Դասթան (1874) (Ջիվանի)
Դասթան
Հայի տղա զգուշացիր, խելք ճարե,
Ամեն անգամ այլոց առակ մի լինի,
Պարկեշտ մարդկանց բնությանը հարմարե,
Ափսոս արի քեզ, խայտառակ մի լինի։ —
Մոլիներուն ընկեր իսպառ մի դառնա,
Անուշիմ, բթամիտ ցանցառ մի դառնա,
Դու վատ սկզբունքի պատճառ մի դառնա,
Ընկերներուդ չար օրինակ մի լինի։
Պատվի հայր ու մայրդ, դու ապրիս երկար,
Մաքրե սիրտդ, որ է աստծո տաճար,
Քեզ պես ստեղծվածին մի կամենա չար,
Օրինազանց, չնչին էակ մի լինի։
Մարդասպան մի լինի, կսպանվիս անշուշտ,
Գերդաստանդ քաղցած կմնա անկուշտ,
Ուրիշը կլինի քեզ արյունառուշտ,
Դու ոչ մեկին արյունկզակ մի լինի։
Տիրոջմեն կդատվի ինչ մարդ, որ շնա,
Առանց այլայլության դժոխք կգնա,
Գող լինողը առանց պատժի չի մնա,
Կխեղդվես, ե՛կ, ավազակ մի՛ լինի:
Մի երդվիր աստծո անվանը ահեղ,
Սուտ երդում ուտողը չի մնա անմեղ,
Ստախոսը պատիվ չունի ոչ մի տեղ,
Սուտ վկայող, կյանքի ներհակ մի լինի։
Մի ձգեր աչքերդ դրացուդ տանը,
Ոչ փողին, ոչ կայքին և ոչ կնկանը,
Ակամա՝ ընկերիդ մեկ դահեկանը,
Հափշտակելու համարձակ մի լինի։
Մեկ օր լուրը կուգա դատարաններեն,
Պարտքը կպահանջվի պարտականներեն,
Մի զատվի աստծո պատվիրաններեն,
Դու այս մասին անընդունակ մի լինի։
Մի պղտորիր հոգվույդ պարզահոս գետը,
Անշուշտ հարված կուտա քեզ խղճիդ նետը,
Անցյալը բաղդատե ներկայի հետը,
Բարին թողած, չարին մշակ մի լինի։
Մարդը՝ մարդ ճանաչե՝ հարուստ, թե աղքատ
Ծերունու պատիվը պահպանե հաստատ,
Լեզվիդ վրա սանձ դիր, որ չխոսի վատ,
Սիրտ խոցոտող թուր ու դանակ մի լինի։
Եղբայր, արի ուսումի տուր զավակդ,
Որ շուտ տեղ հասնի քո նպատակդ,
Իզուր մի վաճառեր թանկ ժամանակդ,
Առանց գործի և անվաստակ մի լինի։
Արբեցող մի լինիր, կյանքիդ վնաս է,
Հասկացիր, որ պատիվդ միշտ պակաս է,
Աշխատիր քեզ մարդկանց լավ կարգը դասե,
Վատերուն հետ դու շարունակ մի լինի։
Թղթախաղությունից օգուտ չես քաղեր,
Իզուր տանդ վրա մոխիր մի մաղեր,
Չափով ապրիր, քեզ պարտքի մեջ մի թաղեր,
Փողատիրոջը հպատակ մի լինի։
Աշխատիր չսառչի ճշտության եռը,
Մեղքերով մի ճնշիր սրտիդ անմեռը,
Տեղդ ծանր կեցիր, մի շարժիր բեռը,
Մի լոկ խոսքով դու թևշալակ մի՛ լինի։
Հողից եղար, դարձյալ պիտի լինիս հող,
Վերջդ դատաստան կա, քաշե ահ ու դող,
Աշխատիր քո ազգիդ ընտիր բաներ թող,
Մեռնելեդ ետ անհիշատակ մի լինի։
Ջիվան, կանչի սուրբ իշխանաց իշխանը,
Որ նա է ողջ աշխարհի պահապանը,
Հայ ծնվել ես հայ մտիր գերեզմանը,
Դու ազգուրաց իբր Վասակ մի լինի։