Գլուխ չորրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ
Գլուխ չորրորդ
ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ
ԱՐԿԱԴԻ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԸ դեռևս 1960-ական թվականներից էր ակտիվորեն մասնակցել Արցախը Մայր-Հայաստանի հետ վերամիավորման համար մղված գործընթացին, որի համար էլ արտաքսվել էր ծննդավայրից: 1988-ը նրան նորից շարք վերադարձրեց: Իր ու բազում համախոհների ջանքերով 1988-ի մարտի 1-ին ստեղծեց «Կռունկ» կոմիտեն և ղեկավարեց նրա գործունեությունը:
Մանուչարովը կենդանի դրոշ էր, մարդկային հոծ զանգվածներին առաջ մղող ուժ: Նրա խոսքը ոգևորում էր բոլորին, նրա խոսքով առաջնորդվում էին բոլորը:
Աննկուն էր ոգով ու էությամբ: Չերկնչեց ոչնչի առաջ, չմեղանչեց իր արածի համար: Թեկուզև՝ բանտային կյանքի բոլոր դառնությունները ճաշակեց, բայց մնաց անդրդվելի, Արցախյան շարժման ու Մայր-Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարակիրը եղավ մինչև վերջ, երբեք չփոխեց իր համոզմունքներն ու դավանանքը:
ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Արցախի կուսակցական բարձրաստիճան ղեկավարներից (Ասկերանի, ապա՝ Մարտունու կուսշրջկոմի առաջին քարտուղար) առաջինն էր, ով ընդգրկվեց Արցախյան ազգային ազատագրական շարժման մեջ, իր գործուն մասնակցությունն ունեցավ ինչպես ԼՂԻՄ խորհրդի պատմական նստաշրջանի (20 փետրվարի 1988 թ.), այնպես էլ՝ ԼՂ կուսմարզկոմի պլենումի (17 մարտի 1988 թ.) կազմակերպման աշխատանքներին՝ Պատահական չէր, որ ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում (1989 թ. օգոստոս) հենց նա ընտրվեց Ազգային խորհրդի նախագահ:
Նա մինչև վերջ էլ մնաց նույն նվիրյալն ու հայրենասեր արցախցին:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Արցախյան շարժման ակունքներում էր, ընտրվեց «Կռունկ» կոմիտեի նախագահության կազմում, այնուհետև կազմակերպեց ու ղեկավարեց «Միացում» կազմակերպությունը: Առաջիններից մեկն էր, ով իր վրա վերցրեց Արցախի անվտանգության ու պաշտպանության ողջ պատասխանատվությունը՝ գլխավորելով ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն: Մեծ է նրա՝ երկու հայկական անկախ պետությունների նախագահի, ներդրումը հատկապես ետպատերազմյան Արցախում՝ պետականաշինության, Հայաստանում՝ քաղաքական ու պետական ճգնաժամի վերացման գործընթացներում:
ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ գլխավորում էր ԼՂԻՄ Ագրոարդհամալիրը, երբ վերջապես փշրվեց արցախահայության համբերության բաժակն ու բոլորը, մի մարդու պես, արդար պահանջով լցվեցին Ստեփանակերտի փողոցներն ու հրապարակները:
Արժանանալով համերկրացիների համակրանքին ու վստահությանը՝ նա, Բ.Կևորկովից հետո, գլխավորեց երկրամասի կուսակցական կազմակերպությունը£ Ե՛վ որպես ԼՂ կուսմարզկոմի առաջին քարտուղար, և՛ որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ երկրի բարձրագույն ատյաններում հնչեցրեց իր համերկրացիների արդար պահանջն ու խորհրդային լայնարձակ պետության քաղաքացիներին հասցրեց Շարժման բուն էությունը (արժանահիշատակ է հատկապես՝ նրա երույթը ԽՍՀՄ ԳԽ նախագահության 1988 թ. հուլիսի 18-ի նիստում):
ԲՈՐԻՍ ԴԱԴԱՄՅԱՆՆ Արցախյան ազգային ազատագրական շարժման ամենանվիրյալներից մեկն էր: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր և երկրի բարձրագույն ամբիոններից խստորեն քննադատում էր կենտրոնական ղեկավարության հակահայկական դիրքորոշումն ու ապակառուցողական գործունեությունը, պահանջում Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման համար համապատասխան հանձնաժողով ստեղծել:
Շարժման մի խումբ ղեկավարների հետ մասնակցել է հացադուլների, պատանդի կարգավիճակում «ադրբեջանական հյուրասիրության բոլոր նրբություններին ծանոթացել»
ՌՈԼԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ շարժման ակունքներում էր ի սկզբանե£ Ակտիվորեն մասնակցեց բոլոր ձեռնարկումներին, մարզգործկոմի նստաշրջանի, կուսմարզկոմի պլենումի կազմակերպման, «Կռունկ» կոմիտեի նախաձեռնման ու ստեղծման գործընթացներին: «Կռունկի» արգելումից հետո ընդգրկվեց Արցախի պաշտպանության շտաբում, «Միացում» կազմակերպության, Տնօրենների խորհրդի ղեկավար կազմում: Արցախյան շարժմանն ակտիվորեն մասնակցելու համար ձերբակալվեց և պահվեց Թբիլիսիի, Նովոչերկասկի, Դոնի Ռոստովի (1990 թ.), Շուշիի ու Սարատովի (1991 թ.) բանտերում:
