Օրերում այս ջերմ ու հողմածեծ,
Երբ շառաչում են բանակներ մեծ,
Եվ Արարատից մինչ բարձրաբերձ
Հիմալայները այն երկնահեց
5
Ելած պայքարի՝ շաչում են, տե՛ս,
Դասակարգերի զորքերն հրկեզ,—
Ոգևորությամբ պայծառատես
Երգում եմ ահա այս գովքը ես։
Երգում եմ ահա այս գովքը ես
10
Մեր օրերում այս բազմաշառաչ,
Երբ բազմություններ հողմահալած
Մղում են պայքար մի լուսագես.—
Մղում են այնտեղ մի պայքար մեծ
Ընդդեմ դասերի կործանարար,
15
Դասերի այն սև, որ երկրում մեր
Սրբեց մրրիկը այն փրկարար։—
О, Հոկտեմբե՛ր դու ազատարար,
Որ ջրերի պես ելած հորդուն՝
Կյանքի լորձունքը քշեցիր դուրս
20
Եվ բերիր մեզ կյանք մի անարատ,—
Եվ բերիր մեզ կյանք մի լուսառատ,
Որով հրկիզված՝ ահա անդուլ
Ե՛վ պայքարում ենք, և՛ իրար կերտում
Օր բեղմնավորող և օր խնդուն։
25
Դեռ պայքարներ կան մեր դեմ անդուլ,
Դեռ փոթորիկներ մեծադժվար,
Սակայն արևը այսօրվա վառ
Էլ չի հանդգնի բերելու վար
Երկնակամարից մեր խնդավառ
30
Եվ ո՛չ մի ոսոխ ձեռքերով չար։—
Օ՜, ընդունակ ենք պահելու հար
Մենք մեր արևը արևափայլ։
Այն մենք վառել ենք մեր գլխին հար
Ձեռքերով մեր ձիգ ու ջլապինդ,
35
Պայքարներով ենք վառել դժվար
Եվ գրոհներով մեծաշռինդ։
Այսօր վառում է նա արդեն խինդ
Եվ մեր աշխարհում անծայրածիր
Փռում է հունձքի գանձեր անծիր՝
40
Ե՛վ արվեստ, և՛ երգ, և՛ բերք, և՛ միրգ…
Ահա՛ թե ինչու,— թեկուզ այնտեղ,
Մեր անծայրածիր աշխարհից դուրս,
Դեռ չի երևում հորիզոն լուրթ,
Այլ ամպեր են բիրտ կուտակվում մութ,—
45
Ահա՛ թե ինչու, թեկուզ մենք մեծ
Պայքարներ ունենք դեռ հեռակա —
Հավատով անբիծ, անապական
Ես կյանքի գովքն եմ երգում ահա։—
Երգում եմ ահա այս գովքը ես
50
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
55
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։
Անհուն հավատքով դիմում եմ քեզ,
Հանճար ճորտերի, արև՛ հրկեզ,
Որ շառաչելով մղում ես մեզ
60
Դեպի ապագա մի այգամեծ։
Դիմում եմ, որ ինձ առաջնորդես
Խոհերում իմ այս այնպես, ինչպես
Մեր կյանքի բոլոր հերկերում մեզ
Առաջնորդում ես քո մտքով թեժ։
65
Չի՛ առաջնորդում այլևս մեզ՝
Երգասաններիս, այն լուսերես
Երգի դիցուհին, որ անմարմին
Իջնում էր առաջ, դարերում հին,
Ոգի էր տալիս այրերին հին,
70
Հանճար էր տալիս այրերին հին,
Ու մղում էր այդ այրերին հին
Դեպի կյանք վսեմ ու երկնային։
Օ՜, հելլենական դարեր վսեմ,
Երբ մարդկությունն իր խանձարուրում
75
Դեռ երգերո՛վ էր դիտում, խորհում,
Եվ երգերո՛վ էր տնկում բույսեր,
Եվ երգերով էր հերկում լուսե
Իր արոտները, և իր նսեմ
Ուղեղով դեռ նո՜ր փորձում էր սև
80
Կյանքի ընթացքը նախատեսել։
Սակայն քերթողն է դեռ այն ասել,
Այն ոլիմպացին վերջին, թե երբ
Կյանքում աճում է ամենուրեք
Ոգի գործարար, իմաստ զորեղ,—
85
Այլևս դու չե՛ս առաջնորդում,
Դիցուհի՛ երգի, այլ ինքդ՝ դու
