականացրին Արթուր Մկրտչյանը, Վիգեն Գրիգորյանը, Էմիլ Աբրահամյանը, Գրիշա Բաղյանը և Սվետլանա Կասպարովան: Ռ. Պետրոսյանի կարծիքով՝ կուսմարզկոմի պլենում կազմակերպելու առումով Մարտունիում տիրող իրավիճակը բարդ էր ու հակասական: Նրա խոսքերով՝ կուսշրջկոմի առաջին քարտուղար Ստախոն Պետրոսյանը, թեև գործնական աջակցությամբ չմասնակցեց շրջանի գյուղերում իրականացված ստորագրահավաքի գործընթացին, բայց և՝ չխանգարեց: Կոմունիստների հետ տարվելիք աշխատանքներն իրենց վրա վերցրին Գրիգոր Ուլուբաբյանը, Վլադիմիր Խաչատրյանն ու Մանֆրեդ Բախշիյանը: Մարդիկ ուղարկվեցին շրջանի բոլոր գյուղերը՝ կուսակցական ակտիվի ժողովներ անցկացնելու և ստորագրահավաքի արդյունքներն ու ժողովների արձանագրությունները շրջկենտրոն հասցնելու համար: Շրջանի բոլոր կոմունիստները միակամ ու միակարծիք էին քննարկման ենթակա հարցի առթիվ՝ ԼՂ կուսմարզկոմի պլենումը պետք է հավանություն տա մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշմանը: Մարտակերտում ստորագրահավաքները իրականացնում էին Վիգեն Շիրինյանը, Վագիֆ Գալստյանը, Ներսես Օհանջանյանը և ուրիշներ: Մարզի բոլոր շրջանների գյուղերում ու շրջկենտրոններում անցկացված կուսակցական ակտիվի ժողովներին ու կոմունիստ բնակչության ստորագրահավաքին առնչվող փաստաթղթերն ի մի բերվեցին Ռ. Պետրոսյանի գլխավորած հիմնարկում (կենտրոնական մարզադաշտ), իսկ մարտի 9-ի առավոտյան, իր մեքենայով, Ռ. Պետրոսյանը (Ա. Մանուչարովի և Ռ. Բաղդասարյանի հետ) 13 հազար 500 ստորագրությունները, արձանագրությունները և գյուղերից բերված տարբեր բնույթի մյուս փաստաթղթերը հասցրեց կուսմարզկոմի շենք ու հանձնեց նամակների բաժնի ղեկավար Աննա Դրոնկինային: Բաժնի կողմից տրվեց համապատասխան ստացական:

9

Պլենում հրավիրելու առումով, թվում է, արված էր ամեն ինչ (կամ՝ գրեթե ամեն ինչ): Բայց, արդյո՞ք, միութենական ու հանրապետական կուսակցական ղեկավարությունը պատրաստ էր հենց այնպես հանձնվել: Կենտրոնական ու հանրապետական իշխանությունների կողմից կրկին փորձ արվեց պահպանել պնդումը հիմնախնդրի սոցիալ-տնտեսական ուղղվածության վրա և քաղաքական դաշտից սոցիալ-տնտեսական ոլորտ բերել այն: Մշակվեց նույնիսկ սոցիալ-տնտեսական զարգացման արագացման հատուկ ծրագիր, որի նախագիծը Ստեփանակերտ հասցվեց մարտի 16-ին: Մարզ ժամանեցին նաև կենտրոնական մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ոչ մի նման միջոցառում, սակայն, իրենց ընտրած ճանապարհից չէր կարող շեղել արցախցիներին: Հարցը քաղաքական էր, կոնկրետ՝ մարզի կարգավիճակի ու ենթակայության փոփոխում: Ուստի, ժողովուրդը ստիպված էր մարտի 15-ից կրկին համընդհանուր գործադուլ սկսել: Մարզի կուսակցական ապարատն, այնուամենայնիվ, տեղի տվեց, և մարտի 17-ի ուշ երեկոյան կուսմարզկոմի արտահերթ պլենումն սկսեց իր աշխատանքը: Թեև բավական ցուրտ եղանակ էր, բայց պլենումի աշխատանքի ավարտին Ստեփանակերտի Վ.Ի.Լենինի անվան կենտրոնական հրապարակում հոծ բազմություն էր սպասում: Եվ նրանց սպասումն արդարացավ: Կուսակցական-կազմակերպական մի շարք հարցերի հետ քննարկվեց նաև ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը, պաշտպանվեց արցախահայության կամքի միասնական արտահայտություն հանդիսացող այդ որոշման հիմնական դրույթը՝ հայ ժողովրդի արհեստականորեն իրարից տարանջատված երկու հատվածների վերամիավորման անհրաժեշտությունը: Արդեն կեսգիշեր էր, երբ պլենումն ավարտվեց, և մասնակիցները միացան ցուցարարներին: Ամբիոն բարձրացավ Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն ու ասաց, որ այլևս անհանգստանալու կարիք չկա, անհրաժեշտ որոշումն արդեն ընդունված է, իսկ դա նաև հավաստում է այն հանգամանքը, որ մարզի կուսակցական օրգանները միակամ ու միակարծիք են արցախահայությանը հուզող հիմնահարցում: Հավաքվածները ցնծությամբ դիմավորեցին այդ լուրը: Այնուհետև պլենումի հաղթական որոշման առիթով բոլորին շնորհավորեցին «Կռունկ» կոմիտեի նախագահ Ա. Մանուչարովը, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը: Մարդիկ դեռ երկար ժամանակ չէին ցրվում, շնորհավորում էին միմյանց, ասես Արցախյան հիմնահարցն իր վերջնական լուծումն էր ստացել արդեն: «Կռունկի» ամենաառաջին ու կարևոր հաղթանակն էր դա:

