Գովեստ արաքսի դստերս (Ջիվանի)
Գովեստ արաքսի դստերս
Այսուհետև ինձի լույս չէ հարկավոր,
Քանի որ քեզ ունիմ, ի՛մ ազնիվ հոգյակ, աչերդ արեգակ.
Թե ունիմ ցնծություն, քեզ եմ պարտավոր,
Դո՛ւ ես ինձ համար ամեն ժամանակ կենդանի ջութակ։
Րախ լինելուս պատճառը քեզ եմ համարում,
Որ տալիս ես սրտիս լարին ընդհարում.
Քիչ կըճարվի քեզի նման այս դարում,
Իմ սրտիս սիրելի դարձող հրեշտակ, սիրուն աղավնյակ։
Այտերդ անթառամ պարտեզի ծաղիկ,
Շրթունքներդ մեղրից, շաքարից անուշիկ.
Վերջապես ինձ համար, ով իմ գեղեցիկ,
Չկա ողջ աշխարհը քեզի նմանակ, դու ես միայնակ։
Քաղցրախոս թռչնիկներ անհամար, անթիվ,
Անուշ ձայնիդ համար քեզ կուտան պատիվ.
Պատկերդ գրավիչ, անունդ ազնիվ,
Դուն ես առավոտյան պայծառ արուսյակ, ուշիմ ընդունակ։
Սերդ սուրբ է, միշտ անարատ ինձ համար.
Դուն համեստ ես, ավա՜ղ, ես եմ անկատար,
Քեզ կըսիրեմ բոլոր կյանքես հավասար,
Համոզմունքս է որպես մաքուր պարզ վտակ, վճիտ անապակ։
Ինչու տխրեմ, արդյոք, քանի որ դու կաս.
Քեզ ունեցող մարդը ի՞նչ ունի պակաս.
Հուսամ որ դու պիտի ապրիս անվնաս,
Ջիվանիիդ համար բախտով, հաջողակ, սիրելի տատրակ։