Առաջնորդվում ես, գնում արթուն
Հետքերով Մտքի առաջնորդող։—
Օ, փա՜ռք ուրեմն Առաջնորդին,
90
Մեր Ղեկավարին հրաքանքար,
Նրա հանճարին արևափայլ
Եվ բանակներին երկաթաքայլ։—
Դիմում եմ ես քեզ, օ՜, Ղեկավա՛ր,
Ոգի՛ հանճարեղ, հանճար անճառ,
95
Որ վառեցիր այս արևն անմար
Երկնակամարում մեր հողմահար։—
Դիմում եմ ես քեզ, о՜, ննջած հար,
Բայց հա՛ր կենդանի հանճա՛ր անմար
Որ մղելու ես մեզ անդադար
100
Դեպի բարձունքներ արեգնափայլ։
Օգնի՛ր ինձ, ո՛ւժ տուր, օ՜, Ղեկավա՜ր,
Հյուսելու գովքս արևավառ։
Որ լինի գովքս թե՛ խոր, թե՛ հար
Քո բազմաբեղուն ոգուն հարմար։—
105
Որքան կանգուն է աշխարքը քար,
Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հա՛ր,
110
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։
Բայց չեմ գովերգում երգով իմ այս
Ես հին դարերի խաղողն այն սև,
115
Եվ հին դարերի գինին այն զեխ,
Եվ հին դպրության հո՛ւնն այն դժվար
Օ՜, տքնությո՛ւն դու դարերի ծեր,
Որ արքաների՛ն միայն լուսել,
Որ ճորտությո՛ւն ես սերմանել սև
120
Եվ սին դպրությամբ ոսկեզօծել։
Օ՜, միջնադարյան մթին խուցեր
Եվ վարդապետնե՛ր դեմքով մթին․
Որ դպրությունն եք ստեղծել հին․
Սևակող գրքեր՝ մտքերով սին,
125
Դժնաձայն տաղեր, հանգով խրթին,
Աղոթքներ՝ ձոնված անեղծ կույսին․
Որ գեղջուկ մարդու գեղջուկ մտքին
Քաշեք պատնեշներ խավարածին։
Օ՜, վեղարավոր դպիրներ հին,
130
Որ ճաշակել եք ողկույզն անգին,
Ճորտերի տնկած ողկույզն անգին,
Ճորտերի քամած արդար գինին —
Եվ ձեր խուցերում՝ հանգով խրթին՝
Անեծքներ հղել գինուն, որթին,
135
Եվ ռամիկ, արդար ժողովրդին
Ժուժկալ ճորտություն քարոզել սին։—
Օ՜, մռայլախոս դպիրներ սև՛,—
Դո՛ւ, Շնորհալի՛, և դո՛ւ, Նարե՛կ,
Դո՛ւք — մագաղաթյա և հանճարեղ,
140
Դո՛ւք — զարհուրելի, ինչպես Դարեհ,
Դո՛ւք — պատան մտքի, դո՛ւք — անարև,
Որ սրտի համար դարե՜ր, դարե՜ր
Կերտել եք դագաղ — պատյան քարե,
Եվ ոգու համար — դժնյա տառեր։—
145
Օ՜, միջնադարյան մռայլ արև՝
Կախված կապարե երկնքից մութ,
Միջերկրականից մինչև Տղմուտ
Երկի՛ր քարաշատ, հերկեր ջերմոտ,—
Եվ հրով կիզված մի ժողովուրդ՝
150
Կուռ դղյակների թե՛ բիրտ, թե՛ բութ
Բռնության ներքո՝ կեղեքված սուտ
Քարոզչությամբ այդ բազմահմուտ…
Գոռ դղյակներում նստած հարուստ
Ազատանիներ շվայտ ու ցոփ,
155
Զրահներ զարհուր ու արնացոլք —
Եվ ստրուկների վերջին հացով
Բարձրացած վանքե՛ր քանդակազօծ…
Վանքեր երկնահեց ու խոյացող՝
Մռայլ դպրության հեղձուկ բոցով
160
Ճորտերի հոգին ընդմիշտ խոցող…
Ես չե՛մ գովերգում հանճարը ձեր,
Օ, ժանտաբարո դպիրներ ծե՛ր,
Որ մառ բարբառով դպրության մութ
Կոփել եք ստրուկ մի ժողովուրդ,
165
Կերտել եք ձեռքով բազմահմուտ
Ոգու շղթաներ թե՛ բարդ, թե՛ բութ —
Եվ ձեր դպրության գրքերը սուտ
Հռչակել թե՛ վեհ, թե՛ լույս, թե՛ սուրբ։
Ձեր տքնությունը եղել է զուր.