10

Արցախի աշխատավորները, ոգևորված նոր ձեռքբերումով, վերադարձան աշխատանքի, բայց մարտի 21-ին «Պրավդա» թերթում տպագրված «Հույզեր և բանականություն» հոդվածը կրկին հունից հանեց արցախահայությանը, հիասթափության նոր ալիք բարձրացրեց և մակընթացված հուսառատությունը կրկին տեղի տվեց հուսալքությանը: Երեք օր անց, մարտի 24-ին, ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը 1988-1995թթ. արագացնելու միջոցառումների մասին» համատեղ որոշումն ու, ըստ այդմ էլ՝ ադրբեջանական իշխանությունների տնօրինմանը հանձնվեց միութենական 450 միլիոն ռուբլին (որոշ աղբյուրներում՝ 400 մլն), որն էլ ծառայեցվեց մարզի ադրբեջանական բնակավայրերի կառուցապատմանը: Նույն՝ մարտի 24-ին, մեկ այլ «որակով» իրեն «զգացնել տվեց» նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը՝ օրենքից դուրս հայտարարվեց «Կռունկ» կոմիտեն, որն ավելի գրգռեց առանց այդ էլ հիասթափված ժողովրդին: «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» կարգախոսով, արցախահայությունը մարտի 24-ից կրկին դիմեց համընդհանուր գործադուլի, որը տևեց 12 օր:

11

Ստեփանակերտի քաղխորհրդի նստաշրջանում մարտի 5-ին օրինականացված «Կռունկ» կոմիտեն, սակայն, երբեք չդադարեցրեց իր գործունեությունը: Շարունակեց գործել այլ կերպի մեջ, այլ անվան տակ, թեև մի որոշ ժամանակաշրջան «իրադրության լիիրավ տեր» էր ԼՂ կուսմարզկոմի առաջին քարտուղար Հ. Պողոսյանի առաջարկությամբ իր գործունեությունը վերսկսած Տնօրենների խորհուրդը: Ռ. Պետրոսյանի ու համախոհների նախաձեռնած «Քաղաքացիական պաշտպանության շտաբն» արդյունավետ աշխատանք ծավալեց: Այդ անվան տակ փաստորեն գործում էր «Կռունկ» կոմիտեն, բայց այն էությամբ ու բնույթով բոլորովին նոր կազմակերպություն էր («Արցախի պաշտպանության շտաբ»), զբաղմունքը՝ զենքի ու զինամթերքի հայթայթում, բնակչության զինում ու բնակավայրերի պաշտպանության կազմակերպում: Ի դեպ՝ Տնօրենների խորհրդի անդամները ևս հերթապահում էին Արցախի պաշտպանության շտաբում, որը տեղակայված էր Ստեփանակերտի կուսքաղկոմի դիմացի՝ Մոգիլևսկայա (այժմ՝ Նելսոն Ստեփանյան) 23 հասցեում գտնվող քառահարկ բնակելի շենքի առաջին հարկում (1989թ. հունվարին շտաբը Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ տեղափոխվեց): Պաշտպանության շտաբի պետ Ռազմիկ Պետրոսյանը, շտաբի պետի տեղակալ Ռոլես Աղաջանյանը, շրջկենտրոններում գործող մասնաճյուղերը, շարժման ակտիվիստներն ու մյուս համախոհներն ու համակիրները, համախմբվելով մեկ միասնական նպատակակետի շուրջ, շարունակեցին «Կռունկի» ազգանպաստ գործունեությունը:

