Գուշակություն (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կուգան ու կերթան Գուշակություն

Ջիվանի

Պրծընինք


Գուշակություն


Կերթա՛ն այս օրերը, էլ ետ չեն դառնա,
Մեզի կժամանեն երջանիկ օրեր.
Հոգիս գուշակում է բարի ապագա,
Նրա հետ միասին գեղեցիկ օրեր։

Նեղության դիմացող տոկուն ժիր մարդը
Բանի տեղ չի դնիլ կարկուտի ջարդը.
Փուշը մենք կքաղենք, որդիքս` վարդը,
Նրանք պիտի տեսնեն անուշիկ օրեր։

Ջիվանի, պիտի պարզե երկինք կապուտակ,
Կը հաջորդե զվարճալի եղանակ.
Աստուծով, այս վատ օրերու տեղակ,
Պիտի տեսնենք լավը հինգպատիկ օրեր։


1887