170
Որքան էլ հմուտ ու հանճարեղ —
Ձեզ չի հաջողվել սակայն մարել
Ճորտ ժողովրդի բարբառը սուրբ…
Օ՜, ռամիկ մարդու արդար լեզուն
Հունով հայրենի, չնայած ձեր
175
Դժնի դպրության — դարե՜ր, դարե՜ր
Իր մաքրամաքուր ջուրն է տարել…
Դո՛ւք — պալատական, դո՛ւք — արդարև
Դժնի դպրության կոթողներ սին,
Թշնամի կյանքի՛ն, սրտի՛ն, լույսի՛ն,
180
Հանուն սրբության անեղծ կույսի՝
Քերթողնե՛ր կրքի ու տռփության,
Դուք չե՛ք այսօրվա մեր դպրության
Դարերից հորդող գետն այն փարթամ,
Որ դեռ հավիտյա՜ն պիտի երթա…
185
Օ, ո՛չ.— համընթաց ձեր դպրության,
Այդ հին դարերից, որպես Գողթան
Վտակներ վճիտ ու ոսկեձայն —
Հասել են տաղեր մեզ տխրության
Եվ գեղջկաբարբառ ուրախության…
190
Հասել են տաղեր գուսանական,
Հայրեններ ռամիկ ու ռամկական
Եվ անտունիներ թափառական…
Ասում եմ ես գովք գուսանական
Քաղցրիկ երգերին մեր ոսկեձայն,
195
Որ երգիչները թափառական
Երգել են մթին դարերում այն։—
Մեր հին քերթությա՛նն այդ աշխարհիկ,
Որ դայլայլներով բիրտ բարբառի,
Ընդդեմ վանքերի մռայլ քարին —
200
Երգել է սերը չնաշխարհիկ…
Եվ ասում եմ գովք ես հիմա այն
Մեր հայրեններին գեղջկաբարբառ,
Որ գինու գովքն են երգում անչար,
Որթան ողկույզի հմայքն անճառ՝
205
Քրտնաթոր մարդու վաստակն արդար։
Օ՜, ռամիկ մարդու լեզո՛ւ ճարտար,
Ձայն աշխատանքի արևավառ,
Սիրո, խնդության գեղջուկ քնա՛ր…
Օ՜, խնդությո՛ւն խեղճ՝ առանց առթի,
210
Օ՜, ուրախությո՛ւն ռամիկ մարդի,
Օ՜, խաղող՝ քաղած վերջի՛ն հերթին,
Օ՜, գինի՝ քամած վերջին որթից,
Որ մութ վանքերի զանգից հեռու
Հոսել ես խարխուլ այն խուղերում,
215
Ճորտերի տրտում տնակներում,
Նրանց երգերում ու սրտերում…
Օ՜, ճարտար ճորտե՛ր, ապրել եք դուք
Խարխուլ խուղերում անծածկ, անդուռ.
Կամ քաղաքների պարսպից դուրս
220
Խուլ քարայրներում այն ժայռակուռ.
Արդար վաստակով ձեր ծանր ու սուրբ,
Քրտինքով անգին, տքնությամբ լուռ․—
Եվ երգել եք ձեր երգերը հուր
Բարբառով վճիտ, հանգով մաքուր։—
225
Ասում եմ ես գովք ապա արդար
Անտունիների՛ն տխրաբարբառ,
Շրջիկ տաղերին, որ դարեդար
Երգել են հողե մեր գյուղերում,
Կամ քարաքանդակ քաղաքներում —
210
Այդ քաղաքների խուլ տներում,
Սիրելիների սիրուց եռուն՝
Իրենց հայրենի խուղից հեռու…
Օ՜, ճարտար ճորտե՛ր,— մեր քերթության
Աղբյուրնե՛ր մաքուր,— դո՛ւք, ոսկեձա՛յն,
235
Որ կարկաչելով հասած մինչ լայն
Մեր հորձանուտը տաղերգական,
Ձուլվելով երգին հովնաթանյան
Եվ սայաթնովյան խաղերին ա՛յն
Եղել եք ակո՛ւնքը իսկական
240
Մեր նո՜ր արվեստի քերթողական…
Օ՜, ձեզանի՛ց են սկիզբ առել
Մեր ժողովրդի երգերն հրե,
Մեր աշուղների այն հանճարեղ
Երգերը ոսկուն, որպես արև.
245
Եվ ձեզանի՛ց է ապա սերել
Այն քերթությունը, որ դեռ երեկ
Լոռու տաղերգուն մեր արդարև
Դարձրեց պայծառ, ինչպես բյուրեղ։—
Ապա տխրադեմ եկան հանդես
250
Երգիչներ տխուր ու մոխրագես,
Երգեցին տաղեր տխրահանդես,
Այնպե՜ս մեղմաձայն, տխո՜ւր այնպես,—
Մինչ հանդես եկա նվաստս — ե՛ս,
Եվ՝ վառված հրով աշխարհի կեզ՝
225
Երգեցի երգեր և՛ բորբ, և՛ թեժ,
Տաղեր հողմաձայն ու փրփրադեզ։
Ինձանից հետո եկան հանդես
Երգիչներ երկրի՜, հողի՜, հանքի՜,
Երգիչներ՝ ելած նորոգ կյանքից,
260
Երգիչներ խնդո՜ւն աշխատանքի,—
Եկան խուղերի՛ց այն անարև,
Հանքերի՛ց եկան, եկան քարե
Այն զնդանների՛ց, ուր որ դարեր
Միայն ճորտությո՜ւնն էր բարբառել։—
265
Այրում էր մի սև, դժնի արև
Դարեր շարունակ, մինչև երեկ
Քարե երկիրը մեր անտերև,
Մեր խրճիթները հողմաերեր։—
Մեր գլխին — բազում դաժան տերեր՝
270
Հայրենի, օտար և զանազան,—
Արքաներ, որպես վայրի գազան —
Ե՛վ խռովք, և՛ խաչ, և՛ խարազան…
Շահատակողներ ժանտադաժան.—
Թեյմուրլենկ՝ չարաչք ու չարաժանտ,
275
Չինգիզխան՝ զորքով բազմահազար,
Աբբասներ՝ զարհուր ու զանազան,
Եվ ռուս արքաներ արնաբաժան…
Օ՜, ժանտ արքանե՜ր, ձեր սրբազան
Արշավանքներում որքա՜ն տեսանք
280
Փորձանքներ դժնի ու տարաժամ…
Սակայն ձեզանից հար անբաժան,
Հովանու ներքո ձեր սրբազան —
Ահա՛ հայրենի տերեր դաժան՝
Ավելի՛ զարհուր ու ժանտաժանտ…
285
Օ՜, դղյակներում նստած՝ գազան
Ազատանինե՛ր ժանտաբարո,
Իշխաններ՝ շվայտ ու անկարող,
Եվ մութ մելիքներ արնակարոտ…
Անլուր գերության ճանապարհով
290
Անցած դպրություն գեղջկաբարբառ,
Որ հասած մինչև արևն այս վառ,
Այսօրվա մեր բորբ արևն անմար —
Հորդում ես ահա, որպես վարար
Գետ մաքրամաքուր ու կենարար,—
295
Ես քե՛զ եմ երգում հանգով ճարտար
Ներբող նրբակերտ ու գովք արդար։
Փա՜ռք մաքառումին քո անդադար,
Քո ռամիկ հանգին, որ դարեդար,
Ճորտության միջից հունով դժվար,
300
Կտրելով մթին մի ճանապարհ —
Հասել է ահա մինչև մեր վառ
Այս արեգակը ստեղծարար,
Որ վառվել է հար, վառվել է հար,
Բոլո՜ր ճորտերի փառքի համար։—
305
Փա՜ռք արևին մեր, որ հիմա վառ
Լուսավորում է հրով բերրի
Անցնող խավարը մեր խուղերի,
Խուլ նկուղները քաղաքների,
Եվ լեռնաշխարհում ահա մեր հին
310
Շաղում է շողեր անմարելի,
Որ ճորտության մեջ հեծող գերին
Դառնա իր բախտի տերը վերին։—
Օ, դո՛ւք, հեռավոր եղբայրներ ի՛մ,
Քերթողնե՛ր գեղջուկ հայրենների,
315
Երգասան ճորտեր՝ մտքով գերի
Ձեր ժամանակվա օրենքների,—
Ահա՛ բարբառը ձեր երգերի,
Հասած մինչև ինձ՝ իմ ձեռքերից
Անցած նորանոր երգիչների —
320
Հորդո՜ւմ է արդեն իր ափերից…
Օ՜, ճարտար ճորտե՛ր, եթե դարեր
Ճորտությունն անգամ այն անարև
Չխեղդեց բարբառն այս հանճարեղ,
Որ վտակներով բազմաբարև
325
Հասավ մինչև մեր օրն այս հրե —
Ապա արևի ներքո այս մեր,
Ուր չկան տերեր, չկան ճորտեր —
Որքա՜ն հորդառատ պիտի հորդե…
Ու պիտի գնա՜ հիմա այն դեռ
330
Մինչև օվկիա՜նը գալիք կյանքի,
Ուր մարդկությունը ողջ աշխարհքի,
Առանց դասի ու դասակարգի,
Լծված խնդագին աշխատանքի
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
335
Երկիր արևի՜, գինու՜, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգու՜ բեղուն բերքի…
1932. VII. 12—16