1992-94 թթ., պատերազմական ժամանակաշրջանում, գլխավորեց ԼՂՀ ՊԲ ինժեներական ծառայությունը:
Պատերազմից հետո վերադարձավ քաղաքացիական աշխատանքի, շարունակեց ճանապարհաշինարարի իր անհրաժեշտ ու պատասխանատու աշխատանքը£
ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ Արցախյան ազգային ազատագրական շարժման ամենաակտիվ գործիչներից մեկը, մասնակցեց ստորագրահավաքների, հանրահավաքների և գործադուլների կազմակերպմանը, եղավ «Կռունկ» կոմիտեի նախագահության կազմում, «Միացում» կազմակերպության համանախագահը:
Ձերբակալվեց երեք անգամ, պահվեց Պյատիգորսկի, Սարատովի և Բաքվի բանտերում: Ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի և ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահության անդամ:
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ 1980-ականների վերջերին արցախահայ ազգային գաղափարակիր այն գրողներից է, ով առաջիններից մեկը միացավ համաժողովրդական շարժմանը, դարձավ ԼՂԻՄ մարզգործկոմի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկը:
Նրա բացման խոսքով սկսվեց նստաշրջանը, նրա առաջարկությամբ նստաշրջանի նախագահ ընտրվեց ԼՂԻՄ մարզժողկրթբաժվար Վիգեն Հայրապետյանը:
Արցախի մտավորականության ներկայացուցիչների պատվիրակության (8-17 փետրվարի 1988 թ.) կազմում եղավ Մոսկվայում, ուր խորհրդային երկրի բարձրագույն ղեկավար ատյաններին հասցրեց իր հայրենակիցների՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորման անշահարկելի պահանջը:
ԱՐՄՈ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ Ստեփանակերտի կաթի կոմբինատի տնօրենն էր, երբ սկսվեց Արցախյան համաժողովրդական շարժումը: Նա ԼՂԻՄ խորհրդի 1988 թ. փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանի և ԼՂ կուսմարզգործկոմի 1988 թ. մարտի 17-ի արտահերթ պլենումի կազմակերպիչներից է:
Ընդգրկվել է Տնօրենների խորհրդի կազմում, իր հայրենասիրական նախաձեռնություններով շատ ձեռնարկումների է մասնակցել` ցուցադրելով ակտիվ կենսադիրք և առողջ բանականություն:
ՍԼԱՎԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ Ստեփանակերտի արտադրական կոմբինատի տնօրենն էր, ֆուտբոլի ջերմ երկրպագու, հրաշալի անձնավորություն, հայրենասեր մարդ: Մեծ օգնություն էր ցուցաբերում Սումգայիթից ու Բաքվից բռնի տեղահանվածներին: Արցախյան ազատագրական պայքարի նվիրյալ էր:
ՍԵՐԳԵՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի (նախկինում՝ Ռյազանի կոնդենսատորների գործարանի Ստեփանակերտի մասնաճյուղ) տնօրենն էր: Հայրենասեր էր, նվիրված էր Արցախյան ազատագրական պայքարին: Անողոք էր բոլոր թշնամիների նկատմամբ: Մեծ օգնություն էր ցուցաբերում փախստականներին:
ՍԼԱՎԻԿ ԵՎ ՍԵՐԺԻԿ ԱՍԾԱՏՐՅԱՆՆԵՐԸ զգալի ներդրում ունեցան ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, հատկապես` պատգամավորների ներկայությունն ապահովելու առումով: Այնուհետև զբաղվել են Արցախ ժամանող պատվիրակությունների ընդունման, տեղավորման և այլ հարցերով:
ՄԱՔՍԻՄ ՄԻՐԶՈՅԱՆԸ Արցախյան ազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչներից է: ԼՂ ավտոտրանսպորտային արտադրական միավորման թիվ 2718 շարասյան պետն էր, 1988-ի փետրվարը դիմավորեց խանդավառությամբ:
Ընդգրկվելով «Կռունկ» կոմիտեում, Տնօրենների խորհրդում, այլ կազմակերպություններում, պարտքի ու պատասխանատվության զգացումով վերաբերվեց իր քաղաքացիական պարտականությունների կատարմանը:
ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ ադրբեջանական զինված ավազակախմբերից Հադրութի շրջանի բնակավայրերի պաշտպանության համար կամավորական ջոկատների կազմավորման ժամանակաշրջանում կարևորագույն դեր խաղաց ջոկատներում ընդգրկված կամավորականներին զենքով ու զինամթերքով ապահովելու առումով:
1991-ից Հադրութի ինքնապաշտպանական շտաբի պետն էր, սերտ կապի մեջ էր Արցախի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարության հետ:
1992-ի հունվարի 8-ին ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ, սպանվեց անհայտ հանգամանքներում, պաշտոնավարման 97-րդ օրվա երեկոյան:
ՎԻԳԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ թրծվեց ընդհատակյա պայքարում, ղեկավարեց ընդհատակյա կազմակերպությունը, այնուհետև եղավ Մարտակերտի պաշտպանության շտաբի պետը, զգալի աշխատանք կատարեց բնակչությանը մեկ միասնական դրոշի ներքո համախմբելու, ինչպես նաև՝ կամավորականներին զենք ու զինամթերքով ապահովելու առումով:
ԷԴՈՒԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հանրաճանաչ վիրաբույժի համբավ ուներª բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանով: Աշխատել է Ստեփանակերտի մարզային (այժմ՝ հանրապետական) հիվանդանոցում: Երկար տարիներ ԼՂ գլխավոր վիրաբույժն էր:
Արցախյան շարժումը նոր երակներ բացահայտեց նրա ազգանվեր-հայրենանվեր գործունեության մեջ: Հասարակական գործունեությունը, սակայն, նա միշտ էլ զուգակցում էր մասնագիտականի հետ: Այդպես էր պետք: Երբ պետք էր մարզխորհրդի նստաշրջան կամ մարզկոմի պլենում կազմակերպել 1988-ի փետրվար-մարտ ամիսներին՝ նա հանգիստ չուներ: Օգտագործելով իր բարձր հեղինակությունը` բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները, Շարժմանն աջակցելու գործում համոզելու առումով, միշտ էլ բարեհաջող ընթացք էին ստանում:
Մեծ էր նրա դերը հատկապես թաքստոցներում պահվող վիրավոր ազատամարտիկներին առաջին (նաև՝ լիարժեք) բժշկական օգնության ցուցաբերման առումով:
Նրա հասարակական գործունեությունն իր լրումն ստացավ «Հիշատակ» հիմնադրամի կազմակերպման ու գործունեության ծավալման շրջանակներում: Մինչ այդ նա եղել է «Կռունկի», Տնօրենների խորհրդի ու այլ կազմակերպությունների կազմում, Շարժման ընդհատակյա գործիչների հետ եղել իր աջակցության կարիքն զգացողների (որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեին) մոտ: Նաև հետապնդվել է ընդհատակյա աշխատանքներին աջակցելու համար:
Մինչև Արցախում պատերազմի բացահայտ ծավալումը, ընդհատակյա հոսպիտալներ է կազմակերպել համախոհ բժիշկների, բուժակների ու բուժքույրերի ներգրավումով: Այնուհետև՝ իր արժանի ներդրումն ունեցավ ՊԲ ռազմաբժշկական ծառայության ստեղծմանն ու կատարելագործմանը:
ՌՈՒԴԻԿ ԱԶԱՐՅԱՆԸ 1988-ից ԼՂ «Գյուղտնտքիմիա» արտադրական միավորման գլխավոր տնօրենն էր: Անմիջապես էլ ներգրավվեց Արցախյան շարժման մեջ: ՙԿռունկ՚ կոմիտեի անդամ լինելով՝ նա իր ուժերը բոլորանվեր տրամադրեց Արցախի ժողովրդի իղձերի իրականացման գործընթացին: Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ նա ևս ձերբակալվեց և պահվեց Թբիլիսի, Ռոստով ու Նովոչերկասկ քաղաքների բանտերում:
Պատերազմական տարիներին եղել է ՊԲ ինժեներական ծառայության պետի տեղակալը:
ՌԱՖԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայում արտադրամասի պետ էր, կահույքագործի իր մասնագիտական կարողություններն էր ի նպաստ բերում ժողովրդին: 1988-ն ու հաջորդած ընդհատակյա աշխատանքի տարիները նոր իմաստ ու նշանակություն հաղորդեցին նրա ազգանպաստ գործունեությանը: Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու նպատակով երկրամասում սկսված լայնածավալ ստորագրահավաքին իր արժանի ներդրումն ունենալով, նա շարունակեց իր հետագա ընդհատակյա գործունեությունը: Իսկ դա աննկատ մնալ չէր կարող, և նա հայտնվեց Բաքվի բանտում, անլուր կտտանքների ենթարկվեց 34 օր շարունակ:
Ապա ղեկավարեց իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված «Բանվորական խումբը», եղավ «Հիշատակ» հիմնադրամի նախաձեռնողներից ու հիմնադիրներից մեկը, 1995-ից աշխատեց որպես հիմնադրամի գործադիր-տնօրեն:
Նրա խոսքը ոչ միայն՝ ազդեցիկ, նաև հուսատու էր, որովհետև բխում էր ճշմարիտ ակունքներից:
ԷՌՆԵՍՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայի տնօրենն էր, կանգնած էր շարժման ակունքներում: Հավաքվում էին ֆաբրիկայում՝ տնօրեններով ու մտավորականներով, Երևան ու Մոսկվա հեռագրեր ուղարկելու համար, բայց Շարժման բացահայտ պայքարի օրերից սկսած՝ ադրբեջանցի զինված 3000 միլիցիոներների առկայությունը հուշեց զինվել: Ֆաբրիկայում անմիջապես մարտական ջոկատ կազմավորվեց, սկսեցին մահակներ ու սվիններ պատրաստել:
Իր գործուն մասնակցությունը բերեց «Կռունկի», Տնօրեների խորհրդի կողմից իրականացվող բոլոր ձեռնարկումներին: Օժտված էր մարդկանց համախմբելու առանձնահատուկ ընդունակությամբ:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ Արցախում և երկրամասի սահմաններից դուրս ճանաչված քանդակագործ էր: Ժամանակի «պարտադրանքով» ալեկոծված Արցախում 1988-ի գարնան առաջին օրը ստեղծված «Կռունկ» կոմիտեի ակամա կնքահայրը դարձավ՝ որպես նորաստեղծ կոմիտեի անվանում ներկայացնելով Комитет Революционного Управления Нагорного Карабаха բառակապացության առաջին տառերով կազմված հապավումը (КРУНК):
Առաջարկությունն ընդունվեց նաև այն պարզ տրամաբանությամբ, որ անվանման հայերեն տարբերակը հույսի ու սպասման իմաստ է պարունակում իր մեջ, որ կռունկը մի օր «խապրիկ մը» կբերի մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին:
Արվեստի անմնացորդ նվիրյալ գործիչ լինելով հանդերձ՝ նա նաև իր հայրենիքի ազնիվ ու անշահախնդիր զինվորն էր:
Ուղղամիտ էր, արդար, ուներ պայքարի անկոտրում ոգի ու կամք: «Կռունկի» նախագահության կազմում ընդգրկվելը նրա համար դատարկ կոչում ու ձևական պարտականություն չէր: Էություն էր ամբողջությամբ, միաբանված ու միակամ՝ իր համախոհ-գաղափարակիր ընկերների հետ: Բարոյական պայքարում զոհ դարձավ կույր գնդակին (ռուս զինվորի կողմից արձակված), որպես մի համեստ ու մտահոգ հարցման պատասխան՝ ինչո՞ւ են, արդյոք, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ադրբեջանցիներին Շուշիից Աղդամ (կամ հակառակ ուղղությամբ) տեղափոխում Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով, երբ կա շրջանցիկ ճանապարհ, ինչո՞ւ են մարդկանց սադրանքի ենթարկում, ավելորդ անգամ գրգռում, հունից հանում:
ՎԱԼԵՐԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ճանաչված վիրաբույժ էր Արցախում` բժշկական գիտությունների թեկնածուի գիտական կոչումով: Համաժողովրդական շարժման հենց սկզբնական փուլից իր մասնագիտական կարողություններով էր աջակցում:
Առանձնապես մեծ էր նրա դերը արցախահայությանը պարտադրված պատերազմական տարիներին: 1992-ից ԼՂՀ Պաշտպանության բանակի բուժծառայության պետն էր, նրա ջանքերով ստեղծվեց առաջին զինվորական հոսպիտալն Արցախում: Մեծ էին նրա ծառայությունները վիրավոր ազատամարտիկներին անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերման գործում` իր իսկ նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ ստեղծված դաշտային հոսպիտալներում:
Պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով, մեդալներով: ՊԲ հոսպիտալներից մեկը կրում է անվանի վիրաբույժի անունը:
ՎԻԳԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 1986-ից ԼՂԻՄ մարզժողկրթբաժվարն էր, հայրենասեր ու նվիրված մի անձնավորություն: Իր անուրանալի ներդրումը բերեց Արցախյան համաժողովրդական շարժմանը, նախագահեց ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանում: Ընդգրկվեց «Կռունկ» կոմիտեի կազմում: Անշահախնդրորեն ու անմնացորդ նվիրումով իր ակտիվ մասնակցությունը բերեց շարժման հետագա ընթացքին՝ վայելելով ժողովրդի սերն ու վստահությունը:
ՍԵՐԳԵՅ ԴԱՎԹՅԱՆԸ երկար տարիներ աշխատել է խորհրդային, կոմերիտական, կուսակցական, պետական ու արհմիութենական մարմիններում: Լինելով ԼՂ արհմիությունների մարզային խորհրդի նախագահը՝ Արցախյան շարժման առաջին տարիներին (կոնկրետ՝ 1989-ին) նախաձեռնեց մարզարհխորհրդի դուրս բերումը Ադր. ԽՍՀ արհմիությունների խորհրդի կազմից: Ավելինª մեկ տարի անց, 1990-ին, արհմիությունների 19-րդ համագումարում միութենական ենթակայության կարգավիճակ առաջարկեց ԼՂԻՄ արհմիությունների խորհրդի համար:
Արցախյան պատերազմի տարիներին օգնության խմբեր կազմակերպեց, փախստականների տեղավորման և մի շարք այլ գործընթացների մասնակցեց:
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 1988-ին ժողովրդական պատգամավորների Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալն էր: Միանգամից ձուլվեց Շարժմանը՝ ի հայտ բերելով հայրենասիրական իր մեծ զգացումներն ու գործիմացությունը: «Կռունկ» կոմիտեի ստեղծման ակնունքներում էր, ընդգրկվեց վարչության կազմում և ակտիվորեն նպաստեց կոմիտեի գործունեությանը:
Նա, շատերի պես, իր գործուն մասնակցությունն ունեցավ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի, ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի պլենումի իրականացման աշխատանքներին, բազում այլ ձեռնարկումների:
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ աշխատասենյակը «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում մի յուրօրինակ հավաքատեղի էր դարձել Շարժման ակտիվիստների համար:
Հանրահավաքներին, խաղաղ երթերին նրա մասնակցությունը ոգևորության նոր ալիք էր բարձրացնում, ժողովուրդն ավելի էր գոտեպնդվում, հավատավոր դառնում:
Արցախահայ մտավորականների պատվիրակության կազմում եղավ Մոսկվայում՝ հուսավառված վերադարձավ, ժողովրդին հուսավառեց: Նրա խոսքը, ելույթը, երգը ժողովուրդը կլանում էր բառիս բուն իմաստով: Նա ոգին էր հանրահավաքների, երթերի, ցույցերի կազմակերպիչը:
Նրա երգը սպեղանի էր ցավատանջ սրտերի համար:
ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Ղարաբաղցին» երգը մի ինքնատիպ ժողովրդական օրհներգի վերածվեց (հատկապես՝ Շարժման տարիներին, թեև մինչ այդ էլ լայն ժողովրդականություն էր վայելում), դարձավ հայ ժողովրդի ամենատարբեր հատվածներն իրար միացնող զորեղ ուժ:
Ինքը՝ հանրաճանաչ բանաստեղծը, մշտապես հանրահավաքայիների հետ էր, որովհետև ժողովրդի արդար պահանջը հենց ի՛ր սրտից էր բխում, հենց ի՛ր երազանքների մարմնացումն էր 1988-ի փետրվարյան համաժողովրդական բռնկումը: Մինչև վերջ մնաց ժողովրդի հետ, մինչև վերջ պայքարեց ժողովրդի հետ, և հաղթանակը դարձավ անխուսափելի:
Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո էլ շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը, իր ջերմ խոսք ու զրույցով, ոգևորիչ ելույթներով գոտեպնդեց ժողովրդին՝ դիմակայելու հարկի-անհարկի դժվարություններին: Մինչև վերջ: Մինչև կյանքի վերջին օրը, վերջին ժամը, և մահացավ իր վերջին ելույթից 10 րոպե անց՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում:
ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ այդ տարիներին աշխատում էր Ասկերանում և ընդգրկված լինելով ընդհատակյա կազմակերպության մեջ, Սլավիկ Առուշանյանի և Սլավիկ Միրզոյանի հետ մեկտեղ նշանակալի դեր է խաղացել շրջանի բնակչությանը պայքարի դրոշի ներքո համախմբելու գործում:
Կոմիտասի խմբագրած «Կարմիր դրոշ» (1989-ից՝ «Խաչեն») թերթը, որի խմբագրությունը հավաքատեղի էր դարձել ընդհատակայիների համար, առաջինն է արձագանքել Շարժմանը, խիզախորեն տպագրելով ՙարգելված՚ թեմաներով բազմաթիվ նյութեր, հիմնականում՝ նրա ստորագրությամբ, հերքելով կենտրոնական և ադրբեջանական լրատվամիջոցների հակահայ հրապարակումները:
Նույն ազգանպաստ մղումով է նա գործել, երբ մեզ պարտադրած պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում՝ 1993-94թթ., խմբագրում էր «Արցախ» (այժմ՝ «Ազատ Արցախ») թերթը:
Մեր ազգային ազատագրական պայքարի թեմաներով հետագայում գրել է «Արցախը՝ չսանձած նժույգ» փաստագրական վեպը, պատմվածքներ ու պիեսներ:
ՇՄԱՎՈՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Արցախյան ազգային ազատագրական պայքարի նվիրյալ էր: Նա պետական այն գործիչներից էր, ով հայրենիքի ազատագրումը բարձր էր դասում իր պաշտոնից և կուսակցության շահերից: Իր անձնվեր մասնակցությունն է բերել մարզխորհրդի 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանի և կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի պլենումի կազմակերպան գործին, որոնց ընթացքում քննարկվել ու հաստատվել է արցախահայության արդարացի պահանջը, այն է՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորվելը:
ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆՆ արդյունաբերական արտադրության հմուտ գիտակ էր, 1988-ից՝ ԼՂԻՄ գործկոմի նախագահը: Մինչ այդ էլ բարձր ու պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել Երևանում ու Ստեփանակերտում: Մարզգործկոմի նախագահի պաշտոնում, հետո՝ նաև ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի կազմում ընդգրկվելու ժամանակահատվածում մընաց իր բարձրության վրա, արեց ամեն ինչ՝ հարազատ ժողովրդի ձգտումներն ու երազանքներն իրականացված տեսնելու համար:
ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրենն էր, Արցախյան շարժման նվիրյալ: Եղել է պետական-քաղաքական հայտնի գործիչ, Տնօրենների խորհրդի նախագահ (1988-1990), «Կռունկ» կոմիտեի վարչության անդամ, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ Հատուկ ծրագրերի կոմիտեի նախագահի տեղակալ: Բոլոր ուժերով նպաստել է Արցախյան հարցի կարգավորման գործընթացին:
ՅՈՒՐԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ճարտարագետ էր, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու: Արցախյան շարժմանը ներգրավվեց անմիջապես: Ասես վաղուց էր սպասում դրան: Խիզախ էր, ոգևորվել ու ոգևորել գիտեր, որ վհատությունը տեղ չգտներ մարդկանց սրտերում: 1990-ին հիմնադրեց Հովսեփավան գյուղը (Ասկերանի շրջանում): Ադրբեջանցի «իրավապահները» դա համարեցին «ժողովուրդների բարեկամության անխախտ դաշինքի» խարխլման փորձ, ազգամիջյան անկարգությունների «հրահրման» դրսևորում: Հետևանքը պարզ էր՝ հայտնվեց Բաքվի բանտում, որտեղից վերադարձի ճանապարհ այլևս չկար:
ԿԱՐԵՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ մարզգործկոմի կազմհրահանգչային բաժնի վարիչն էր, կազմակերպվող բոլոր միջոցառումների օրինական հիմնավորումների ու փաստաթղթերի ճիշտ ձևակերպման գործը նրան էր վստահվում և նրա ներդրումն այդ կարևոր առաքելության մեջ՝ անուրանալի է:
Նա ակտիվ մասնակցություն ունեցավ «Հիշատակի» հիմադրման, Շարժման մի շարք այլ միջոցարումների: Հրթիռահրետակոծությունների պայմաններում «Հիշատակի» համար օգնություն հայթայթելն ու դրանք հասցեատերերին հասցնելը հիմնադրամի խիզախ ոգու դրսևորման եզակի օրինակ էր:
Հայրենասեր էր՝ անձնուրաց, նվիրյալ:
ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Արցախյան համաժողովրդական շարժումն ստիպեց թողնել իր այնքան սիրելի բեմը: Նրան շատ ավելի պատասխանատու նոր դեր էր սպասվում՝ հայրենյաց պաշտպանի դերը: Անմնացորդ նվիրումով միաձուլվեց Շարժմանը՝ դառնալով նրա բաղկացուցիչ անբաժանելի մասնիկը: «Կռունկ» կոմիտեի, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի անդամ էր, ազգային ազատագրական պայքարի բազում միջոցառումների մասնակից:
Արցախի հայությանը պարտադրված պատերազմի տարիներին Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) հրամանատարի տեղակալն էրª մարտական մի շարք գործողությունների մասնակից:
ԱՐԱՔՍՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերում խոհարար էր աշխատում:
Համաժողովրդական շարժումը նոր որակներ հաղորդեց նրան: Եվ վերածնված հուսավառությամբ նա առաջնորդում էր մարդկային հոծ զանգվածներինª երթերում ու հանրահավաքներում:
ՎԱԼՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ Արցախյան համաժողովրդական շարժման առաջամարտիկներից էր: 1988-ը նրան դարձրեց հայրենիքի նվիրյալ զինվոր: Նա ոչ միայն մասնակցում էր բոլոր հանրահավաքներին ու երթերին, այլև դրանց անմիջական կազմակերպիչներից էր:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ԳՐՒԳՈՐՅԱՆԸ խաղաղ ցույցերում ու երթերում միշտ էլ առջևից քայլողներից էր: Նա ոչ միայն ցույցերի սովորական մասնակից էր, այլև կազմակերպիչներից մեկը: Հետագայում ակտիվ գործունեություն ծավալեց նաև ՙՀիշատակ՚ հիմնադրամում:
ՎՈԼՈԴՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայում աշխատում էր 1971 թ. մայիսի 7-ից: Առաջիններից մեկն ընդգրկվեց Արցախյան համաժողովրդական շարժման ընդհատակյա պայքարում: Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Հիշատակ» հիմնադրամի խորհրդի անդամ, «Բանվորական խմբի» ղեկավարի տեղակալ: Զբաղվում էր Արցախի սահմանամերձ գյուղերում պաշտպանական առաջին ջոկատների կազմակերպման գործով: Ակտիվ գործունեություն ծավալեց հատկապես Հադրութի շրջանի Արփագետուկ, Պետրոսաշեն, Սպիտակաշեն գյուղերում: «Ալֆա» պատժիչ ջոկատի կողմից ձերբակալվեց անօրեն զենք կրելու մեղադրանքով և ենթարկվեց ծեծի ու կտտանքների:
Երկրամասում տիրող հատուկ դրության պայմաններում բարեխղճորեն կատարում էր իր առջև դրված բոլոր խնդիրները, հատկապես՝ 1988-ի հոկտեմբերից գործող «Հիշատակ» հիմնադրամի գործունեության ընթացքում: Նույն բարեխղճությամբ իր պարտականությունների կատարմամբ աչքի ընկավ նաև «Բանվորական խմբում»՝ ակտիվորեն մասնակցեց գործադուլների կազմակերպմանն ու թռուցիկների տարածմանը:
ԿԱՐԵՆ ԲԱԲՈՒՐՅԱՆՆ աշխատում էր ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմում: Իրավաբանի իր կայուն գիտելիքներով նպաստեց Շարժման սկզբնական շրջանում միութենական կենտրոն առաքվող բոլոր փաստաթղթերի ու գրությունների ճիշտ ձևակերպումներին ու անսխալ հասցեագրմանը: Ակտիվ մասնակցություն ունեցավ մարզխորհրդի 1988 թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի և ԼՂ կուսմարզկոմի 1988 թ. մարտի 17-ի արտահերթ պլենումի կազմակերպման աշխատանքներում:
Լինելով ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, 1994 թ. մայիսի 12-ին ԼՂՀ-ի անունից ստորագրեց Բիշքեկյան արձանագրություն-պայմանագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան զինված առճակատման գոտում կրակի դադարեցման մասին:
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում տեխնիկական վերահսկողության բաժնի պետն էր, երբ բռնկվեց Արցախյան ազգային ազատագրական շարժումը: Շատերի պես նա էլ միաձուլվեց համաժողովրդական հուզումներին և, զբաղեցնելով տարբեր պաշտոներ ու զբաղվելով հասարակական-քաղաքական բուռն գործունեությամբ, իր բաժին ավանդն ունեցավ Արցախյան հիմնախնդիրն իրավական ոլորտում քննելու և լուծում տալու համար:
ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆՆ ազնիվ ու հայրենասեր մտավորական էր, իր ժողովրդի հոգու թարգմանն ու երաժշտական մեկնաբանը: Նա Շարժման հավատավոր ջատագով էր, անմնացորդ ու անշահախնդիր նվիրյալ:
ՍԼԱՎԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ Շարժման առաջին դրոշակակիրներից էր: Նա Սլավիկ Առուշանյանի և Կոմիտաս Դանիելյանի հետ 1987 թ. սկզբներին Ասկերանում ձեռնամուխ լինելով ընդհատակյա կազմակերպության ստեղծմանը, ակտիվորեն մասնակցել է ինչպես քարոզչական աշխատանքներին, այնպես էլ ինքնապաշտպանական մարտերին, մինչև վերջ մնալով բարիկադների վրա, հայրենի երկրամասի ազատությանը նվիրաբերելով ամենաթանկը` իր կյանքը:
ՅՈՒՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ Ստեփանակերտի պոլիգրաֆձեռնարկության տնօրենն էր և իր գործուն աջակցությունն էր բերում անհրաժեշտ փաստաթղթերի, թերթոնների բազմացման առումով:
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ Արցախյան ազգային ազատագրական շարժման ոգեշունչ գործիչներից էր, ԼՂԻՄ-ը Մայր Հայաստանի հետ վերամիավորելու նպատակով իրականացված ստորագրահավաքի առաջին կազմակերպիչներից մեկը:
Ընդհատակյա պայքարի տարիներին ղեկավարեց և ուղղորդեց գաղտնի գործող խմբերի գործունեությունը, Հայոց ընկերվարական Արցախական կուսակցության, ՀՅԴ «Անտառ» կոմիտեի անդամ էր, ղեկավարեց Ստեփանակերտի «Հայրենասերներ» ընդհատակյա խմբի աշխատանքը:
Եղավ «Կռունկ», «Ղարաբաղ» կոմիտեների, Տնօրենների խորհրդի, Կարգավորման գաղտնի խորհրդի, «Արցախ» միության կազմում, զբաղվեց ռազմական գործունեությամբ:
ՎԱԼԵՐԻ և ՎԱՍԻԼԻ ԱԹԱՋԱՆՅԱՆ եղբայրներն իրենց ներդրումն ունեցան Արցախյան ազգային ազատագրական շարժմանը£ Հանրահավաքների, երթերի, ցույցերի ընթացքում նրանք դրսևորեցին բարձր հայրենասիրություն և իրենց խոսքով ոգևորեցին ժողովրդական լայն զանգվածներին, գործով աջակցեցին նպատակի իրականացմանը:
ԳՐԻԳՈՐԻ ԱՖԱՆԱՍՅԱՆԸ Արցախյան համաժողովրդական շարժման առաջին նվիրյալներից էր, Ստեփանակերտում 1988-ի փետրվարի 13-ին տեղի ունեցած առաջին հանրահավաքի ոգին: Շարժման հետագա տարիներին ևս մնաց իր բարձրության վրա, բոլոր կարողություններով նպաստեց Արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացին:
ՊԱՎԵԼ ՆԱՋԱՐՅԱՆԸ զգալի ներդրում ունեցավ 1988-ի փետրվարյան պատմական նստաշրջանի իրականացման գործընթացում: Հայրենասեր էր, ազնիվ ու խիզախ, Շարժման նվիրյալ ջատագով:
ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆԸ հասարակական-քաղաքական ոլորտում լայն ճանաչում ունեցող գործիչ էր, մասնակցեց բոլոր երթերին ու հանրահավաքներին, Շարժման մյուս բոլոր ձեռնարկումներին, իր տնտեսագիտական հմտություններով նպաստեց խնդիրները ճիշտ ուղորդելու և լուծման ճիշտ ուղիներ գտնելու համար: Հայրենասեր էր, անձնազոհ, քաջ: Հետագայում ևս, զբաղեցնելով բարձր պաշտոներ, միշտ էլ զգալի ներդրում է ունեցել Արցախյան հիմնախնդրի լուծման գործում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ջերմ հայրենասեր էր, 1990-ին մասնակցեց Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի պաշտպանությանը, 1992-93թթ. Առանձին հետախուզական գումարտակի հրամանատարն էր: 1992-ին վիրավորվեց Սրխավենդ գյուղում:
Շահումյանի շրջանը Արցախի հյուսիսային դարպասն է, իսկ Գետաշենը` այդ դարպասի բանալին: Հենց այդ գիտակցությամբ էլ` շահումյանցիները պարտավորված էին կրակի տակ մինչև վերջ դիմանալ իրենց չքնաղ երկրամասում: Նրանց ու Արցախյան ազատագրական շարժման ընդհատակյա պայքարում թրծված մարտիկների շնորհիվ հնարավոր եղավ վիժեցնել Ադրբեջանի ու միութենական կենտրոնական իշխանությունների հանցավոր դաշնակցությամբ գործողության մեջ դրված «Կոլցո» օպերացիայի ծրագրի մի մասը: Սակայն, ընդմիշտ հայաթափվեցին Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը:
Ազգային ազատագրական պայքարի ընթացքում, 1988-ից սկսած, Շահումյանի շրջանում, իրոք, անհավասար մարտեր մղվեցին հակառակորդի դեմ: Շարժումն այնտեղ այնպիսի մարդիկ էին ղեկավարում, ովքեր իսկապես հերոսության հավասար գործ էին անում: Նրանցից՝ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԸ, ՎՈԼՈԴՅԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԿԱՌԼԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ՇԱՀԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ, ՌՈՄԱ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ, ՀԱԿՈԲ ԽԴՐՅԱՆԸ, ՎԵԼՅԱՆԸ, ՍԱՄՍՈՆ ՄԱՐՅԱՆՅԱՆԸ, ԳՐԻՇԻԿԸ, ՎԱԼԵՐԻԿԸ, ԱՐԺԱՆԸ եւ ուրիշներ:
ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆՆ ազգային-ազատագրական պայքարի ակնառու գործիչներից էր: Լինելով Շահումյանի շրջգործկոմի նախագահն ու շրջանի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատարը, իր հրամանատարությամբ գործող խմբի կազմում արեց ամեն ինչ` շրջանի տարածքը պաշտպանելու համար: Բայց երբ ադրբեջանցի հրոսակներին միացան նաև ԽՍՀՄ Զինված ուժերի կանոնավոր զորամասերը և հայկական դիրքերի վրա գրոհեցին տանկերով ու ռազմական այլ տեխնիկայով, պաշտպանության գործընթացն իրականացնելը լիովին անհնար դարձավ:
Շահումյանի անկումից հետո նա կազմավորեց «Եղնիկներ» մարտական ջոկատը ու շարունակեց պարտիզանական պայքարը ադրբեջանական հրոսակների դեմ:
Նրա հերոսական գործունեությունն ընդհատվեց 1993-ի ապրիլի 17-ին, հարազատ լեռնաշխարհի երկնքում:
Եղել է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով:
ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ Շահումյանի շրջգործկոմի նախագահն էր, կուսշրջկոմի առաջին քարտուղարը: Նրա անմիջական նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ հնարավոր եղավ Խանլարի շրջանի Գետաշեն ու Մարտունաշեն հայկական գյուղերը` Շահումյանի շրջանի և Շահումյանի շրջանը` ԼՂԻՄ կազմի մեջ մտցնելու մասին որոշումներ ընդունել և իրականցնել այդ որոշումները, գլխավորել Շահումյանի բնակչության դիմադրությունը` Շարժման սկզբնական շրջանում: Գերվել է հակառակորդի կողմից, փոխանակվել ադրբեջանցի ութ զինծառայողի դիմաց: Քաղաքական նկատառումներից ելնելով` 1991-ի ամռանն անցավ Հայաստան: Եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ընդգրկվել ԳԽ գյուղատնտեսության և գյուղի զարգացման մշտական հանձնաժողովի կազմում: