Գլուխ հինգերորդ. ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Գլուխ հինգերորդ
ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ
ԼՂՀ վաստակավոր բժիշկ, հանրաճանաչ վիրաբույժ,
Արցախյան շարժման անմնացորդ նվիրյալ
Ռազմիկին ճանաչում եմ վաղուց, այն ժամանակվանից, երբ ես բժշկական ուսումնարանում էի դասավանդում (Ռազմիկն ուսումնարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր), նաև՝ հարևաններ էինք երկար տարիներ, նույն նրբանցքում: Հենց այդ` 1965-66 թվականներից էլ, ընկերություն ենք անում: Ճանաչում եմ նրան՝ նախ որպես սպորտի լավ կազմակերպիչ, լավ ֆուտբոլիստ և, ամենից կարևորը, հենց սկզբից էլ նրա մեջ տեսա ազգին, հայրենիքին, բնատուր նվիրվածություն: Նրան միշտ էլ մտահոգում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը:: Այդ առումով առաջին համատեղ մեծ աշխատանքը եղավ այն ժամանակ, երբ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ Ղարաբաղում 1960-ականների կեսերին ստորագրահավաք սկսվեց: Ռազմիկն այդ ստորագրահավաքը նպատակային իրականացնելու համար լուրջ աշխատանք էր տանում առողջապահության և սպորտի բնագավառներում: Լինելով Բագրատ Ուլուբաբյանի անմիջական ներկայացուցիչը՝ նա ինձ ու Սեփյան Հենրիկին առանձին օբեկտներում ստորագրություններ հավաքելու հանձնարարական էր տվել:
Միացման հարցը նրա սկզբուքն էր, նրա պոռթկումը: Իսկ երբ սկսվեց ազգային ազատագրական շարժումը, առաջնորդներից մեկն էլ ինքն էր:
Մենք համատեղ աշխատել ենք «Կռունկ» կոմիտեում: Պաշտպանության հանձնաժողովն էր ղեկավարում, Ռոլեսը տեղակալն էր, ես էլ այդ հանձնաժողովում էի:
Այդ ընթացքում նա լիովին բացահայտեց իր կազմակերպչական աներևակայելի ընդունակությունները:
Պիտի ասեմ, որ մեր շարժումը հիմնականում ուներ քաղաքական բնույթ ու ուղղվածություն, և շատերը չէին էլ մտածում, թե կարող է պատերազմ լինել: Բայց առաջին իսկ օրվանից Ռազմիկն անընդհատ պնդում էր, թե պետք է զինվել, եթե չունենք հրացաններ՝ պետք է այլ միջոցներ փնտրել:
Հիշում եմ մի դեպք: Երբ լուր հասավ շտաբ, թե Կիչան-Ղազանչի հատվածում ընդհարումներ են սկսվել ադրբեջանցիների ու հայերի միջև, և մերոնք զենք են խնդրում, իսկ դա այն ժամանակահատվածն էր, երբ մարզի հայ բնակչությունից հավաքել էին բոլոր որսորդական հրացանները, Ռազմիկը հավաքեց մեզ և ասաց, որ պետք է մի բան անենք, վիճակն այնտեղ շատ բարդ է: Ես իմ որսորդական և տոզ (որ մարտական զենք է համարվում) հրացանները թաքցրել էի նախօրոք: Երկուսն էլ Ռազմիկի միջոցով հանձնվեց ծանր կացության մեջ հայտնվածներին օգնության շտապող մեր տղաներին: Եվ, ինչպես տղաները վկայեցին հետագայում, այդ երկու հրացանները մեծ դեր կատարեցին ադրբեջանցիներին քշելու գործում:
Ռազմիկը շատ էր կարևորում այն հարցը, որ մեզ Հայաստանի հետ միացնող ճանապարհին չպետք է ադրբեջանական պատնեշներ լինեն:
Մի օր եկավ, թե՝ գնում ենք Քարին-տակ, գործ կա: Գյուղ չմտած՝ անտառի եզրին նստոտեցինք՝ քիչ հանգստանալու£ «Եկանք, բա չմտնե՞նք գյուղ», – ասացի: Ասաց՝ մենակ գնա, իսկ ինքը մյուսների հետ շարունակեց ճանապարհը դեպի Բերդաձոր: Հետագայում իմացա, որ այդ տեղամասում վտանգի լուրջ պահեր կային, խնայեց ինձ:
Հաճախակի էր, որպես պաշպանության շտաբի ղեկավար, ազգամիջյան ընդհարումների գոտիներում լինում: «Վիրավոր կա, – ասում էր, – պիտի գնալ, բայց՝ գիշերը»: Վիրավորներին թաքցնում էին անվտանգ վայրերում: Բուժում էինք տեղում, հիվանդանոց տանելը վտանգավոր էր: Ինքն էլ էր գալիս, երբ զգում էր, որ փոքր իսկ վտանգ կա:
Մի օր էլ ասաց, որ պիտի գնանք իրենց գյուղը՝ Կաղարծի: Դպրոցի տնօրեն Արմեն Սարգսյանը երկու վիրավոր էր թաքցրել՝ մեզ էր սպասում: Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո վիրավորներին շտապ ուղարկեցինք Երևան:
Ռազմիկ Պետրոսյանի, Համլետ Գրիգորյանի, Սերգեյ Դավթյանի հետ գնացել էինք Մոսկվա, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների համար հետներս տանել էինք մեր շարժման իրավացիությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր: Տարբեր մակարդակների հանդիպումներ ենք կազմակերպել այնտեղ£ Ռազմիկի հետ կապված մի դեպք եմ հիշում: «Մոսկվա» հյուրանոցում էինք և վաղ առավոտյան դուրս էինք եկել ճեմասրահ՝ պատգամավորներին հանդիպելու ու նրանց հետ խոսելու համար£ Երկուսով նստած զրուցում էինք, երբ հանկարծ նկատեցինք ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին£ Երբ մոտեցավ մեզ՝ Ռազմիկն իսկույն վեր կացավ և մի շատ տարօրինակ ձևով դիմեց նրան.
— Վիկտոր Համազասպովիչ, ասացեք, խնդրեմ, ի՞նչ եք արել հայ ժողովրդի պաշտպանության համար: Ակադեմիկոսը մի պահ հապաղեց.
— Բո, բո, ո՞նց թե՝ ինչ ես արել:
— Զենք ստեղծե՞լ ես:
— Ինչպես՝ չէ, հեռահար հրթիռների երկու հարմարանքներ:
— Որտե՞ղ են տեղակայված:
— Հեռավոր Արևելքում:
— Իսկ դրանք մեզ այստեղ՝ Հայաստանում են պետք: Գիտե՞ք, մենք «վերամբարձ կռունկը» քողարկած ցույց ենք տալիս թուրքերին և ասում, որ դա Համբարձումյանի ստեղծած գաղտնի զենքն է, ու նրանք վախենում են£ Պատերազմ է սկսվելու, գնացեք` ֆիզիկոսներով խելք-խելքի տվեք ու զենք պատրաստեք: Մի օր էլ Ֆոտեևի հետ պիտի հանդիպում դասավորեինք Մոսկվայում գտնվելու ընթացքում: Երևանցի տղաներից մեկի՝ Ալբերտի հետ Ռազմիկն իջել էր հյուրանոցի առաջին հարկ: Հանկարծ վերելակի մուտքի մոտ հանդիպեցին երկու մեծ կողովով մի ադրբեջանցու: Ռազմիկն ադրբեջաներեն լավ գիտեր, և շատ սիրալիր տոնով ասաց.
— Համեցեք, եկեք,– տեղ տվեց դեպի վերելակի մուտքը:
— Մուալիմ, այս բաներն ուղարկել են,– Ռազմիկին ազգակից կարծելով՝ ադրբեջանցին խնդրեց ցույց տալ, թե ուր պիտի բարձրանա:
— Պետք չէ բարձրանալ, քեզ կտեսնեն,– առարկեց Ռազմիկը:
Ադրբեջանցին անխոս թողեց կողովներն ու հեռացավ:
Կողովներում ամեն ինչ կար, նույնիսկ` կոնյակ: Պատգամավորներից ում պետք էր՝ հանդիպեցինք, հյուրասիրեցինք այդ ամենով:
Ռազմիկը շատ դաժան օրեր ապրեց, նրան շատ չարչարեցին բանտարկության ընթացքում: Եվ երբ արդեն Ստեփանակերտի բանտ էին տեղափոխել, անհրաժեշտ էր հետին թվով բժշկական փաստաթղթեր ձևակերպել այն մասին, որ նա վաղուց է տառապում երիկամների ծանր հիվանդությամբ: Ստացվեց այնպես, որ զինվորականները Ռազմիկին զննելու համար կանչեցին «Շտապ օգնության» կայանի բժիշկ Սաշա Գրիգորյանին: Նա ևս հաստատեց Ռազմիկի լուրջ հիվանդությունը և ասաց, որ պետք է անհապաղ հիվանդանոց տեղափոխել՝ ուռուցքաբան-բժշկի ցույց տալու համար: Ես նույնպես նույն ախտորոշումն էի տվել: Ստուգեցին դիսպանսերի փաստաթղթերն ու պարզեցին, որ Ռազմիկն, իրոք, մեկ տարուց ավելի է՝ ինչ բուժվում է այդտեղ: Տեղափոխեցին հիվադանոց, բայց նորից հարց բարձրացրինք, որ մեր պայմաններում դա դժվար բուժելի հիվանդություն է, պետք է Երևան տեղափոխել: Հարցը լուծվեց, թեև Կիրովաբադից էլ էին բժիշկներ հրավիրվել: Երևանում, հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկի վիրաբուժության գծով տեղակալը Հենրիկ Սեփյանն էր: Մնացած հարցերն էլ նա լուծեց: Ռազմիկը հիվանդանոցում չպառկեց: Փաստորեն՝ կարողացանք նրան ազատել բանտից: Մի որոշ ժամանակ մնաց Երևանում, ՕՄՈՆ-ի ուշադրությունից հեռու լինելու համար: Այնուհետև, մեր մի քանի ընկերների (Ա. Մանուչարով, Ռ. Քոչարյան, Ռ. Աղաջանյան) հետ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվեց:
Ռազմիկը շատ արդարամիտ է, սկզբունքային, ճշմարտախոս, ընկերության մեջ սուտ ու կեղծիք չհանդուրժող: Ես ականատես եմ եղել, թե ինչպիսի գործունեություն ծավալեց Ռազմիկը (մյուս ընկերների հետ)՝ 1988-ի պատմական նստաշրջանի իրականացումն անպայման հաջողությամբ պսակելու համար: Որոշ պատասխանատու մարդիկ նստաշրջանին մասնակցելու-չմասնակցելու հարցում դեռևս տատանվում էին: Ռազմիկի հետ գիշերներն էինք այցելում նրանց և համոզում, որ իրենց մասնակցությունը պարտադիր է: Ռազմիկի մասին շատ բան կարելի է ասել: Ժողովուրդն էլ է տեսնում, թե ինչպես է դրսևորել իրեն Արցախի համար այն դժնդակ օրերին, և՝ ինչ կեցվածք ունի այսօր այդ լավ ազատամարտիկը, լավ մարզիկը, լավ ընկերն ու ազգասեր-հայրենասեր անհատականությունը:
ՀՀ և ԼՂՀ վաստակավոր մարզիչ,
(1992-2003՝ ԲՄԱ «Ղարաբաղ» ՖԱ նախագահ)
Ռազմիկ Պետրոսյանին ճանաչում եմ դեռևս այն ժամանակվանից, երբ Երևանի «Արարատ» թիմից հրավիրվել էր Ստեփանակերտի հավաքականում խաղալու: Մեծ աշխուժություն սկսվեց, չնայած մինչ այդ էլ ֆուտբոլը մեր երկրամասում թիվ 1 մարզաձևն էր համարվում: Թիմը սկսեց ավելի լավ խաղալ Ադրբեջանի հանրապետական առաջնությունում:
Այդ տարիներին համամիութենական «Կաշվե գնդակ» մրցույթ էր անցկացվում բակային թիմերի միջև: «Ղարաբաղ» թիմում խաղացող մարզիչ Ռազմիկն այդ առաջնությունում հաղթող ճանաչվածներից թիմ էր հավաքել, պարապում էր հետները: Այդ տարիներին էլ նախկինի տեղում սկսվեց նոր մարզադաշտի կառուցումը, իսկ մինչ այդ՝ պարապմունքները (առաջին սաներից մեկն էլ ես էի) անց էին կացվում Վերածննդի (նախկինում՝ Վ.Ի.Լենինի անվան) հրապարակում, զինավանի (ԿՊՇ-ի մերձակա) մարզադաշտում և ՙՕկտյաբր՚ կինոթատրոնի դիմացի դաշտում: Մասնակցել ենք ԼՂ և Ադրբեջանի առաջնություններին: Մարզային առաջնություններում միշտ չեմպիոն ենք դարձել, իսկ Ադրբեջանի առաջնություններում գրավել մրցանակային տեղեր:
Ես Ռազմիկ Պետրոսյանի մոտ պարապել եմ 1965 թվականից սկսած: Ռ. Պետրոսյանին ինչքան ճանաչում եմ՝ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի մեծ մասնագետ է: Այդ թվականներից սկսած մինչև 1980-ականների սկիզբը ինչքան մարզիկ է ճանաչվել որպես լավ ֆուտբոլիստ, բոլորն էլ իր սաներն են, այդ թվում՝ և ես: Իր սաներից՝ Էդուարդ Բաղդասարյանն ու Գագիկ Ծատրյանը ընդգրկված էին ԽՍՀՄ պատանեկան հավաքականում, Բենիամին Բաբայանը ԱրՊՀ դոցենտ է, Էդուարդ Բաղդասարյանն ու ես ֆուտբոլի գծով արժանացել ենք հանրապետության վաստակավոր մարզչի կոչման, սպորտի վարպետներ են Վլադիմիր Պետրոսյանը, Սլավա Գաբրիելյանը, Վալերի Հայրիյանը (ԽՍՀՄ երկրորդ խմբի վարպետ թիմերի ռմբարկու, 140-ից ավելի գոլերի հեղինակ), Գագիկ Ծատրյանը և Սլավա Գաբրիելյանը ավարտել են Մոսկվայի Ֆուտբոլի մարզչական բարձրագույն դպրոցը:
1977-ին Ռ. Պետրոսյանի ղեկավարած թիմը, երբ ինքը կրկին խաղացող մարզիչ էր, դարձավ հանրապետության չեմպիոն՝ ներգրավվելով ԽՍՀՄ առաջնության մեջ: Իր հավաքած միավորներով Ռ. Պետրոսյանին դեռևս այդ տարիներին պետք է հանրապետության վաստակավոր մարզչի կոչում շնորհվեր, բայց Ադրբեջանի ազգայնական ղեկավարները, հաշվի առնելով նրա հայրենասիրական զգացումները, նրան այդ կոչման չարժանացրին:
Իր սաները, համարյա բոլորն էլ, թեև այլևս չեն խաղում, բայց շարունակում են աշխատել ֆուտբոլի բնագավառում: Մեր վետերանների «Ղարաբաղ» թիմը Հայաստանի առաջնությունում երկու անգամ գրավել է երկրորդ տեղը, մեկ անգամ՝ առաջին:
Ֆուտբոլից բացի Ռ. Պետրոսյանը զգալի ներդրում ունի մեր ազգային ազատագրական շարժման մեջ: Երկուսս էլ ակտիվորեն մասնակցել ենք բոլոր ձեռնարկումներին (ընդհատակյա, պարտիզանական, բանակի ստեղծման և այլն)՝ տարբեր ուղղություններում: