Jump to content

Դասթան (1870) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դասթան
Կյանքի դասը

Դասթան


Ինչ կենդանի փոքրին կուլ տալ է ուզում,
Զկի փուշ կլինի կխրի բուկը.
Թե ոստայնը ճանճեր որսալ է ուզում,
Քթիցը մտնելով կուտեն ծծուկը։
Ո՛ւր է լավ կենդանի առյուծի նման.
Ուժեղի դեմ կանգնող, տկարին պաշտպան.
Յուր ցեղից մեծ մկներ գալով օգնության,
Կատվից կազատվի խեղճ փոքր մուկը։
Կանցնին այս օրերը դառն ու ձախորդ,
Հաջող տեղ կհասնի ամենայն ճամփորդ,
Կուգա ժամը՝ կծնի արթուն պահանորդ,
Գայլը չի գողանալ հոտից գառնուկը։
Քնիցը կարթնանա ծովը օվկիան.
Յուր միջի կենդանյաց կուտա զենք, վահան.
Ոչ կարթի կանցնի, ոչ կընկնի ուռկան,
Բնական մահովը կմեռնի ձուկը։
Բլուրն էլ կդառնա մեկ օր բարձր սար,
Պատիվ կառնի մեծ սարերուն հավասար,
Էլ չի ծաղկիլ ծառը հասակով երկար,
Պատվով կմեծանա կանաչ թզուկը։

Պարարտ ոչխարները, կովերը կթու
Կստանան խնդավետ տեղեր կենսատու,
Էլ չեն թողնի նրան արյուն ծծելու,
Կանհետանա փողոցային տզրուկը։
Ձրիակերներուն ի՞նչ են պարտական,
Մարդիկ առանց գործի նրանց սնունդ տան.
Փեթակը կիմանա տերը իսկական.
Ամեն ոք չի՝ տանել մեղրի պուտուկը։
Էլ գյուղացին եզին թակել չի կարող,
Կալի մեջ բերանը փակել չի կարող.
Գող ուրուրը հափշտակել չի կարող,
Արծվի թևի տակ կմտնի ճնճղուկը։
Խուլը ձայն կլսե երկնից ահարկու,
Մունջը ճառ կըկարդա, կստանա լեզու
Օրորոցից մեկ օր կնստի ձիու,
Բալուլով փաթաթած անխոս մանուկը։
Էլ քամի չի վռնդիլ հին ստլիկը,
Կրթեցին մարդ չեղավ անպոչ կապիկը.
Առասպել դուրս եկավ ծովի աղջիկը,
Անց չի կենալ թասի նայող վհուկը։
Ողջ կենդանիք պիտանի են, լեր գիտակ.
Ամեն մեկը մեկ բանի են ընդունակ.
Քանի որ աղավնին դարձավ սուրհանդակ,
Մեկ օր էլ կհնչե հավի թմբուկ։
Գարնան կփոխարկվի ձմեռը երկար,
Կանցնի աղջամուղջը, գիշերը խավար,
Նոր սանտրեր կշինվի հին գլխի համար
Կմաքրվի արևելյան թնճուկը։

Տեղ կա համբերելո՛վ գործ կըկատարվի,
Տեղ կա շտապելը շատ կըհարմարվի.
Մինչև որ ձիթենին կանգնի, զարդարվի,
Որդին կպսակե խև խրխնտուկը։
Մարդ կուզեմ որ դարի պահանջն իմանա,
Չհապաղի, շուտով իր գործին գնա.
Մինչև որ թրթուրը թիթեռ կդառնա,
Պարտեզից կվերանա մատաղ բազուկը։
Զինվորի պարծանքն է պսպղուն սուրը,
Նա կսիրե զենքի լավը, մաքուրը,
Գութնի խոփ կդառնա բթացած թուրը,
Կտրե կանցնի, կերթա նորը, կտրուկը։
Կբռնե դայակը թևից, թիկունքից,
Օգտվելով տված իր իրավունքից,
Հղի կինը կըազատվի երկունքից
Շուտով կանցնի փորի ցավը, խոստուկը։
Ջիվա՛նի, նոր մարդը նո՛ր բաղձանք ունի,
Դեպ առաջ երթալու ճիգ ու ջանք ունի.
Նրա թոռը գովե, որ դեռ կյանք ունի,
Չի մանկանալ հին զառամյալ ծերուկը։

1870