12

Իր «դերի» բարձրության վրա գտնվող Վլադիմիր Մնացականի Խաչատրյանը (ընկերական շրջապատում` Վոլոդյան)՝ Պաշտպանության շտաբի Մարտունու պատասխանատուն, 1988-ին ընդամենը 38 տարեկան էր, մերթ՝ հախուռն, մերթ` համեստ բնավորության տեր: 1988-ը նրան ավելի կրակոտ դարձրեց, ավելի... նվիրյալ: Թերևս այսօր էլ ականատեսներն ու համախոհները դեռ քիչ դրվագներ են պատմում Արցախյան շարժման ընդհատակյա պայքարի տարիներին մարդկանց կատարածի մասին, շատ դեպքերի վերաբերյալ էլ պարզապես լռում են դեռ: Վոլոդյան այն նվիրյալներից էր, որոնց արածի ու ապրածի մասին այսօր էլ քիչ բան է հայտնի: «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ գործող կազմակերպության Մարտունու մասնաճյուղը Վոլոդյան էր գլխավորում` աջակից ունենալով մի խումբ նվիրյալների՝ Մանֆրեդ Բախշիյան, Կամո Սաֆարյան, Գրիգոր Ուլուբաբյան, Գիշվա Յուրա, Անգելինա, Սուսաննա: Վ. Խաչատրյանի հետ նրանք միակամ ու միակարծիք էին մի բանում, որ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով ոչ մի հարց էլ չի լուծվի, արյունալի ընդհարումն, այնուամենայնիվ, սպասվում էր, ուստի, անհրաժեշտ էր զինվել: Զենք ու զինամթերք հայթայթելու նպատակով Վոլոդյան քանիցս եղել էր Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում։ Միշտ էլ, վերադարձին, իր իսկ նախաձեռնությամբ շրջանում ստեղծված պաշտպանական առաջին ջոկատներն ապահովվում էին անհրաժեշտ զենք ու զինամթերքով: Սերտ կապը Ստեփանակերտում գործող պաշտպանության շտաբի հետ (շտաբի պետ՝ Ռազմիկ Պետրոսյան) պահպանվում էր, ուստի, համագործակցությունը մշտական էր: Զենք ու զինամթերք ձեռք բերելու գործին էլ Ռազմիկն ու Վոլոդյան ձեռնամուխ էին լինում երկուսով. միասին էին մեկնում Հայաստան և հաճելի ավարով վերադառնում: Ռ. Պետրոսյանը սիրով է պատմում իր զինակից ընկերոջ մասին, դառն ու սրտամաշ ափսոսանքով: Իսկ հիշողություններն առինքնող են, տպավորիչ: Հիշում է, թե զենք ու զինամթերքի հերթական խմբաքանակն ինչպես պիտի տեղափոխեին Արցախ, երբ Արցախում պարետային ժամ էր, ամենուր` մարդորսություն: ...Անհրաժեշտ քանակությամբ զենքն արդեն ձեռք էր բերվել, երբ ավագի զինվորական կոչումով մի զինվորական մոտեցավ և 600 հազար խորհրդային ռուբլով երկու հրանոթ առաջարկեց, 120 արկի հետ: Տղաների «ախորժակը» բացվեց, բայց ամբողջ գումարն արդեն ծախսվել էր: Անմիջապես որոշեցին գումար ճարել: Վոլոդյա Խաչատրյանը գնաց Երևանում կոշկեղենի խանութի տնօրեն Ռազմիկ Դանիելյանի, իսկ Ռազմիկ Պետրոսյանը` ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մոտ: Պահանջվող գումարն անմիջապես տրամադրվեց: (Պետք է ասել, որ Սոս Սարգսյանի գլխավորած հիմնադրամից միշտ էլ անհրաժեշտ գումար տրամադրվում էր թե° Բաքվից ու Սումգայիթից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելու, թե° զենք ու զինամթերք գնելու համար): Ձեռք բերված ողջ զենքն ու զինամթերքը «Էրեբունի» օդանավակայանի ղեկավարության տրամադրած ուղղաթիռով անմիջապես հասցվեց Հաթերք (հասկանալի պատճառներով` Ստեփանակերտին ավելի մոտ վայրէջք կատարել չէին կարող), ուր տրանսպորտային համապատասխան միջոցներով արդեն սպասում էին պաշտպանության շրջանային շտաբների պատասխանատուներն ու ջոկատների մի քանի հրամանատարներ: Մարտակերտի պաշտպանության շտաբի պետ Վիգեն Շիրինյանն ստացավ իր բաժինը, իսկ ողջ մնացյալը՝ գիշերվա ընթացքում, հասցվեց Ստեփանակերտի մարզադաշտ։ Դաշուշենի Սամվելն էր (Խաչատրյան) եկել, Տողից՝ Վիգեն Գրիգորյանը՝ Ռոբիկի հետ, Կաղարծիից՝ Լյովան, մյուսները։ Ավտոդպրոցի վարորդ Երեմի բեռնատարով զենքը շրջաններ հասցնելու համար, այն պետք է դուրս բերվեր քաղաքից։ Մարզադաշտում Ռազմիկ Պետրոսյանը, Վոլոդյան, Ռոլես Աղաջանյանը, Կարապետյան Արկադին հավաքվել՝ մտածում էին, թե ի՞նչ հնարքով այդքան թանկ «բեռն» անվնաս դուրս բերեն քաղաքից, երբ «Զառին բաղ» տեղամասում խորհրդային ներքին զորքերի ու ադրբեջանական օմոնականների համատեղ պահակակետ էր տեղադրված։ Ձերբակալվելուց չէ, որ վախենում էին տղաները։ Այդքան դժվարությամբ ձեռք բերված զենքը հանկարծ չբռնագրավվի՞։ Հնարը, կարծես թե, գտնվեց։ Կարապետյան Արկադի՞ն էր, թե՞ Աղաջանյան Ռոլեսն առաջարկեց Ռազմիկի հին ծանոթին «օգտագործել»։ Նրան բոլորն այդպես էլ դիմում էին՝ Անատոլի Վլադիմիրովիչ։ Գնդապետ էր, ազգանունը ոչ ոք չգիտեր։ Ամեն տեղ մուտքի արտոնություն ուներ, և° Շուշիում էր լինում, և° Աղդամում, իսկ, հիմնականում, մնում էր Ստեփանակերտում։ Մարզադաշտ գալիս էր՝ բաղնիքում լողանալու համար։ Շաբաթը մեկ՝ տեսածի ու լսածի մասին պարտադիր Մոսկվա էր հաղորդում՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալին։ Մի անգամ տղաներին առաջարկեց աղջիկներով դուրս գալ քաղաքից, ինչ-որ աղբյուրի մոտ, գոնե մի քանի ժամով, կտրվել առօրյա հոգսերից։ Լևոնի աղբյուրի մոտ էին։ Չնկատեց էլ, թե ոնց էր տղաներից մեկը (բնության պահպանության վարչության պետ Գարիկ Գրիգորյանը) գաղտնի լուսանկարում իրեն՝ մերկ աղջկա հետ համբուրվելիս։ «Պետք կգա, – ասաց Գարիկը, – եթե հանկարծ ուզի շանտաժի դիմել՝ մենք էլ մեր անելիքը կիմանանք»։ ...Վոլոդյան ևս միանշանակ պաշտպանեց այդ առաջարկությունը, ուրիշ տարբերակ չկար, պետք էր նրան օգտագործել։ Դիմեցին Անատոլի Վլադիմիրովիչին, իբր՝ իր ծանոթ աղջկա համար փայտ են ուզում տանել, խնդրում են պահակակետով անցկացնելու հարցում օգնի։ Խոստացավ, և՝ օգնեց։ Տղաները բեռնատարի թափքը լցրել էին զենքով, փայտով քողարկել բեռը և, անցկացնելով պահակակետը, Դաշուշենի Սամվելի մոտ բաժին-բաժին արին։ Հրանոթներից մեկը Ռազմիկ Պետրոսյանի՝ Ավետարանոց գյուղում տեղակայված ջոկատին բաժին ընկավ, մյուսը՝ Վոլոդյային, ով այդ հրանոթը հետագայում Հադրութի շրջանի Սարենշեն գյուղի ազատագրման ժամանակ օգտագործեց։ Ռազմիկի հրանոթը Դաշուշենի Սամվելը տարավ Շահումյան, ուր հաջողությամբ գործածեց պաշտպանական մի շարք մարտերում։ (Այժմ այն, որպես ցուցանմուշ, տեղադրված է ԼՂՀ Զոհված ազատամարտիկների թանգարանի մուտքի մոտ՝ Ստեփանակերտում)։

13

…Երբ գնդապետ Անատոլի Վլադիմիրովիչն ավարտել էր իր առաքելությունն Արցախում և մարզադաշտ էր գնացել տղաներին հրաժեշտ տալու, շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ անկեղծորեն ասաց, որ շատ գոհ է տղաներից: Նստել՝ մի-մի բաժակ թեյ էին խմում, երբ Ռ. Պետրոսյանը հանեց լուսանկարներն ու ցույց տվեց նրան: – Թօ փՑՏ, ՑՏՋպ ՐՈջՉպՊփՌՍՌ? – անակնկալի եկավ Անատոլի Վլադիմիրովիչը: Ռազմիկը նրան խնդրեց որոշ գաղտնիքներ բացել. – Դուք, միևնույն է, գնում եք: Ես պատռում եմ այս լուսանկարները, բայց, ասացեք, խնդրեմ, ի՞նչ է սպասվում մեզ, ի՞նչ գիտեք մեր ապագայի մասին: Անատոլի Վլադիմիրովիչն, իհարկե, կորցնելու ոչինչ չուներ և տղաներին ասաց ճշմարտությունն այն մասին, որ, ինչպես Սումգայիթում, մի շատ բնակավայրերում ևս սպասվում են արյունահեղություններ: Հետագայում, երբ իրականություն դարձան Բաքվի, Գետաշենի, Շահումյանի, Հադրութի, Խոջալուի դեպքերը, պարզ դարձավ, որ Անատոլի Վլադիմիրովիչն, իրոք, որոշակի տեղեկատվության տիրապետում էր և ճշմարտությունն էր ասել տղաներին:

14

Արցախում ողջ խստությամբ գործում էր պարետային ժամը։ «Անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներն ու մինչև ատամները զինված օմոնականներն ամեն տեղ մուտքի արտոնություն ունեին, անհիմն կերպով ձերբակալում էին երիտասարդներին ու զենք օգտագործելու ընդունակ բոլոր տղամարդկանց։ Այնքան էին երես առել, որ նույնիսկ կանանց էին ձերբակալում։ Շարժման ակտիվիստները շատ էին մտահոգված այդ խնդրով, ուստի, որոշեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Առաջադրանքը մշակվեց անմիջապես։ Ռազմիկ Պետրոսյանը ռադիոկապի երկու սարք ուներ։ Մեկը տվեց Վոլոդյային և պատվիրեց երկու վստահելի մարտիկի հետ դարանակալել նշված տեղամասում ու սպասել հաջորդ կարգադրությանը։ Օրակարգում ԼՂ ՆԳՎ պետ Կովալյովի վերացման հարցն էր։ Տղաների կարծիքով՝ նա էր արտոնում բոլոր ձերբակալությունները։ Կովալյովն ամեն առավոտ հաճախում էր մարզադաշտ, մի որոշակի ժամանակահատված մարզվելուց հետո լողանում բաղնիքում ու դուրս գալիս մարզադաշտից։ Ռազմիկը մարզադաշտից Կովալյովի դուրս գալուց անմիջապես հետո ռադիոկապով անհապաղ պետք է հաղորդեր դարանակալ տղաներին։ Սովորականի պես այդ օրն էլ Կովալյովը եկավ ճիշտ ժամանակին, մարզվեց, լողացավ, բայց նախքան գնալը մոտեցավ մարզադաշտի տնօրենի առանձնասենյակին։ Ռազմիկ Պետրոսյանից ներս մտնելու թույլտվություն ստանալուց հետո, խնդրեց մի բաժակ թեյ պատրաստել տալ իր համար։ «Հոգնած եմ», – խոստովանեց։ Հաջորդ պահին Կովալյովն անակնկալ ձևով անկեղծացավ. «Ձեզ՝ ղարաբաղցիներիդ, երևի թվում է, թե ես եմ արտոնում բոլոր ձերբակալությունները։ Ես մի ներքին զգացողությամբ գիտեմ, որ ձեր պայքարն արդար է, և մինչև հիմա ոչ մեկին չեմ ձերբակալել ու չեմ ձերբակալի։ Դա անում են իմ տեղակալ Գոլևն ու մարզդատախազի հայ և ադրբեջանցի երկու տեղակալները»։ Կովալյովի՝ մարզադաշտից հեռանալուց հետո Ռազմիկն իսկույն կապվեց Վոլոդյայի հետ և հայտնեց առաջադրանքի չեղյալ հայտարարելու մասին։ Խոստացավ մանրամասնել առաջիկա հանդիպման ընթացքում։ Հետագայում, Շուշիի ազատագրումից հետո, երբ բանտում պահվող փաստաթղթերը տղաների ձեռքն ընկան՝ պարզվեց ողջ ճշմարտությունը։ Կովալյովն, իրոք, ճիշտ էր ասում, ձերբակալվածների մասին պատմող բոլոր փաստաթղթերի տակ դրված էին ԼՂ ՆԳՆ պետի տեղակալ Գոլևի, ադրբեջանցի կաղ Մամեդովի և հայազգի փոխդատախազի ստորագրությունները։

15

Վլադիմիր (Վոլոդյա) Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը հագեցված էին նման բազում դրվագապատումներով։ Ընդհատակյա պայքարին հաջորդեց զինված ընդհարումն ու բացահայտ պատերազմը, որին նա ևս իր անձնվեր մասնակցությունը բերեց։ Բայց պատերազմի օրենքներն անողոք են, ու թեև գնդակը կույր է, ասում են, բայց 1992-ին, մարտադաշտում, գտավ նաև Վոլոդյային։ Նա՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետը, Արցախյան ընդհատակյա գործող բանակի Մարտունու հատվածի առաջին ու գլխավոր պատասխանատուն էր։ Բանակ, որն իր կազմում գործող պաշտպանական ջոկատների շարքերում շուրջ 10 հազար զինված աշխարհազորային էր համախմբել։ Ընդհատակյա անհավասար պայքարում նրանք ընդհանուր գործի համար ոչինչ չխնայեցին, բայց արդյո՞ք ստացան այն, ինչի արժանի էին իսկապես…

16

Ռազմիկ Պետրոսյանը ցավով է հիշում հայրենյաց համար ընկածներին, գնահատում ազնվությունն ու բարությունը։ Նրա կարծիքով՝ հիշատակման արժանի մարդիկ կան նաև հակառակորդի բանակում։ Ալավերդի Թեմուր օղլի Բաղիրովը (1946-1992) Աղդամի ֆուտբոլային թիմի խաղացողներից էր։ Աղդամի, իսկ հետո նաև՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմում լավ ֆուտբոլիստի համբավ ուներ Լյոնիկ Հովհաննիսյանը, ում միջոցով էլ ծանոթացել էին Ռազմիկն ու Ալավերդին։ Երկու թիմերի միջև ընթացող մրցապայքարն ավելի էր մտերմացրել նրանց։ Ժամանակները փոխվել էին։ Ֆուտբոլային կրքերին փոխարինելու էին եկել ազգային, շատ հաճախ նաև՝ ազգայնական կրքերը։ Ռազմիկը հենց սկզբից ընդգրկվեց ընդհատակյա պայքարում։ Ալավերդին ևս ժամանակի հետ համաքայլ էր. ղեկավարելու էր այսպես կոչված Ադրբեջանի ժողովրդական ճակատի Աղդամի տարածքային կազմակերպությունը։ Կարելի է ասել՝ այդ տարածքում մեծ էր նրա դերը։ Ազգամիջյան ընդհարումների հետևանքով երկու կողմից էլ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելը սովորական բնույթ էր կրում։ Ինչպես Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում, այնպես էլ Աղդամում, հետագայում փոխանակելու նպատակով, պատանդներ էին պահվում։ Այդպիսի մի ընդհարում էլ Ասկերանի շրջանի «Լեսնոյե» անվանյալ գյուղակի մերձակայքում տեղի ունեցավ, և, ի հետևանք, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Աղդամ տարվեց ստեփանակերտցի Ղարիբ Հարությունյանը։ Աղդամում պահվում էին նաև Հովսեփավան գյուղի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանը, Աշանի կոլտնտեսության նախագահ Էմիլ Բալայանը, շատ ուրիշներ։ Եղբոր ճակատագրով հետաքրքրվող Լավրենտին տեղեկացրին, որ Ղարիբն, իրոք, գտնվում է Աղդամում։ – Եթե Ռազմիկը ազատման խնդրանքով մի գրություն տա, բերես՝ եղբորդ կազատեմ, – ասվածին հավելեց Ալավերդին։ Ռազմիկն, անշուշտ, գրությունն անմիջապես տվեց. «Ալավերդի, եթե հնարավորություն ունես՝ Ղարիբին բաց թող, գա»։ Խնդրանքն ավելի քան պարզ էր։ Ալավերդին էլ խոսքին տեր կանգնեց՝ գրությունն ստանալուն պես ազատ արձակեց Ղարիբին։ Ընդհանրապես, Ալավերդին շատ անգամ է մարդկային վերաբերմունք ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ։ Երևի թե դրան նպաստել է նաև նրա՝ ծագումով քուրդ լինելը։ Մի անգամ էլ, դեպքը Շուշիից հայերին լիովին վտարելուց հետո էր, Ալավերդին կապվեց Ռազմիկի հետ, թե` բարեկամուհին Շուշիում շատ վատ վիճակում է, հիվանդանոցում վիրահատման համար ոչ նորմալ պայմաններ կան, ոչ էլ՝ կարգին մասնագետներ։ Խնդրեց, եթե հնարավորություն ունի՝ կազմակերպի բարեկամուհու վիրահատությունը Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ռազմիկը խոստացավ օգնել, ասաց, որ կոնկրետ պատասխան ստանալու համար երեկոյան կրկին զանգի, և անմիջապես գործի անցավ. դիմեց վիրաբույժ Վալերի Մարությանին։ Երեկոյան հեռախոսազանգից հետո Ալավերդին արդեն լիովին համոզված էր, որ բարեկամուհու վիրահատությունը հաջող կանցնի։ Ռազմիկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել «Զառին բաղ» կոչվող տեղամասում։ Շուշիից մինչև զինվորական պահակակետ հիվանդին իր մեքենայով բերեց որդին՝ Մուրշուդը, ուր, պայմանավորվածության համաձայն, սպասում էր Ռազմիկը։ Վ. Մարությանն արդեն առանձին սենյակ էր նախապատրաստել և համապատասխան սարքերով ու բուժանձնակազմով պատրաստ էր անցնել գործի։ Վիրահատությունը սպասվածից ավելի հաջող անցավ։ Հիվանդասենյակում սպասեցին մինչև երեկո։ Մուրշուդը, պարզ է, Շուշի վերադառնալ չէր կարող։ Ռազմիկը նրան առաջարկեց իր հետ տուն գնալ։ Մուրշուդն առարկեց. – Եթե կարող ես մեքենադ թողնել այստեղ՝ կքնեմ մեքենայի մեջ։ Այդպես էլ արվեց։ Մուրշուդը մոր հետ Ստեփանակերտում մնաց երեք օր։ Հիվանդի առողջական վիճակն արդեն բավականին լավ էր, ոչ մի վտանգ նրան այլևս չէր սպառնում։ Որպես լավության փոխհատուցում՝ Մուրշուդը փող առաջարկեց, բայց և° վիրահատող բժիշկը, և° միջնորդը հրաժարվեցին վերցնել այն։ Իսկ պատասխանն էլ նույնքան պարզ ու հասկանալի էր. «Մեզ մոտ՝ Ստեփանակերտում, փողով չեն վիրահատում»։ «Զառին բաղ» տեղամասին մերձակա զինվորական պահակակետում իրար հրաժեշտ տալուց հետո Ռազմիկը նոր միայն թեթևացած շունչ քաշեց. ամեն ինչ այդպես բարեհաջող ավարտվեց, առանց անհարկի միջադեպի։ Մի երեք-չորս օրից զանգեցին Ռազմիկին ու խնդրեցին կրկին նույն պահակակետը գալ։ Որսի երկու նապաստակով նրան սպասում էր Մուրշուդը։ Երախտագիտության յուրօրինակ ձև է։ «Փող չվերցրին, գոնե նապաստակները կընդունեն որպես մաղարիչ», – երևի մտածել էր նա։ Ռազմիկն Ալավերդու հետ հետագայում ևս առնչություններ ունեցավ, որոնց շնորհիվ որոշակիորեն թեթևացավ հակամարտության երկու կողմերում արգելափակվածների ծանր, անտանելի վիճակը։ Պետք է խոստովանել, որ Ալավերդին միշտ էլ պատրաստակամ էր և ամեն առաջարկության հնարավորինս ընդառաջում էր։ Խոջալուի դեպքերի ընթացքում էլ Ալավերդին իրեն խիստ մարդկայնորեն դրսևորեց։ Օժտված լինելով վսեմ արժանիքներով, նա իրեն իրավունք վերապահեց ժամանակին հայտարարել, որ Խոջալուի ողբերգության առնչությամբ հայերը ոչ մի մեղք չունեն։ «Հայկական կողմը համապատասխան միջանցք էր տրամադրել խաղաղ բնակչության անվնաս դուրս բերման համար։ Եթե չեն օգտվել ընձեռված հնարավորությունից, ավելին, սադրիչ գործողությունների են դիմել իրենք՝ ադրբեջանցիները, հայերն ի՞նչ մեղք ունեն», – իր ցեղակիցների ճակատին էր շպրտել նա։ Իհարկե, նման հայտարարություններն անհետևանք չէին կարող մնալ։ Ալավերդին զոհվեց ականի պայթյունից, 1992-ին, սեփական զինուժի կողմից վերահսկվող տարածքում, և, շատ հավանական է, որ դա կազակերպված բնույթ է կրել, որովհետև նրա շատ տեսակետներն ու կարծիքները ժամանակին չեն կիսվել իր համախոհների ու զինակիցների կողմից։

17

Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ԼՂ Ազգային խորհրդի ստեղծումը ժամանակի պարտադրանքն էր։ Վերացվել էին կուսակցական ու խորհրդային իշխանական լծակներն Արցախում, մտցվել էր կառավարման հատուկ ձև, որն էլ ոչ բոլոր դեպքերում էր արդարացնում իրեն, և` մի կարճ ժամանակաշրջան գոյատևեց: Օգտվելով ստեղծված իրավիճակից` ՀՀՇ-ն Արցախում ստեղծեց «Միացում» կազմակերպությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի հակակշիռ որի` գործում էր ՀՅԴաշնակցության տեղային կազմակերպությունը: Եվ որպեսզի Շարժումը չպառակտվի` Ռազմիկ Պետրոսյանի առաջարկությամբ նախաձեռնվեց Ազգային խորհրդի ստեղծման գործընթացը: Այդ նախաձեռնությունը պաշտպանեցին Արկադի Մանուչարովը, Վաչագան Գրիգորյանը, Ռոլես Աղաջանյանը, Համլետ Գրիգորյանը և ուրիշներ: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների համագումարում ստեղծվեց Ազգային խորհուրդը, որն իր կազմի մեջ ընդգրկեց երկրամասի բոլոր կարգի ղեկավարներին, համախմբեց մեկ միասնական նպատակի համար պայքարող ժողովրդին, և Շարժումը չպառակտվեց: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների Համագումար կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվեց կազմկոմիտե: Համատեղ նիստի արձանագրությունն իրենց կնիքներով ու ստորագրություններով վավերացրին` Ստեփանակերտի կուսքաղկոմի քարտուղար Վ. Աթաջանյանը, Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ Մ. Միրզոյանը, Ասկերանի կուսշրջկոմի քարտուղար Վ. Քոչարյանը, Ասկերանի շրջգործկոմի նախագահի պաշտոնակատար Ա. Աղաբաբյանը, Հադրութի կուսշրջկոմի քարտուղար Գր. Բաղյանը, Հադրութի շրջգործկոմի նախագահ Է.Նավասարդյանը, Մարտակերտի կուսշրջկոմի քարտուղար Վ. Գաբրիելյանը, Մարտակերտի շրջգործկոմի նախագահ Վ. Ջավադյանը, Մարտունու կուսշրջկոմի քարտուղար Վ. Գրիգորյանը, Մարտունու շրջգործկոմի նախագահ Ս. Սեյրանյանը, ԼՂ արհմիությունների մարզխորհրդի նախագահության նախագահ Ս. Դավթյանը, ԼՂ կոմերիտմարզկոմի քարտուղար Մ. Մուսայելյանը, Հայոց Արցախյան «Միացում» ժողովրդական շարժման Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահ Ռ. Քոչարյանը: Կազմկոմիտեում ընդգրկվեցին Ս. Այդինյանը, Վ. Հակոբյանը, Ս. Առուշանյանը. Կ. Բաբուրյանը, Մ. Բախշիյանը, Ն. Դադայանը, Ռ. Քոչարյանը, Հ. Մելքումյանը, Ս. Մոսունցը, Յու. Ներսիսյանը, Օ. Օսիպյանը, Ռ. Պետրոսյանը, Շ. Պետրոսյանը, Ս. Սարգսյանը, Է. Սաֆարյանը:

18

Արցախում խորհրդային մարմինների վերացումից հետո ստեղծված ոչ մի կազմակերպություն ու գործադիր իշխանությամբ օժտված մարմին ի զորու չեղավ թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը, կարգավորել երկրամասի խաղաղ գոյակցությունը: Քաղաքացիական անհնազանդության դիմաց ժողովրդի պայքարի հետագա ընթացքը կարգավորելու նպատակով ստեղծված կազմակերպությունները («Կռունկ», «Միացում», Տնօրենների խորհուրդ, Ազգային խորհուրդ և այլն) որոշակիորեն կարողացան ղեկավարել Շարժման խաղաղ ընթացքը: Իսկ միութենական կենտրոնի ու ադրբեջանական իշխանությունների կողմից մոգոնված ու Արցախ ներմուծված իշխանական նոր մարմինները (Հատուկ կառավարման կոմիտե, Կազմկոմիտե և այլն) միայն թուլացրին ժողովրդի վստահությունը:

Սումգայիթյան եղեռնագործությունից, Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի ու Հադրութի շրջանների խաղաղ բնակավայրերի տեղահանությունից հետո հիասթափված ժողովուրդը միութենական կենտրոնից ոչ մի ակնկալիք չուներ այլևս: Ու թեև՝ հիասթափված, բայց ամրակուռ ու վստահ՝ իր ուժերի վրա: Եվ իրականացավ Ռազմիկ Պետրոսյանի գլխավոր կանխատեսումը՝ «առանց զենքի չի լինի փրկություն»: Համախմբվեց ժողովուրդը, դարձավ մի բռունցք, դիմակայելու` կենդանի ուժով բազում անգամ գերազանցող ու մինչև ատամները զինված թշնամուն: Ժամանակը ցույց տվեց, որ ո՛չ կենդանի ուժի զգալի առավելությունը, ո՛չ լավ զինված լինելը հաղթանակ նվաճելու գլխավոր երաշխիքը չեն դեռևս: Գլխավոր զենքը, որից զուրկ էր մեր թշնամին, հայրենի հողի համար մարտնչելու ոգին է: Այդ ոգին արցախցի զինվորին օգնեց կանգնել մինչև վերջ և Ադրբեջանի թշնամական բոլոր նկրտումները հեռու վանեց մեր սահմաններից: